Գլխավոր տեղեկություն
Համար
N 1138-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.10.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.09.26/47(921) Հոդ.1040
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.08.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 օգոստոսի 2012 թվականի N 1138-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» ենթակետով.

«դ) զինծառայողների և քաղաքացիական ծառայողների կողմից բնակելի տարածությունների վարձակալության համար դրամական փոխհատուցման վճարման կարգը` համաձայն հավելվածի:».

2) ուժը կորցրած ճանաչել 12-րդ կետը.

3) որոշումը լրացնել նոր հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, բնակելի տարածությունների վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստացող և սույն որոշման պահանջներին չհամապատասխանող բնակելի տարածությունների վարձակալության պայմաններ ունեցող զինծառայողները և քաղաքացիական ծառայողները շարունակում են օգտվել փոխհատուցում ստանալու իրավունքից` մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը, որից հետո նրանց վճարվող փոխհատուցման չափերը ենթակա են փոփոխման, կամ վճարվող փոխհատուցումը ենթակա է դադարեցման` սույն որոշման պահանջներին համապատասխան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 14

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 30-ի N 1138-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2000 թվականի

նոյեմբերի 27-ի N 778 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` համապատասխան մարմիններ) համակարգերի զինծառայողների և քաղաքացիական ծառայողների կողմից վարձակալված բնակելի տարածությունների դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է համապատասխան մարմինների համակարգերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց (ներառյալ կադրերի տրամադրության տակ գտնվող զինծառայողները և քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձինք) ու նրանց ընտանիքների անդամների վրա:

3. Սույն կարգի համաձայն համապատասխան մարմինների համակարգերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց (այսուհետ` շահառու) ընտանիքի անդամ են համարվում՝

1) ամուսինը և 18 տարին չլրացած երեխաները.

2) համատեղ բնակվող` անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաև համատեղ բնակվող` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը:

4. Սույն կարգի համաձայն վարձակալված բնակելի տարածությունների դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունք ունեն այն շահառուները, ովքեր ծառայության անցկացման վայրում չեն ապահովվել ծառայողական բնակելի տարածությունով և ծառայության անցկացման վայրի վարչական տարածքի ու շահառուի մշտական բնակության հաշվառման կամ սեփականության իրավունքով բնակելի տարածության գտնվելու վայրի վարչական տարածքի հեռավորությունը կազմում է 30 և ավելի կիլոմետր: Սույն կետի համաձայն Հայաստանի Հանրապետության վարչական տարածքների միջև հեռավորությունների մասին տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը` համապատասխան մարմնի հարցման հիման վրա:

5. Շահառուն չի օգտվում բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունքից`

1) ծառայության անցկացման վայրի վարչական տարածքում մշտական բնակության հաշվառում կամ սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու և տվյալ վայրում ծառայության ընթացքում մշտական բնակության հաշվառման վայրը փոխելու կամ բնակելի տարածության սեփականության իրավունքն օտարելու դեպքում.

2) շահառուի ընտանիքի անդամի կողմից շահառուի ծառայության անցկացման վայրի վարչական տարածքից մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ միանձնյա սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու դեպքում:

6. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը վճարվում է յուրաքանչյուր ամիս` բնակելի տարածության վարձակալության պայմանագրում նշված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան`

1) Երևան քաղաքում` մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 45000 դրամ, 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 67500 դրամ.

2) այլ քաղաքներում` մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 24000 դրամ, 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 36000 դրամ.

3) այլ բնակավայրերում` մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 15000 դրամ, 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 22500 դրամ:

7. Սույն կարգի համաձայն շահառու անձանց բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու գործընթացն ապահովելու նպատակով համապատասխան մարմնում ստեղծվում է կենտրոնական բնակարանային հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով), որի անհատական կազմը և աշխատակարգը հաստատում է համապատասխան մարմնի ղեկավարը: Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան երկու ամիսը մեկ անգամ: Նիստն իրավազոր է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Յուրաքանչյուր նիստ արձանագրվում է: Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և նիստին ներկա հանձնաժողովի անդամները:

8. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու նպատակով շահառուն իր ծառայության վայրի զորամասի հրամանատարի (կադրերի տրամադրության տակ գտնվելու կամ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված լինելու դեպքում` կադրային մարմնի ղեկավարի) միջնորդագրով հանձնաժողով է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում.

2) տվյալ զորամասում ծառայության նշանակվելու (կադրերի տրամադրության տակ թողնվելու կամ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցվելու) հրամանի պատճենը և ծառայության մեջ գտնվելու մասին տեղեկանք՝ զորամասից (կադրային մարմնից).

3) տեղեկանք՝ զորամասից (կադրային մարմնից) շահառուի ընտանիքի կազմի մասին` նշելով վարձակալված բնակելի տարածությունում նրա հետ բնակվող անձանց անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան թիվը, ազգակցական կապը, ուսման վայրը (համաձայն N 1 ձևի): Եթե զինծառայողն ամուսնացած չէ, ապա տեղեկանքով հաստատվում է միայն վարձակալությամբ բնակվելու հանգամանքը` նշելով վարձակալված բնակելի տարածության հասցեն.

4) վարձակալված բնակելի տարածությունում շահառուի հետ բնակվող անձանց ուսման վայրից տեղեկանք.

5) վարձակալված բնակելի տարածությունում շահառուի հետ բնակվող անձանց հաշմանդամությունը կամ անգործունակությունը (եթե այդպիսիք առկա են) հաստատող փաստաթղթի պատճենը.

6) շահառուի և վարձակալված բնակելի տարածությունում նրա հետ բնակվող չափահաս անձանց անձնագրերի պատճենները` հաշվառման էջով, ամուսնության վկայականի և անչափահաս անձանց ծննդյան վկայականների պատճենները` հաստատված զորամասի հրամանատարի (կադրային մարմնի ղեկավարի) կողմից.

7) տեղեկանք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ցանկացած սպասարկման գրասենյակից` ծառայության անցկացման վայրի վարչական տարածքում շահառուի և նրա հետ բնակվող չափահաս անձանց սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու մասին.

8) տեղեկանք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումից` շահառուի կողմից բնակելի տարածության վարձակալության և վարձավճարի չափի մասին (համաձայն N 2 ձևի):

9. Սույն կարգի 8-րդ կետի 7-րդ և 8-րդ ենթակետերով նախատեսված տեղեկանքները հիմք են ընդունվում ոչ ավելի, քան երկու ամիս վաղեմության ժամկետ ունենալու դեպքում:

10. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու դիմումը մերժվում է, եթե շահառուի բնակարանային պայմանները չեն բավարարում սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերի պահանջները: Սույն կարգի 8-րդ կետում նախատեսված փաստաթղթերը թերի ներկայացվելու դեպքում շահառուին գրավոր առաջարկվում է 15-օրյա ժամկետում լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ նշված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացվելու դեպքում դիմումը մերժվում է:

11. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը վճարվում է սույն կարգով սահմանված պահանջները բավարարող շահառուի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողով մուտք լինելու ամսվա 1-ից սկսած:

12. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման չափը կարող է փոփոխվել շահառուի դիմումի հիման վրա կամ հանձնաժողովի նախաձեռնությամբ` շահառուի ընտանիքի անդամների թվի ավելանալու կամ նվազելու դեպքում` հաշվի առնելով սույն կարգի 3-րդ և 6-րդ կետերի պահանջները:

13. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստացող և օրենքով սահմանված կարգով կադրերի տրամադրության տակ թողնված կամ կադրերի ռեզերվում գրանցված շահառուին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը վճարվում է կադրերի տրամադրության տակ թողնելու կամ կադրերի ռեզերվում գրանցելու՝ օրենքով սահմանված ամբողջ ժամկետի ընթացքում՝ բացառությամբ շահառուի կողմից օտարերկրյա պետություն ուսման կամ ծառայության գործուղվելիս, եթե շահառուն չունի ընտանիք կամ շահառուի հետ օտարերկրյա պետություն է մեկնում նաև նրա ընտանիքը, որի դեպքում բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը դադարեցվում է:

14. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունքը շարունակելու համար շահառուն պարտավոր է յուրաքանչյուր տարվա մինչև փետրվարի 15-ը իր ծառայության վայրի զորամաս (կադրային մարմին) ներկայացնել սույն կարգի 8-րդ կետի 8-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքը: Նշված ժամկետի ընթացքում տեղեկանք չներկայացվելու դեպքում բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը դադարեցվում է, և տվյալ տարվա հունվար ամսվա ընթացքում վճարված փոխհատուցման գումարը ենթակա է վերադարձման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

 

Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Տրվում է զինծառայող/քաղծառայող ———————————- այն մասին, որ նա ընտանիքի —— անձով վարձակալության իրավունքով բնակվում է —————- քաղաքի (համայնքի) ——————————————————————————— հասցեում:

Նշված հասցեում նրա հետ համատեղ բնակվում են՝

 

Ազգանունը, անունը,
հայրանունը

Ազգակցական
կապը

Ծննդյան
թիվը

Ուսման
վայրը

       
       

 

Զորամասի հրամանատար (կադրային մարմնի ղեկավար) ________________

____________________________________

 (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.  

 

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Տրվում է ——————————————այն մասին, որ ներկայացված անշարժ

                (զինծառայողը/քաղծառայողը)

գույքի վարձակալության պայմանագրի համաձայն վարձակալական հիմունքներով

բնակվում է ———————————————- հասցեում` —————————

(քաղաքը (համայնքը)

(պայմանագրի

———————————————————————- -ից:

      կնքման օրը, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)

 

Վարձավճարի չափը կազմում է ————————- դրամ:

 

Տրվում է ներկայացնելու ———————————————————————-:

(համապատասխան մարմնի անվանումը)

_____________________________________________________________

(ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի

տարածքային ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը, անունը, ազգանունը)

_____________________________________________________________

(տեղեկանքի համարը, տալու օրը, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)

 

Կ.Տ.»։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան