Գլխավոր տեղեկություն
Համար
N 1028-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.10.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.09.26/48(572) Հոդ.979
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.09.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 սեպտեմբերի 2007 թվականի N 1028-Ն

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԵՌԱՎԱՐ (ԴԻՍՏԱՆՑԻՈՆ) ԵՎ ԴՐՍԵԿՈՒԹՅԱՄԲ (ԷՔՍՏԵՌՆԱՏՈՎ) ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ և 15-րդ հոդվածի 11-րդ մասերի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի հեռավար (դիստանցիոն) և դրսեկությամբ (էքստեռնատով) ուսուցման կարգերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. սեպտեմբերի 18
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
 սեպտեմբերի 6-ի N 1028-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԵՌԱՎԱՐ (ԴԻՍՏԱՆՑԻՈՆ) ՈՒՍՈՒՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կանոնակարգվում են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի հեռավար (դիստանցիոն) ուսուցման (այսուհետ` հեռավար ուսուցում) կազմակերպման և իրականացման հարաբերությունները:

 

II. ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

 

2. Հեռավար ուսուցում կարող են կազմակերպել համապատասխան կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ունեցող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները կամ դրանց առանձնացված ստորաբաժանումները, ինչպես նաև այլ մասնագիտական ուսումնական հաստատություններ (այսուհետ` ուսումնական հաստատություն):

3. Հեռավար ուսուցման սուբյեկտները ուսումնական հաստատության սովորողները (այսուհետ` ուսանողներ) և աշխատողներն են:

4. Ուսանողների իրավունքները և պարտականությունները կրթական ծառայություններ ստանալու, ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազայից օգտվելու առումով հավասարեցվում են ուսուցման այլ ձևերում ընդգրկված ուսանողների իրավունքներին և պարտականություններին:

5. Հեռավար ուսուցմամբ իրականացվող կրթական ծրագրերի բովանդակությունը և տևողությունը` ըստ մասնագիտությունների որոշվում է այդ մասնագիտությունների համար սահմանված պետական կրթական չափորոշիչների պահանջներին համապատասխան:

6. Հեռավար ուսուցմամբ կրթական ծրագրերն իրականացվում են ուսուցման այնպիսի ձևերով, որոնք ուսուցման այլ ձևերից (առկա, հեռակա և այլն) կարող են տարբերվել ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններով, դասավանդման մեթոդներով, ուսուցման տեխնոլոգիաներով, ուսանողի հետ դասախոսի աշխատանքի պարտադիր պարապմունքների ծավալով:

7. Ուսումնական հաստատության խորհրդի կամ տնօրենի որոշմամբ հեռավար ուսուցման տևողությունը կարող է կրճատվել այն ուսանողների համար, ովքեր ունեն հարակից միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն: Կրճատված ժամկետներում կրթական ծրագրի լրիվ յուրացումն իրականացվում է անհատական ժամանակացույցով, որը հաստատվում է ուսումնական հաստատության տնօրենի կողմից:

 

III. ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Ուսումնական հաստատությունում ձևավորվում են առանձին ուսումնական խմբեր, որոնցում ընդգրկված ուսանողների թիվը սահմանվում է ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

9. Ուսումնական գործընթացի կազմակերպման հիմքը տվյալ մասնագիտության ուսումնական պլանն ու առարկայական ծրագրերն են, որոնք կազմվում են տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշչի հիման վրա: Պետական կրթական չափորոշչի բացակայության դեպքում ուսումնական պլանը համաձայնեցվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հետ:

10. Տվյալ մասնագիտության հեռավար ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պլանին և առարկայական ծրագրերին համապատասխան, որոնց բոլոր պահանջները կատարած ուսանողին ամփոփիչ ատեստավորումից հետո հանձնվում է համապատասխան ավարտական փաստաթուղթ` դիպլոմ, և դրա ներդիրը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:

11. Հեռավար ուսուցման գործընթացը կազմակերպվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում կազմված և ուսումնական հաստատության տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան:

12. Հեռավար ուսուցումը հիմնականում կազմակերպվում է ուսանողների և դասախոսների տարածապես անջատ պայմաններում: Նրանց միջև կապն ապահովվում է մեթոդիստների, ինչպես նաև էլեկտրոնային կամ փոստային կապի միջոցով:

13. Ուսանողների համար յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում կազմակերպվում է կարճատև դասընթաց, որի ընթացքում նրանք ծանոթանում են մասնագիտության ուսումնական պլանին, առարկայական ծրագրերի բովանդակությանը, ատեստավորման ձևերին ու կարգին, ուսումնական հաստատության հետ կապ հաստատելու ձևերին, ուսանողի իրավունքներին ու պարտականություններին: Կարճատև դասընթացի տևողությունը չի կարող գերազանցել մեկ շաբաթը:

14. Ուսանողներն ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի սկզբին մեթոդիստներից ստանում են ուսումնական պլանով տվյալ կիսամյակի համար նախատեսված առարկաների ինքնուրույն ուսումնասիրման անհրաժեշտ ուսումնամեթոդական փաստաթղթերի փաթեթներ, որոնք տրամադրվում են թղթային կամ էլեկտրոնային տեսքով, ինչպես նաև ինտերնետային ցանցով:

15. Ուսանողի հետ կապն էլեկտրոնային միջոցներով իրականացվելու դեպքում յուրաքանչյուր ուսանողի համար ուսումնական հաստատությունում բացվում է անհատական էջ` համապատասխան ծածկագրով: Այլ միջոցներով կապն իրականացվելու դեպքում ուսումնական հաստատությունը սահմանում է կապի իրականացման պայմանները:

16. Ուսանողները թեստավորման միջոցով հանձնում են ուսումնական պլանով նախատեսված առաջադրանքները, ստուգողական աշխատանքները, ստուգարքները, քննությունները: Տեխնիկական պայմանների ապահովման դեպքում թեստավորումը կարող է անցկացվել ինտերնետային ցանցի միջոցով: Կուրսային և ստուգողական աշխատանքները գրախոսման են ներկայացվում ուսումնական հաստատությունների դասախոսներին:

17. Ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացիկ հարցերը կարգավորվում են ուսումնական հաստատության մեթոդիստների, ինչպես նաև համապատասխան ամբիոնների (հանձնաժողովների) վարիչների (նախագահների) և տնօրենի` ուսումնական աշխատանքի գծով տեղակալի կողմից:

18. Հեռավար ուսուցման ուսումնական գործընթացն իրականացվում է հետևյալ ձևերով`

1) լսարանում դասախոսի և ուսանողի անմիջական հաղորդակցման կամ էլեկտրոնային կապի միջոցների օգտագործման միջոցով.

2) լսարանում մեթոդիստի և ուսանողի անմիջական հաղորդակցման կամ էլեկտրոնային կապի միջոցների օգտագործման միջոցով.

3) ուսումնական նյութերով ուսանողի ինքնուրույն աշխատանքով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

     

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
 սեպտեմբերի 6-ի N 1028-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԴՐՍԵԿՈՒԹՅԱՄԲ (ԷՔՍՏԵՌՆԱՏՈՎ) ՈՒՍՈՒՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի դրսեկությամբ (էքստեռնատով) (այսուհետ` դրսեկություն) ուսուցման կազմակերպման և իրականացման հարաբերությունները:

 

II. ԴՐՍԵԿՈՒԹՅԱՄԲ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

 

2. Դրսեկությամբ ուսուցումը մասնագիտական կրթության բնագավառում համակարգված ուսուցման ձև է, երբ անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը դասախոսի և ուսանողի միջև իրականացվում է անհատական ուսուցման ժամանակացույցի հիման վրա:

3. Դրսեկությամբ ուսուցում կարող են կազմակերպել համապատասխան կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ունեցող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները կամ դրանց առանձնացված ստորաբաժանումները, ինչպես նաև այլ մասնագիտական ուսումնական հաստատություններ (այսուհետ` ուսումնական հաստատություն):

4. Դրսեկությամբ ուսուցման սուբյեկտները ուսումնական հաստատության սովորողները (այսուհետ` ուսանողներ) և աշխատողներն են:

5. Ուսումնական հաստատությունում ուսանողների իրավունքները և պարտականությունները կրթական ծառայություններ ստանալու, ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազայից օգտվելու առումով հավասարեցվում են ուսուցման այլ ձևերում ընդգրկված ուսանողների իրավունքներին և պարտականություններին:

6. Դրսեկությամբ իրականացվող կրթական ծրագրերի բովանդակությունը` ըստ մասնագիտությունների որոշվում է այդ մասնագիտությունների համար սահմանված պետական կրթական չափորոշիչների պահանջներին համապատասխան:

7. Կրթական ծրագրերը դրսեկությամբ իրականացվում են ուսուցման այնպիսի ձևերով, որոնք ուսուցման այլ ձևերից (առկա, հեռակա և այլն) կարող են տարբերվել ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններով, դասավանդման մեթոդներով, ուսուցման տեխնոլոգիաներով, ուսանողի հետ դասախոսի աշխատանքի պարտադիր պարապմունքների ծավալով:

8. Տվյալ մասնագիտության գծով դրսեկությամբ ուսուցման պարտադիր պարապմունքների ծավալը և ուսուցման տևողությունը որոշվում են ուսումնական հաստատության կողմից` պետական կրթական չափորոշչի պահանջներին համապատասխան:

9. Ուսումնական հաստատության խորհրդի կամ տնօրենի որոշմամբ դրսեկությամբ ուսուցման տևողությունը կարող է կրճատվել այն ուսանողների համար, ովքեր ունեն հարակից միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն, ինչպես նաև արտակարգ ընդունակություններ տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշչով նախատեսված պահանջները յուրացնելու առումով: Կրճատված ժամկետներում կրթական ծրագրի լրիվ յուրացումն իրականացվում է անհատական ժամանակացույցով, որը հաստատվում է ուսումնական հաստատության տնօրենի կողմից:

10. Ուսումնական հաստատության խորհրդի կամ տնօրենի որոշմամբ դրսեկությամբ ուսուցման տևողությունը մինչև երկու տարով կարող է երկարաձգվել այն ուսանողների համար, ովքեր համատեղում են ուսուցումն աշխատանքային գործունեության հետ:

11. Կրճատված կամ երկարաձգված ժամկետներում կրթական ծրագրի լրիվ յուրացումն իրականացվում է անհատական ժամանակացույցով, որը հաստատվում է ուսումնական հաստատության տնօրենի կողմից:

 

III. ԴՐՍԵԿՈՒԹՅԱՄԲ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

12. Ուսանողներից ուսումնական հաստատությունում կարող են ձևավորվել առանձին ուսումնական խմբեր, եթե դրսեկությամբ ընդունված ուսանողների թիվը տվյալ մասնագիտության գծով 15-20 է:

13. Ուսումնական գործընթացի կազմակերպման հիմքը տվյալ մասնագիտության ուսումնական պլանն ու առարկայական ծրագրերն են, որոնք կազմվում են տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշչի հիման վրա: Նախքան տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշչի ձևավորումը` ուսումնական պլանը համաձայնեցվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հետ:

14. Տվյալ մասնագիտության դրսեկությամբ ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պլանին և առարկայական ծրագրերին համապատասխան, որոնց բոլոր պահանջները կատարած ուսանողին ամփոփիչ ատեստավորումից հետո հանձնվում է համապատասխան ավարտական փաստաթուղթ` դիպլոմ, և դրա ներդիրը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:

15. Դրսեկությամբ ուսուցման գործընթացը կազմակերպվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում կազմված և ուսումնական հաստատության տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան:

16. Դրսեկությամբ ուսուցումը հիմնականում կազմակերպվում է ուսումնական հաստատությունում, պրակտիկայի կազմակերպման վայրում և ինքնակրթության միջոցով:

17. Ուսանողների համար առաջին ուսումնական տարվա սկզբում կազմակերպվում է կարճատև դասընթաց, որի ընթացքում նրանք ծանոթանում են մասնագիտության ուսումնական պլանին, առարկայական ծրագրերի բովանդակությանը, ատեստավորման ձևերին ու կարգին, ուսումնական հաստատության հետ կապ հաստատելու ձևերին, ուսանողի իրավունքներին ու պարտականություններին։ Կարճատև դասընթացի տևողությունը չի կարող գերազանցել մեկ ամիսը:

18. Ուսանողներն ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի սկզբին իրենց դասախոսներից ստանում են ուսումնական պլանով տվյալ կիսամյակի համար նախատեսված առարկաների ինքնուրույն ուսումնասիրման անհրաժեշտ ուսումնամեթոդական փաստաթղթերի փաթեթներ, որոնք տրամադրվում են թղթային կամ էլեկտրոնային տեսքով:

19. Ուսանողները հանձնում են ուսումնական պլանով նախատեսված ստուգողական աշխատանքները, ստուգարքները, կուրսային աշխատանքները և քննությունները: Կուրսային և ստուգողական աշխատանքները գրախոսման են ներկայացվում ուսումնական հաստատությունների դասախոսներին:

20. Ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացիկ հարցերը կարգավորվում են ուսումնական հաստատության դասախոսների, ինչպես նաև համապատասխան ամբիոնների (հանձնաժողովների) վարիչների (նախագահների) և տնօրենի` ուսումնական աշխատանքի գծով տեղակալի կողմից:

21. Դրսեկությամբ ուսուցման ընթացքում իրականցվում են ուսումնական գործունեության հետևյալ տեսակները`

1) դասախոսություն,

2) խորհրդատվություն,

3) սեմինար և գործնական պարապմունքներ,

4) լաբորատոր և ստուգողական աշխատանքներ,

5) ինքնուրույն աշխատանք,

6) պրակտիկա,

7) կուրսային կամ դիպլոմային նախագծում (աշխատանք):

22. Դրսեկությամբ ուսուցման ուսումնական գործընթացն իրականացվում է հետևյալ ձևերով`

1) լսարանում դասախոսի և ուսանողի անմիջական հաղորդակցման միջոցով,

2) պրակտիկայի կազմակերպման վայրում պրակտիկայի ղեկավարի և ուսանողի անմիջական հաղորդակցման միջոցով,

3) ուսումնական նյութերով ուսանողի ինքնուրույն աշխատանքով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան