Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՔՍԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Մեքսիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
առաջնորդվելով երկու երկրների միջև կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում համագործակցություն հաստատելու և ամրապնդելու ցանկությամբ,
համոզված լինելով, որ վերը նշված համագործակցությունը արժեքավոր միջոց է երկու երկրների միջև փոխըմբռնումն ամրապնդելու համար,
գիտակցելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառների համագործակցության համար նպաստավոր մեխանիզմների հաստատման կարևորությունը և համագործակցության հատուկ ծրագրերի իրագործման և միջազգային ասպարեզի նոր զարգացման ոլորտում մշակութային և կրթական փոխանակումների անհրաժեշտությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակն է ընդլայնել և խրախուսել համագործակցությունը կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում երկու երկրների կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների միջև, գիտելիքների փոխանակմանը նպաստող միջոցառումների իրականացման միջոցով, ելնելով այն միջազգային կոնվենցիաներից, որոնց միացել են Կողմերը, և այլ միջազգային համաձայնագրերում և երկու երկրների ներպետական օրենսդրություններում ամրագրված իրավունքների և պարտավորությունների պահպանման միջոցով:
Հոդված 2
Կողմերը կձգտեն համագործակցություն հաստատել իրենց ազգային ուսումնական համակարգերի միջև փորձագետների, հրատարակումների և նյութերի փոխանակման միջոցով` ապագա համատեղ համագործակցության ծրագրեր իրականացնելու համար:
Հոդված 3
Կողմերը կհամագործակցեն բարձրագույն կրթության ոլորտներում երկու երկրների համակարգերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով և կխրախուսեն իրենց համալսարանների և այլ բարձրագույն ուսումնական, մշակութային և հետազոտական հաստատությունների միջև անմիջական հարաբերությունների հաստատումն ու պահպանումը` գործնական համաձայնագրերի, համագործակցության ծրագրերի իրականացում, համատեղ նախագծերում մասնակցություն և փորձագետների փոխանակում ապահովելու նպատակով:
Հոդված 4
Կողմերն իրենց հնարավորությունների սահմաններում կնպաստեն ուսանողների փոխանակմանը կրթաթոշակային ծրագրերի միջոցով` բարձրագույն ուսումնական հաստատություններում ասպիրանտական և հետազոտական դասընթացներ անցնելու նպատակով: Պայմանները, դասավանդումը և ֆինանսական հարցերը կապահովվեն գործնական համաձայնագրերի և առանձին ծրագրերի միջոցով:
Հոդված 5
Կողմերը կխրախուսեն միմյանց լեզուների, գրականության և մշակույթի ուսումնասիրումը:
Հոդված 6
Կողմերը համաձայնում են փոխադարձաբար նպաստել իրենց երկրների մայրաքաղաքներում մշակութային կենտրոնների հիմնադրմանը: Այս նպատակով Կողմերը հատուկ համաձայնագրեր կկնքեն նշված կենտրոնների իրավական կարգավիճակը և գործունեության պայմանները սահմանելու համար:
Հոդված 7
Կողմերը կնպաստեն միմյանց մշակութային գործերի ցուցադրմանը` գեղարվեստական խմբերի փոխանակման և մշակութային միջոցառումներին, միջազգային փառատոններին, ներկայացումներին և երաժշտական միջոցառումներին մասնակցության միջոցով:
Հոդված 8
Կողմերը կամրապնդեն կապերը իրենց ազգային արխիվների, գրադարանների և թանգարանների միջև և կխրախուսեն իրենց մշակութային ժառանգության փոխադարձաբար տարածումն ու պահպանումը և, իրենց ներպետական օրենսդրության համաձայն, կապահովեն փաստաթղթերի և տեղեկատվության մատչելիությունը:
Հոդված 9
Կողմերը կհամագործակցեն իրենց մշակութային և պատմական ժառանգություն հանդիսացող արժեքների անօրինական ներմուծման, արտահանման և տեղափոխման կանխման հարցերում` համաձայն իրենց ներպետական օրենսդրությունների և համապատասխան այն միջազգային համաձայնագրերի, որոնց մասնակից են հանդիսանում Կողմերը:
Համաձայն վերոհիշյալի` Կողմերը կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ անօրինական ճանապարհով ներմուծված կամ արտահանված ապրանքները վերադարձնելու համար:
Հոդված 10
Կողմերը կաջակցեն գրականության արտադրությունը բարելավող միջոցառումների իրականացմանը` գրողների փոխանակման, ինչպես նաև գրքերի տոնավաճառներում, հանդիպումներում, թարգմանություններ կատարելու գործընթացներում և համատեղ հրատարակչական նախագծերում մասնակցության միջոցով: Կողմերը նույնպես կձգտեն ուժեղացնել կապերը իրենց հրատարակչությունների միջև` գրականության արտադրությունը նպաստելու նպատակով:
Հոդված 11
Կողմերը կփոխանակեն հեղինակային իրավունքի և դրան առնչվող իրավունքների վերաբերյալ տեղեկատվություն, որպեսզի ծանոթանան տվյալ բնագավառների համապատասխան համակարգի հետ:
Կողմերը պատշաճ կերպով կպաշտպանեն գրական, ցուցադրական, գիտական և մշակութային աշխատանքների հեղինակային իրավունքները և կապահովեն բոլոր անհրաժեշտ միջոցներն ու ընթացակարգը մտավոր սեփականության իրավունքը պաշտպանելու համար` համաձայն իրենց ներպետական օրենսդրության և այն միջազգային պայմանագրերի, որոնց մասնակից են Կողմերը:
Հոդված 12
Կողմերը կխրախուսեն համագործակցությունը երկու երկրների ռադիոյի և հեռուստատեսության, նոր տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռարձակման հաստատությունների միջև` իրենց վերջին արտադրանքի մասին միմյանց տեղեկացնելու և երկու երկրների մշակույթների մասին հաղորդումների հեռարձակմանն աջակցելու նպատակով:
Հոդված 13
Կողմերը կնպաստեն կինեմատոգրաֆիայի բնագավառում համագործակցությանը ֆիլմերի փոխանակման և կինոնկարահանողների, փորձագետների, այս բնագավառում ներգրավված տեխնիկական աշխատողների հանդիպումների կազմակերպման, ինչպես նաև երկու երկրներում անցկացվող կինոփառատոններին փոխադարձաբար մասնակցության միջոցով:
Հոդված 14
Կողմերը կխրախուսեն մշակութային արդյունաբերության մասին տեղեկատվության փոխանակումը և այս ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը:
Հոդված 15
Կողմերը կխրախուսեն իրենց իրավասու հաստատությունների միջև համագործակցությունը` բնակչության ամենախոցելի խմբերին` կանանց, երեխաներին, հաշմանդամներին և ծերերին, մշակութային, կրթական և սպորտային աջակցություն ցուցաբերելու և հատուկ ուշադրություն դարձնելու նպատակով:
Հոդված 16
Կողմերը կխրախուսեն երկու երկրների կրթական, մշակութային, հանգստի և կազդուրիչ ծառայություններ ապահովելու համար պատասխանատու հաստատությունների միջև համագործակցությունը:
Կողմերը նաև կխրախուսեն երիտասարդության, հանգստի, ֆիզիկական կրթության և սպորտի հարցերով զբաղվող իրենց իրավասու հաստատությունների միջև համագործակցությունը:
Հոդված 17
Սույն Համաձայնագրի իրագործման նպատակով Կողմերը համատեղ կմշակեն երկամյա կամ եռամյա ծրագրեր` ելնելով տվյալ բնագավառի իրենց երկրների առաջնային խնդիրներից և կրթական, մշակութային և սոցիալական զարգացման ռազմավարություններից:
Յուրաքանչյուր ծրագիր պետք է սահմանի նպատակները, համագործակցության ձևերը, ֆինանսական և տեխնիկական ռեսուրսները, աշխատանքային ժամանակացույցը, ինչպես նաև բնագավառները: Նրանք նաև կսահմանեն յուրաքանչյուր կողմի պարտավորությունները, ներառյալ ֆինանսական բնույթի պարտավորությունները:
Յուրաքանչյուր ծրագիր պարբերաբար կգնահատվի 19-րդ հոդվածում նշված համակարգող մարմինների պահանջով:
Հոդված 18
Ելնելով սույն Համաձայնագրի նպատակներից` Կողմերի միջև կրթական և մշակութային համագործակցությունը կարող է իրագործվել հետևյալ ուղղություններով`
1. հետազոտական ծրագրերի համատեղ և համակարգված իրականացում,
2. անմիջական համագործակցության համաձայնագրերի կիրառում բոլոր մակարդակի ուսումնական հաստատությունների միջև,
3. ուսումնական դասընթացների կազմակերպում մարդկային ռեսուրսների համար,
4. կոնգրեսների, սեմինարների, գիտաժողովների և այլ ակադեմիական միջոցառումների կազմակերպում, որոնց կմասնակցեն երկու երկրների փորձագետները,
5. երկու երկրների դպրոցներում, համալսարաններում, ուսումնական և մշակութային հաստատություններում ստեղծել պրոֆեսորական և ընթերակայական անձնակազմ,
6. փորձագետների, պրոֆեսորների, հետազոտողների և դասախոսների փոխանակում,
7. Կողմերից յուրաքանչյուրի հնարավորությունների սահմաններում` կրթաթոշակների և կոչումների շնորհում` հնարավորություն տալով իրենց քաղաքացիներին շարունակելու ասպիրանտական, մասնագիտական կամ հետազոտական ուսումը իրենց բարձրագույն ուսումնական հաստատություններում` Կողմերի փոխադարձ համաձայնությամբ նախապես հաստատված ոլորտներում,
8. ասպիրանտների ուղարկում և ընդունում` մասնագիտական և հետազոտական ուսման նպատակով,
9. գրողների, ստեղծագործողների, դերասանների, մենակատարների և գեղարվեստական խմբերի, ինչպես նաև արվեստագետների ուղարկում և ընդունում` արվեստի ուսուցման բնագավառում փորձի փոխանակման նպատակով,
10. իրենց երկրներում կազմակերպվող մշակութային միջոցառումների, միջազգային փառատոնների, ինչպես նաև գրքի տոնավաճառների և գրական հանդիպումների մասնակցություն,
11. յուրաքանչյուր Կողմի մշակութային և գեղարվեստի ներկայացուցիչների ցուցահանդեսների կազմակերպում և ներկայացում մյուս Կողմի երկրում,
12. յուրաքանչյուր երկրի գրական ստեղծագործությունների թարգմանում և համատեղ հրատարակում,
13. հատուկ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ուսումնական նյութերի ապահովում, առաքում և ընդունում,
14. ուսումնական և մշակութային օգտագործման համար նախատեսված տեսաժապավեններով և ձայներիզներով, ինչպես նաև ռադիոծրագրերով և հեռուստածրագրերով ապահովում, դրանց առաքում և ընդունում,
15. յուրաքանչյուր երկրում կազմակերպվող կինոփառատոններին մասնակցելու նպատակով` ֆիլմերի և նմանատիպ նյութերի ապահովում, առաքում և ընդունում,
16. ուսումնական նպատակների համար նախատեսված սպորտային նյութերով ապահովում, դրանց առաքում և ընդունում,
17. կրթական, մշակութային և արվեստի բնագավառներին վերաբերող տեղեկատվական, բիբլիոգրաֆիկ և վավերագրական նյութերի ապահովում, առաքում և ընդունում,
18. երրորդ երկրներում կրթական և մշակութային համատեղ միջոցառումների իրականացում, և
19. երկու Կողմերի համաձայնությամբ` ցանկացած այլ գործունեության ծավալում:
Հոդված 19
Սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցության միջոցառումները համակարգելու և իրականացնելու նպատակով կստեղծվի Կրթական և Մշակութային համագործակցության Խառը հանձնաժողով: Սույն հանձնաժողովը կհամակարգվի համապատասխան գրասենյակների կողմից, կազմված կլինի երկու երկրների ներկայացուցիչներից և նիստեր կգումարի Կողմերի միջև դիվանագիտական ուղիներով համաձայնեցված ժամկետներում` հաջորդաբար Հայաստանում և Մեքսիկայում: Համագործակցության Խառը հանձնաժողովը կունենա հետևյալ գործառույթները`
1. գնահատել և սահմանել այն առաջնային ոլորտները, որոնցում հնարավոր կլինի մշակել համագործակցության հատուկ ծրագրեր կրթության, արվեստի, երիտասարդության և սպորտի բնագավառներում, ինչպես նաև` դրանց իրականացման համար համապատասխան միջոցներ,
2. վերլուծել, վերանայել, բարելավել, վերահսկել և գնահատել կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառների համագործակցության ծրագրերը,
3. վերահսկել սույն Համաձայնագրի պատշաճ իրականացումը, ինչպես նաև համաձայնեցված նախագծերի կատարումը` ձեռնարկելով համապատասխան միջոցներ դրանք սահմանված ժամանակահատվածներում ավարտելու համար,
4. ձեռնարկել քայլեր` սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների կատարման ընթացքում առաջացած վարչական և ֆինանսական խնդիրները կարգավորելու համար,
5. կողմերից յուրաքանչյուրին ներկայացնել առնչվող առաջարկներ:
Չնայած սույն հոդվածի առաջին պարբերության դրույթներին` Կողմերից յուրաքանչյուրը ցանկացած ժամանակ կարող է մյուս Կողմին ներկայացնել կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի համագործակցության հատուկ նախագծեր Խառը հանձնաժողովի ուսումնասիրման և համապատասխան հավանության համար:
Հոդված 20
Անհրաժեշտության դեպքում Կողմերը կարող են հայցել ֆինանսական աջակցություն արտաքին աղբյուրներից, այնպիսիններից, ինչպիսիք են միջազգային կազմակերպությունների և երրորդ կողմի երկրները, սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի և նախագծերի իրականացման համար:
Հոդված 21
Կողմերից յուրաքանչյուրը կստեղծի բարենպաստ պայմաններ` ապահովելու համագործակցության նախագծերում ներգրավված պաշտոնական մասնակիցների մուտքը իր երկիր, կեցությունը և մեկնումը: Այս մասնակիցները ենթակա կլինեն ընդունող երկրի ներգաղթի, հարկային, մաքսային, սանիտարական և ազգային անվտանգության բնագավառում գործող օրենքներին և առանց իրավասու իշխանությունների նախնական թույլտվության չեն կարողանա մասնակցել որևէ միջոցառման, որը չի մտնի իրենց գործառույթների մեջ:
Հոդված 22
Համաձայն իրենց ներպետական օրենսդրություններին` Կողմերը կստեղծեն բարենպաստ վարչական, հարկային և մաքսային պայմաններ, որոնք անհրաժեշտ են նախագծերի իրականացման համար օգտագործվող սարքավորումների և նյութերի ժամանակավորապես ներմուծման և իրենց տարածքներից արտահանման համար:
Հոդված 23
Ցանկացած տարաձայնություն, որը կարող է առաջանալ սույն Համաձայնագրի կիրառման համար, Կողմերի միջև կլուծվի փոխադարձ համաձայնությամբ` դիվանագիտական ուղիներով:
Հոդված 24
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի վերջին ծանուցման ժամկետից 30 (երեսուն) օր անց, որը դիվանագիտական ուղիներով կտեղեկացնի սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման ավարտի մասին:
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմնա 5 (հինգ) տարվա ընթացքում և ինքնաբերաբար կերկարաձգվի նույն ժամկետով, եթե կողմերից որևէ մեկը սույն Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն 6 (վեց) ամիս առաջ դիվանագիտական ուղիներով մյուս կողմին գրավոր չհայտնի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ուժի մեջ կմտնեն համաձայն սույն հոդվածի առաջին պարբերությունում ամրագրված ընթացակարգի:
Սույն Համաձայնագրի դադարեցումը չի ազդի իրականացվող ծրագրերի և նախագծերի ավարտի վրա, եթե Կողմերը այլ բան չպայմանավորվեն:
Կատարված է Մեխիկո քաղաքում 2002 թվականի օգոստոսի քսաներկուսին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, իսպաներեն և անգլերեն, ընդ որում բոլոր օրինակները հավասարազոր են: Սույն համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություն առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2003 թվականի նոյեմբերի 19-ից:
