ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
«ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-266 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին հոդվածով.
«Հոդված 4.1. |
Սահմանապահ զորքերի հրամանատարի նշանակումը և ազատումը |
1. Սահմանապահ զորքերի հրամանատարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ՝ լիազորված մարմնի ղեկավարի գրավոր միջնորդության հիման վրա:
2. Վարչապետի առաջարկությունը ներկայացվում է գրավոր և ներառում է պաշտոնի նշանակմանը ներկայացված անձի անունը, ազգանունը, հայրանունը, տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին և կոչումը:
3. Սահմանապահ զորքերի հրամանատար նշանակելու մասին վարչապետի առաջարկությանը կցվում են լիազորված մարմնի ղեկավարի միջնորդությունը, որը ներառում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվությունը և պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:
4. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:
5. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
6. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է համապատասխան հրամանագիրը:
7. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն:
8. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված պահանջները, ապա համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի՝ տվյալ անձը պաշտոնի նշանակված կամ պաշտոնից ազատված է համարվում իրավունքի ուժով՝ սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրվում է վարչապետի կողմից և հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-271-Ն |