Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 4570-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
24.12.2021
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
24.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

24 դեկտեմբերի 2021 թ.

Հ. 4570-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 1704-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

1. Երևանի քաղաքապետի 2015 թվականի հունիսի 4-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունները հաստատելու, Երևանի քաղաքապետի 2013 թվականի դեկտեմբերի 3-ի N 6133-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և Երևանի քաղաքապետի 2011 թվականի հունիսի 29-ի N 2808-Ա, 2012 թվականի մայիսի 24-ի N 4141-Ա, 2013 թվականի օգոստոսի 5-ի N 3949-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1704-Ա որոշման N 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի վրա:

3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

2021 թվականի դեկտեմբերի 24-ի

N 4570-Ա որոշման

 

«Հավելված հ.6

Երևանի քաղաքապետի

2015 թ. հունիսի 4-ի

հ.1704-Ա որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության

 

I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` քաղաքապետարան) աշխատակազմի բնապահպանության վարչությունը (այսուհետ` վարչություն) քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին:

2. Վարչության աշխատանքների համակարգումը Երևանի քաղաքապետի կողմից կարող է հանձնարարվել քաղաքապետի տեղակալներից մեկին կամ քաղաքապետարանի այլ ղեկավար պաշտոնատար անձի:

3. Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով (այսուհետ՝ իրավական ակտեր)։

4. Վարչությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան՝ ապահովում է վարչական վարույթի իրականացումը։

5. Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևան համայնքի բյուջեից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսավորման համար հատկացված միջոցների հաշվին:

6. Վարչությունը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր։

 

 I. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

7. Վարչության նպատակը բնապահպանության բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է։

8. Վարչության խնդիրներն ու գործառույթները բխում են բնապահպանության բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և (կամ) իրականացմանը:

9. Վարչությունը`

1) համագործակցելով հանրապետության գործադիր մարմինների հետ մշակում է Երևան քաղաքի տարածքում բնապահպանության ոլորտում Երևանի ավագանու, քաղաքապետի կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված և պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացմանն ուղղված ծրագրեր, քաղաքապետի որոշումների ու կարգադրությունների նախագծեր և սահմանված կարգով պատվիրում է նշված բնագավառին վերաբերվող աշխատանքներ.

2) պատվիրատու է հանդիսանում քաղաքապետարանի ծրագրով իրականացվող բնապահպանության բնագավառին վերաբերվող աշխատանքների։ Մասնակցում է իր կողմից համակարգվող բնագավառին վերաբերվող պետական ծրագրերի մշակմանը և իր լրազորությունների շրջանակներում ապահովում Է դրանց իրականացումը Երևան քաղաքի վարչական տարածքում.

3) իրականացնում է շրջակա միջավայրի պահպանության համայնքային ծրագրեր.

4) ապահովում է Երևանի ավագանու, քաղաքապետի, շրջակա միջավայրի ոլորտում պետական կառավարման լիազորված մարմնի որոշումների, հրամանների, կարգադրությունների և այլ նորմատիվ ակտերի, փաստաթղթերի պահանջների կատարումն ու հսկողությունը.

5) ապահովում է Երևանի սեփականություն համարվող հողերի պահպանությունը հողատարումից, ողողումներից, ճահճացումից, քիմիական, ռադիոակտիվ նյութերով և արտադրական թափոններով աղտոտումից.

6) ըստ անհրաժեշտության մասնակցում է բնապահպանական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման կողմից իրականացվող ստուգումներին.

7) ապահովում է ոլորտի պետական քաղաքականության իրականացմանն ուղղված ծրագրերի, հայեցակարգերի, միջոցառումների մշակումը և դրանց իրականացումը.

8) իրականացնում է բնապահպանական պետական ծրագրերով նախատեսված աշխատանքները Երևանի տարածքում.

9) իրականացնում է կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին ուղղված հարմարվողականության և մեղմման միջոցառումների մշակում, այդ ծրագրերի իրականացման կազմակերպում և համակարգում.

10) մշակում է ոլորտին վերաբերվող առաջարկություններ՝ Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում ընդգրկելու համար.

11) մշակում է առաջարկություններ՝ ոլորտում ՀՀ օրենսդրության և այլ նորմատիվային ակտերի կատարելագործման վերաբերյալ.

12) համակարգում և վերահսկում է Երևանի կանաչապատման աշխատանքները.

13) ապահովում է Երևանի սեփականություն համարվող հողերում բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի աշխատանքների իրականացումը.

14) վերահսկում և ապահովում է Երևանի սեփականություն համարվող ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնների կատարումը.

15) իրականացնում է վարձակալված համայնքային ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնների՝ վարձակալների կողմից կատարման մշտադիտարկում և իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ.

16) Երևան քաղաքում քաղաքապետարանի տնօրինության տակ գտնվող ընդհանուր օգտագործման հողային տարածքներում հսկողություն է իրականացնում բնապահպանական օրենսդրության նորմերի կատարման նկատմամբ և խախտման դեպքեր հայտնաբերելիս կազմում է արձանագրություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 156-րդ և 157-րդ հոդվածներով.

17) վերահսկում և ապահովում է Երևան քաղաքում տնային կենդանիների պահման թույլտվության և հաշվառման պահանջների պահպանումը և խախտման դեպքեր հայտնաբերելիս կազմում է արձանագրություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի պահանջներին համապատասխան.

18) վերահսկում և համակարգում է Երևան քաղաքում թափառող կենդանիների վնասազերծման և դրանց թվաքանակի կառավարման միջոցառումների իրականացումը.

19) վերահսկում և ապահովում է անասնաբուժական ծառայության գործունեության կազմակերպումը՝ համայնքը սպասարկող անասնաբույժի միջոցով.

20) համակարգում է ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում համայնքի սեփականություն հանդիսացող ոռոգման ցանցերի շահագործումը, դրանց շինարարությունը և վերանորոգումը.

21) բնապահպանության ոլորտի պետական կառավարման մարմնի հետ համաձայնեցնելուց հետո՝ Երևանի ավագանուն է ներկայացնում յուրաքանչյուր տարվա համար Երևանի բնապահպանությանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ցանկը և դրանց իրականացման ժամանակացույցը.

22) ապահովում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված գործառույթների իրականացումը.

23) ապահովում է բնապահպանական պետական և համայնքային զարգացման ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացումը՝ Երևան քաղաքում.

24) աջակցում է Երևանի տարածքում գտնվող արգելոցների, արգելավայրերի հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, այդ տարածքում որսագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը.

25) քննարկում և համաձայնեցնում է տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացվող կանաչապատման և բարեկարգման նախագծերը.

26) վերլուծում է շրջակա միջավայրի բաղադրիչների՝ մթնոլորտային օդի, ստորերկրյա և մակերևութային ջրային ռեսուրսների աղտոտվածության, բարելավման կարիք ունեցող հողերի որակի մշտադիտարկման արդյունքները և մշակում է առաջարկություններ ցուցանիշների բարելավման վերաբերյալ:

27) իր լիազորությունների սահմաններում համաձայնեցնում է բնապահպանության ոլորտին վերաբերվող նախագծեր, ծրագրեր և այլ փաստաթղթեր.

28) բնապահպանական ծրագրերի իրականացման խնդիրներով համագործակցում է ոչ պետական կազմակերպությունների, միջազգային և հասարակական բնապահպանական ուղղվածություն ունեցող կազմակերպությունների հետ.

29) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը:

 

II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

10. Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի ավագանին:

11. Վարչության պետին և աշխատակիցներին «Համայնքային ծառայության մասին» օրենքի համաձայն աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում է նման լիազորությամբ օժտված պաշտոնատար անձը:

12. Վարչության գործունեությունը ղեկավարում է վարչության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն։

13. Վարչության պետի, վարչության պետի տեղակալի, վարչության մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով։

14. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով։

15. Վարչության պետը՝

1) կազմակերպում և ղեկավարում է վարչության ընդհանուր գործունեությունը և դրա համար կրում է պատասխանատվություն.

2) ապահովում է վարչության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և (կամ) վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը.

3) հսկողություն է իրականացնում վարչության իրավասությանը վերաբերող որոշումների և կարգադրությունների կատարման նկատմամբ.

4) վարչության աշխատողների միջև կատարում է գործառույթների և պարտականությունների բաշխում, աշխատողներին տալիս է պարտադիր կատարման աշխատանքային ցուցումներ և հանձնարարություններ.

5) սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում վարչության աշխատողներին խրախուսելու, ինչպես նաև առաջխաղացման կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

6) ներկայացնում է վարչությունն այլ մարմինների և կազմակերպությունների, քաղաքապետարանի ստորաբաժանումների հետ փոխհարաբերություններում.

7) ստորագրում է վարչության անունից տրվող փաստաթղթերը, ըստ անհրաժեշտության՝ նշագրում է Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.

8) իրականացնում է վարչության աշխատանքների ղեկավարման հետ կապված այլ լիազորություններ:

16. Վարչության աշխատակիցները, համաձայն աշխատանքային պարտականությունների բաշխման, իրականացնում են իրենց լիազորություններն ու պաշտոնական պարտականությունները և հաշվետու են վարչության պետին:

 

III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

17. Վարչության գործունեությունը դադարեցվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

 

Երևանի քաղաքապետարանի

աշխատակազմի քարտուղար

Դ. Համբարյան