Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1051
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.10.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.10.17/50(924) Հոդ.1098
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
09.10.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
09.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2012

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

9 հոկտեմբերի 2012 թ.

 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակից Ա. Վարդևանյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի առաջատար մասնագետ Հ. Սարդարյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` 28.04.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 2008 թվականի հունիսի 17-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2008 թվականի հուլիսի 12-ին և ուժի մեջ է մտել 2008 թվականի օգոստոսի 2-ին:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է.

«1. Իրավասու դատարանը չեղյալ է ճանաչում ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը, եթե`

1) պահանջը ենթակա չէ քննության ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից.

2) ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել սույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ.

3) բացահայտվել են ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ»:

Քանի որ տվյալ հոդվածն այլ մասեր չունի, ուստի սահմանադրական դատարանը քննության առարկա է դիտել հոդվածն ամբողջությամբ:

 

2. Դիմողը վկայակոչելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, Կրեսն ընդդեմ Ֆրանսիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-733, ՍԴՈ-747 և ՍԴՈ-906 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները և վիճարկելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի սահմանադրականությունը` գտնում է, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածների 1-ին մասերին:

Ի հիմնավորումն իր դիրքորոշման` դիմողը, մասնավորապես, ներկայացնում է հետևյալ փաստարկները`

- օրենքը թույլ է տալիս վիճարկել ֆինանսական համակարգի հաշտարարի (այսուհետ` Հաշտարար) որոշումը, սակայն նախատեսում է այն դատարանի կողմից չեղյալ ճանաչելու համար որոշակի հիմքեր, որոնք խիստ սահմանափակ են, ինչի արդյունքում կողմերին չի տրվում Հաշտարարի որոշումն իրավասու դատարանում ըստ էության վիճարկելու հնարավորություն, մասնավորապես` որոշման հիմքում ընկած փաստական հանգամանքները վիճարկելու հնարավորություն.

- Հաշտարարի որոշումները կողմերի համար ունեն պարտադիր ուժ, ուստիև պետք է այդ որոշումների ըստ էության դատական քննության հնարավորություն ընձեռվի` կողմերի ցանկությամբ.

- օրենքի վիճարկվող նորմն առավելապես կազմակերպություններին է զրկում դատական պաշտպանության իրավունքից օգտվելու հնարավորությունից, քանզի Հաշտարարի որոշումները կողմերի համար պարտադիր են դառնում Հաճախորդի կողմից դրանք անվերապահորեն և գրավոր ձևով ընդունելու պարագայում միայն, մինչդեռ կազմակերպությունները զրկվում են այդ որոշումներն արդյունավետ կերպով դատական կարգով վիճարկելու հնարավորությունից, քանզի օրենքի վիճարկվող նորմում զետեղված երեք հիմքերից ոչ մեկը չի վերաբերում որոշման ըստ էության բողոքարկմանը և/կամ վիճարկմանը:

 

3. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկներին, պնդում է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը` Հաշտարարի որոշումն իրավասու դատարանի կողմից չեղյալ ճանաչելու սահմանափակումների առումով, համահունչ է ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածների 1-ին մասերին, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` դատական քննության մատչելիության և արդար դատաքննության իրավունքներին:

Ըստ պատասխանողի` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` գործերի քննության պրակտիկան փաստում է, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի` արդար դատաքննությանը վերաբերող 6-րդ հոդվածը տարածվում է նաև վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների, այդ թվում` օմբուդսմենների վրա, եթե դրանք առնվազն կողմերից մեկի համար պարտադիր կատարման որոշում կայացնելու իրավունք ունեն, և ամրագրված է կողմերից թեկուզև մեկի պարտականությունը` վեճը լուծել տվյալ վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմի միջոցով:

Համադրելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռներում ամրագրված սկզբունքները և «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները` պատասխանող կողմը փաստում է, որ Հաշտարարի գրասենյակը համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սահմանած` «օրենքի ուժով ստեղծված տրիբունալ» հասկացությանը:

Վկայակոչելով Հաշտարարի` ֆինանսական ոլորտում մասնագիտացված մարմին լինելու հանգամանքը, պատասխանողը գտնում է, որ այդ առումով լիովին տրամաբանական է, որպեսզի Հաշտարարի որոշումը բողոքարկվի միայն համապատասխան ընթացակարգերի չպահպանման կամ Հաշտարարի անաչառությունը բացառող հիմքերի առկայության դեպքերում, քանզի պրոֆեսիոնալ մարմնի կողմից նյութաիրավական նորմերի սխալ կիրառումը կարող է պայմանավորված լինել բացառապես աչառու մոտեցման ցուցաբերմամբ:

 

4. Սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական վեճի շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում բացահայտել.

- Հաշտարարի ինստիտուտի դերը և նշանակությունն անձի խախտված իրավունքների վերականգնման և վեճերի լուծման գործում` որպես ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով սահմանված իրավունքների իրացումն ապահովող այլընտրանքային հնարավորություն.

- Հաշտարարի ինստիտուտի հետ հաճախորդների և կազմակերպությունների համագործակցության իրավական շրջանակները.

- Հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումների բողոքարկման իրավակարգավորումների սահմանադրաիրավական բովանդակությունը:

 

5. Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ֆինանսական համակարգի հաշտարարի (օմբուդսմենի) ինստիտուտը հանդիսանում է վեճերի այլընտրանքային լուծման ինքնուրույն ձև (Alternative Dispute Resolution), ինչն էլ իրենից ներկայացնում է վեճերի արտադատական լուծման համակարգ: Ֆինանսական համակարգի հաշտարարի և նրա գործունեության հետ կապված բնութագրիչ հատկանիշները հիմնականում հանգում են հետևյալին.

- ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը վեճերի լուծման այլընտրանքային ձև է.

- ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը հանդիսանում է իրավական վեճը լուծելու և այդ շրջանակներում խախտված իրավունքները վերականգնելու արտադատական մարմին.

- ֆինանսական համակարգի հաշտարարի հետ կողմերը համագործակցում են իրենց կամահայտնությամբ.

- ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները, որպես կանոն, պարտադիր չեն ֆինանսական ոլորտում սպառողի (հաճախորդի) համար.

- ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները, որպես կանոն, պարտադիր են ֆինանսական կազմակերպության համար.

- ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը ֆինանսավորվում է հիմնականում իրենց իսկ` ֆինանսական կազմակերպությունների կողմից.

- ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը հանդիսանում է առավելապես սպառողների իրավունքների և օրինական շահերի արտադատական պաշտպանության ձև.

- պահպանելով չեզոքություն` ֆինանսական համակարգի հաշտարարը կողմերին օգնություն է ցուցաբերում հաշտեցման միջոցով հասնելու կառուցողական որոշումների կայացման:

 

6. Հայաստանի Հանրապետությունում Հաշտարարի ինստիտուտը ներդրվել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով` հիմք ընդունելով «Դատարանների աշխատանքի չափազանց ծանրաբեռնվածությունը կանխելու և նվազեցնելու միջոցառումների վերաբերյալ» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1986 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ R (86)12 հանձնարարականը և «Սպառողների վեճերի արտադատական լուծման համար պատասխանատու մարմինների վրա տարածվող սկզբունքների մասին» Եվրոպական հանձնաժողովի 1998 թվականի մարտի 30-ի թիվ 98/257/EC հանձնարարականում ամրագրված սկզբունքները: Նպատակ է հետապնդվել նաև ապահովել ֆիզիկական անձ սպառողների (այսուհետ` Հաճախորդ) և ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիա ունեցող` օրենքով նախատեսված անձանց (այսուհետ` Կազմակերպություններ) միջև ծագած գույքային պահանջների արագ, արդյունավետ, անվճար և մասնագիտական քննության իրականացումը, ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը և ֆինանսական միջնորդության ավելացումը:

Համաձայն վեճի առարկա օրենքի` Հաշտարարն իրավասու է քննել Հաճախորդների կողմից Կազմակերպությունների դեմ ներկայացված այն պահանջները, որոնք կապված են Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների հետ և պարունակում են տասը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ:

Հաշվի առնելով վերոհիշյալ նպատակները և դրանց կենսագործման անհրաժեշտությունը` սահմանադրական դատարանը կարևորում է Հաշտարարի ինստիտուտի դերը և նշանակությունը անձանց իրավունքների պաշտպանության, խախտված իրավունքների վերականգնման և վեճերի լուծման գործում` որպես ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով սահմանված իրավունքների իրացումն ապահովող այլընտրանքային, իրավական հնարավորություն:

 

7. Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը կարևորում է Հաշտարարին ուղղված պահանջի քննության ընթացակարգի մասնակիցների (Հաճախորդի և Կազմակերպության) կարգավիճակների վերլուծությունը` Հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման բողոքարկման ինստիտուտի իրացման արդյունավետության տեսանկյունից, և հարկ է համարում վիճարկվող դրույթը դիտարկել օրենքի այլ դրույթների (մասնավորապես` 4, 12, 16 և 18-րդ հոդվածների) հետ համակարգային ամբողջականության տեսանկյունից:

Օրենքի դրույթների համակարգային վերլուծության արդյունքում սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հաճախորդի համար Հաշտարարի հետ համագործակցելն օրենսդիրն ամրագրել է որպես իրավունք, մասնավորապես սահմանելով, որ Հաճախորդն իրավունք ունի դիմելու Հաշտարարին` անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք Հաճախորդի և Կազմակերպության միջև կնքված պայմանագրով նախատեսված է, թե` ոչ: Ավելին, օրենսդիրը հստակ սահմանել է, որ Հաշտարարին դիմելու` Հաճախորդի իրավունքը սահմանափակող համաձայնությունը կամ պայմանն առոչինչ է: Հաշտարարի կողմից պահանջն ընդունելու, քննելու և որոշում կայացնելու կապակցությամբ Հաճախորդից որևէ վճար չի գանձվում:

Ինչ վերաբերում է Հաշտարարի հետ Կազմակերպության համագործակցությանը, ապա Կազմակերպությունը պարտավոր է համագործակցել Հաշտարարի հետ` վերջինիս պահանջով օրենքով սահմանված ժամկետում, իսկ նման ժամկետ սահմանված չլինելու դեպքում` ողջամիտ ժամկետում ներկայացնել փաստաթղթեր, տալ բացատրություններ ու պարզաբանումներ, Հաշտարարին տրամադրել պահանջին առնչվող այն նյութերը, որոնք գտնվում են իր մոտ, եթե անգամ դրանք պարունակում են բանկային, ապահովագրական կամ առևտրային գաղտնիք (12-րդ հոդվածի 1-ին մաս): Ավելին, Հաշտարարը կարող է որոշում կայացնել իր հետ բավականաչափ չհամագործակցող Կազմակերպությանը նախազգուշացնելու մասին, և եթե նման նախազգուշացում ստացած Կազմակերպությունը շարունակում է չհամագործակցել կամ բավականաչափ չհամագործակցել Հաշտարարի հետ, վերջինս կարող է որոշում կայացնել Կազմակերպությանը չհամագործակցող ճանաչելու մասին: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերջին դեպքում սույն գործով քննության առարկա օրենքը չի սահմանում կոնկրետ հետևանք:

 

8. Վեճի առարկա օրենքը կանոնակարգելով Հաճախորդի պահանջը քննության առնելու և դրա հիման վրա որոշում կայացնելու հարաբերությունները` սահմանել է, որ այն դեպքում, երբ Հաշտարարի որոշումն առաքելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում Հաճախորդն անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնվում է որոշման հետ, վերջինս կողմերի համար դառնում է պարտադիր: Նշված դրույթից բխում է, որ Հաշտարարի կողմից ընդունված որոշումն ի սկզբանե միայն Հաշտարարի կողմից այն ընդունելու փաստի ուժով կողմերի համար ձեռք չի բերում իմպերատիվ նշանակություն, և միայն Հաճախորդի կողմից այն ընդունելու դեպքում է որոշումը դառնում պարտադիր: Այստեղից հետևում է, որ մինչև անվերապահորեն և գրավոր ձևով որոշմանը համաձայնելը կամ որոշմանը չհամաձայնելու դեպքում ինչպես Հաճախորդը, այնպես էլ Կազմակերպությունը կարող են դիմել դատարան և պահանջել գործի ըստ էության քննություն: Ինչն էլ փաստում է, որ այդ դեպքերում Հաճախորդը և Կազմակերպությունը չեն զրկվում ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով երաշխավորված իրենց իրավունքների իրացման հնարավորությունից: Այդ է վկայում նաև այն հանգամանքը, որ օրենսդիրը որպես պահանջի քննության դադարեցման հիմք, ի թիվս այլնի, նախատեսել է նաև, որ եթե պահանջի քննության ընթացքում պարզվում է, որ պահանջի առարկայի վերաբերյալ առկա է դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վճիռ, կամ պահանջի քննության ընթացքում պարզվում է, որ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում քննվում է Հաճախորդի և Կազմակերպության միջև նույն պահանջի վերաբերյալ գործ, ապա Հաշտարարն իր որոշմամբ դադարեցնում է պահանջի քննությունը: Այս կանոնակարգումից հետևում է, որ օրենսդիրը բացառում է ֆինանսական ոլորտում օրենքով նախատեսված շրջանակներում գույքային պահանջի քննության կառուցակարգային անարդյունավետության դրսևորում:

Միաժամանակ հարկ է նշել, որ Հաշտարարի որոշումը միայն Հաճախորդի կողմից այն ընդունելու պարագայում դառնում է պարտադիր ոչ միայն իր, այլև մյուս կողմի` Կազմակերպության համար, և վերջինս արդեն այդ որոշումը կարող է վիճարկել դատական կարգով` բացառապես սույն գործով քննության առարկա հոդվածում ամրագրված հիմքերի շրջանակներում, եթե, իհարկե, նա Հաշտարարի գրասենյակի հետ կնքած գրավոր համաձայնագրով չի հրաժարվել Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից:

«Սպառողների վեճերի արտադատական լուծման համար պատասխանատու մարմինների վրա տարածվող սկզբունքների մասին» Եվրոպական հանձնաժողովի 1998 թվականի մարտի 30-ի թիվ 98/257/EC հանձնարարականով սահմանված վեճերի լուծման արտադատական մարմինների, այդ թվում` օմբուդսմենների /հաշտարարների/ գործունեության սկզբունքներից ազատության սկզբունքի բովանդակությունը հանգում է հետևյալին` որոշումը կողմերի համար կարող է դառնալ պարտադիր միայն այն դեպքում, երբ կողմերը նախապես տեղյակ են եղել որոշման պարտադիր բնույթի մասին և հատուկ ընդունել են այն:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոհիշյալ հարցով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներն ուղղակի նախատեսում են Հաճախորդի ազատ կամահայտնությունը: Օրենքում առկա չէ որևէ դրույթ, որն ուղղակիորեն կվերաբերի Հաշտարարի որոշումը Կազմակերպության կողմից «հատուկ ընդունելուն», սակայն օրենքը նախատեսում է դրույթ, համաձայն որի` Կազմակերպությունը կարող է Հաշտարարի գրասենյակի հետ կնքել գրավոր համաձայնագիր Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ (մասնավորապես` հոդվածներ 7 և 16): Վերջինս, հանդիսանալով Կազմակերպության ազատ կամահայտնության արդյունք, ըստ էության հավասարազոր է Հաճախորդի կողմից անվերապահորեն և գրավոր ձևով Հաշտարարի որոշումներին համաձայնելուն, այսինքն` այդ դեպքում կողմերը կամավոր սահմանափակում են ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով սահմանված իրենց իրավունքների լիարժեք իրացման հնարավորությունը:

Ելնելով վերոգրյալից` սահմանադրական դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ Կազմակերպությունը Հաշտարարի գրասենյակի հետ կնքված գրավոր համաձայնագրով, այսինքն` իր ազատ կամահայտնությամբ, հրաժարվում է Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, օրենքով սահմանված հիմքերով Հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը վիճարկելու սահմանափակ հնարավորություն նախատեսելն իրավաչափ է և սահմանադրականության խնդիր չի հարուցում: Իսկ այն դեպքում, երբ առկա չէ հիշյալ գրավոր համաձայնագիրը, Հաշտարարի որոշումներն իրավասու դատարան վիճարկելու հիմքերի սահմանափակումը` այնքանով, որքանով չի նախատեսում այդ որոշումները դատական կարգով ըստ էության վիճարկելու հնարավորություն, իրավաչափ չէ և հանգեցնում է ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով սահմանված իրավունքների իրացման արգելափակմանը: Իսկ մարդու և քաղաքացու հիշյալ իրավունքներն ու ազատությունները, ինչպես և սահմանված է ՀՀ Սահմանադրության 42.1-րդ հոդվածով, տարածվում են իրավաբանական անձանց վրա` այնքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ: Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը կարևոր է համարում շեշտել, որ այդ իրավունքների ու ազատությունների` իրավաբանական անձանց նկատմամբ կիրառելի լինելու իրավակարգավորիչ դերը երաշխավորում է ոչ միայն իրավաբանական անձանց, այլև դրանցում միավորված ֆիզիկական անձանց իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության իրավական հնարավորություն:

Սահմանադրական դատարանն իր` ՍԴՈ-652, ՍԴՈ-665, ՍԴՈ-673, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-954 և մի շարք այլ որոշումներում անդրադառնալով դատական պաշտպանության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանը, մասնավորապես, իրավական դիրքորոշումներ է արտահայտել այն մասին, որ անձի իրավունքների ապահովման ու պաշտպանության տեսանկյունից ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի նպատակն է նաև իրավունքների խախտումների մասին անձի պնդումների դատական քննության և այդպիսի խախտումների հետևանքները վերացնելու իրավունքի երաշխավորումը: Այդ իրավունքը սահմանափակման ենթակա չէ:

Միաժամանակ, սահմանադրական դատարանը գտնում է, որ եթե անձն իր իրավունքների պաշտպանության համար կամովի չի դիմել դատարան, այլ ընտրել է իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության` օրենքով նախատեսված արտադատական միջոց և ազատ կամահայտնությամբ ի կատարումն ընդունել արտադատական միջոցով կայացված որոշումը, նման իրավակարգավորումը չի կարող հանգեցնել ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների սահմանափակման:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

 1. «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի, ինչպես նաև այդ հոդվածի հետ համակարգային առումով փոխկապակցված 18-րդ հոդվածի դրույթներով Կազմակերպության` դատարան դիմելու իրավունքի սահմանափակումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը միայն այն իրավակարգավորման շրջանակներում, երբ Կազմակերպությունը ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից կամովի հրաժարվելու վերաբերյալ օրենքով սահմանված կարգով համաձայնագիր է կնքել վերջինիս գրասենյակի հետ:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

9 հոկտեմբերի 2012 թ.

ՍԴՈ-1051

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան