ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ն. Տավարացյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2017 թվականի հունիսի 07-ին
քննարկելով Արսեն Բաբասյանի ներկայացուցիչ Լևոն Գևորգյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.02.2016 թվականի որոշման դեմ,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արսեն Բաբասյանը պահանջել է Արմինե Բաբասյանին պարտադրել Արամայիս և Տիգրան Բաբասյաններին անհապաղ վերադարձնել Ռուսաստանի Դաշնություն՝ վերականգնելով նրանց կապն իր հետ և (կամ) չխոչընդոտել իր կողմից Արամայիս և Տիգրան Բաբասյանների վերադարձմանը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 01.02.2016 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.02.2016 թվականի որոշմամբ Արսեն Բաբասյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.02.2016 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.03.2016 թվականի որոշմամբ Արսեն Բաբասյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է ու սահմանվել է հնգօրյա ժամկետ` որոշումն ստանալու պահից վճռաբեկ բողոքի ձևական սխալը շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.04.2016 թվականի որոշմամբ Արսեն Բաբասյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.12.2016 թվականի որոշմամբ Արսեն Բաբասյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը բավարարվել է` նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.04.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը և այն վերացվել է, Վերաքննիչ դատարանի 25.02.2016 թվականի որոշման դեմ Արսեն Բաբասյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է ՀՀ վճռաբեկ դատարանի վարույթ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արսեն Բաբասյանի ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով։
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» 25.10.1980 թվականի Հաագայի կոնվենցիայի (այսուհետ` Հաագայի կոնվենցիա) 11-րդ, 12-րդ, 29-րդ և 30-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, 8-րդ և 13-րդ հոդվածները, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հաագայի կոնվենցիան արձանագրում է դրանով ամրագրված իրավունքների դատական պաշտպանության եղանակ, որը բխում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) պրակտիկայից: Ինչ վերաբերում է Հաագայի կոնվենցիայով նախատեսված Կենտրոնական մարմնին, ապա դրա գործառույթը նպատակ է հետապնդում լրացնելու դատական պաշտպանության եղանակը, այլ ոչ թե բացառելու վերջինս:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կենտրոնական մարմինը չի կարող համարվել իրավունքի պաշտպանությունն ապահովող վարչական մարմին Հաագայի կոնվենցիայի իմաստով:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Հաագայի կոնվենցիայի 7-րդ հոդվածի տեքստից բացահայտորեն հետևում է, որ Կենտրոնական մարմինը նույնական չէ նույն կոնվենցիայում օգտագործվող «վարչական մարմին» եզրույթի հետ, այն տարանջատված է դատական և վարչական մարմիններից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 2-րդ, 3-րդ և 7-րդ հոդվածների բովանդակությունից բխում է, որ ՀՀ տարածքում խնդրո առարկա իրավունքներն ենթակա են պաշտպանության ոչ թե վարչական, այլ` դատական մարմինների կողմից:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 25.02.2016 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` գործը վարույթ ընդունելու մասին»։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` Հաագայի կոնվենցիայի իմաստով այդ կոնվենցիայի անդամ որևէ պետությունից Հայաստանի Հանրապետություն երեխայի անօրինական տեղափոխման կամ պահելու գործերի քննության ենթակայության առանձնահատկությունների վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը, ենթակա± է արդյոք դատական պաշտպանության Հաագայի կոնվենցիայով նախատեսված՝ երեխային իրեն վերադարձնելու ծնողի իրավունքը։
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է Եվրոպական դատարանի որոշումներում:
Այսպես՝ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորվում է յուրաքանչյուրի դատական պաշտպանության իրավունքը, երբ որոշվում են նրա «քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները»։ Այս կապակցությամբ Եվրոպական դատարանը դեռևս 1971 թվականին նշել է, որ խնդրո առարկա հասկացությունը ներառում է բոլոր ընթացակարգերը, որոնց արդյունքը վճռորոշ է մասնավոր իրավունքների և պարտականությունների համար (տե՛ս, Ringeisen v. Austria գործով Եվրոպական դատարանի 16.07.1971 թվականի վճիռը, 94-րդ կետ): Ինչ վերաբերում է ծնողի՝ երեխային վերադարձնելու իրավունքին, ապա Եվրոպական դատարանը հստակ նշել է, որ այդ իրավունքը ենթակա է պաշտպանության նաև Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում (տե՛ս, H.N. v. Poland գործով Եվրոպական դատարանի 13.09.2005 թվականի վճիռը, 94-րդ կետ):
Անդրադառնալով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը` հայցը կամ դիմումը դատարան իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ:
Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանել դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների ու ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:
Եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, ու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը սահմանում է օրենսդիրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը կամ արբիտրաժային տրիբունալը (այսուհետ` դատարան):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:
Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, որը ենթակա է իրականացման նաև հայց հարուցելով, քաղաքացիական գործերի ենթակայությանը համապատասխան իրականացնում է դատարանը: Այսինքն` դատական ենթակայության առկայության դեպքում համապատասխան քաղաքացիական գործերի քննությունը և լուծումը քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ հանձված է դատական մարմինների իրավասությանը: Այլ կերպ ասած՝ ենթակայության ինստիտուտի էությունը կայանում է նրանում, որ այն բացառում է գործը լուծելու համար այլ մարմնին դիմելու հնարավորությունը: Միաժամանակ բոլոր այն դեպքերում, երբ մինչ դատարան դիմելն օրենքով սահմանված կարգով առկա է գործն այլ մարմինների քննելու իրավասություն, ապա տվյալ գործը ենթակա չէ դատարանում քննության, իսկ դատարան դիմող անձը հայց հարուցելու իրավունք չունի: Ըստ այդմ էլ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում վեճը դատարանին ենթակա լինելու հարցը պարզելիս դատարաններն առաջին հերթին պետք է ելնեն վիճելի իրավահարաբերության բնույթից, որից հետո հաշվի առնեն տվյալ վեճը կարգավորող նյութական իրավունքի նորմերը:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև հայցային վարույթի գործերը հարուցվում են դատարան հայցադիմում ներկայացնելու միջոցով և հայց ներկայացնելը հանդիսանում է գործի հարուցման նախապայման, այնուամենայնիվ, այն դեպքերում, երբ առկա չեն հայց հարուցելու իրավունքի նախադրյալները, որոնցից է նաև հայցը դատարանին ենթակա լինելու նախապայմանը, այդպիսի պարագայում բացակայում է հայցվորի՝ հայց հարուցելու իրավունքը, հետևաբար և դատավորը կայացնում է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ներկայացված վեճը դատարանում քննության ենթակա լինելու հարցն անհրաժեշտ է պարզել հետևյալ նյութաիրավական նորմերի մեկնաբանման լույսի ներքո: Այսպես՝
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` ընտանեկան օրենսդրությունը սահմանում է ամուսնության, ամուսնությունը դադարելու և անվավեր ճանաչելու պայմաններն ու կարգը, կարգավորում է անձնական ոչ գույքային և գույքային հարաբերություններն ընտանիքի անդամների միջև՝ ամուսինների, ծնողների և զավակների (որդեգրողների ու որդեգրվածների), իսկ ընտանեկան օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և շրջանակներում՝ մյուս ազգականների և այլ անձանց միջև, ինչպես նաև որոշում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ընտանիքում տեղավորելու ձևերն ու կարգը:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաև իրավական այլ ակտերով: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են ընտանեկան օրենսդրությամբ, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն` ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությունն իրականացվում է դատական կարգով, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով՝ համապատասխան պետական մարմինների կամ խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողները կարող են պահանջել վերադարձնել իրենց երեխային այն անձից, ով նրան իր մոտ է պահում առանց օրինական հիմքի կամ առանց դատարանի որոշման։ Վեճի առկայության դեպքում ծնողներն իրենց ծնողական իրավունքները պաշտպանելու համար կարող են դիմել դատարան։
Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է նաև, որ ընտանիքի անդամների՝ ամուսինների, ծնողների և զավակների միջև անձնական ոչ գույքային հարաբերությունները կարգավորում են ընտանեկան օրենսդրությամբ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, ՀՀ ընտանեկան օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաև իրավական այլ ակտերով, իսկ եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են ընտանեկան օրենսդրությամբ, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը: Ընդ որում, ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությունն իրականացվում է դատական կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ դրա իրականացումը ՀՀ ընտանեկան օրենսգրքով վերապահված է համապատասխան պետական մարմիններին կամ խնամակալության և հոգաբարձության մարմիններին: Տվյալ դեպքում ՀՀ ընտանեկան օրենսգրքով նախատեսվել է, որ եթե երեխային առանց օրինական հիմքի կամ առանց դատարանի որոշման իր մոտ պահող անձը հրաժարվում է երեխային վերադարձնելու մասին ծնողի պահանջը կատարելուց, ապա իր ծնողական իրավունքները պաշտպանելու համար վերջինս կարող է դիմել դատարան։
Հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան հարաբերությունները կարգավորվում են նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ավելին` օրենսդիրը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված նորմերին ընտանեկան օրենսդրությամբ նախատեսված այլ իրավական ակտերի սահմանված նորմերի համեմատ տվել է նախապատվություն` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ անհրաժեշտ է համապատասխան վերլուծության ենթարկել վիճելի իրավահարաբերությունը կարգավորող նաև տվյալ միջազգային պայմանագրի` «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի կոնվենցիայի համապատասխան նորմերը:
Վերոգրյալ եզրահանգումը բխում է նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից։ Մասնավորապես՝ Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի լույսի ներքո անդրադառնալով ծնողի՝ իր երեխայի հետ վերամիավորվելու իրավունքին՝ Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ Եվրոպական կոնվենցիան պետք է կիրառվի միջազգային իրավունքի նորմերին, մասնավորապես՝ մարդու իրավունքների միջազգային իրավական պաշտպանությանը վերաբերող նորմերին համապատասխան։ Անդամ պետությունների վրա Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով դրվող՝ ծնողներին իրենց երեխաների հետ վերամիավորելու պոզիտիվ պարտականությունը պետք է մեկնաբանվի «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» 25.10.1980 թվականի Հաագայի կոնվենցիայի լույսի ներքո (տե՛ս, Iglesias Gil and A.U.I. v. Spain գործով Եվրոպական դատարանի 29.04.2003 թվականի վճիռը, 51-րդ կետ)։
Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը մեկնաբանվում է պայմանագրի առարկայի և նպատակների լույսի ներքո` պայմանագրի տերմիններին տրված սովորական նշանակությանը համապատասխան։ Մեկնաբանման անհրաժեշտություն առաջանալիս այն իրականացվում է նման հարցեր կարգավորող միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգով։ Միջազգային իրավունքի համապատասխան նորմերն արձանագրված են «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» 1969 թվականի Վիեննայի կոնվենցիայում (այսուհետ՝ Վիեննայի կոնվենցիա), որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 16.06.2005 թվականին։
Վիեննայի կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն կոնվենցիան կիրառվում է պետությունների միջև կնքված պայմանագրերի նկատմամբ։
Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիրը պետք է բարեխղճորեն մեկնաբանվի պայմանագրի հասկացությունների` դրանց համատեքստում ունեցած սովորական նշանակությանը համապատասխան, ինչպես նաև պայմանագրի առարկայի և նպատակի լույսի ներքո։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում 25.10.1980 թվականի Հաագայի կոնվենցիայի մեկնաբանման և կիրառման իրավական անհրաժեշտությունը բխում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ ընտանեկան օրենսդրության վերոգրյալ նորմերից և Եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումներից, իսկ այդ կոնվենցիայի մեկնաբանումը պետք է իրականացվի «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի և Վիեննայի կոնվենցիայի վերոնշյալ իրավանորմերի հիման վրա։ Հաագայի կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 01.06.2007 թվականից։
Այսպես՝ Հաագայի կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն` նշված կոնվենցիայի նպատակներն են.
ա) ապահովել որևէ Պայմանավորվող պետություն անօրինականորեն տեղափոխված կամ այնտեղ պահվող երեխաների անհապաղ վերադարձը, և
բ) երաշխավորել մի Պայմանավորվող պետության օրենսդրությամբ նախատեսված` խնամակալության և տեսակցության իրավունքների արդյունավետ հարգումը այլ Պայմանավորվող պետություններում:
Նույն կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ երեխայի տեղափոխումը կամ պահելը անօրինական է դիտվում, եթե.
ա) դրանով խախտվում են խնամակալության իրավունքները, որոնք միասնական կամ անհատական կերպով շնորհված են որևէ անձի, հաստատության կամ այլ մարմնի` այն պետության օրենսդրության համաձայն, որտեղ երեխան սովորաբար բնակվել է տեղափոխվելուց կամ պահվելուց անմիջապես առաջ, և
բ) տեղափոխման կամ պահելու պահին միասնական կամ անհատական կերպով այդ իրավունքներն արդյունավետորեն իրականացվել են կամ կիրականացվեին, եթե չլիներ տեղափոխումը կամ պահելը (…):
Նույն կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ նույն կոնվենցիայի նպատակների համար`
ա) «խնամակալության իրավունքներ»-ը ներառում են երեխայի անձի նկատմամբ խնամք տանելուն և, մասնավորապես, երեխայի բնակության վայրը որոշելուն վերաբերող իրավունքները.
բ) «տեսակցության իրավունքներ»-ը ներառում են երեխային սահմանափակ ժամանակով իր մշտական բնակության վայրից մեկ այլ վայր տանելու իրավունքը:
Նույն կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` Պայմանավորվող պետությունները նշանակում են Կենտրոնական մարմին` նույն կոնվենցիայով նման իրավասու մարմինների վրա դրված պարտականությունները կատարելու համար:
Նույն կոնվենցիայի 7-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` Կենտրոնական մարմինները համագործակցում են միմյանց հետ և օժանդակում են իրենց Պետությունների իրավասու մարմինների միջև համագործակցությանը` երեխաների անհապաղ վերադարձն ապահովելու և կոնվենցիայի այլ նպատակներին հասնելու համար:
Նույն կոնվենցիայի 7-րդ հոդվածի երկրորդ մասի «զ» կետի համաձայն` մասնավորապես, անմիջականորեն կամ որևէ միջնորդի միջոցով [Կենտրոնական մարմինները] ձեռնարկում են բոլոր համապատասխան միջոցները, որպեսզի նախաձեռնեն դատական կամ վարչական ընթացակարգեր կամ նպաստեն այդպիսի ընթացակարգերին` երեխայի վերադարձմանը հասնելու նպատակով և, անհրաժեշտության դեպքում, համաձայնության գան տեսակցության իրավունքի արդյունավետ իրականացումը կազմակերպելու և ապահովելու համար:
Նույն կոնվենցիայի 11-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` Պայմանավորվող պետությունների դատական և վարչական մարմինները երեխաներին վերադարձնելու համար ընթացակարգերում գործում են անհապաղ:
Նույն կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն` եթե երեխան ապօրինաբար տեղափոխվել կամ պահվել է, ըստ 3-րդ հոդվածի դրույթների, երեխայի գտնվելու վայրի Պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմիններում ընթացակարգերը սկսելու պահին անօրինական տեղափոխման կամ պահելու տարվա ամիս-ամսաթվից անցել է մեկ տարուց պակաս, համապատասխան մարմինները կարգադրություն են անում երեխային անհապաղ վերադարձնելու մասին (…):
Նույն կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` չնայած նախորդ հոդվածի դրույթներին` հայցվող Պետության դատական կամ վարչական մարմինները պարտավորված չեն կարգադրություններ անել երեխային վերադարձնելու մասին, եթե երեխայի վերադարձին դեմ հանդես եկող անձը, հաստատությունը կամ այլ մարմինն ապացուցում են, որ.
ա) երեխայի նկատմամբ խնամք իրականացնող անձը, հաստատությունը կամ այլ մարմինը տեղափոխման կամ պահելու պահին փաստացի չեն իրականացրել խնամակալության իրավունքները, կամ համաձայնություն են տվել, կամ հետագայում ընդունել են տեղափոխման կամ պահելու փաստը.
բ) գոյություն ունի լուրջ վտանգ, որ երեխայի վերադարձը ֆիզիկական կամ հոգեկան վնաս կհասցնի կամ այլ ճանապարհով երեխային կդնի անտանելի իրավիճակի մեջ:
Դատական կամ վարչական մարմինները կարող են նաև մերժել երեխայի վերադարձման մասին կարգադրություն անելը, եթե նրանք պարզում են, որ երեխան դեմ է վերադարձին և հասել է այնպիսի տարիքի և հասունության մակարդակի, որ նպատակահարմար է հաշվի առնել նրա կարծիքը:
Քննարկելով սույն հոդվածում նշված հանգամանքները` դատական կամ վարչական մարմիններն ուշադրություն են դարձնում երեխայի մշտական բնակության երկրի Կենտրոնական մարմնի կամ այլ իրավասու մարմնի կողմից տրամադրված` երեխայի սոցիալական ծագմանը վերաբերող տեղեկատվությանը:
Նույն կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն` պարզելու համար, թե արդյոք առկա է 3-րդ հոդվածի իմաստով անօրինական տեղափոխման կամ պահման փաստ, հայցվող Պետության դատական կամ վարչական մարմինները կարող են ուղղակի հաշվի առնել երեխայի մշտական բնակության Պետության իրավունքը և այնտեղ պաշտոնապես ճանաչված կամ չճանաչված դատական կամ վարչական որոշումները՝ առանց դիմելու տվյալ իրավունքը ստուգելու կամ օտարերկրյա որոշումը ճանաչելու հատուկ ընթացակարգերի, որոնք այլ կերպ կիրառելի կլինեն։
Նույն կոնվենցիայի 29-րդ հոդվածի համաձայն` նույն կոնվենցիան չի խոչընդոտի որևէ անձի, հաստատության կամ մարմնի, որը հայտնում է, որ տեղի է ունեցել 3-րդ կամ 21-րդ հոդվածների իմաստով խնամակալության կամ տեսակցության իրավունքների խախտում, անմիջականորեն դիմել Պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմիններին` անկախ նրանից՝ նախատեսված է նույն կոնվենցիայի դրույթներով, թե ոչ:
Նույն կոնվենցիայի 30-րդ հոդվածի համաձայն` ցանկացած դիմում, որը նույն կոնվենցիայի պայմանների համաձայն ներկայացվել է Կենտրոնական մարմնին կամ անմիջականորեն Պայմանավորվող պետությունների դատական կամ վարչական մարմիններին իրեն կցված կամ Կենտրոնական մարմնի կողմից տրամադրված փաստաթղթերի կամ այլ տեղեկատվության հետ միասին, պետք է ընդունելի լինի Պայմանավորվող պետությունների դատարաններում կամ վարչական մարմիններում:
Վերոգրյալ հոդվածների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հաագայի կոնվենցիայի նպատակներն են.
1) ապահովել որևէ Պայմանավորվող պետություն անօրինականորեն տեղափոխված կամ այնտեղ պահվող երեխաների անհապաղ վերադարձը, և
2) երաշխավորել մի Պայմանավորվող պետության օրենսդրությամբ նախատեսված` խնամակալության և տեսակցության իրավունքների արդյունավետ հարգումն այլ Պայմանավորվող պետություններում:
Այս նպատակների իրականացման համար Պայմանավորվող պետություններն անհապաղ պետք է ձեռնարկեն բոլոր համապատասխան միջոցները։ Երեխաները, ովքեր անօրինական կերպով տեղափոխվել կամ պահվում են որևէ Պայմանավորվող պետության տարածքում, զրկված են իրենց խնամքն իրականացնելու իրավունք ունեցող անձի հետ կայուն հարաբերություններ պահպանելու հնարավորությունից, և հենց այդ հարաբերություններն անհապաղ վերականգնելուն է ուղղված Հաագայի կոնվենցիայի նպատակների իրագործումը։ Թեև այս կոնվենցիան օգտագործում է «առևանգում» եզրույթը, այնուամենայնիվ, այն չպետք է ընկալվի քրեաիրավական իմաստով, քանի որ Հաագայի կոնվենցիան վերաբերում է երեխայի միջազգային առևանգման միայն քաղաքացիական ձևերին և դրանում օգտագործվող հասկացություններն ունեն ինքնուրույն իմաստ։
Մասնավորապես՝ Հաագայի կոնվենցիայի նպատակների լույսի ներքո դրա 3-րդ և 12-րդ հոդվածների վերլուծությունից բխում է, որ «առևանգում» հասկացությունն այդ կոնվենցիայի իմաստով ընդգրկում է երեխային մի Պայմանավորվող պետությունից մյուս Պայմանավորվող պետություն անօրինական տեղափոխելու կամ պահելու դեպքերը։ Իսկ այդ կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ երեխայի տեղափոխումը կամ պահելն անօրինական է այն դեպքում, երբ`
1) դրանով խախտվում են խնամակալության իրավունքները, որոնք միասնական կամ անհատական կերպով շնորհված են որևէ անձի, հաստատության կամ այլ մարմնի` այն պետության օրենսդրության համաձայն, որտեղ երեխան սովորաբար բնակվել է տեղափոխվելուց կամ պահվելուց անմիջապես առաջ, և
2) տեղափոխման կամ պահելու պահին միասնական կամ անհատական կերպով այդ իրավունքներն արդյունավետորեն իրականացվել են կամ կիրականացվեին, եթե չլիներ տեղափոխումը կամ պահելը:
Բացի այդ, Հաագայի կոնվենցիայի 5-րդ հոդվածի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ կոնվենցիայի պաշտպանության ներքո են գտնվում երեխայի նկատմամբ խնամակալության և տեսակցության իրավունքները։ Ըստ այդմ՝ «խնամակալության իրավունքները» ներառում են երեխայի անձի նկատմամբ խնամք տանելուն և, մասնավորապես, երեխայի բնակության վայրը որոշելուն վերաբերող իրավունքները, իսկ «տեսակցության իրավունքները» ներառում են երեխային սահմանափակ ժամանակով իր մշտական բնակության վայրից մեկ այլ վայր տանելու իրավունքը: Միևնույն ժամանակ, Հաագայի կոնվենցիան կիրառվում է միայն 16 տարին չլրացած երեխաների նկատմամբ, և դրա կիրառումը դադարեցվում է երեխայի 16 տարին լրանալու դեպքում։
Հաագայի կոնվենցիայի մեջբերված հոդվածների վերլուծությունից հետևում է նաև, որ այդ կոնվենցիայի իմաստով երեխաների անօրինական տեղափոխման և պահման հետ կապված հարցերով զբաղվելու համար Հաագայի կոնվենցիան որպես իրավասու մարմիններ է նախատեսել Կենտրոնական մարմնին, դատարանին և վարչական մարմնին` նրանցից յուրաքանչյուրին օժտելով համապատասխան իրավունքներով և պարտականություններով:
Այսպես` Հաագայի կոնվենցիայում ամրագրված նպատակներն իրագործելու համար Պայմանավորվող պետությունները պետք է նշանակեն Կենտրոնական մարմին` նրա վրա դնելով նույն կոնվենցիայով նախատեսված պարտականությունները: Այդ պարտականություններն, inter alia, ընդգրկում են համագործակցությունն այլ Պայմանավորվող պետությունների Կենտրոնական մարմինների հետ, օժանդակումը Պետությունների իրավասու մարմինների միջև համագործակցությանը` երեխաների անհապաղ վերադարձն ապահովելու և Հաագայի կոնվենցիայի այլ նպատակներին հասնելու համար, դատական կամ վարչական ընթացակարգերի նախաձեռնումը, այդ ընթացակարգերին նպաստումը և այլն:
Այսինքն՝ նույն կոնվենցիայի իմաստով ապօրինի տեղափոխված կամ պահվող երեխաների անհապաղ վերադարձն ապահովելու հարցում Կենտրոնական մարմնի դերը երեխային վերադարձնելու մասին որոշում կայացնելը չէ, այլ այդ որոշումը կայացնելու իրավասություն ունեցող մարմինների ուշադրությունը հրավիրելը և ապօրինի տեղափոխված կամ պահվող երեխայի անհապաղ վերադարձմանն օժանդակելն է, որը, մասնավորապես, կարող է իրագործվել դատական կամ վարչական ընթացակարգեր նախաձեռնելու և, ըստ անհրաժեշտության, դրանց օժանդակելու միջոցով։ Ընդ որում, նման ընթացակարգերի նախաձեռնումը չի հանդիսանում միայն Կենտրոնական մարմնի իրավասությունը, քանի որ Հաագայի կոնվենցիան անձին ևս իրավունք է վերապահել համապատասխան հիմքերի առկայության պայմաններում անմիջականորեն դիմել Պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմիններին:
Միաժամանակ նույն կոնվենցիայի համակարգային վերլուծությունից բխում է, որ բացառապես միայն դատական և վարչական մարմիններին է վերապահված երեխայի վերադարձի մասին կարգադրություն անելու, վերադարձը բացառող հանգամանքները պարզելու, դրա վերաբերյալ դիմումը մերժելու իրավասությունը: Միաժամանակ նրանց վրա է դրվել երեխաներին վերադարձնելու համար ընթացակարգերում անհապաղ գործելու պարտականություն: Ինչ վերաբերում է Հաագայի կոնվենցիայում նշված «վարչական մարմիններին», ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք վերաբերում են հիշյալ կոնվենցիային անդամ այն պետություններին, որոնք դրանով ստանձնած պարտավորությունների կատարումը վերապահել են որևէ վարչական մարմնի, որը չի կարող համընկնել Կենտրոնական մարմնի հետ, քանի որ Հաագայի կոնվենցիան հստակ տարանջատում է Կենտրոնական մարմնի լիազորությունները վարչական կամ դատական մարմինների լիազորություններից։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես Հաագայի կոնվենցիայի իմաստով Պայմանավորվող կողմ, ի դեմս ՀՀ կառավարության` միայն 20.08.2009 թվականին կայացրել է թիվ 952-Ն որոշումը, որի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված կենտրոնական մարմին է նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
Վճռաբեկ դատարանի կատարած վերլուծությունից բխում է, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը տարածվում է նաև ծնողի՝ իր երեխայի հետ վերամիավորվելու իրավունքի վերաբերյալ վեճերի վրա, ինչը ևս նշանակում է, որ այդպիսի վեճերի առկայության դեպքում անձը պետք է ունենա արդյունավետ դատական պաշտպանության իրավունք։ Իսկ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` «այն դեպքերում, երբ դատարաններից տարբերվող մարմիններ են լուծում այնպիսի վեճեր, որոնց նկատմամբ կիրառելի է [Եվրոպական կոնվենցիայի] 6-րդ հոդվածը, Եվրոպական կոնվենցիան պահանջում է հետևյալ համակարգերից առնվազն մեկի առկայությունը, համապատասխան իրավասություն ունեցող մարմինները կամ իրենք են բավարարում 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները կամ այնքան էլ չեն բավարարում դրանք, սակայն ենթակա են այնպիսի դատական մարմնի կողմից լրացուցիչ հսկողության, որն ունի լիարժեք իրավասություն և ապահովում է 6-րդ հոդվածի 1-ին կետի երաշխիքները» (տե՛ս, Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 20.10.2015 թվականի վճիռը, 39-րդ կետ)։ Հետևաբար հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված չէ այնպիսի վարչական մարմին, որն ունի խնդրո առարկա վեճը լուծելու իրավասություն և բավարարում է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետից բխող անկախության ու անկողմնակալության պահանջները՝ խնդրո առարկա վեճը ենթակա է դատարանում քննության՝ շահագրգիռ անձի կողմից անմիջականորեն ներկայացվող դիմումի հիման վրա:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը Հաագայի կոնվենցիայի շրջանակներում նախատեսված իրավական կառուցակարգերի միջոցով իրականացնելու համար դատարանը պետք է պարզի այդ կոնվենցիայից բխող նաև հետևյալ հանգամանքները.
1) արդյո±ք խնդրո առարկա դեպքը գտնվում է Հաագայի կոնվենցիայի գործողության ոլորտում` դեպքը վերաբերում է մինչև 16 տարեկան երեխայի նկատմամբ Հաագայի կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով «խնամակալության իրավունքներին» կամ «տեսակցության իրավունքներին»,
2) արդյո±ք երեխան տեղափոխվել կամ պահվում է Հայաստանի Հանրապետության տարածքում,
3) արդյո±ք երեխային տեղափոխելը կամ պահելը այդ կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով անօրինական է։
Վերոգրյալի հիման վրա, եթե դատարանը գալիս է եզրահանգման, որ երեխայի տեղափոխումը կամ պահելն անօրինական է, ապա կոնվենցիայի 12-րդ հոդվածի ուժով պարտավոր է կարգադրություն անել երեխային անհապաղ վերադարձնելու մասին։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երեխային վերադարձնելու պարտականությունը բացարձակ չէ և ոչ բոլոր դեպքերում է, երբ Հաագայի կոնվենցիայի իմաստով երեխային անօրինական տեղափոխելու կամ պահելու վերաբերյալ հետևություն անելուց հետո, դատարանը պարտավոր է երեխային վերադարձնելու մասին կարգադրություն անել։ Մասնավորապես՝ այդ պարտականությունը ենթակա է ժամկետային սահմանափակումների` նախատեսված Հաագայի կոնվենցիայի 4-րդ, 12-րդ և 35-րդ հոդվածներով, ինչպես նաև բովանդակային սահմանափակումների` նախատեսված նույն կոնվենցիայի 13-րդ և 20-րդ հոդվածներով։
Սույն գործի փաստերի համաձայն՝ Արսեն Բաբասյանը պահանջել է Արմինե Բաբասյանին պարտադրել Արամայիս և Տիգրան Բաբասյաններին անհապաղ վերադարձնել Ռուսաստանի Դաշնություն՝ վերականգնելով նրանց կապը իր հետ և (կամ) չխոչընդոտել իր կողմից Արամայիս և Տիգրան Բաբասյանների վերադարձմանը` հայցի հիմքում նաև դնելով այն, որ երեխաներն առանց իր իմացության և համաձայնության են տեղափոխվել ու պահվում Հայաստանի Հանրապետությունում: Երեխաների 16 տարեկանը չի լրացել: Դատարանի 01.02.2016 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է այն հիմքով, որ «Կոնվենցիայով նախատեսված է երեխայի վերադարձն ապահովելուն աջակցելու համար հստակ ընթացակարգ` մասնավորապես այն, որ երեխայի առևանգման հետ կապված հարցերը լուծվում են Պայմանավորվող պետության Կենտրոնական մարմնի կողմից, հետևաբար վեճը ենթակա չէ դատարանում քննության»:
Վերաքննիչ դատարանը նույն պատճառաբանությամբ 25.02.2016 թվականին որոշում է կայացրել Արսեն Բաբասյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժելու, և Դատարանի 01.02.2016 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին` նաև նշելով, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում որևէ իրավական նորմ նախատեսված չէ, որը անձին հնարավորություն կտա քննել երեխայի առևանգման հետ կապված վեճ»։
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, գտնում է, որ Վերաքննիչ դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
Տվյալ դեպքում Արսեն Բաբասյանը, դիմելով Դատարան, ըստ էության ներկայացրել է իր երեխաների՝ Արամայիս և Տիգրան Բաբասյանների հետ վերամիավորվելու պահանջ՝ հիմնվելով նաև Հաագայի կոնվենցիայի վրա, որպիսի պահանջը, ըստ Վճռաբեկ դատարանի կատարած վերլուծությունների, ենթակա է քննության դատարանում, որի իրականացումը ոչ իրավաչափ կերպով Դատարանի կողմից մերժվել է, իսկ Վերաքննիչ դատարանը նշված հանգամանքն անտեսել է։
Միաժամանակ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում որևէ իրավական նորմ նախատեսված չէ, որը հնարավորություն կտա քննել երեխայի առևանգման հետ կապված վեճ, ապա Վճռաբեկ դատարանի վերոգրյալ վերլուծությունից հետևում է, որ Հաագայի կոնվենցիայի իմաստով «առևանգում» հասկացությունն ունի ինքնավար նշանակություն, չի վերաբերում այդ հասկացության քրեաիրավական իմաստին և ընդգրկում է Վճռաբեկ դատարանի կողմից սույն որոշմամբ բացահայտված բովանդակային ծավալը։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է վճռաբեկ բողոքի հիմքը` կապված Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, Հաագայի կոնվենցիայի 29-րդ և 30-րդ հոդվածները, Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը և ՀՀ ընտանեկան օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածները խախտելու հետ:
Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.02.2016 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ վերացնել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.02.2016 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ն. Տավարացյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ռ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|