Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը և Վրաստանի Հանրապետության սպորտի դեպարտամենտը, այսուհետ` Կողմեր,
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի Հանրապետության կառավարության միջև 1993 թվականի մայիսի 19-ին կնքված` սպորտի բնագավառում համագործակցելու պայմանագրով և երկու երկրների ժողովուրդների միջև սպորտային կապերը զարգացնելու ձգտումով,
ցանկանալով ստեղծել առողջության կոփման և սպորտով պարապելու համար երկու երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցների փոխադարձ օգտագործման պայմաններ,
հաստատելով իրենց հավատարմությունը Օլիմպիական Խարտիայի նպատակներին և սկզբունքներին,
ընդունեցին համագործակցության հետևյալ սկզբունքները.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը կնպաստեն երկկողմ համագործակցության գծով խորհրդատվությունների անցկացման նպատակով մարզական կազմակերպությունների և ֆեդերացիաների ղեկավարների փոխադարձաբար փոխանակմանը:
Կողմերը կնպաստեն.
մարզական կազմակերպությունների և ֆեդերացիաների ղեկավարների պատվիրակությունների փոխանակմանը` սպորտային կապերի համաձայնեցման, ինչպես նաև միջազգային և օլիմպիական շարժման պրոբլեմների հետ կապված փոխադարձ խորհրդատվությունների անցկացման նպատակով,
երկուստեք մասնակցությանը այն մրցումներին և միջազգային մարզական միջոցառումներին, որոնք կանցկացվեն այդ երկու երկրներում մարզահավաքների, համատեղ մարզումների, ընկերական և մրցութային հանդիպումների կազմակերպման նպատակով համաձայնեցված մարզումների գծով թիմերի և ակումբների, ինչպես նաև մարզիչների և մասնագետների փոխանակմանը:
Կողմերը մասնակցություն կցուցաբերեն երկու երկրներում անցկացվող սպորտի հարցերով գիտական սեմինարներին:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն սպորտի, սպորտային գիտության և բժշկության բնագավառում տեղեկության, ինչպես նաև բարձրակարգ մարզիկների և փոխարինողների պատրաստման փորձի փոխանակման ուղղությամբ:
Կողմերը կնպաստեն մարզական ակումբների, մարզիկների և ֆիզիկական դաստիարակության համակարգի աշխատողների պատրաստման կենտրոնների պատվիրակությունների փոխանակմանը, ինչպես նաև երկու երկրների մարզչական և դասախոսական կադրերի պատրաստմանը:
Կողմերն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն մյուս Կողմից գրքերի, ձեռնարկների, հրատարակումների և ֆիլմերի փոխադարձաբար փոխանակման, ինչպես նաև տարբեր մարզաձևերի` տարբեր մակարդակներով և բոլոր տարիքային խմբերում, վերջին նվաճումների մարզակառույցների շինարարության և շահագործման, մարզական գույքի, սարքավորումների արտադրության բնագավառներում տեղեկության փոխանակման ուղղությամբ:
Կողմերը կապահովեն տարբեր մարզաձևերի մարզիչների, դասախոսների և այլ գիտամանկավարժական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը իրենց բարձրագույն ուսումնական հաստատություններում:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն մարզահագուստի, սարքավորումների, գույքի ձեռք բերման` Կողմերի պահանջարկի ուսումնասիրման և բավարարման ուղղությամբ, կնպաստեն սպորտապրանքների, մարզագույքի, սարքավորումների արտադրության համատեղ ձեռնարկությունների կազմակերպմանը և արտադրանքի իրացմանը:
ՀՈԴՎԱԾ 4
Կողմերը կարծիքներ, առաջարկություններ կփոխանակեն միջազգային օլիմպիական և մարզական շարժման հարցերով, ինչպես նաև կհամակարգեն իրենց գործունեությունը այդ բնագավառում:
ՀՈԴՎԱԾ 5
Կողմերը, հաշվի առնելով շինարարական և արտադրական հզորությունները, կհամագործակցեն մարզակառույցների շինարարության ու վերակառուցման գործում:
ՀՈԴՎԱԾ 6
Կողմերը որոշեցին, որ սույն Համաձայնագրով նախատեսված մարզական համագործակցության ձևերը կիրականացվեն երկու պետությունների համար փոխադարձաբար ընդունելի պայմաններով: Մարզական պատվիրակություններ, թիմեր, մարզիչներ, գիտնականներ, առանձին մարզիկներ և այլ անձինք գործուղող Կողմը վճարում է մինչև Ընդունող երկրի մայրաքաղաք հասնելու և վերադառնալու ճանապարհածախսը:
Ընդունող կողմն իր վրա է վերցնում ժամանման հետ կապված բոլոր ծախսերը. տեղավորում, երկրի տարածքով մինչև մրցումների վայր հասնելը, անհրաժեշտ բժշկական սպասարկում, սննդի ապահովում և, անհրաժեշտության դեպքում, թարգմանչի տրամադրում:
Կողմերը պայմանավորվեցին, որ մարզական թիմերի, մարզիչների, գիտնականների, մասնագետների, առանձին մարզիկների և այլ անձանց` ծրագրերով նախատեսված ժամկետից ավել մնալը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է համաձայնեցվի երկու երկրների համապատասխան ֆեդերացիաների կամ մարզական այլ կազմակերպությունների միջև:
ՀՈԴՎԱԾ 7
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի` երրորդ երկրների հետ նրանց համաձայնագրերից բխող պարտավորությունները, երրորդ երկրների նկատմամբ չի բացառում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում մարզական համագործակցության փոխադարձաբար ընդունելի այլ ձևերը, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են ձևակերպվել լրացուցիչ` փոխհամագործակցության ձևերը ճշգրտող արձանագրություններում և համաձայնագրերում:
ՀՈԴՎԱԾ 8
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրից և կմնա ուժի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ Կողմերից մեկը վեց ամիս առաջ գրավոր չի տեղեկացրել մյուս Կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Վանաձոր քաղաքում 1993 թվականի հոկտեմբերի 15-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և վրացերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թ. հոկտեմբերի 15-ից:
