ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2020 թվականի N 577-Լ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 500-Լ որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 500-Լ որոշմամբ հաստատված՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում միանվագ դրամաշնորհի տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման ֆինանսավորման և իրականացման պատասխանատու մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 17 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 17-ի N 577-Լ որոշման |
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳ
1. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) նպատակն է միանվագ դրամաշնորհի տրամադրման միջոցով օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող առանձին տնտեսավարողներին:
2. Սույն կարգի իմաստով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 56-րդ գլխի համաձայն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անձը։
3. Օժանդակությունը տրամադրվում է 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հարկային մարմնի տեղեկատվական համակարգի տվյալներով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող հետևյալ տնտեսավարողներին՝
1) անհատ ձեռնարկատերերին և ռեզիդենտ առևտրային կազմակերպություններին, որոնք 2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կամ 2019 թվականի ընթացքում հանդիսացել են ինքնազբաղված անձ՝ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն.
2) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, որոնք 2019 թվականի ընթացքում հաշվառված չեն եղել որպես անհատ ձեռնարկատեր։
4. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց ցանկում չեն ներառվում այն անձինք՝
1) որոնց 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառությունը (այսուհետ՝ իրացման շրջանառություն) գերազանցել է 6 մլն դրամը.
2) որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) տեղեկատվական շտեմարանի տվյալների համաձայն՝ 2020 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսներին ունեցել են 2 և ավելի աշխատակից (այդ թվում` հաշվի առնելով նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողների թվաքանակը).
3) ովքեր բավարարում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի N 412-Լ որոշմամբ սահմանված շահառու համարվելու պայմաններին։
5․ Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված անձանց ցանկում չեն ներառվում այն անձինք, ովքեր բավարարում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի N 412-Լ որոշմամբ սահմանված շահառու համարվելու պայմաններին։
6․ Սույն որոշման համաձայն շահառու հանդիսացող անձանց ցանկը կազմվում է սույն որոշման 3-րդ կետում նշված անձանց և սույն որոշման 4-րդ և 5-րդ կետերով սահմանված տվյալների համադրության արդյունքներով։ Շահառու անձանց ցանկը կազմելիս տվյալները համադրվում են նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տեղեկությունների հետ։
7․ Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց համար դրամաշնորհի չափը որոշվում է 2020 թվականի առաջին եռամսյակում հսկիչ-դրամարկղային մեքենաներով և դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով արտացոլված իրացման շրջանառությունների հանրագումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 10,0 հազար դրամ և ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի կրկնապատիկի չափով։
8. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված այն անձինք, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կոմիտեի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ունեն ներկայացված հսկիչ-դրամարկղային մեքենայի ձեռքբերման հայտ, սակայն կոմիտեի տեղեկատվական շտեմարանում դեռևս ակտիվացված նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենա չունեն, ապա նրանց սույն կարգի 7-րդ կետում նշված դրամաշնորհի չափին ավելացվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով միանվագ դրամաշնորհ։
9․ Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված անձանց համար միանվագ դրամաշնորհի չափը նվազագույն ամսական աշխատավարձի չափն է։
10. Կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից սույն կարգի 6-րդ կետում նշված ցանկում ներառված անձն իր անձնական էջին Միջոցառման հավանական շահառու հանդիսանալու վերաբերյալ ծանուցում ստանալուց հետո, հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում տեղադրված ձևանմուշով էլեկտրոնային եղանակով ներկայացնում է դիմում՝ միանվագ դրամաշնորհ ստանալու համար։ Սույն կետով սահմանված դիմումները (այդ թվում` ճշտված) կարող են ներկայացվել մինչև 2020 թվականի մայիսի 20-ը ներառյալ:
11. Դիմումներն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեի կողմից ստուգվում են միջոցառման շահառուների ցանկում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանելու հիմքերը, կատարվում է միանվագ դրամաշնորհի մեծության հաշվարկ, կազմվում է վճարման հանձնարարական, իսկ առևտրային բանկում շահառուի բանկային հաշվի բացակայության դեպքում՝ նաև վճարման ցուցակ, և ներկայացվում է գանձապետարան։ Վճարման հանձնարարականի ներկայացումը հավաստում է դրամաշնորհի տրամադրման քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման փաստը։
12. Միանվագ դրամաշնորհի գումարը շահառուին փոխանցելու նպատակով կոմիտեի կողմից գանձապետարան ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները`
1) շահառուի անվանումը կամ անունը, ազգանունը.
2) շահառուի ՀՎՀՀ-ն.
3) հաշվի համարը.
4) միանվագ դրամաշնորհի գումարի չափը:
13. Վճարման ցուցակում ներառվում են շահառուի անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը, և վճարման ենթակա գումարը։
14. Վճարման հանձնարարականը (այդ թվում՝ վճարման ցուցակը) ներկայացվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում միանվագ դրամաշնորհի գումարը փոխանցվում է շահառուին:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |