«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հունվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 դեկտեմբերի 2006 թվականի N 1874-Ն
ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 13.09.13 N 1035-Ն)
Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ և 30-րդ հոդվածի 3-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) ծեր և հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) ծեր և հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 13.09.13 N 1035-Ն)
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ծերերի և հաշմանդամություն ունեցողների խնամքի և սոցիալական սպասարկման չափորոշիչները.
բ) հաստատել խնամք ստանալու համար դիմումի ձևը, կենսաթոշակի տեսակի և չափի վերաբերյալ տեղեկանքի ձևը.
գ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ հաստատել խնամքի տրամադրման համար դիմած հաճախորդի բժշկական քարտի ձևը.
դ) հաստատել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (տուն-ինտերնատ) քաղաքացիների ընդունելության, դուրսգրման (այդ թվում` ժամանակավոր դուրսգրման), աշխատանքային թերապիայի կազմակերպման, ինչպես նաև տնային պայմաններում և սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոններում ծերերին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ու սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացակարգերը:
(2-րդ կետը փոփ., լրաց. 13.09.13 N 1035-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԾԵՐ ԵՎ հաշմանդամություն ունեցող ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 13.09.13 N 1035-Ն)
I . ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպության կողմից ծեր և հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին պետական ծրագրերի շրջանակում խնամքի տրամադրման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 13.09.13 N 1035-Ն)
2. Խնամքը տրամադրվում է տնային պայմաններում կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոններում:
2.1. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները (այսուհետ` հաստատություն) երկու տիպի են`
ընդհանուր` ծերերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար.
հատուկ` քրոնիկ հոգեկան հիվանդություններ ունեցող անձանց համար:
(2.1-ին կետը լրաց. 13.09.13 N 1035-Ն)
3. Խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված` ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքը լրացած, չաշխատող (բացառությամբ տնային պայմաններում և սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնում) քաղաքացիներին և հաշմանդամություն ունեցող անձանց (այսուհետ` հաճախորդ), ընդ որում, տնային պայմաններում և սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնի հաճախորդը կարող է կատարել միայն գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանք, իրականացնել աշխատաժամանակի կարճ տևողությամբ կամ ժամանակավոր, ինչպես նաև տնայնագործական աշխատանք:
(3-րդ կետը խմբ. 03.09.10 N 1123-Ն, 13.09.13 N 1035-Ն)
4. Հաճախորդներին խնամքը տրամադրվում է իրենց բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կամ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների (այսուհետ` գործակալություն) ղեկավարի` սույն կարգի 7-րդ կետում սահմանված` սոցիալական աշխատողի (դեպք վարողի) կատարած տնային այցելության արդյունքներով կազմված արձանագրության, եզրակացության և առաջարկության հիման վրա կայացրած որոշմամբ:
(4-րդ կետը խմբ. 13.09.13 N 1035-Ն)
5. (կետն ուժը կորցրել է 13.09.13 N 1035-Ն)
II. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
6. Խնամք ստանալու համար դրա կարիքն ունեցող հաճախորդը կամ խնամակալը կամ պատրոնը դիմում է հաճախորդի փաստացի բնակության վայրի գործակալություն:
(6-րդ կետը լրաց. 03.09.10 N 1123-Ն, խմբ. 13.09.13 N 1035-Ն)
6.1. Ընդհանուր տիպի հաստատություն ընդունվելու և տնային պայմաններում խնամք ստանալու համար հաճախորդը գործակալություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում, որում նշվում է խնամքի տեսակը.
2) անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը.
3) հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտը) կամ դրանցից հրաժարվելու մասին տեղեկանքը.
4) տեղեկանք հաշմանդամության վերաբերյալ` տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից.
5) տեղեկանք կենսաթոշակ նշանակող իրավասու մարմնից կենսաթոշակի չափի և տեսակի վերաբերյալ.
6) խնամքի տրամադրման համար դիմած հաճախորդի բժշկական քարտ, իսկ տնային պայմաններում խնամքի ծառայություններ տրամադրելու համար` քաղվածք մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից:
(6.1-ին կետը լրաց. 13.09.13 N 1035-Ն)
6.2. Հատուկ տիպի հաստատություն ընդունվելու համար հաճախորդի խնամակալը (պատրոնը), բացի սույն կարգի 6.1-ին կետում նշված փաստաթղթերից, ներկայացնում է նաև`
1) խնամակալի (պատրոնի) անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը.
2) խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման պատճենը` տվյալ անձի նկատմամբ խնամակալություն (պատրոնաժ) սահմանելու մասին.
3) քաղաքացուն անգործունակ ճանաչելու դեպքում` դատարանի վճռի պատճենը քաղաքացուն անգործունակ ճանաչելու մասին.
4) քաղվածք հիվանդության պատմությունից կամ հոգեբուժական դիսպանսերի բժշկական քարտից:
(6.2-րդ կետը լրաց. 13.09.13 N 1035-Ն)
6.3. Սույն կարգի 6.1-ին և 6.2-րդ կետերում սահմանված փաստաթղթերը չեն պահանջվում, եթե դրանք ներառված են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական բազաներում:
(6.3-րդ կետը լրաց. 13.09.13 N 1035-Ն)
6.4. Սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոն ընդունվելու համար քաղաքացին ներկայացնում է`
1) դիմում.
2) անձը հաստատող փաստաթուղթը.
3) հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտը) կամ դրանցից հրաժարվելու մասին տեղեկանքը.
4) տեղեկանք հաշմանդամության վերաբերյալ` տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից:
(6.4-րդ կետը լրաց. 13.09.13 N 1035-Ն)
7. Գործակալության աշխատողը հաճախորդի դիմումն ստանալուց հետո, 15-օրյա ժամկետում, կատարում է տնային այցելություն, նրա ընտանիքի կենսապայմանների ուսումնասիրության նպատակով:
8. Հաճախորդին անհապաղ խնամք տրամադրելու մասին որոշում կարող է ընդունվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից կամ իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից անձի անօգնական վիճակի մասին տեղեկատվություն ստանալու դեպքում:
8.1. Անօգնական վիճակում հայտնված և ոչ աշխատանքային օրերին ու ժամերին ընդհանուր տիպի հաստատություն դիմած հաճախորդին հաստատության տնօրինության կողմից անհապաղ տրամադրվում է խնամքի անհրաժեշտ ծառայություններ: Դրա մասին առաջիկա աշխատանքային օրվա ընթացքում հաստատության տնօրինության կողմից տեղյակ է պահվում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (այսուհետ` նախարարություն) և համապատասխան գործակալություն` սույն կարգի համաձայն հաճախորդի տեղավորումը հաստատություն կազմակերպելու համար:
(8.1-ին կետը լրաց. 13.09.13 N 1035-Ն)
9. Գործակալության աշխատողը տնային այցելության արձանագրությունը եզրակացության և խնամք տրամադրելու կամ չտրամադրելու վերաբերյալ առաջարկության հետ միասին ներկայացնում է գործակալության պետին:
Գործակալության պետն առկա փաստաթղթերի և այդ առաջարկության հիման վրա ընդունում է որոշում խնամք տրամադրելու կամ մերժելու մասին:
10. Գործակալության պետի որոշման մեջ նշվում է տրամադրվող խնամքի տեսակը:
11. Գործակալությունը խնամք տրամադրելու մասին ընդունած որոշման պատճենը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է նախարարություն:
(11-րդ կետը խմբ. 13.09.13 N 1035-Ն)
12. Նախարարությունը գործակալությունից ստացած որոշումների հիման վրա իրականացնում է խնամքի և սոցիալական ծառայություններ ստանալու համար դիմած քաղաքացիների հաշվառում, կազմում հերթացուցակ ըստ դիմում տալու օրվա, խնամքի տեսակի և համակարգում է նրանց խնամքի տրամադրման գործընթացը: Նախարարությունն ստեղծում և վարում է խնամք ստացողների անհատական տվյալների տեղեկատվական շտեմարան, որի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
(12-րդ կետը խմբ. 13.09.13 N 1035-Ն)
12.1. Նախարարությունը խնամք տրամադրող կազմակերպություններից ստանալով օպերատիվ տեղեկատվություն ազատ տեղերի վերաբերյալ դրա մասին անմիջապես տեղեկացնում է համապատասխան հերթացուցակի առաջին համարի հաճախորդի խնամքի տրամադրման վերաբերյալ որոշում կայացրած գործակալությանը:
(12.1-ին կետը լրաց. 13.09.13 N 1035-Ն)
12.2. Գործակալությունը նախարարությունից ստանալով սույն կարգի 12.1-ին կետով նախատեսված տեղեկատվությունը, հաճախորդին ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղեգրում է խնամք տրամադրող համապատասխան կազմակերպություն, դրա մասին տեղեկացնելով նախարարությանը:
(12.2-րդ կետը լրաց. 13.09.13 N 1035-Ն)
13. Խնամքի տրամադրումն առանց հաճախորդի կամ նրա խնամակալի համաձայնության, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, կարող է իրականացվել հետևյալ դեպքում, երբ նա իր խնամակալից չի ստանում անհրաժեշտ խնամք և ուշադրություն՝
ա) իր հիմնական պահանջմունքները (ինքնասպասարկման և (կամ) ակտիվ տեղաշարժվելու ունակության կորուստ) ինքնուրույն բավարարելու անկարողության դեպքում.
բ) օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչվելու դեպքում:
14. Հաճախորդին, առանց նրա կամ նրա խնամակալի համաձայնության, սույն կարգի 13-րդ կետում նշված հիմքերով հաստատությունում տեղավորելու որոշումը գործակալության առաջարկությամբ ընդունում է խնամակալության և հոգաբարձության մարմինը:
(14-րդ կետը փոփ. 13.09.13 N 1035-Ն)
15. Հաճախորդին հաստատություն տեղավորելուց հետո մեկամսյա ժամկետում խնամակալության և հոգաբարձության մարմինը, հաստատություններից ստանալով տեղեկատվություն, ընդունում է որոշում դադարեցնել հաճախորդի նկատմամբ նախկինում սահմանված խնամակալությունը և քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով խնամակալ է ճանաչվում այն հաստատությունը, որտեղ տեղավորվել է հաճախորդը:
(15-րդ կետը փոփ. 13.09.13 N 1035-Ն)
16. Խնամքի տրամադրումը հաճախորդին տնային պայմաններում և հաստատություններում կարող է մերժվել, եթե նա տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1874-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով:
(16-րդ կետը խմբ. 13.09.13 N 1035-Ն)
17. Սույն կարգի 16-րդ կետում նշված հիմքով խնամքի տրամադրումը կարող է մերժվել համապատասխան մասնագիտացված բժշկական հաստատության եզրակացության հիման վրա:
Նշված հիմքով ծեր և հաշմանդամություն ունեցող քաղաքացուն խնամքի տրամադրումը մերժելու դեպքում գործակալությունը միջնորդում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` հիվանդի համաձայնությամբ նրա բուժման գործընթացը մասնագիտացված բուժհաստատությունում կազմակերպելու համար:
(17-րդ կետը փոփ. 13.09.13 N 1035-Ն)
III. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
18. Տնային պայմաններում խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքը լրացած` միայնակ քաղաքացիներին, հաշմանդամություն ունեցող միայնակ անձանց և միայն նշված անձանցից կազմված ընտանիքներին, որոնց համար կազմվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաստատած սոցիալական դեպքի վարման հրահանգով սահմանված անհատական սոցիալական ծրագիր: Խնամքը տրամադրվում է ցերեկային ժամերին` ժամը 1000-1800-ն ընկած ժամանակահատվածում, հաճախորդին նրա անհատական կարիքներին համարժեք` գործակալության սոցիալական աշխատողի (դեպք վարողի) կազմած անհատական սոցիալական ծրագրի հիման վրա: Տնային պայմաններում հաճախորդին տրամադրվում են հետևյալ ծառայությունները`
1) կենցաղային սպասարկում.
2) առաջնային բժշկական օգնություն և սպասարկում.
3) սոցիալ- հոգեբանական օգնություն.
4) իրավաբանական խորհրդատվություն:
(18-րդ կետը խմբ. 13.09.13 N 1035-Ն)
19. Գործակալության ուղեգիրն ստանալուց հետո տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպության մասնագետների խումբը (սոցիալական աշխատողը, բժիշկը և հոգեբանը) 7-օրյա ժամկետում կատարում է հաճախորդի տնային այցելություն, որի արդյունքում հաճախորդի հետ կնքվում է պայմանագիր սույն կարգի 18-րդ կետում նշված անհատական սոցիալական ծրագրի իրականացման վերաբերյալ:
(19-րդ կետը խմբ. 13.09.13 N 1035-Ն)
20. Տնային պայմաններում հաճախորդին խնամքի տրամադրումը դադարեցվում է`
ա) հաճախորդի գրավոր դիմումի հիման վրա.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության դեկտեմբերի 7-ի N 1874-Ն որոշմամբ հաստատված ծեր և հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալու դեպքում` մասնագիտացված բժշկական հաստատության եզրակացության հիման վրա.
գ) հաճախորդի կողմից կեղծ տեղեկություններ ներկայացվելու դեպքում.
դ) հաճախորդի մահվան դեպքում:
(20-րդ կետը փոփ. 13.09.13 N 1035-Ն)
IV. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
21. Սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնը (այսուհետ` կենտրոն) նախատեսված է ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքը լրացած, չաշխատող քաղաքացիների և հաշմանդամություն ունեցող անձանց համար` ցերեկային ժամերին` ժամը 0900-1800-ն, գործակալության սոցիալական աշխատողի (դեպք վարողի) կազմած անհատական սոցիալական ծրագրի հիման վրա` իրենց անհատական կարիքներին համարժեք սոցիալական ծառայություններ տրամադրելու նպատակով: Ըստ իրենց նպատակի, սպասարկվողների խմբի և տարիքային կազմի` կենտրոնները կարող են ունենալ տարբեր ուղղվածություն` նախատեսված ծերերի, հաշմանդամություն ունեցող անձանց, հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար` ելնելով սպասարկվողների առանձնահատուկ կարիքներից և կենտրոնների կանոնադրական խնդիրներից:
(21-րդ կետը խմբ. 13.09.13 N 1035-Ն)
22. Հաճախորդներին կենտրոնում խնամք տրամադրվում է գործակալության կողմից տրված ուղեգրի հիման վրա` կենտրոնի ղեկավարի հրամանով:
(22-րդ կետը փոփ. 13.09.13 N 1035-Ն)
23. Կենտրոնում հաճախորդներին տրամադրվում է`
ա) սնունդ՝ օրական մեկ անգամ.
բ) առաջնային բուժօգնություն.
գ) սոցիալ-հոգեբանական օգնություն.
դ) իրավաբանական խորհրդատվություն:
24. Կենտրոնը կազմակերպում է հաճախորդների ժամանցը, ինչպես նաև մշակութային միջոցառումներ:
24.1. Կենտրոնում հաճախորդին խնամքի տրամադրումը դադարեցվում է հաճախորդի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա, խնամք տրամադրելու հիմքերի վերացման, հաճախորդի` մասնագիտացված բժշկական հաստատությունում բուժման կարիք ունենալու վերաբերյալ համապատասխան հաստատության եզրակացության հիման վրա, հաճախորդի կողմից կենտրոնի ներքին կանոնակարգի երեք և ավելի անգամ խախտման կամ հաճախորդի մահվան դեպքում:
(24.1-ին կետը լրաց. 13.09.13 N 1035-Ն)
V. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
25. Հաստատությունում հաճախորդներին տրամադրվում է երկարաժամկետ կացարան և շուրջօրյա լրիվ խնամք: Խնամք տրամադրվում է ընդհանուր կամ հատուկ հաստատություններում:
(25-րդ կետը փոփ. 13.09.13 N 1035-Ն)
26. Ընդհանուր տիպի հաստատությունը նախատեսված է խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ներքոհիշյալ սոցիալական խմբերին դասված անձանց շուրջօրյա խնամքի, սոցիալական սպասարկման և բնակության համար` բացառությամբ սույն կարգի 27-րդ կետում նախատեսված անձանցից.
1) ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքը լրացած (այսուհետ` ծեր), չաշխատող միայնակ կենսաթոշակառուների.
2) 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց.
3) ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող ծեր քաղաքացիների.
4) ծեր կամ հաշմանդամություն ունեցող քաղաքացիների` ընտանիքում բռնության, սոցիալական մեկուսացվածության կամ բարոյահոգեբանական անհամատեղելի իրավիճակի առկայության դեպքում:
(26-րդ կետը խմբ. 13.09.13 N 1035-Ն)
27. Հատուկ տիպի հաստատությունը նախատեսված է խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 18 տարին լրացած քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խորը մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող, ծերունական փսիխոզով, ծանր արտահայտված սկլերոզով անձանց շուրջօրյա խնամքի, սոցիալական սպասարկման և բնակության համար:
(27-րդ կետը փոփ. 03.09.10 N 1123-Ն, խմբ. 13.09.13 N 1035-Ն)
28. Հաճախորդի ընդունելությունը հաստատություն ձևակերպվում է հաստատության ղեկավարի հրամանով:
(28-րդ կետը փոփ. 13.09.13 N 1035-Ն)
29. Հաճախորդը հաստատություն ընդունելության օրվա ընթացքում անցնում է բժշկական զննություն, սանիտարական մշակում և, անհրաժեշտության դեպքում, 3 օրով տեղավորվում հատուկ սենյակում` կարանտին անցնելու համար: Հաճախորդի համար լրացվում է բժշկական քարտ:
(29-րդ կետը փոփ. 13.09.13 N 1035-Ն)
30. Հաստատությունը հաճախորդին տրամադրում է`
ա) անհրաժեշտ կահույք.
բ) հագուստ, սպիտակեղեն, կոշկեղեն, անկողնային պարագաներ` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած չափորոշիչներին համապատասխան.
գ) անձնական հիգիենայի պարագաներ:
(30-րդ կետը փոփ. 13.09.13 N 1035-Ն)
31. Հաստատությունը կազմակերպում է հաճախորդների`
ա) սնունդը (օրական առնվազն երեք անգամ),
բ) առաջնային բուժօգնությունը,
գ) սոցիալ-հոգեբանական օգնությունը,
դ) իրավաբանական խորհրդատվությունը,
ե) պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովումը,
զ) բժշկասոցիալական փորձաքննությունը,
է) ստացիոնար բուժական հաստատություն ուղեգրումը,
ը) ազատ ժամանցը,
թ) աշխատանքային թերապիան:
(31-րդ կետը փոփ., լրաց. 13.09.13 N 1035-Ն)
32. Հատուկ սննդակարգի կարիք ունեցող հաճախորդների համար կազմակերպվում է դիետիկ սնունդ, որը նշանակվում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության բժշկի կողմից:
33. Հաճախորդը, շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության կասկածի դեպքում, մինչև մասնագիտացված բժշկական հաստատություն տեղափոխվելը, տեղավորվում է հաստատության հատուկ առանձնացված սենյակում` բժշկի եզրակացության հիման վրա, որի մասին եռօրյա ժամկետում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոն:
(33-րդ կետը փոփ. 13.09.13 N 1035-Ն)
34. Հաստատության բժիշկը յուրաքանչյուր օր կազմակերպում է բոլոր հաճախորդների համայց և նրանց ցույց տալիս անհրաժեշտ բուժօգնություն, իսկ ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ իրականացնում է բոլոր հաճախորդների բուժզննում և կատարում գրառում հաճախորդի բժշկական քարտում:
(34-րդ կետը փոփ. 13.09.13 N 1035-Ն)
35. Հաճախորդին առկա (ստացիոնար) բժշկական հաստատություն տեղափոխելու դեպքում ընդհանուր տիպի հաստատությունը կազմակերպում է նրա սննդի ապահովումը, իսկ հատուկ տիպի հաստատությունը` նաև խնամքը:
(35-րդ կետը խմբ. 13.09.13 N 1035-Ն)
36. Հաճախորդներին կարող են այցելել իրենց հարազատներն ու ծանոթները:
37. Հաճախորդները հաստատության ղեկավարի հրամանով կարող են տարվա մեջ առավելագույնը 90 օր ժամկետով դուրս գրվել հաստատությունից՝ իրենց հարազատներին հյուրընկալվելու նպատակով՝ իրենց կամ իրենց հարազատի գրավոր դիմումի հիման վրա: Հետ վերադարձի ժամանակ հաճախորդը ներկայացնում է տեղեկանք բնակավայրում վարակիչ հիվանդությունների ներբերման կանխարգելման մասին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոնից:
(37-րդ կետը փոփ. 13.09.13 N 1035-Ն)
38. Հաստատությունից հաճախորդի դուրսգրումը կատարվում է հաստատության ղեկավարի հրամանով:
(38-րդ կետը փոփ. 13.09.13 N 1035-Ն)
39. Ընդհանուր տիպի հաստատության հաճախորդը հոգեկան խանգարումներով և անձի արտահայտված աթերոսկլերոտիկ փոփոխություններով ընթացող հիվանդությունների դեպքում տեղափոխվում է հատուկ հաստատություն:
(39-րդ կետը խմբ. 03.09.10 N 1123-Ն, 13.09.13 N 1035-Ն)
39.1. Ընդհանուր տիպի հաստատության ղեկավարը հաճախորդի հոգեկան առողջության վերաբերյալ հոգեբույժի եզրակացությունն ստանալուց հետո տեղեկացնում է նրա հարազատին` հաճախորդին սույն կարգի համաձայն հատուկ տիպի հաստատություն տեղափոխելու համար:
(39.1-ին կետը լրաց. 13.09.13 N 1035-Ն)
39.2. Հաճախորդի հարազատների բացակայության կամ հաճախորդին հատուկ տիպի հաստատություն տեղափոխելուց նրանց հրաժարվելու դեպքում` հաստատության ղեկավարը դիմում է հաստատության գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին` հաճախորդին հատուկ տիպի հաստատություն տեղափոխելու գործընթացը համաձայն սույն կարգի կազմակերպելու համար:
(39.2-րդ կետը լրաց. 13.09.13 N 1035-Ն)
40. Հաճախորդի մահվան դեպքում` հաստատության ղեկավարն անհապաղ տեղյակ է պահում շտապ բժշկական օգնության ծառայություն` մահվան փաստն արձանագրելու, դիակը դիահերձարան տեղափոխելու և սահմանված կարգով ոստիկանություն տեղեկացնելու համար, այնուհետև հանգուցյալի հարազատներին (եթե այդպիսիք կան)` հուղարկավորությունը կազմակերպելու համար: Հարազատների բացակայության կամ հանգուցյալի հուղարկավությունը կազմակերպելուց նրանց հրաժարվելու դեպքում հուղարկավորությունը կազմակերպում է հաստատությունը: Հաճախորդի մահն օրենքով սահմանված կարգով գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմնում:
(40-րդ կետը փոփ., լրաց. 13.09.13 N 1035-Ն)
VI. ՀՈՍՊԻՍԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
41. Հոսպիսային օգնությունը տրամադրվում է մահամերձ վիճակում գտնվող քաղաքացուն կյանքի վերջին ամիսների, օրերի ընթացքում՝ բժշկի եզրակացության և հոսպիսային օգնություն տրամադրող կազմակերպությանը հաճախորդի կամ նրա հարազատների գրավոր դիմումի հիման վրա:
42. Հոսպիսային օգնություն հաճախորդներին տրամադրվում է հոսպիսային օգնություն տրամադրող կազմակերպություններում (անկախ կազմակերպական-իրավական ձևից), հաստատություններում` առանձնացված բաժանմունքներում, ինչպես նաև` տնային պայմաններում:
(42-րդ կետը փոփ. 13.09.13 N 1035-Ն)
43. Հոսպիսային օգնության տրամադրումը ձևակերպվում է հոսպիսային օգնություն տրամադրող կազմակերպության ղեկավարի հրամանով:
44. Հոսպիսային օգնության շրջանակում հաճախորդին տրամադրվում է բժշկական և սոցիալ-հոգեբանական օգնություն:
45. Հաճախորդի ընտանիքի անդամներին հոսպիսային օգնության շրջանակում համապատասխան մասնագետները տրամադրում են սոցիալ-հոգեբանական օգնություն:
(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 03.09.10 N 1123-Ն, 13.09.13 N 1035-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ԾԵՐ ԵՎ հաշմանդամություն ունեցող ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(վերնագիրը փոփ. 13.09.13 N 1035-Ն)
Հոգեկան խանգարումներ, բացառությամբ բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ հաստատություն ընդունվելու դեպքերի
Քրոնիկ ալկոհոլամոլություն կամ թմրամոլություն
Մաշկային վարակիչ հիվանդություն, սեռավարակներ` հիվանդության վարակի շրջանում
Օնկոլոգիական հիվանդություններով` դեկոմպենսացիայի շրջանում, բացառությամբ հոսպիսային օգնության տրամադրման դեպքի
Ինֆեկցիոն հիվանդություններ՝ հիվանդության սուր շրջանում
Տուբերկուլոզ` հիվանդության վարակի շրջանում
(հավելվածը փոփ. 03.09.10 N 1123-Ն, 13.09.13 N 1035-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |