Գլխավոր տեղեկություն
Համար
N 707-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.08.2011-19.01.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.29/41(413) Հոդ.803
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 14 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հունիսի 2005 թվականի N 707-Ն

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ բաժնի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 11
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 1-ի N 707-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզավորմանը ներկայացվող պահանջները, «Լիցենզավորման մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան:

2. Միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:

3. Միջուկային տեղակայանքները շահագործումից հանվում են օրենքով` կառավարության ներկայացմամբ:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Այն միջուկային տեղակայանքների hամար, որոնց նախագծով շահագործումից հանելու գործընթաց նախատեսված չէ, միջուկային տեղակայանքը շահագործումից հանելու գործընթացն սկսելուց առնվազն 5 տարի առաջ շահագործող կազմակերպությունը կարգավորող մարմին է ներկայացնում միջուկային տեղակայանքի շահագործումից հանելու լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրերը:

(4-րդ կետը լրաց. 16.11.06 N 1664-Ն)

5. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) («ա» ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)

բ) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

գ) տեղեկություն միջուկային տեղակայանքի շահագործումից հանելու ֆինանսական միջոցների կուտակման մասին.

դ) միջուկային տեղակայանքի շահագործումից հանելու անվտանգության վերլուծության հաշվետվությունը.

ե) միջուկային տեղակայանքի շահագործումից հանելու ծրագիրը: Միջուկային տեղակայանքը շահագործումից հանելու ծրագրի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանում է կարգավորող մարմինը:

զ) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը.

է) միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու որակի ապահովման ծրագիրը.

ը) սույն կարգի 5-րդ կետի «դ», «ե», և «է» ենթակետերում նշված փաստաթղթերի փորձաքննության եզրակացությունները.

թ) միջուկային տեղակայանքի շահագործումից հանելու ընթացքում առաջացող ռադիոակտիվ թափոնների կառավարման ծրագիրը.

ժ) միջուկային տեղակայանքի շահագործումից հանելու ընթացքում վթարային հակազդման պլանը.

ժա) («ժա» ենթակետն ուժը կորցրել է 29.05.09 N 602-Ն)

ժբ) հետևյալ լիցենզիաների պատճենները`

միջուկային նյութերի ներմուծման կամ արտահանման,

միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` փոխադրման, պահեստավորման,

ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` փոխադրման, վերամշակման, պահման, թաղման,

միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման:

(5-րդ կետը լրաց., փոփ. 29.05.09 N 602-Ն, փոփ. 28.04.11 N 636-Ն)

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

6. Կարգավորող մարմինը միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզիա ստանալու համար նախատեսված բոլոր փաստաթղթերը քննարկում է դրանք ստանալուց հետո 30 օրվա ընթացքում, իսկ լիցենզիան տալիս կամ մերժում է փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 180 օրվա ընթացքում:

7. Կարգավորող մարմինը ներկայացված փաստաթղթերի քննարկման ընթացքում կարող է պահանջել անվտանգությունը հիմնավորող այլ տեղեկություններ և փաստաթղթեր:

8. Կարգավորող մարմինը միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզիա ստանալու մասին հայտի քննարկումներին կարող է ներգրավել Հայաստանի Հանրապետության և միջազգային կազմակերպությունների փորձագետների:

9. Միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզիայի գործողության ժամկետ է սահմանվում մինչև միջուկային տեղակայանքների հրապարակի ճառագայթային բնութագրերի` կարգավորող վերահսկողությունից ազատման մակարդակներին համապատասխանեցման ավարտը:

 

IV. LԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ

 

10. Միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե`

ա) միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու անվտանգության մակարդակը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

բ) առկա են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը:

11. Հայտի մերժման մասին կարգավորող մարմնի որոշումը հայտատուին է տրվում որոշումն ընդունելուց հետո 3 օրվա ընթացքում:

12. Լիցենզավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

13. Միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզիայի վերաձևակերպմանը կամ գործողության կասեցմանը կամ դադարեցմանը ներկայացվող պահանջները սահմանված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով:

 

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

14. Միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզիայի պայմանների և պահանջների կատարումն օրենքով սահմանված կարգով վերահսկվում է կարգավորող մարմնի կողմից:

15. Միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզիայի պայմաններով և պահանջներով սահմանված դեպքերում անվտանգության տեսակետից կարևոր աշխատանքների իրականացման համար կարգավորող մարմինը տալիս է թույլտվություն: Թույլտվություններ տալու կարգը սահմանում է կարգավորող մարմինը:

16. Միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզիա ստացած իրավաբանական անձինք կարգավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն` օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
     

Մ. Թոփուզյան

Ձև

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

Հ Ա Յ Տ  _ _ _ _

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայտատուն ___________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն,

գտնվելու և գործունեության իրականացնելու վայրը)
____________________________________________________________
____________________________________________________________
2. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ)

գ)

դ)

ե)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

Կազմակերպության տնօրեն

______________
(ստորագրություն)

___________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

 

_____ __________ 200  թ.

 

 

(Ձևը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն. 17.02.11 N 140-Ն)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 1-ի N 707-Ն որոշման

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_951

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _ _ _ _

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ

Տրված` ___ ____________ 200  թ.

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը _______________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________

Լիցենզիան տրվում է մինչև միջուկային տեղակայանքների հրապարակի ճառագայթային բնութագրերը` կարգավորող վերահսկողությունից ազատման մակարդակներին համապատասխանեցման ավարտը:

Կոմիտեի նախագահ

________________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

(Հավելված N2-ը փոփ. 25.10.07 N 1267-Ն, 29.05.09 N 602-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
     

Մ. Թոփուզյան