Գլխավոր տեղեկություն
Համար
N 234-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.02.2014-16.07.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.12.23/31.1 Հոդ.319
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.09.2002
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.07.2019

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302264

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 սեպտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 234-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի 1-ին կետի ժգ) ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության համակարգի մի շարք պետական մարմինների վերակազմակերպման մասին» թիվ 1362-Ն որոշման 2-րդ կետը, ինչպես նաև ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածով, 10 հոդվածի երրորդ մասի գ) կետով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Արագածոտնի մարզային գործակալության կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Հաստատել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Արագածոտնի մարզային գործակալության կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված թիվ 1
ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի
2002 թ.-ի սեպտեմբերի 27-ի
թիվ 234-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության Արագածոտնի մարզային գործակալությունը (այսուհետ` Գործակալություն) Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ` Ծառայություն) տարածքային ստորաբաժանում է, որն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում (այսուհետ` Մարզ) իրականացնում է պետական վիճակագրական աշխատանքներ: Գործակալությունը Ծառայության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն է:

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրությանը համապատասխան, որը Ծառայության նախագահի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Խորհրդի որոշումներով, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և գործակալության անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, և անհատականացման այլ միջոցներ: Իր հրապարակումներում և այլ փաստաթղթերում օգտագործում է Ծառայության կանոնադրությամբ հաստատված խորհրդանշանը:

 

7. Գործակալության անվանումն է`

 

հայերեն` ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության Արագածոտնի մարզային գործակալություն

ռուսերեն` Арагацотнское марзовое агентство Национальной Статистической Службы РА

անգլերեն` Aragatsotn Marz Agency of the National Statistical Service of RA

 

8. Գործակալության գտնվելու վայրն է` ք. Աշտարակ 378410, Գրիգորյան 60:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Գործակալության հիմնական խնդիրներն են`

 

ա) Մարզի տարածքում տնտեսական և հասարակական գործընթացների ու դրանց արդյունքների վերաբերյալ վիճակագրական տեղեկությունների հավաքագրումը, ամփոփումն ու սահմանված կարգով Ծառայությանը տրամադրման ապահովումը.

բ) Մարզի տարածքում վիճակագրական տեղեկատվական սպառողներին վիճակագրական տեղեկատվությամբ ապահովումը.

գ) միջգերատեսչական տեղեկատվական ռեսուրսների համադրելիության նպատակով Մարզի տարածքի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական վիճակագրական աշխատանքների ծրագրում նշված կազմակերպություններին, ինչպես նաև վարչական վիճակագրություն վարող մարմինների վիճակագրական տեղեկատվության սեփական բազաներ ստեղծելուն մեթոդաբանական և ծրագրային աջակցությունը.

դ) վիճակագրական տեղեկատվության արժանահավատության, ամբողջականության, վիճակագրական դիտարկման դաշտի հստակեցման ուղղությամբ մշտապես համապատասխան միջոցառումների իրականացման ապահովումը, վիճակագրական սկզբնական տվյալների հավաստիության, ճշտության և գաղտնիության պահպանման նկատմամբ վերահսկողության կազմակերպումն ու իրականացումը.

ե) վիճակագրական տվյալների հավաքագրման և մշակման անընդհատ կատարելագործման, տեղեկատվության օպերատիվության և որակի բարձրացման հարցերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը Ծառայությանը.

զ) Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպումն ու կոորդինացումը, դրանց միջև տեղեկատվական փոխգործունեության ապահովումը, դրանց աշխատանքների արդյունքների ամփոփումը և այդ աշխատանքների բարելավման մասին Ծառայությանն առաջարկությունների ներկայացումը.

է) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին մարզերի, տարածաշրջանների և համայնքների անձնագրերի կազմման աշխատանքներում աջակցելը:

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

10. Գործակալությունն իր խնդիրներին համապատասխան`

 

ա) Մարզի վիճակագրական տեղեկատվության սպառողների պահանջարկի ուսումնասիրության հիման վրա Ծառայությանն է ներկայացնում Մարզի մասով պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի մշակման համար առաջարկություններ.

բ) Մարզի տարածքում կատարում է պետական վիճակագրական աշխատանքներ` Պետական վիճակագրական ծրագրերին համապատասխան.

գ) պետական վիճակագրական դիտարկումների միջոցով ուսումնասիրում է մարզի սոցիալ-ժողովրդագրական գործընթացները, մասնակցում մարդահամարների, գյուղատնտեսական համատարած հաշվառումների անցկացմանը.

դ) օժանդակում է սկզբնական վիճակագրական հաշվառմանը վերաբերող հարցերի կապակցությամբ վիճակագրական տեղեկություններ տրամադրողներին տրված մեթոդական ցուցումների, հրահանգների կատարմանը.

ե) սահմանված կարգով ստանում է հավաստի վիճակագրական տվյալներ վիճակագրական տեղեկություններ տրամադրողներից.

զ) վարում է վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վիճակագրական ներքին ռեգիստրներ.

է) պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի իրագործումն ապահովելու նպատակով և այդ շրջանակում վիճակագրական տեղեկություններ տրամադրողների մոտ սահմանված կարգով ստուգում է վիճակագրական հաշվետվություններում արտացոլված տվյալների արժանահավատությունն ու միջոցներ ձեռնարկում հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ.

ը) պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով սահմանված կարգով հասցեատերերին է տրամադրում վիճակագրական հրապարակումներ.

թ) (ենթակետն ուժը կորցրել է 20.12.13 թիվ 35-Ն)

(10-րդ կետը լրաց., փոփ. 20.12.13 թիվ 35-Ն)

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Իրեն վերապահված լիազորությունների շրջանակում Գործակալությունն իրավունք ունի`

 

ա) իրավաբանական անձանցից, օտարերկրյա իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումներից, անհատ ձեռնարկատերերից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ մարմիններից, ինչպես նաև քաղաքացիներից ստանալու պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տվյալներ` պետական վիճակագրական հաշվետվությունների, հետազոտությունների հարցաթերթերի, դիտարկումներին վերաբերող այլ` Խորհրդի կողմից հաստատվող փաստաթղթերի և տեղեկանքների ձևով.

բ) պայմանագրային հիմունքներով վիճակագրական տեղեկություններ տրամադրողներից ստանալ անհրաժեշտ վիճակագրական տվյալներ, այդ թվում քաղաքացիներից` նրանց սոցիալ-ժողովրդագրական վիճակի, ինչպես նաև տնային տնտեսությունների վերաբերյալ.

գ) հրապարակայնորեն պարզաբանել մարզի կտրվածքով վիճակագրական տեղեկատվության և տվյալների ոչ ճիշտ օգտագործման կամ մեկնաբանման դեպքերը.

դ) վերահսկողություն իրականացնել վիճակագրական տեղեկությունների տրամադրողների մոտ ներդրված պետական վիճակագրական հաշվետվությունների ձևերի, հետազոտությունների հարցաթերթերի, դիտարկումներին վերաբերող այլ` Խորհրդի կողմից հաստատվող փաստաթղթերի և տեղեկանքների լրացման նկատմամբ` հրահանգներին և ցուցումներին համապատասխան.

ե) ստացված վիճակագրական հաշվետվություններում սխալներ և անճշտություններ հայտնաբերելու դեպքում վիճակագրական տեղեկություններ տրամադրողներին տալ անհրաժեշտ հրահանգներ դրանց վերացման ուղղությամբ.

զ) վիճակագրական հաշվետվությունների չներկայացման կամ սահմանված կարգի խախտումով ներկայացման դեպքում օրենքով սահմանված կարգով կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ:

(11-րդ կետը խմբ. 20.12.13 թիվ 35-Ն)

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

12. Գործակալությունը`

 

ա) Մարզի տարածքում ապահովում է պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը.

բ) սահմանված կարգով ապահովում է վիճակագրական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների պատշաճ պահպանումը.

գ) վիճակագրական տեղեկություններ տրամադրողների դիմումի համաձայն սահմանված կարգով տրամադրում է տվյալների բանկում գտնվող իրենց վերաբերյալ տեղեկություններ.

դ) անվճար ապահովում է վիճակագրական տեղեկություններ տրամադրողներին վիճակագրական փաստաթղթերի ձևերով և հրահանգներով, տեղյակ պահում վիճակագրական դիտարկումներում նրանց ընդգրկման, վիճակագրական հաշվետվությունների ներկայացման ժամկետների պարբերականության և դրանց ներկայացվող պահանջների մասին:

 

VI. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

13. Գործակալությունը կառավարում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահը (այսուհետ` Ծառայության նախագահ): Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է Գործակալության պետը, որը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Իր գործունեության ընթացքում Գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Խորհրդի որոշումներով, Ծառայության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև` այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

14. Գործակալության պետը հաշվետու է Խորհրդին, Ծառայության նախագահին և նախագահի տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` Ծառայության աշխատակազմի ղեկավարին: Գործակալության գործունեությունը վիճակագրական գործառույթների մասով համակարգում է Խորհրդի համապատասխան բնագավառը համակարգող անդամը:

(14-րդ կետը փոփ. 20.12.13 թիվ 35-Ն)

 

15. Գործակալության պետը`

 

ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է Գործակալության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար,

բ) առաջարկություններ է ներկայացնում օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ Ծառայության նախագահին, նախագահի տեղակալին, Խորհրդի համապատասխան բնագավառը համակարգող անդամին,

գ) իր իրավասության սահմաններում տալիս է կարգադրություններ և ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում նաև` վերալիազորման իրավունքով լիազորագրեր,

դ) իր իրավասության սահմաններում առաջարկություններ է ներկայացնում Ծառայության աշխատակազմի ղեկավարին` գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ,

ե) Ծառայության նախագահին, նախագահի տեղակալին Խորհրդի համապատասխան բնագավառը համակարգող անդամին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն` գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին,

զ) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված դեպքերում վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Ծառայության նախագահի տեղակալին,

է) ապահովում է Ծառայության նախագահի, Ծառայության աշխատակազմի ղեկավարի հրամանների և հանձնարարականների, ինչպես նաև` Խորհրդի համապատասխան բնագավառը համակարգող անդամի, նախագահի տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և տեղեկացնում է արդյունքների մասին,

ը) սահմանում է Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և աշխատողների միջև իրավասությունների և պարտականությունների բաշխումը և վերահսկողություն իրականացնում դրանց ժամանակին ու պատշաճ կատարման նկատմամբ,

թ) պատասխանատվություն է կրում Խորհրդի որոշումների, Ծառայության նախագահի և աշխատակազմի ղեկավարի հրամանների և հանձնարարականների, Խորհրդի համապատասխան բնագավառը համակարգող անդամի և նախագահի տեղակալի կողմից ստացված հանձնարարականների ժամանակին և պատշաճ կատարման համար,

ժ) միջոցներ է ձեռնարկում աշխատանքային և կատարողական կարգապահությունն ապահովելու ուղղությամբ,

ժա) միջոցներ է ձեռնարկում վիճակագրական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների պահպանման ուղղությամբ,

ժբ) իրականացնում է վերահսկողություն Գործակալությանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ,

ժգ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման, ինչպես նաև այլ մարմինների հետ,

ժդ) առաջարկություններ է ներկայացնում Ծառայության նախագահին Գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի վերաբերյալ,

ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

16. Գործակալության պետի բացակայության կամ նրա կողմից իր պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրա պարտականությունների կատարումը դրվում է նրա քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում նշված բաժիններից մեկի ղեկավարի վրա:

 

VII. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

17. Օրենքով, այլ իրավական ակտերով, Ծառայության կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է Ծառայության աշխատակազմը:

18. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ:

19. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 20.12.13 թիվ 35-Ն)

 

 

Հավելված թիվ 2
ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի
2002 թ.-ի սեպտեմբերի 27-ի
թիվ 234-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Ամփոփ և տարածքային վիճակագրության բաժին

 

(հավելվածը խմբ. 05.11.02 N 249-Ն)