Գլխավոր տեղեկություն
Համար
N 1448-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.08.2023-15.12.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.08.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2023
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 օգոստոսի 2023 թվականի N 1448-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ, ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 113-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 4-րդ մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 36-րդ, 67-րդ և 68-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի N 820-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ համաձայն NN 1 և 2 հավելվածներում նշված շարժական գույքով (այսուհետ` գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով հասարակ (սովորական) բաժնետոմսերի` օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Գույքը, 9.231.556,098 հազ. դրամ 2021 թվականի օգոստոսի 27-ի դրությամբ գնահատված շուկայական արժեքով, ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)՝ գույքի օտարման գործընթացը կազմակերպելու նպատակով:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել ընկերության կողմից կոմիտեին գույքի հանձնման-ընդունման աշխատանքները՝ սահմանելով, որ գույքի պահառությունը մինչև 2023 թվականի ավարտը կիրականացվի ընկերության կողմից՝ իր միջոցների հաշվին, իսկ 2024 թվականից սկսած՝ կոմիտեի ենթակայության «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող միջոցների հաշվին։

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում ապահովել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված պահանջների կատարումը և օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման հետ կապված կանոնադրությունում փոփոխությունների պետական գրանցման աշխատանքների իրականացումը։

6. Սահմանել, որ գործարքից առաջացող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարվում են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ ենթակետով և 7-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով։

7. Սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո գույքը, որպես 2 առանձին լոտեր, համապատասխանաբար լոտ 1 (հավելված N 1) 8.033.151,693 հազ. դրամ և լոտ 2 (հավելված N 2) 1.198.404,405 հազ. դրամ գնահատված արժեքներով, ներկայացնել օտարման՝ մրցույթներով։

8. Կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել մրցութային հանձնաժողով՝ կազմում ընդգրկելով կոմիտեից՝ 3 անդամ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ 3 անդամ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից՝ 1 անդամ, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից՝ 1 անդամ.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, օրենսդրությամբ սահմանված կարգով, կազմակերպել և անցկացնել մրցույթ.

3) մրցույթի անցկացման օրվանից առնվազն 45 օր առաջ մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http։//www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետի, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

4) սույն որոշման 9-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի «ա» պարբերություններով սահմանված վճարը կատարելուց հետո 1-ամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ՝

ա. գնորդը ընդունում է, որ իրազեկված է գույքի փաստացի վիճակի մասին,

բ. գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և համապատասխան գույքի պետական գրանցման (պետական հաշվառման) համար օրենքով սահմանված վճարներն ու տուրքերը,

գ. գնորդի կողմից սույն որոշման 9-րդ կետի 3-րդ ենթակետի «բ», «գ», «դ», «ե» պարբերություններով և 9-րդ կետի 4-րդ ենթակետի «բ», «գ» պարբերություններով նախատեսված վճարները սահմանված ժամկետներում չկատարվելու կամ մինչև 50 տոկոս կատարվելու դեպքում գնորդը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված վճարն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված վճարի գումարի 20 տոկոսի չափով,

դ. գնորդի կողմից սույն որոշման 9-րդ կետի 3-րդ ենթակետի «բ», «գ», «դ», «ե» պարբերություններով և 9-րդ կետի 4-րդ ենթակետի «բ», «գ» պարբերություններով նախատեսված վճարները սահմանված ժամկետներում 50 կամ ավելի տոկոսով կատարվելու, բայց ամբողջությամբ չկատարվելու դեպքում գնորդը 1 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված վճարն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված վճարի գումարի 15 տոկոսի չափով,

ե. սույն որոշման 9-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պարտավորությունը սահմանված ժամկետում գնորդի կողմից չկատարվելու դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման, իսկ չապամոնտաժված և (կամ) չտեղափոխված գույքը՝ վերադարձման Հայաստանի Հանրապետությանը։ Ընդ որում, պայմանագրի լուծման դեպքում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն.

5) գնորդին գույքը կհանձնվի ընկերության կողմից՝ օտարման պայմանագիրը կնքելուց հետո 1-ամսյա ժամկետում։

9. Սահմանել, որ՝

1) մրցույթի հաղթողին (այսուհետ` գնորդ) որոշելու համար սակարկվող պայման է հանդիսանում գույքի համար առաջարկվող գինը (այն չի կարող ցածր լինել մրցույթի ժամանակ գույքի վաճառքի համար սահմանված նվազագույն գնից).

2) գույքի ամբողջությամբ ապամոնտաժումը, դրա տեղափոխումը, համապատասխան թույլտվությունները, ինչպես նաև կոմունալ ծախսերն իրականացվելու են լոտերը ձեռք բերող գնորդների կողմից՝ 5 տարվա ընթացքում.

3) լոտ 1-ի մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գինը պետք է վճարվի հավասարաչափ 5 փուլով, ընդ որում՝

ա. 1-ին վճարը պետք է կատարվի գնորդի կողմից մրցույթի արդյունքների արձանագրությունն ստորագրվելուց հետո 1 ամսվա ընթացքում,

բ. 2-րդ վճարը՝ մրցույթի արդյունքների արձանագրությունն ստորագրվելու օրվանից հետո 1 տարվա ընթացքում,

գ. 3-րդ վճարը՝ մրցույթի արդյունքների արձանագրությունն ստորագրվելու օրվանից հետո 2-րդ տարվա ընթացքում,

դ. 4-րդ վճարը՝ մրցույթի արդյունքների արձանագրությունն ստորագրվելու օրվանից հետո 3-րդ տարվա ընթացքում,

ե. 5-րդ վճարը՝ մրցույթի արդյունքների արձանագրությունն ստորագրվելու օրվանից հետո 4-րդ տարվա ընթացքում.

4) լոտ 2-ի մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գինը պետք է վճարվի հավասարաչափ 3 փուլով, ընդ որում՝

ա. 1-ին վճարը պետք է կատարվի գնորդի կողմից մրցույթի արդյունքների արձանագրությունն ստորագրվելուց հետո 1 ամսվա ընթացքում,

բ. 2-րդ վճարը՝ մրցույթի արդյունքների արձանագրությունն ստորագրվելու օրվանից հետո 1 տարվա ընթացքում,

գ. 3-րդ վճարը՝ մրցույթի արդյունքների արձանագրությունն ստորագրվելու օրվանից հետո 2-րդ տարվա ընթացքում.

5) ապամոնտաժման համար նախատեսված ժամկետների ավարտից հետո տարածքում գույքի առկայության դեպքում գնորդը պարտավորվում է 1-ամսյա ժամկետում ազատել տարածքը մնացորդ գույքից։ Նշված գործընթացն այլ սուբյեկտի կողմից իրականացվելու դեպքում կատարված ծախսերը ենթակա են փոխհատուցման գնորդի կողմից.

6) մրցույթի վերաբերյալ հրապարակային ծանուցման մեջ կարող են ներառվել այլ լրացուցիչ պայմաններ։

10. Գնորդը պարտավոր է՝

1) մինչև սույն որոշման 8-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ օտարման պայմանագրի կնքումը, գույքի գնման համար առաջարկած արժեքի չափով կոմիտեին տրամադրել բանկային երաշխիք, որը հետագայում կնվազի կատարված վճարումների համամասնությամբ.

2) լոտ 1-ի գնման պարագայում պայմանագիրը կնքելուց հետո 6-ամսյա ժամկետում իր միջոցների հաշվին իրականացնել տարածքում գտնվող ենթակառուցվածքների (ջրագիծ, գազատար և այլն) տեղափոխման աշխատանքները՝ համաձայն ընկերության կողմից ներկայացված նախագծի.

3) ապամոնտաժման աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան.

4) ապամոնտաժման աշխատանքների ընթացքում տարածքում առկա ենթակառուցվածքների վնասման դեպքում դրանք անհապաղ վերականգնել, իսկ դրա հետևանքով Կայանի կանգառի դեպքում՝ փոխհատուցել նաև ընկերությանը պատճառված վնասները.

5) տարածքը մաքրել ապամոնտաժման աշխատանքների ընթացքում առաջացող շինարարական աղբից։

11. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է օտարման ենթակա գույքի (լոտերի) վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ: Գնորդի կողմից մրցույթի արդյունքների արձանագրությունը չստորագրվելու, պայմանագիր չկնքվելու կամ սահմանված ժամկետում հետագա վճարումները չկատարվելու դեպքերում մասնակցության նախավճարը չի վերադարձվում, և այն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

օգոստոսի 24-ի N 1448-Ա որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

օգոստոսի 24-ի N 1448-Ա որոշման