ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
10 սեպտեմբերի 2013 թ. |
N 34-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Երևան քաղաքի վարչական շրջանի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական խորհուրդների կազմավորման և գործունեության կարգը, լիազորությունները՝ համաձայն հավելվածի:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |
Հավելված Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 34-Ն որոշման |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Երևան քաղաքի վարչական շրջանի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) մշտապես գործող խորհրդակցական մարմին է, որի միջոցով ապահովվում է Երևանի վարչական շրջանների տարածքում բնակիչների իրազեկվածությունը՝ վարչական շրջանի ղեկավարի գործունեության մասին և անհրաժեշտ մասնակցությունը՝ վարչական շրջանի կառավարմանը ու զարգացմանը:
2. Խորհրդի անդամները գործում են կամավորության սկզբունքով և հասարակական հիմունքներով: Խորհրդի անդամներ կարող են լինել հասարակական կազմակերպությունների, իրավաբանական անձանց միությունների, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների ներկայացուցիչներ և ստորև նշված բնագավառների համապատասխան մասնագետներ:
Խորհրդի անդամները նշանակվում են վարչական շրջանի ղեկավարի կողմից, իրենց դիմումի համաձայն՝ հրապարակային հայտարարության հիման վրա, ըստ հայտերի ներկայացման հաջորդականության՝ մինչև սույն կարգով սահմանված անդամների առավելագույն քանակը լրանալը՝ հետևյալ բնագավառներում.
- բնակիչների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության,
- ֆինանսների, առևտրի և սպասարկման,
- քաղաքաշինության և կոմունալ տնտեսության, հողօգտագործման, գյուղատնտեսության,
- կրթական և մշակույթի,
- առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի,
- աշխատանքի և սոցիալական պաշտպանության:
3. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է օրենքների և այլ իրավական ակտերի, ինչպես նաև սույն կարգի հիման վրա:
4. Խորհրդի բնականոն գործունեությունն ապահովում է վարչական շրջանի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ՝ աշխատակազմի համապատասխան աշխատակիցները:
5. Խորհուրդը իր նիստերը կազմակերպում է տվյալ վարչական շրջանի ղեկավարի նստավայրի շենքում, եթե վարչական շրջանի ղեկավարի կողմից այլ որոշում չի կայացվել:
ԳԼՈՒԽ 2. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
6. Խորհրդի նպատակն է՝
- վարչական շրջանի տարածքում բարեփոխումներ անցկացնելու նպատակով վարչական շրջանի ղեկավարին ծրագրեր և առաջարկություններ ներկայացնելը,
- վարչական շրջանի տարածքում տեղական ինքնակառավարման գործընթացին և վարչական շրջանի ղեկավարի գործունեությանը բնակչության ներգրավվածության և իրազեկվածության ապահովելը,
- խորհրդի կազմում չընդգրկված հասարակական կազմակերպությունների, իրավաբանական անձանց միությունների, այլ կազմակերպությունների և անհատ մասնագետների հետ համագործակցելը,
- վարչական շրջանի ղեկավարի գործունեությանը աջակցելը,
- վարչական շրջանի տարածքում հնչեղություն և կարևորություն ունեցող խնդիրների վրա վարչական շրջանի ղեկավարի ուշադրության հրավիրումը,
- վարչական շրջանի աշխատակազմի և հասարակության ակտիվ խմբերի համագործակցության ապահովումը:
7. Խորհրդի խնդիրն է՝
- քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների և միությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտների ուժերի ներգրավմամբ հանրային կարևորության այն խնդիրների վերհանումը, որոնք անհրաժեշտ ուշադրության չեն արժանացել քաղաքային ծրագրերում և դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը վարչական շրջանի ղեկավարին,
- վարչական շրջանի բնակիչների, հասարակական կազմակերպությունների և միավորումների կողմից արված առաջարկությունների և դրանց վերլուծության արդյունքների ներկայացումը վարչական շրջանի ղեկավարին։
ԳԼՈՒԽ 3. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
8. Խորհուրդը կազմված է ոչ ավելի, քան 30 անդամից, ընդ որում, մինչև 50.000 բնակիչ ունեցող վարչական շրջանում ձևավորվում է առավելագույնը 20 անդամից բաղկացած խորհուրդ: Խորհրդի անդամների տեղերը բաշխվում են սույն հավելվածի 2-րդ կետում նշված բնագավառների թվին համապատասխան:
Խորհուրդը համարվում է կազմավորված, երբ նշանակվել են դրա ադամների կեսից ավելին:
9. Խորհուրդն ունի նախագահ, քարտուղար և անդամներ, որոնք Խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:
10. Խորհրդի նախագահը վարչական շրջանի ղեկավարն է:
11. Խորհուրդը գլխավորում է խորհրդի նախագահը:
12. Խորհրդի կազմում նախագահի կողմից կարող են ստեղծվել աշխատանքային խմբեր՝ որոշակի հարցերի քննարկման և առաջարկություններ ներկայացնելու համար:
ԳԼՈՒԽ 4. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
13. Խորհրդի նախագահը իրականացնում է խորհրդի ղեկավարումը:
14. Հաստատում է Խորհրդի նիստի օրակարգը։
15. Հրավիրում է Խորհրդի նիստերը:
16. Կազմակերպում է Խորհրդի գործունեությունը և ղեկավարում դրա աշխատանքը:
17. Ստորագրում է Խորհրդի նիստի արձանագրությունը:
18. Նախագահի բացակայության ժամանակ նրան փոխարինում է իր տեղակալը, որը վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է:
19. Խորհրդի կազմում ստեղծում է աշխատանքային խմբեր:
20. Կատարում է աշխատանքի բաշխում աշխատանքային խմբերի միջև:
ԳԼՈՒԽ 5. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
21. Նշանակվում է Խորհրդի նախագահի կողմից՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներից:
22. Կազմում է նիստի օրակարգը և ներկայացնում Խորհրդի նախագահի հաստատմանը:
23. Նիստի մասին սույն կարգով նախատեսված ժամկետում իրազեկում է Խորհրդի անդամներին:
24. Վարում է Խորհրդի գործավարությունը, այդ թվում՝ նիստի արձանագրության կազմումը:
ԳԼՈՒԽ 6. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
25. Խորհրդի անդամը իր գործունեությունը իրականացնում է անձամբ:
26. Խորհրդի անդամը նշանակվում է վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարման ժամկետով:
27. Խորհրդի անդամի լիազորությունները դադարում են Խորհրդի նախագահի որոշմամբ՝
ա) իր դիմումի համաձայն,
բ) խորհրդի կողմից՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե խորհրդի անդամը անհարգելի պատճառով երկու անգամից ավելի չի մասնակցել նիստերին,
գ) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով նա անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու դեպքում,
դ) նա մահացել է:
28. Նիստերին իրավունք ունի ազատ արտահայտել իր կարծիքը, հանդես գալ նիստերին ելույթով, ներկայացնել նախագծեր և առաջարկություններ:
29. Ղեկավարվել քաղաքական, գաղափարական և անձնավորված ազդեցություններից անկախ գործելու սկզբունքով:
30. Խուսափել սեփական գնահատականը հրապարակավ ներկայացնելուց՝ մինչ հեղինակի /հեղինակային խմբի/ կողմից ավարտված նախագծի պաշտոնական ներկայացումը:
31. Նախապես ծանոթանալ խորհրդի նիստի օրակարգին:
32. Անձամբ մասնակցել խորհրդի նիստերին և որոշումների ընդունմանը:
33. Նախապես տեղեկացնել խորհրդի քարտուղարին իր բացակայության վերաբերյալ:
34. Աջակցել խորհրդի գործնեությանը:
35. Կատարել սույն կարգով նախատեսված այլ պարտականություններ:
ԳԼՈՒԽ 7. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
36. Խորհուրդն իր գործունեությունը կազմակերպում է խորհրդի նիստերի միջոցով:
37. Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ:
38. Խորհրդի որոշումներն ընդունվում են առաջարկությունների ձևով և կրում են խորհրդատվական բնույթ:
39. Խորհրդի անունից իրավունք ունի հանդես գալ խորհրդի նախագահը, վերջինիս բացակայության դեպքում խորհրդի նախագահի տեղալալը և խորհրդի անդամը՝ խորհրդի նախագահի հանձնարարությամբ:
40. Խորհրդի անդամներն անձամբ մասնակցում են խորհրդի նիստերին:
41. Խորհուրդն ընդհանրական կարծիքի ձևավորման համար, քննարկվող հարցերի շուրջ որոշումներ է կայացնում բաց քվեարկությամբ` ներկա մասնակիցների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան Խորհրդի անդամների ընդհանուր թվի մեկ երրորդից ավելիի կողմից ընդունվելու դեպքում:
42. Խորհրդի քարտուղարը մշակում և կազմում է նիստի օրակարգը՝ համաձայնեցնելով խորհրդի նախագահի հետ:
43. Խորհրդի նիստի օրակարգը խորհրդի քարտուղարը ներկայացնում է Խորհրդի անդամներին՝ նիստից առնվազն երեք օր առաջ:
44. Օրակարգում կարող են մտցվել լրացուցիչ հարցեր՝ վարչական շրջանի ղեկավարի կողմից:
45. Խորհրդի անդամն իրավունք ունի օրակարգ մտցնել լրացուցիչ հարցեր, եթե դրանք ընդունվում են քվեարկությամբ՝ նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
46. Խորհուրդն ապահովում է իր աշխատանքների հրապարակայնությունը:
47. Խորհուրդը կարող է ունենալ ձևաթուղթ:
49. Խորհրդի նիստը համարվում է կայացած խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության ներկայության դեպքում:
50. Նիստին կարող են մասնակցել խորհրդի անդամ չհանդիսացող հրավիրված մասնագետներ:
51. Վարչական շրջանի աշխատակազմի քարտուղարը և այլ աշխատակիցներ իրավունք ունեն մասնակցելու խորհրդի նիստերին:
52. Վարչական շրջանի ղեկավարը կարող է ցանկացած ժամանակ՝ նախապես իրազեկելով նիստի օրվա մասին հրավիրել խորհրդի նիստ, այդ թվում նաև՝ արտահերթ նիստ:
ԳԼՈՒԽ 8. ԽՈՐՀՐԴԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
53. Ընդունել խորհրդակցական բնույթի որոշումներ վարչական շրջանի զարգացման վերաբերյալ:
54. Վարչական շրջանի աշխատակազմից ստանալ խորհրդի գործնեության համար անհրաժեշտ փաստաթղթեր և նյութեր:
55. Կազմակերպել վարչական շրջանի համար կարևոր հարցերի լսումներ և քննարկումներ:
56. Իրականացնել հասարակական վերահսկողություն վարչական շրջանում իրականացվող Երևան քաղաքի զարգացման ծրագրերի նկատմամբ:
57. Աջակցել իր կողմից ընդունված ծրագրերի իրականացմանը:
58. Աջակցել վարչական շրջանի զարգացման համար արտաբյուջետային միջոցների ներգրավմանը:
59. Վարչական շրջանի տարածքում կազմակերպել բազմաբնույթ միջոցառումներ:
ԳԼՈՒԽ 9. ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ
60. Խորհրդի ընդունած որոշումները, կարծիքները, եզրակացությունները կամ դիրքորոշումները ներկայացվում են Երևանի քաղաքապետի կողմից ստեղծված համապատասխան հանձնաժողովին՝ վերլուծություն, ուսումնասիրություն կատարելու և դրա հիման վրա Երևանի քաղաքապետին այդ առումով համապատասխան եզրակացություն ներկայացնելու, ինչպես նաև հետագայում բարձրացված խնդիրների լուծման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար:
61. Խորհուրդը կարող է համագործակցել նաև այլ մարմինների հետ՝ խորհրդում այդ մասին որոշում ընդունելու դեպքում: