ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2023 թվականի N 1548-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման NN 1 և 4 հավելվածներով հաստատված կարգերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող և «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, քաղ. Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց փող. թիվ 60 հասցեում գտնվող՝ 3292.3 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, ինչպես նաև շենքի զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված՝ 0.212944 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք 1, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19092017-01-0199 վկայական) և քաղ. Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց փող. թիվ 60/2 հասցեում գտնվող՝ 853.6 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված՝ 0.164453 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք 2, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19092017-01-0200 վկայական) օտարել դասական աճուրդով՝ որպես մեկ գույքային միավոր (այսուհետ՝ գույք):
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2023 թվականի հուլիսի 27-ի դրությամբ՝
ա. գույք 1-ի գնահատված շուկայական արժեքը՝ 1 397 200 000 դրամ,
բ. գույք 1-ի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 846 100 000 դրամ,
գ. գույք 1-ի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 125 441 690 դրամ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2023 թվականի հուլիսի 27-ի դրությամբ՝
ա. գույք 2-ի գնահատված շուկայական արժեքը՝ 450 100 000 դրամ,
բ. գույք 2-ի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 390 300 000 դրամ,
գ. գույք 2-ի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 96 876 467 դրամ.
3) աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 1 847 300 000 դրամ.
4) աճուրդին մասնակցելու նախավճարը՝ գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 92 365 000 դրամ, որն աճուրդի հաղթող մասնակցի (այսուհետ` գնորդ) համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Աճուրդի չհաղթող մասնակցին (մասնակիցներին) նախավճարը վերադարձվում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ իրենց կողմից ներկայացված հաշվեհամարին.
5) որ գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 1 387 379.46 դրամ գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10 օրվա ընթացքում՝ գնահատողի համապատասխան հաշվին ու չի ներառվում աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գնի մեջ.
6) որ աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գինը ենթակա է վճարման արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10 օրվա ընթացքում։
3. Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել հիմնադրամի հետ 2015 թվականի հունիսի 10-ին կնքված թիվ 70/0015 անհատույց օգտագործման պայմանագրի լուծման մասին համաձայնագրի կնքումը՝ սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են հիմնադրամի միջոցների հաշվին.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 30 օր առաջ կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.
3) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
4) սույն որոշման 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը։
4. Գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված ժամկետում վճարումները չկատարվելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, և լոտը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով՝ առանց մեկնարկային գնի նվազման։
5. Սահմանել, որ գնորդը վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետության արժույթով, ընդ որում, աճուրդում առաջարկված գինը, նվազեցված վճարման ենթակա հողամասի շուկայական (գնի բարձրացման դեպքում պահպանվում է հողամասի շուկայական արժեքի վճարման համամասնությունը) արժեքի չափով՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հատկացված հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ համապատասխան գանձապետական հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |