Գլխավոր տեղեկություն
Համար
N 1989-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.12.09-2024.12.22 Պաշտոնական հրապարակման օրը 16.12.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.12.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2024 թվականի N 1989-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ԵՎ «ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1791-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 1055-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածների, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 9-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» և «զ» կետերի և 3-րդ մասի, 24-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (գրանցման ամսաթիվն ու համարը՝ 15.09.2009 թ., N 290.210.03884) և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (գրանցման ամսաթիվն ու համարը՝ 14.07.2003 թ., N 286.210.05045) միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն (քաղաք Երևան, Ծովակալ Իսակովի 29)։

2. Սահմանել, որ՝

1) «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միաձուլված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտերին համապատասխան.

2) «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման ձևով վերակազմակերպման հետ կապված ծախսերն իրականացվում են «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

3. «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» ու «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված անշարժ և շարժական գույքը հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. Հաստատել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

5. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» և «է» կետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն):

6. Սահմանել, որ՝

1) «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան կրթական, գիտական, փորձագիտական, խորհրդատվական, ուսումնագիտաարտադրական, հրատարակչական գործունեության իրականացումն է.

2) «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են`

ա. հանրային անվտանգության ոլորտում, այդ թվում՝ ոստիկանական և փրկարարական կրթությամբ մասնագետների պատրաստումը,

բ. ոստիկանության և փրկարար ծառայության կրտսեր, միջին, ավագ, գլխավոր և բարձրագույն խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների վերապատրաստումը, ինչպես նաև նախարարության կարիքների համար համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձանց վերապատրաստումը,

գ. քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում մասնագետների պատրաստումը,

դ. քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ղեկավար անձնակազմի, մասնագետների, Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում այդ ոլորտները դասավանդող ուսուցիչների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերապատրաստումը,

ե. գիտամանկավարժական կադրերի պատրաստումը և վերապատրաստումը,

զ. իրավաբանական կրթությամբ մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը,

է. բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, այդ թվում՝ արտակարգ իրավիճակներին դիմակայելու վերաբերյալ, քաղաքացիական պաշտպանության հարցերով բնակչության ուսուցման կազմակերպումն ու իրականացումը, բնակչության կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը,

ը. նախարարության կառավարման, այդ թվում՝ ոստիկանության գործունեության, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, միգրացիայի ոլորտներում իրավակիրառ պրակտիկայի և վարչարարության վերլուծությունը, հիմնախնդիրների գիտական մշակումը, իրավագիտության բնագավառում հետազոտությունների իրականացումը,

թ. ուսումնական, ուսումնամեթոդական գրականության ստեղծումն ու հրատարակումը, գիտելիքների տարածումը,

ժ. կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի ներդրումը, իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության և հանրային կապերի զարգացումը,

ժա. կրթական գործընթացի անընդհատության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը,

ժբ. սովորողի` ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակումը, սովորողների մեջ քաղաքացիական դիրքորոշման, հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը` ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության կառավարման պայմաններում:

7. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) արհեստագործական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.

2) ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների և խմբակների կազմակերպում.

3) գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում.

4) ծրագրային ապահովման մշակում, տվյալների մշակում և տվյալների բազաների հետ կապված գործունեություն` քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում.

5) խորհրդատվական, փորձագիտական ծառայություններ.

6) հրատարակչական գործունեության իրականացում և դրա արդյունքների իրացում.

7) կրթահամալիրի սովորողների և անձնակազմի համար հանրային սննդի կազմակերպում:

8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի N 1791-Ն և 2005 թվականի հունիսի 29-ի N 1055-Ն որոշումները:

9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել՝

1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, միաձուլման մասին պայմանագրի և «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» ու «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների փոխանցման ակտերի հաստատումը.

2) «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը։

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

13.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1989-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կրթահամալիր) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) համակարգում գործող պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որն իրականացնում է արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրեր:

2. Կրթահամալիրը ստեղծվել և գործում է առանց ժամկետային սահմանափակման:

3. Կրթահամալիրի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ հիմնադիր):

4. Կրթահամալիրի հիմնադիր փաստաթուղթը սույն կանոնադրությունն է:

5. Կրթահամալիրի անվանումն է`

հայերեն՝ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

ռուսերեն` Государственная некоммерческая организация «Образовательный комплекс Министерства внутренних дел Республики Армения»,

անգլերեն` State non-profit organization «Educational Complex օf the Ministry of Internal Affairs of the Republic of Armenia»:

6. Կրթահամալիրի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, 375114, Ծովակալ Իսակովի 29:

7. Կրթահամալիրը կարող է այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ: Կրթահամալիրն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվ, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, դրոշ, դրոշմակնիք, կրծքանշան, խորհրդանիշ, ձևաթուղթ և այլ անհատականացման միջոցներ:

 

2. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

8. Կրթահամալիրի գործունեության առարկան կրթական, գիտական, փորձագիտական, խորհրդատվական, ուսումնագիտաարտադրական, հրատարակչական գործունեության իրականացումն է:

9. Կրթահամալիրի գործունեության նպատակներն են`

1) հանրային անվտանգության ոլորտում, այդ թվում՝ ոստիկանական և փրկարարական կրթությամբ մասնագետների պատրաստումը.

2) ոստիկանության և փրկարար ծառայության կրտսեր, միջին, ավագ, գլխավոր և բարձրագույն խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների վերապատրաստումը, ինչպես նաև նախարարության կարիքների համար համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձանց վերապատրաստումը.

3) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում մասնագետների պատրաստումը.

4) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ղեկավար անձնակազմի, մասնագետների, Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում այդ ոլորտները դասավանդող ուսուցիչների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերապատրաստումը.

5) գիտամանկավարժական կադրերի պատրաստումը և վերապատրաստումը.

6) իրավաբանական կրթությամբ մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը.

7) բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, այդ թվում՝ արտակարգ իրավիճակներին դիմակայելու վերաբերյալ, քաղաքացիական պաշտպանության հարցերով բնակչության ուսուցման կազմակերպումն ու իրականացումը, բնակչության կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը.

8) նախարարության կառավարման, այդ թվում՝ ոստիկանության գործունեության, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, միգրացիայի ոլորտներում իրավակիրառ պրակտիկայի և վարչարարության վերլուծությունը, հիմնախնդիրների գիտական մշակումը, իրավագիտության բնագավառում հետազոտությունների իրականացումը.

9) ուսումնական, ուսումնամեթոդական գրականության ստեղծումն ու հրատարակումը, գիտելիքների տարածումը.

10) կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի ներդրումը, իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության և հանրային կապերի զարգացումը.

11) կրթական գործընթացի անընդհատության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.

12) սովորողի` ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակումը, սովորողների մեջ քաղաքացիական դիրքորոշման, հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը` ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության կառավարման պայմաններում:

10. Կրթահամալիրն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) արհեստագործական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.

2) ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների և խմբակների կազմակերպում.

3) գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում.

4) ծրագրային ապահովման մշակում, տվյալների մշակում և տվյալների բազաների հետ կապված գործունեություն` քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում.

5) խորհրդատվական, փորձագիտական ծառայություններ.

6) հրատարակչական գործունեության իրականացում և դրա արդյունքների իրացում.

7) կրթահամալիրի սովորողների և անձնակազմի համար հանրային սննդի կազմակերպում:

11. Կրթահամալիրը`

1) կազմակերպում է ընդունելություն և ուսուցում, շրջանավարտներին հանձնում է պետական նմուշի ավարտական վկայական (դիպլոմ), իսկ արհեստագործական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտներին` նաև համապատասխան կրծքանշան.

2) բարձրագույն մասնագիտական կրթության գերազանցության դիպլոմի արժանացած շրջանավարտներին հանձնում է «Գերազանցիկ շրջանավարտ» կրծքանշան.

3) կազմակերպում է լրացուցիչ կրթական ծրագրերով ուսուցում (այդ թվում՝ մրցութային հիմունքներով), սովորողներին հանձնում է համապատասխան ձևի վկայական․

4) կազմում է ուսումնական պլաններ և ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր.

5) կազմակերպում է գիտական համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ և այլ համանման միջոցառումներ.

6) համագործակցում է հանրապետության և օտարերկրյա պետությունների, միջազգային կառույցների ուսումնական, գիտահետազոտական հաստատությունների, կազմակերպությունների ու քաղաքացիների հետ, իրականացնում է համատեղ աշխատանքներ (սովորողների ուսուցում, կադրերի վերապատրաստում, այլ ուսումնագիտական գործունեություն).

7) տնօրինում է իր ֆինանսական միջոցները, օրենքով սահմանված կարգով վարձակալության է տալիս ամրացված գույքը.

8) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

12. Սույն կանոնադրության 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված կրծքանշանների նկարագիրը և դրանք հանձնելու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով:

 

3. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

13. Կրթահամալիրի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Ոստիկանությունում ծառայության մասին», «Փրկարար ծառայության մասին», «Ոստիկանության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներին, այլ օրենքներին և իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

14. Կրթահամալիրի կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած մարմինը` նախարարությունը, կրթահամալիրի կառավարման խորհուրդը, կրթահամալիրի գործադիր մարմինը` ռեկտորը:

15. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`

1) կրթահամալիրի հիմնադրումը.

2) կրթահամալիրի գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

3) կրթահամալիրին սեփականության իրավունքով հանձնվող կամ ամրացվող՝ պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.

4) կրթահամալիրի կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը.

5) կրթահամալիրի կառավարման համակարգի սահմանումը.

6) օրենքով և կրթահամալիրի կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

16. Նախարարությունը հանդես է գալիս հիմնադրի անունից և իրականացնում է կրթահամալիրի ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

17. Նախարարությունը`

1) իրականացնում է կրթահամալիրի գործունեության նկատմամբ վերահսկողությունը.

2) վերահսկողություն է իրականացնում կրթահամալիրին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

3) վերահսկողություն է իրականացնում կրթահամալիրի սեփականության պահպանության նկատմամբ, համաձայնություն տալիս սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում նրա գույքը վարձակալության հանձնելու համար.

4) կառավարման խորհրդի միջնորդության հիման վրա ռեկտորի նկատմամբ կիրառում է աշխատանքային օրենսդրությամբ սահմանված խրախուսանքներ և կարգապահական տույժեր.

5) հաստատում է կրթահամալիրի հաստիքացուցակը.

6) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և կրթահամալիրի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

18. Կրթահամալիրի կառավարման խորհուրդը մշտապես գործող մարմին է, որի յուրաքանչյուր անդամի լիազորությունների ժամկետը հինգ տարի է, եթե օրենսդրությամբ սահմանված հիմքերով և կարգով տվյալ անդամի կամ կառավարման խորհրդի լիազորություններն ավելի վաղ չեն դադարեցվել։ Խորհրդի անվանական կազմը հաստատում է նախարարը:

19. Կրթահամալիրի կառավարման խորհուրդը բաղկացած է տասներկու անդամից:

20. Կրթահամալիրի կառավարման խորհուրդը ձևավորվում է հետևյալ համամասնությամբ՝

1) վեց անդամներին առաջադրում է կրթահամալիրի գիտական խորհուրդը՝ սահմանելով նրանց ներկայացվող պահանջները, առաջադրման և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կարգը: Գիտական խորհրդի կողմից առաջադրվող անդամներից առնվազն երեքը պետք է լինեն կրթահամալիրի սովորողներ.

2) վեց անդամներին նշանակում է նախարարն իր տեղակալներից, նախարարության ենթակա մարմինների ղեկավարներից, նրանց տեղակալներից, նախարարության վարչությունների պետերից կամ նախարարության գլխավոր քարտուղարին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչին (համաձայնությամբ)։

21. Կառավարման խորհրդի անդամներին սույն կանոնադրության 22-րդ կետով սահմանված ժամկետում չառաջադրելու դեպքում նախարարը կառավարման խորհրդի բնականոն գործունեությունն ապահովելու համար նշանակում է խորհրդի ժամանակավոր անդամներ՝ մինչև սահմանված կարգով կառավարման խորհրդի համալրումը։ Ժամանակավոր անդամների լիազորությունները դադարում են նոր անդամների համալրման պահից։ Ժամանակավոր անդամներով համալրված խորհուրդն իրավասու է իրականացնելու սույն կանոնադրությամբ կառավարման խորհրդին վերապահված լիազորությունները, բացառությամբ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:

22. Կրթահամալիրի կառավարման խորհրդի գործող անդամի լիազորությունների ժամկետի ավարտից առնվազն մեկ ամիս առաջ, իսկ կառավարման խորհրդի անդամի կամ կառավարման խորհրդի լիազորությունները վաղաժամկետ դադարելու դեպքում դադարման օրվանից հետո՝ տասն աշխատանքային օրվա ընթացքում, կառավարման խորհրդի նախագահը կամ նրան փոխարինող անձն այդ մասին գրավոր տեղեկացնում է կրթահամալիրի գիտական խորհրդի նախագահին և (կամ) նախարարին՝ 15-օրյա ժամկետում նոր անդամների առաջադրման և (կամ) նշանակման նպատակով։

23. Կառավարման խորհրդի անդամի թափուր տեղի համալրումը նախարարը կատարում է խորհրդի անդամի լիազորությունների դադարման մասին տեղեկացումը ստանալուց կամ կրթահամալիրի գիտական խորհրդի նախագահի կողմից նոր անդամների թեկնածությունները ներկայացվելուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում։

24. Կառավարման խորհուրդը՝

1) հաստատում է իր աշխատակարգը և նիստերի ժամանակացույցը.

2) հաստատում է կրթահամալիրի ռազմավարական ծրագիրը.

3) քննարկում և գնահատում է ռեկտորի տարեկան հաշվետվությունը.

4) ընտրում է խորհրդի նախագահին՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ.

5) հաստատում է ռեկտորի ընտրության կարգը, հայտարարում է ռեկտորի ընտրության բաց մրցույթ.

6) մշակում և նախարարի միջոցով կառավարություն է ներկայացնում կրթահամալիրի կանոնադրությունը կամ դրանում առաջարկվող փոփոխությունները և լրացումները.

7) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ռեկտորի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները, որոշումները, հրահանգները և ցուցումները.

8) լսում է կրթահամալիրի գործունեության մասին հաշվետվություններ, քննում վերջիններիս վերստուգման արդյունքները.

9) ռեկտորի նկատմամբ խրախուսանքներ և կարգապահական տույժեր կիրառելու միջնորդություն է ներկայացնում նախարարին.

10) ռեկտորի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններն ու աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.

11) հավանություն է տալիս կրթահամալիրի տարեկան հաշվետվությունների, տարեկան հաշվեկշռի և տարեկան ծախսերի նախահաշվի նախագծերին.

12) վերահսկում է խորհրդի որոշումների կատարման ընթացքը.

13) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ։

25. Կառավարման խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է կառավարման խորհրդի անդամների կեսից ավելին, բացառությամբ սույն կանոնադրության 26-րդ կետով սահմանված դեպքերի: Կառավարման խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ, բացի սույն կանոնադրության 26-րդ կետով սահմանված դեպքերից: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն:

26. Կառավարման խորհրդի նախագահի ընտրության, ռեկտորի ընտրության, ռեկտորի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները, որոշումները, հրահանգները և ցուցումները կասեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու, ռեկտորի նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժի կիրառման միջնորդությամբ նախարարին դիմելու, սույն կանոնադրության մեջ փոփոխության և լրացման, նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման առաջարկությամբ կառավարությանը դիմելու համար նախարարին միջնորդությամբ դիմելու մասին որոշումներն ընդունելու նիստերն իրավազոր են, եթե նիստին մասնակցում է կառավարման խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը: Նշված որոշումներն ընդունվում են կառավարման խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

27. Կառավարման խորհրդի նիստերին, խորհրդի նախագահի համաձայնությամբ, խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է ռեկտորը կամ նրան փոխարինող անձը:

28. Կառավարման խորհրդի՝ նախարարի կողմից նշանակված անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են՝

1) իր հիմնական պաշտոնում լիազորությունները դադարելու և սույն կանոնադրության 20-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պաշտոնի չնշանակվելու դեպքում.

2) իր գրավոր դիմումի համաձայն` այդ մասին տեղեկացնելով խորհրդին, ինչպես նաև իրեն նշանակող պաշտոնատար անձին:

29. Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելու դեպքում, մինչև սահմանված կարգով խորհուրդը նոր անդամով համալրելը, քվորումի և քվեարկությունների համար խորհրդի անդամների ընդհանուր թիվը հաշվարկվում է առանց այդ անդամի, բացառությամբ սույն կանոնադրության 26-րդ կետով նախատեսված հարցերով նիստերի:

30. Կառավարման խորհրդի ընթացիկ գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են կառավարման խորհրդի աշխատակարգով:

31. Կրթահամալիրի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է ռեկտորը՝ անձամբ և իր տեղակալների միջոցով:

32. Ռեկտորի պաշտոնին կարող է հավակնել 65 տարին չլրացած այն անձը, որն ունի գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական կամ գիտական գործունեության ստաժ։

33. Ռեկտորի պաշտոնին չի կարող հավակնել այն անձը, որը՝

1) որևէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ է կամ զբաղեցնում է քաղաքական պաշտոն.

2) դատապարտվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ:

34. Ռեկտորի պաշտոնում նույն անձը չի կարող նշանակվել ավելի քան երկու անգամ անընդմեջ, այդ թվում՝ կրթահամալիրի կազմակերպական-իրավական ձևի փոփոխության դեպքում։

35. Ռեկտորն ընտրվում է կառավարման խորհրդի կողմից: Հայտարարված մրցույթի արդյունքում ընտրված է համարվում այն թեկնածուն, որը փակ գաղտնի քվեարկության արդյունքում ստացել է կառավարման խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

36. Մինչև կառավարման խորհրդի կողմից ռեկտորի ընտրությունը նախարարը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում սույն կանոնադրության 32-րդ և 33-րդ կետերով սահմանված պահանջները բավարարող անձին մինչև մեկ տարի ժամկետով՝ կնքելով աշխատանքային պայմանագիր:

37. Եթե հայտարարված մրցույթի առաջին քվեարկության արդյունքում ռեկտոր չի ընտրվում, ապա՝

1) մեկ թեկնածուի դեպքում հայտարարվում է նոր մրցույթ․

2) մեկից ավելի թեկնածուների դեպքում ռեկտորի բոլոր թեկնածուների մասնակցությամբ անցկացվում է երկրորդ՝ ընտրանքային կարգով վարկանիշային քվեարկություն, որում կառավարման խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի քվեարկելու մեկից ավելի թեկնածուների օգտին:

38. Սույն կանոնադրության 37-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված քվեարկության արդյունքում կառավարման խորհրդի որոշմամբ ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է խորհրդի անդամների առավելագույն թվով կողմ ձայներ, բայց ոչ պակաս, քան խորհրդի անդամների ընդհանուր թվի կողմ ձայների կեսից ավելին: Եթե առավելագույն հավասար կողմ ձայները ստացել են երկու կամ ավելի թեկնածուներ, ապա խորհուրդը նրանց թեկնածությունները ներկայացնում է նախարարի ընտրությանը:

39. Ընտրված թեկնածուի հետ նախարարը կնքում է աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան ռեկտորի 65 տարին լրանալը։

40. Ռեկտորն իր պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ, կուսակցության անունից ունենալ ելույթներ, պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:

41. Ռեկտորի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ շուտ, քան երեք և ոչ ուշ, քան երկու ամիս առաջ հայտարարվում է ռեկտորի ընտրության մրցույթ: Նոր ռեկտորն իր պարտականություններն ստանձնում է գործող ռեկտորի լիազորությունների ժամկետի ավարտին կամ այլ հիմքով հաստիքը թափուր մնալուց հետո ընտրությանը հաջորդող օրվանից:

42. Ռեկտորի թափուր հաստիք առաջանալու դեպքում կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ համապատասխան հիմքն առաջանալու օրվանից ոչ ուշ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում։ Ռեկտորի թափուր հաստիք առաջանալու դեպքում, մինչև սահմանված կարգով ռեկտորի ընտրությունը, ռեկտորի պարտականությունների կատարումը կառավարման խորհրդի որոշմամբ ըստ հերթականության դրվում է ուսումնական աշխատանքները համակարգող պրոռեկտորի, գիտահետազոտական և նորարարությունների գծով աշխատանքները համակարգող պրոռեկտորի, վարչական աշխատանքները համակարգող պրոռեկտորի կամ կրթահամալիրի այն աշխատողի վրա, ով համապատասխանում է ռեկտորին ներկայացվող պահանջներին:

43. Եթե սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ռեկտոր կամ ռեկտորի թեկնածուներ չեն ընտրվում, և կառավարման խորհուրդը չի նշանակում ռեկտորի պարտականությունները կատարող (ռեկտորի պարտականությունները կատարողի բացակայության դեպքում), ապա կառավարման խորհրդի լիազորությունները համարվում են դադարեցված:

44. Սույն կանոնադրության 43-րդ կետով նախատեսված դեպքում նախարարը ձևավորում է 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ, որը նշանակում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև մեկ տարի ժամկետով:

45. Կրթահամալիրի պրոռեկտորներին նշանակում է ռեկտորը՝ նոր հաստիքի ստեղծման կամ առկա հաստիքի թափուր մնալու օրվանից հետո՝ 15 օրվա ընթացքում՝ նրանց հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելով աշխատանքային պայմանագիր: Ուսումնական աշխատանքները համակարգող պրոռեկտոր և գիտահետազոտական և նորարարությունների գծով աշխատանքները համակարգող պրոռեկտոր նշանակվում են գիտական աստիճան և առնվազն երեք տարվա ակադեմիական կամ գիտական գործունեության ստաժ ունեցող անձինք:

46. Ռեկտորն օրենքով, հիմնադրի որոշումներով, նախարարի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կրթահամալիրի գործունեությունը, կրում է պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի որոշումների, նախարարի հրամանների, ցուցումների, կրթահամալիրի կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

47. Ռեկտորը`

1) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

2) ներկայացնում է կրթահամալիրը պետական մարմիններում, հիմնարկներում, կազմակերպություններում, ինչպես նաև օտարերկրյա պետական և ոչ պետական ուսումնական ու գիտահետազոտական հաստատություններում, միջազգային կազմակերպություններում և ստորագրում համապատասխան փաստաթղթեր.

3) իրականացնում է կրթահամալիրի ուսումնական, գիտահետազոտական, գիտահրատարակչական, ֆինանսատնտեսական գործունեության ընդհանուր ղեկավարումը.

4) ապահովում է ըստ մասնագիտությունների մասնագետների պատրաստման պետական պատվերի կատարումը.

5) իր իրավասության սահմաններում կրթահամալիրի ոստիկանական և փրկարարական չհանդիսացող պաշտոններում նշանակում և պաշտոններից ազատում է կրթահամալիրի աշխատողներին, աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով կնքում է աշխատանքային պայմանագրեր.

6) միջնորդություն է ներկայացնում նախարարին՝ կրթահամալիրի ոստիկանական և փրկարարական պաշտոններում նշանակման և ազատման, ինչպես նաև խրախուսման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար.

7) ապահովում է կրթահամալիրում գաղտնիության ռեժիմը.

8) իր իրավասության սահմաններում պետական պատվերի շրջանակներում սովորող ոստիկանության և փրկարար ծառայողների, ինչպես նաև ոստիկանական և փրկարարական չհանդիսացող պաշտոններ զբաղեցնող աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքներ և կարգապահական տույժեր.

9) կատարում է աշխատանքի բաշխում պրոռեկտորների միջև.

10) հաստատում է կրթահամալիրի օրակարգը.

11) իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարում է պրոռեկտորներից մեկին.

12) տալիս է կրթահամալիրի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

13) նախարարի համաձայնությամբ բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

14) նախարարի հաստատմանն է ներկայացնում տարեկան ծախսերի նախահաշիվը: Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցներից կրթահամալիրի աշխատողների համար կարող է սահմանել հավելավճարներ, լրավճարներ և պարգևատրումներ.

15) համաձայն նախահաշվի` տնօրինում է ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

16) սահմանում է պետական կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը.

17) իր լիազորությունների սահմաններում կնքում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը չհակասող պայմանագրեր.

18) հաստատում է ոստիկանական, ինչպես նաև փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանումների խորհուրդների կազմերը և աշխատակարգերը, ինչպես նաև կրթահամալիրի ուսանողական խորհրդի կանոնադրությունը.

19) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

48. Կրթահամալիրի գիտական խորհուրդը (այսուհետ՝ գիտական խորհուրդ) լուծում է կրթահամալիրի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հիմնահարցերը:

49. Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ:

50. Գիտական խորհրդի կազմի մեջ ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը (գիտական խորհրդի նախագահ), պրոռեկտորները, ոստիկանական, ինչպես նաև փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանումների պետերը, նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի տեղակալը, ուսանողական խորհրդի նախագահը, ինչպես նաև ընտրովի անդամներ: Ոստիկանական ուսումնական ստորաբաժանման խորհուրդը և փրկարար ծառայության ու ճգնաժամային կառավարման խորհուրդը ընտրում են իրենց ստորաբաժանումների հինգական աշխատակից և յոթական սովորող: Ընտրված թեկնածուները ոստիկանական, ինչպես նաև փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանումների պետերի կողմից զեկուցագրով ներկայացվում են ռեկտորին: Կրթահամալիրի այլ ստորաբաժանումների աշխատողներն ընտրվում են պրոռեկտորների կողմից և ներկայացվում են կրթահամալիրի ռեկտորին: Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 50-ը: Ի պաշտոնե նշանակվող անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի անդամների 50 տոկոսը: Գիտական խորհրդի անդամների 25 տոկոսը կազմում են կրթահամալիրի սովորողները:

51. Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների երկու երրորդը: Որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

52. Գիտական խորհուրդը՝

1) հաստատում է իր կանոնակարգը.

2) նախարարին առաջարկություն է ներկայացնում կրթահամալիրի դիմորդների ընդունելության կանոնների վերաբերյալ.

3) մշակում է կրթահամալիրի սովորողների ավարտական որակավորման պայմանները, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի կանոնները.

4) ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ դեպարտամենտների, ամբիոնների, կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման վերաբերյալ.

5) նախարարին առաջարկություններ է ներկայացնում վճարովի (առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի) ուսուցման տեղերի թիվը, պետական պատվերով սահմանված տեղերի թվից դուրս, սահմանելու վերաբերյալ.

6) քննարկում է կրթահամալիրի գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում զեկույցներ գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների վերաբերյալ.

7) ռեկտորին է ներկայացնում մասնագիտությունների և մասնագիտացումների անվանացանկի վերաբերյալ առաջարկություններ` նախարարության միջոցով, սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու համար.

8) կրթահամալիրի գիտամանկավարժական գործունեություն իրականացնող անձանց սահմանված կարգով շնորհում է պրոֆեսորի կամ դոցենտի գիտական կոչումներ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հաստատմանը.

9) սահմանված կարգով հաստատում է կրթահամալիրի ասպիրանտների և հայցորդների գիտական ղեկավարների թեկնածությունները և ատենախոսությունների թեմաները.

10) քննարկում և մշակում է կրթահամալիրի միջբուհական համագործակցության ծրագրերը.

11) քննարկում և հավանության է արժանացնում ուսումնական պլանները, որոնք ներկայացվում են ուսումնական գործընթացը կազմակերպող և դրա նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության կողմից.

12) սահմանում է կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուսումնական բեռնվածության չափորոշիչները.

13) տպագրության է երաշխավորում կրթահամալիրի հրատարակությունները.

14) կրթության ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` եզրակացություն է տալիս սովորողին ակադեմիական արձակուրդ տրամադրելու նպատակահարմարության մասին.

15) քննարկում է սովորողների՝ վերականգնման մասին դիմումները և համապատասխան միջնորդությամբ նախարարին դիմելու հարցը.

16) ընդունում է կրթահամալիրի պատվավոր կոչումներ շնորհելու մասին որոշումներ.

17) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ կրթահամալիրի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հետ կապված այլ լիազորություններ:

 

4. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

53. Կրթահամալիրում ուսումնական և գիտական գործընթացը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, ենթաօրենսդրական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

54. Կրթահամալիրում պետական պատվերի շրջանակներում ուսուցումն իրականացվում է միայն առկա ուսուցման ձևով:

55. Գիտական աստիճաններ շնորհելու համար կրթահամալիրում կարող են ստեղծվել մասնագիտական խորհուրդներ:

56. Գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել կրթահամալիրի դասախոսները, գիտաշխատողները, հետազոտողները, հայցորդները և սովորողները, ինչպես նաև ուսումնական, գիտական և այլ բնույթի աշխատանքներ կատարելու համար պայմանագրային հիմունքներով հրավիրված այլ մասնագետներ:

 

5. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ

 

57. Կրթահամալիրի աշխատողներն են՝ ոստիկանության ծառայողները, փրկարար ծառայողները և աշխատանքային պայմանագրերով աշխատողները, ովքեր ընդգրկված են կառավարման, վարչական, պրոֆեսորադասախոսական, գիտական կազմերում, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք:

58. Կրթահամալիրի աշխատողներն իրավունք ունեն՝

1) իրենց մասնագիտական գործունեության կազմակերպման և նյութատեխնիկական ապահովման.

2) հաստատված պլանների համաձայն՝ ընտրելու և մշակելու հետազոտական թեմաներ.

3) իրենց անհատական առանձնահատկություններին համապատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակն ապահովող նյութի շարադրման, դասավանդման մեթոդների ու միջոցների ազատ ընտրության:

59. Կրթահամալիրի աշխատողները պարտավոր են`

1) պահպանել և կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և կրթահամալիրի ներքին իրավական ակտերի պահանջները.

2) ապահովել ուսումնական գործընթացի, կատարվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.

3) մշտապես բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը.

4) պահպանել և խնայողաբար ու արդյունավետ օգտագործել կրթահամալիրի գույքը:

60. Կրթահամալիրի սովորողներն են՝ կրթություն ստանալու նպատակով կրթահամալիր ընդունված անձինք, վերապատրաստում անցնող ծառայողները, ինչպես նաև՝ սույն կանոնադրության հիման վրա իրականացվող կրթական ծրագրերում ուսումնառող այլ անձինք:

61. Կրթահամալիրի սովորողներն իրավունք ունեն՝

1) օգտվելու մասնագիտացված լսարաններից, գրադարանից և կրթահամալիրի մարզական, առողջարարական, մշակութային ու հանրակացարանային համալիրից.

2) մասնակցելու կրթահամալիրի գործունեությանն առնչվող հարցերի քննարկմանը և ներկայացնելու առաջարկություններ.

3) ըստ նախասիրությունների՝ մասնակցելու կրթահամալիրում անցկացվող ուսանողական գիտական հետազոտություններին.

4) օգտվելու սովորողների համար ստեղծված կենցաղի, սննդի, առողջության պահպանման, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացման պայմաններից.

5) ստեղծելու ուսանողական խորհուրդ, մասնակցելու դրա աշխատանքներին.

6) փոխադրվելու այլ բուհ (այդ թվում` օտարերկրյա պետությունների)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.

7) վերականգնվելու կրթահամալիրում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.

8) Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ստանալու սահմանված չափի, ներառյալ՝ անվանական կրթաթոշակ.

9) ծանոթանալու սույն կանոնադրությանը և նորմատիվ այլ փաստաթղթերի, կնքելու պայմանագիր կրթահամալիրի հետ` ուսումնառության պայմանների վերաբերյալ.

10) սահմանված կարգով անհրաժեշտության դեպքում ստանալու ակադեմիական արձակուրդ մինչև մեկ տարի ժամկետով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

11) ուսման բարձր առաջադիմության և գիտահետազոտական աշխատանքներին մասնակցելու համար ստանալու բարոյական և (կամ) նյութական խրախուսանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կրթահամալիրի կողմից սահմանված կարգով.

12) վճարովի հիմունքներով կրթություն ստանալու դեպքում օգտվելու ուսման տարեկան վարձի մասամբ կամ լրիվ փոխհատուցման իրավունքից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

13) օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներից:

62. Կրթահամալիրի սովորողները պարտավոր են՝

1) հաճախել կրթահամալիրում անցկացվող ուսումնական պարապմունքներին.

2) անվերապահորեն պահպանել կարգապահությունը, սահմանված ժամկետում կատարել ուսումնական ծրագրերով և պլաններով նախատեսված ուսումնական առաջադրանքները.

3) կատարել սույն կանոնադրության պահանջները և ղեկավարների հրամանները.

4) տիրապետել ընտրած մասնագիտության տեսական գիտելիքներին և գործնական հմտություններին.

5) բարձր պահել կրթահամալիրի հեղինակությունը, պահպանել հասարակական համակեցության և բարոյականության նորմերը.

6) վճարովի հիմունքներով կրթություն ստանալու դեպքում պայմանագրում նշված ժամկետում վճարել ուսման վարձավճարը: Ուսման վարձավճարը պայմանագրում նշված ժամկետում չվճարելու դեպքում այդ սովորողները հեռացվում են կրթահամալիրից:

 

6. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

 

63. Կրթահամալիրը և նախարարությունը, օրենսդրությամբ նախատեսված դեպքերից բացի, համագործակցում են նաև հետևյալ ուղղություններով՝

1) կրթահամալիրի սովորողների գործնական հմտությունների զարգացում, մասնավորապես, կրթական ծրագրով նախատեսված պրակտիկաների կազմակերպում նախարարությունում.

2) ըստ անհրաժեշտության՝ գործնական քննարկումների, փորձի փոխանակման նպատակով ոլորտի մասնագետների հետ հանդիպումների կազմակերպում.

3) ըստ անհրաժեշտության՝ կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմին նախարարության տարբեր ստորաբաժանումներում ծառայողական պարապմունքներին, դասընթացներին, սեմինարներին ներգրավում.

4) ըստ անհրաժեշտության՝ նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատողների ներգրավում կրթահամալիրում անցկացվող կրթական ծրագրերում.

5) ըստ անհրաժեշտության՝ նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից կրթահամալիրի աշխատողների և սովորողների գիտահետազոտական աշխատանքների՝ նախարարության կարիքներից բխող թեմաների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.

6) նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում տնօրինվող տեղեկատվական բազաներին հասանելիության ապահովում կրթահամալիրի աշխատողների և սովորողների համար:

 

7. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

64. Կրթահամալիրը, իր իրավասության սահմաններում, իրավունք ունի իրականացնելու միջազգային համագործակցություն հետևյալ ձևերով`

1) օտարերկրյա ուսումնական հաստատությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների մասնագետների ու դասախոսների հրավիրում` կրթահամալիրի ուսումնագիտական աշխատանքներին մասնակցելու համար.

2) գիտամանկավարժական աշխատանքներ իրականացնելու նպատակով կրթահամալիրի դասախոսների` օտարերկրյա ուսումնական հաստատություններ գործուղում.

3) վերապատրաստման նպատակով կրթահամալիրի աշխատողների, սովորողների, հայցորդների ու դոկտորանտների` օտարերկրյա ուսումնական հաստատություններ գործուղում.

4) միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա ուսումնական հաստատությունների հետ համատեղ գիտական հետազոտությունների իրականացում.

5) միջազգային համաժողովների, խորհրդակցությունների, սեմինարների կազմակերպում և դրանց մասնակցություն.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջազգային համագործակցության իրականացում:

 

8. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

65. Կրթահամալիրի սեփականությունը ձևավորվում է հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կրթահամալիրի գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից: Կրթահամալիրն իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

66. Կրթահամալիրին չեն կարող սեփականության իրավունքով հանձնվել նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույք, պետական սեփականություն հանդիսացող հողեր, շենքեր, շինություններ և պատմամշակութային նշանակություն ունեցող գույք: Դրանք կարող են տրամադրվել անհատույց օգտագործման իրավունքով՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

67. Կրթահամալիրն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) իր կանոնադրական նպատակներին համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

68. Հիմնադիրը սեփականության իրավունքով կրթահամալիրին պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կրթահամալիրի լուծարումից հետո մնացած գույքի:

69. Կրթահամալիրի սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:

70. Կրթահամալիրն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու կամ անհատույց օգտագործման հանձնելու:

71. Կրթահամալիրն իրավունք ունի իրեն ամրացված գույքն օրենքով սահմանված կարգով հանձնելու վարձակալության:

72. Կրթահամալիրին ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

73. Կրթահամալիրի ֆինանսական միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված լրացուցիչ աղբյուրներից, որոնք օգտագործվում են սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

74. Կրթահամալիրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվում է նախարարության միջոցով:

75. Կրթահամալիրի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են`

1) թույլատրված ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները․

2) Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց ներդրումները, այդ թվում` բարեգործական, հովանավորչական, նպատակային մուծումները, կտակված գույքը.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և կրթահամալիրի կանոնադրական խնդիրների իրականացման համար ստացված միջոցները:

76. Կրթահամալիրի գործունեության արդյունքում ստացված շահույթն օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար՝ նախարարի կողմից հաստատված նախահաշվի համաձայն:

77. Կրթահամալիրի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը (ստուգումը) իրականացվում է նախարարության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ լիազորված պետական այլ մարմինների կողմից:

 

9. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

78. Կրթահամալիրը կարող է վերակազմակերպվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` օրենքով սահմանված կարգով: Կրթահամալիրը կարող է վերակազմակերպվել 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերության: Կրթահամալիրը դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

79. Կրթահամալիրը կարող է լուծարվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` օրենքով սահմանված կարգով: Կրթահամալիրը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով: Կրթահամալիրը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

80. Կրթահամալիրի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց նրա իրավունքները և պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

81. Կրթահամալիրի լուծարման դեպքում կրթահամալիրի պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

13.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2024 թվական: