Գլխավոր տեղեկություն
Համար
հ. 531-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
27.02.2023
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2023

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

27 փետրվարի 2023 թ.

հ. 531-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 1704-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի հունիսի 21-ի N 601-Ա որոշումը.

1. Երևանի քաղաքապետի 2015թ. հունիսի 4-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունները հաստատելու, Երևանի քաղաքապետի 2013 թվականի դեկտեմբերի 3-ի հ.6133-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և Երևանի քաղաքապետի 2011 թվականի հունիսի 29-ի հ.2808-Ա, 2012 թվականի մայիսի 24-ի հ.4141-Ա, 2013 թվականի օգոստոսի 5-ի հ.3949-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» հ.1704-Ա որոշման N 25 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը վերապահել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին:

 

 

Հր. ՍարգսՅԱՆ

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

2023 թ. փետրվարի 27-ի

հ. 531-Ա որոշման

 

«Հավելված N 25

Երևանի քաղաքապետի

2015 թ. հունիսի 4-ի

N 1704-Ա որոշման»

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին։

2. Վարչության աշխատանքների համակարգումն իրականացնում է Երևանի քաղաքապետը։

3. Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, Քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով (այսուհետ՝ իրավական ակտեր)։

4. Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևան համայնքի բյուջեից:

5. Վարչությունը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք ու դրոշմակնիք։

 

2. Վարչության նպատակը, խնդիրները և հիմնական գործառույթները

 

6. Վարչության նպատակը մարդկային ռեսուրսների կառավարման բնագավառում Երևանի քաղաքապետին և Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է։

7. Վարչության խնդիրները և գործառույթները բխում են մարդկային ռեսուրսների կառավարման բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին և Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը։

8. Վարչությունը`

ա) նախապատրաստում է մարդկային ռեսուրսների կառավարման գծով Քաղաքապետի որոշումների, կարգադրությունների և Աշխատակազմի քարտուղարի հրամանների նախագծերը.

բ) իրականացնում է Քաղաքապետի և Աշխատակազմի քարտուղարի կողմից նշանակվող անձանց (այդ թվում` Քաղաքապետարանի կառավարման ներքո գտնվող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, փակ բաժնետիրական ընկերությունների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների, վարչական շրջանների ղեկավարների և այլն) աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները, ինչպես նաև աշխատանքի ընդունման և ազատման, արձակուրդի, խրախուսանքի և կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ Քաղաքապետի որոշումների, կարգադրությունների և Աշխատակազմի քարտուղարի հրամանների նախագծերի պատրաստումը.

գ) իրականացնում է Քաղաքապետի կողմից արձակած կարգադրությունների և Աշխատակազմի քարտուղարի կողմից ստորագրված հրամանների հաշվառման, դրանց բնօրինակների պահպանության և առաքման հանձնելու աշխատանքները.

դ) իրականացնում է Քաղաքապետի և Աշխատակազմի քարտուղարի կողմից նշանակվող անձանց (այդ թվում` Քաղաքապետարանի կառավարման ներքո գտնվող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների, փակ բաժնետիրական ընկերությունների ղեկավարների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների, վարչական շրջանի ղեկավարների և այլն), ինչպես նաև Աշխատակազմում համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձանց անձնական գործերի թղթային և մարդկային ռեսուրսների կառավարման էլեկտրոնային համակարգի միջոցով վարման, հաշվառման, հանձնման-ընդունման, պահպանման աշխատանքները.

ե) համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում իրականացնում է Աշխատակազմի համայնքային ծառայողների էլեկտրոնային տարբերակով գրանցամատյանային տվյալների հավաքագրման և դրանք Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնելու աշխատանքները.

զ) Աշխատակազմի ստորաբաժանումների հետ համատեղ նախապատրաստում է համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերի հաստատման, դրանցում փոփոխություններ կատարելու որոշումների նախագծեր և դրանք ներկայացնում Աշխատակազմի քարտուղարին.

է) համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Աշխատակազմի գլխավոր, ինչպես նաև առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի և ատեստավորման նախապատրաստական աշխատանքները.

ը) ապահովում է Աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի և համայնքային ծառայողների ատեստավորման Քաղաքապետարանի իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության բնագավառի հարցաշարերի և հարցատոմսերի մշակման աշխատանքները.

թ) կազմում է Աշխատակազմի տվյալ տարվա ընթացքում հերթական, ինչպես նաև արտահերթ, ատեստավորման ենթակա համայնքային ծառայողների ցանկերը և դրանք ներկայացնում Քաղաքապետին և Աշխատակազմի քարտուղարին.

ժ) համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Աշխատակազմի համայնքային ծառայողների վերապատրաստման կազմակերպման աշխատանքները.

ժա) իրականացնում է աշխատակազմի և ենթակա կառույցների աշխատակիցների վերապատրաստման կարիքների գնահատում, մոդուլների և ուղեցույցների մշակում.

ժբ) հաշվառում է Աշխատակազմի համայնքային ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվություններ` անմիջական ղեկավարների եզրակացություններով, ինչպես նաև, Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ, ուսումնասիրում է դրանք և ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

ժգ) իրականացնում է Աշխատակազմում աշխատանքային, այդ թվում՝ ժամկետային աշխատանքային պայմանագրերի կնքման հետ կապված աշխատանքները.

ժդ) ապահովում է Աշխատակազմում համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործընթացների (համայնքային ծառայության թափուր և ժամանակավոր թափուր պաշտոնի մասին տեղեկացնելու, համայնքային ծառայության պաշտոնում նշանակելու, այդ թվում՝ արտամրցույթային կարգով, համայնքային ծառայության դասային աստիճան շնորհելու, կարգապահական տույժեր կիրառելու, ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելու, համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն ժամկետի, համայնքային ծառայության պաշտոնից ազատելու և այլն) ժամկետների պահպանման աշխատանքները.

ժե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների ուսումնական, արտադրական և գիտական պրակտիկաների կազմակերպման և վերահսկման աշխատանքները.

ժզ) ապահովում է Աշխատակազմի աշխատողների ծառայողական վկայականների պատվիրումը և դրանց տրամադրումը, ինչպես նաև ապահովում է համապատասխան տեղեկանքների տրամադրում.

ժէ) ապահովում և վերահսկում է աշխատակազմի աշխատակիցների մուտքը Mulberry փաստաթղթաշրջանառության համակարգ.

ժը) ապահովում է հայտի իջեցում «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ին աշխատակազմի աշխատակիցների համար yerevan.am էլեկտրոնային փոստի տրամադրման համար.

ժթ) հսկողություն է իրականացնում «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված բարեվարքության հարցերով կազմակերպչին վերապահված գործառույթների կատարման նկատմամբ.

ի) բացահայտում է Աշխատակազմի մեծ ներուժ ունեցող աշխատակիցների և նրանց ներուժի արդյունավետ օգտագործման ուղղությունները՝ դրված նպատակներին հասնելու համար.

իա) իրականացնում է Աշխատակազմի աշխատակիցների կողմից ներկայացվող հաշվետվությունների հիմքով գործունեության գնահատման վերլուծությունը.

իբ) գնահատում է Աշխատակազմի ստորաբաժանումների և աշխատակիցների կողմից կատարված աշխատանքների արդյունավետությունը.

իգ) իրականացնում է Աշխատակազմի աշխատակիցների հաճախումների հսկողական գործառույթներ՝ ներդրված անցագրային էլեկտրոնային համակարգի միջոցով և ապահովում նոր աշխատակիցների մուտքը նշյալ համակարգ.

իդ) իրականացնում է աշխատանքի պաշտպանության համակարգերի ստեղծման և կիրառման աշխատանքները.

իե) մշակում է աշխատանքի պաշտպանության քաղաքականության ուղեցույցեր.

իզ) ապահովում է աշխատանքային կարգապահական ներքին կանոնների պահանջների կատարումը։

 

3. Վարչության աշխատանքների կազմակերպումը

 

9. Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի ավագանին։

10. Վարչությունը կազմված է 12 աշխատակիցներից՝ Վարչության պետ, Վարչության պետի տեղակալ, գլխավոր և առաջատար մասնագետներ։

11. Վարչության աշխատակիցների՝ աշխատանքի նշանակումն ու ազատումն իրականացվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։

12. Վարչության գործունեությունը ղեկավարում է Վարչության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն։

13. Վարչության պետի, վարչության մասնագետների իրավունքները և պարտականությունները սահմանվում են համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերով։

14. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձնման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։

15. Վարչության պետը.

ա) կազմակերպում և ղեկավարում է Վարչության ընդհանուր գործունեությունը և դրա համար կրում՝ պատասխանատվություն.

բ) ապահովում է Վարչության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և /կամ/ Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունների և ցուցումների կատարումը.

գ) կազմակերպում է Վարչության աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ Վարչության մասնագետներին, վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարումը, նրանց ներկայացնում է խրախուսման և կարգապահական տույժի.

դ) ստորագրում է Վարչության կողմից տրվող փաստաթղթերը, նշագրում է Երևանի ավագանու, Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը, Աշխատակազմի քարտուղարի հրամանների նախագծերը.

ե) իրականացնում է Վարչության աշխատանքների ղեկավարման հետ կապված այլ լիազորություններ։

 

4. Վարչության գործունեության դադարեցումը

 

16. Վարչության գործունեությունը դադարեցվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։»։

 

Երևանի քաղաքապետ

Հր. ՍարգսՅԱՆ