Գլխավոր տեղեկություն
Համար
N 120-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.03.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.02.27/11(951) Հոդ.125
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.02.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 փետրվարի 2013 թվականի N 120-Ն

 

ՀԱՅԱՏԱՌ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԹՎԱՆՇԱՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ (ԹՎԱՆՇԱՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հայատառ գրադարանային հավաքածուի թվանշանային տարբերակի (թվանշանային գրադարանի) կազմակերպման և համակարգման կարգը` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 19

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

փետրվարի 14-ի N 120-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՏԱՌ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԹՎԱՆՇԱՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ (ԹՎԱՆՇԱՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածուի բաղկացուցիչ մաս կազմող հայատառ գրադարանային հավաքածուների թվանշանային տարբերակի (այսուհետ` թվանշանային գրադարան) կազմակերպման և համակարգման հետ կապված հարաբերությունները:

2. Թվանշանային գրադարանի ստեղծման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության գրավոր ժառանգության մաս կազմող հայատառ, ինչպես նաև Հայաստանի ու հայերի վերաբերյալ (այսուհետ` հայագիտական) համակարգված տեղեկույթից օգտվելու հնարավորության ապահովումն է:

3. Հայաստանի ազգային գրադարանը կազմակերպում և համակարգում է թվանշանային գրադարանի ստեղծման աշխատանքները։

4. Թվանշանային գրադարանի գործունեությունը ներառում է տեղեկույթի հավաքումը, մշակումը, միասնական ձևաչափին համապատասխանեցումը և սույն կարգով ու այլ իրավական ակտերով սահմանված նպատակներով շրջանառության մեջ դնելը:

5. Թվանշանային գրադարանը կազմվում է հրապարակման ենթակա գրադարանային փաստաթղթի բովանդակության թվայնացված պատճենից և մատենագիտական գրացուցակից (մետա տվյալներ):

6. Թվանշանային գրադարանն ստեղծվում է` պահպանելով «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

 

II. ՍՈՒՅՆ ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7. Սույն կարգում օգտագործված են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) թվանշանային գրադարան` համապատասխան ծառայություններով հագեցված այնպիսի տվյալների կառավարելի հավաքածու, որը պահվում է թվային ձևաչափով և մատչելի է համակարգչային ցանցի օգնությամբ.

2) թվանշանային գրադարանի ստեղծում` բազմափուլ գործընթաց, որը ներառում է համապատասխան սարքաշարերի ու ծրագրաշարերի ձեռքբերումն ու տեղակայումը ծրագրատեխնիկական միջավայր, ինչպես նաև հայագիտության վերաբերյալ տեղեկույթին տիրապետող և տրամադրող անձանցից (իրավաբանական և ֆիզիկական) այդ տեղեկույթի ստացման ու նյութերի շուրջօրյա հասանելիության և դրանց ավտոմատ արխիվացման հնարավորության ապահովումը.

3) թվանշանային գրադարանի պաշարներ` գրադարաններում հավաքված` հայատառ, Հայաստանի և հայերի մասին փաստաթղթերի ամբողջություն.

4) օգտատերեր` թվանշանային գրադարանի ծառայություններից օգտվող ֆիզիկական կամ իրավաբանական անձ:

 

III. ԹՎԱՆՇԱՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Թվանշանային գրադարանի ձևավորման առաջնահերթություններն են`

1) գրավոր հուշարձանները.

2) փորձաքննությամբ արժևորված փաստաթղթերը.

3) պարտադիր օրինակները, որոնք ունեն առանձնահատուկ պատմական, գիտական, մշակութային նշանակություն.

4) հայագիտական գրադարանային փաստաթղթերը:

9. Գրադարանային փաստաթղթի թվանշանային տարբերակն ստեղծվում է երկու օրինակից.

1) «Մայր օրինակ»` փաստաթղթի բարձր որակի պատկեր, որը նախատեսված է երկարաժամկետ պահպանության և որակյալ տպագրության համար.

2) «Աշխատանքային օրինակ»` փաստաթղթի ցածր որակի պատկեր՝ համացանցում դիտելու համար։

10. Թվանշանային գրադարանի պաշարները ձևավորվում են`

1) ազգային գրադարանային հավաքածուից.

2) իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից թվայնացված և Հայաստանի ազգային գրադարանին անհատույց տրամադրված թվային պատճեններից.

3) Հայաստանի ազգային գրադարանի կողմից գնմամբ ձեռք բերված թվային պատճեններից.

4) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության (այսուհետ` նախարարություն) համաձայնությամբ թվային պատճենների փոխանակությունից:

11. Սույն կարգի 10-րդ կետի 4-րդ ենթակետի իրականացման համար թվանշանային գրադարանի պաշարներ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք նախարարություն են ներկայացնում փոխանակման ենթակա թվանշանային գրադարանի պաշարների մասին տեղեկույթ: Այն 5-օրյա ժամկետով ուղարկվում է Հայաստանի ազգային գրադարան` տեղեկույթի համարժեքության և սույն կարգի 2-րդ կետի պահանջներին համապատասխանության հարցի քննարկման նպատակով: Հայաստանի ազգային գրադարանը տալիս է եզրակացություն ներկայացված տեղեկույթի փոխանակության համարժեքության կամ անհամարժեքության մասին: Ներկայացված եզրակացության հիման վրա նախարարությունը տալիս է համաձայնություն կամ մերժում է թվային պատճենների փոխանակությունը: Համաձայնության առկայության դեպքում Հայաստանի ազգային գրադարանը ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքում է պայմանագիր թվային պատճենների փոխանակության մասին:

12. Թվանշանային գրադարանը գործում է շուրջօրյա` ապահովելով պահպանվող տեղեկույթի անվտանգությունն ու օգտատերերի հետ անխափան կապը:

 

IV. ԹՎԱՆՇԱՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ

 

13. Թվանշանային գրադարանն ապահովում է հայատառ և հայագիտական թվայնացված օրինակի օգտագործումը` ինչպես գրադարանում, այնպես էլ` առցանց:

14. Հայատառ և հայագիտական գրադարանային փաստաթղթերի մատենագիտական գրացուցակը (մետա տվյալներ) օգտատերերին տրամադրվում է ազատ դիտման կարգավիճակով:

15. Թվանշանային գրադարանի առկա պատճեններն օգտատերերին տրամադրվում են ազատ դիտման կարգավիճակով (անվճար)` ներբեռնելու և պատճենելու հնարավորությամբ` բացառությամբ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

16. «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա տրամադրվող թվանշանային գրադարանի առկա պատճեններից ներբեռնելու և պատճենելու հնարավորությունը տրամադրվում է պայմանագրային հիմունքներով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան