«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 սեպտեմբերի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2007 թվականի N 975-Ն
«ԽՈՐ ՎԻՐԱՊ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 12-րդ և 13-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածներին համապատասխան և հիմք ընդունելով «Միջազգային նշանակություն ունեցող, հիմնականում որպես ջրային թռչունների բնակավայր, խոնավ տարածքների մասին» կոնվենցիայի 2-րդ և 4-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 54 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրի հավելվածի 3.3.2-րդ կետի 6-րդ ենթակետը, ինչպես նաև Արարատի մարզի Գոռավանի գյուղական համայնքի ավագանու 2007 թվականի օգոստոսի 16-ի որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Խոնավ տարածքի էկոհամակարգի, դրա բաղադրիչների, բուսական ու կենդանական տեսակների պահպանությունը, բնականոն զարգացումը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Փոքր Վեդու գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 50.28 հեկտար խոնավ տարածքում ստեղծել «Խոր Վիրապ» պետական արգելավայր` համաձայն N 1 հավելվածի, այն ներառելով «Միջազգային նշանակություն ունեցող, հիմնականում որպես ջրային թռչունների բնակավայր, խոնավ տարածքների մասին» կոնվենցիայի միջազգային նշանակության խոնավ տարածքների ցանկում։
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Գոռավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող` 1421,68 հեկտար գյուղատնտեսական նշանակության (մասնավորեցման ոչ ենթակա) հողերից 74,21 հեկտարն ընդունել որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը և փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի տարածքը` 95,99 հեկտար, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Գոռավանի գյուղական համայնքի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված 74,21 հեկտար տարածքը, ինչպես նաև նշված համայնքի վարչական սահմաններում գտնվող` 21,78 հեկտար հատուկ պահպանվող տարածքների հողերն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Խոսրովի պետական արգելոց» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 925-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
1) 2-րդ կետի «ա» ենթակետը «հավելվածի» բառից հետո լրացնել «, «Խոր Վիրապ» պետական արգելավայրի կանոնադրությունը` համաձայն N 5 հավելվածի, և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի կանոնադրությունը` համաձայն N 6 հավելվածի» բառերով.
2) 3-րդ կետի`
ա. «ա» ենթակետում «տարածքի» բառը փոխարինել «, «Խոր Վիրապ» և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրերի տարածքների» բառերով,
բ. «բ» ենթակետի վեցերորդ պարբերությունը «արգելոցին» բառից հետո լրացնել «, «Խոր Վիրապ» և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրերին» բառերով, իսկ ութերորդ պարբերության մեջ «տարածքում» բառը փոխարինել «, «Խոր Վիրապ» և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրերի տարածքներում» բառերով,
գ. «գ» ենթակետի երրորդ պարբերության մեջ «համապատասխան հողատարածքը» բառերը փոխարինել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, «Խոր Վիրապ» և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրերի համապատասխան տարածքները» բառերով, իսկ նույն պարբերությունը «անտառաշինական» բառից հետո լրացնել «և հողաշինարարական» բառերով.
3) «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության`
ա. 4-րդ կետում «տարածքում ապահովում է արգելոցի կանոնադրությամբ» բառերը փոխարինել «, «Խոր Վիրապ» և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրերի (այսուհետ` արգելավայրեր) տարածքներում ապահովում է դրանց կանոնադրություններով» բառերով,
բ. 8-րդ կետում`
«տարածքի» բառը փոխարինել «և արգելավայրերի տարածքների» բառերով,
«գ» ենթակետը «արգելոցի» բառից հետո լրացնել «ու արգելավայրերի» բառերով,
«դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) կանխարգելում է մարդու գործունեության հետևանքով արգելոցի և արգելավայրերի բնական էկոհամակարգի հավասարակշռությունը խախտող գործընթացները և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում իրականացնում խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ:»,
«է» ենթակետում «կանոնադրությամբ» բառը փոխարինել «և արգելավայրերի կանոնադրություններով» բառերով,
գ. 9-րդ կետի «ե» ենթակետը «արգելոցին» բառից հետո լրացնել «և արգելավայրերին» բառերով,
դ. 21-րդ կետի «ժ» և 23-րդ կետի «դ» ենթակետերում «ռեժիմի» բառը փոխարինել «և արգելավայրերի ռեժիմների» բառերով,
ե. 23-րդ կետի`
«ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) ապահովում են արգելոցի և արգելավայրերի կանոնադրություններով սահմանված բնապահպանական նորմերի ու կանոնների կատարումը դրանց տարածքներում.»,
«գ» և «զ» ենթակետերում «ռեժիմը» բառը փոխարինել «և արգելավայրերի ռեժիմները» բառերով,
«է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է) ապահովում են արգելոցի և արգելավայրերի պահպանական գոտիների տարածքներում ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների կողմից արգելոցի և արգելավայրերի կանոնադրություններով սահմանված պահանջների կատարումը:»,
զ. IV բաժնի վերնագիրը, 22-րդ կետը, 23-րդ կետի «բ» և 28-րդ կետի «ա» ենթակետերը «արգելոցի» բառից հետո լրացնել «և արգելավայրերի» բառերով,
է. 26-րդ կետում «տարածքի բնական» բառերը փոխարինել «և արգելավայրերի տարածքների» բառերով,
ը. 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27. Գիտահետազոտական աշխատանքները կազմակերպում է կազմակերպության գիտության բաժինը, որի ղեկավարն ի պաշտոնե նաև տնօրենի տեղակալն է:»,
թ. 28-րդ կետի`
«բ» ենթակետում «տարածքում» բառը փոխարինել «և արգելավայրերի տարածքներում» բառերով,
կետը լրացնել նոր` «դ» ենթակետով.
«դ) վայրի կենդանիների և բույսերի հազվագյուտ ու անհետացող տեսակների վերարտադրության նպատակով կազմակերպում է փորձարարական և այլ գիտահետազոտական աշխատանքներ:».
4) որոշումը լրացնել NN 5 և 6 հավելվածներով` համաձայն NN 3 և 4 հավելվածների:
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին և առաջարկել Գոռավանի գյուղական համայնքի ղեկավարին 30-օրյա ժամկետում` սույն որոշման 3-րդ կետին համապատասխան ապահովել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հողամասերի` սահմանված կարգով տրամադրումը:
6. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` «Խոր Վիրապ» և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրերի հողատարածքների հողաշինարարական քարտեզների հիման վրա, 3 տարվա ընթացքում, սահմանված կարգով ապահովել «Խոր Վիրապ» և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրերի տարածքների քարտեզագրումը, դրանց պահպանական գոտիների սահմանների ճշտումը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո` հողամասերի ու ամրացված այլ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հայտի հիման վրա «Խոր Վիրապ» և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրերի պահպանման ծախսերը նախատեսել 2008 թվականից` «Պետական աջակցություն «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության, արգելոցում գիտական աշխատանքների իրականացման նպատակով» ծրագրի շրջանակներում:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված N 1 |
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՓՈՔՐ ՎԵԴՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ԽՈՐ ՎԻՐԱՊ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԳՈՌԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ԳՈՌԱՎԱՆԻ ԱՎԱԶՈՒՏՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԽՈՐ ՎԻՐԱՊ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Խոր Վիրապ» պետական արգելավայրը (այսուհետ` արգելավայր) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Փոքր Վեդու գյուղական համայնքի վարչական սահմաններում, Արաքս գետի ձախակողմյան մասի Խոր Վիրապ եկեղեցական համալիրի և Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատի աջակողմյան հատվածում գտնվող` 50,28 հեկտար խոնավ տարածքի վրա:
2. Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքի էկոհամակարգի, բուսական ու կենդանական աշխարհի` հատկապես ջրլող թռչունների ու դրանց ապրելավայրերի, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության, բնականոն զարգացման, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումն է:
3. Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտները մերձարաքսյան խոնավ տարածքի էկոհամակարգի յուրահատուկ կենդանական աշխարհն ու ջրաճահճային բուսականությունն են:
4. Արգելավայրի վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով 100 մետր լայնությամբ շրջագծով տարածքը սահմանվում է որպես պահպանական գոտի:
II. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Արգելավայրի հիմնական խնդիրներն են`
1) «Խոր Վիրապ» արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումն ու պահպանությունը.
2) խոնավ տարածքի էկոհամակարգի էկոլոգիական հավասարակշռության, այդ թվում` ջրային ռեժիմի պահպանությունը.
3) վայրի բուսատեսակների և կենդանիների բնական միջավայրի պահպանությունը.
4) վտանգված, կրիտիկական վիճակում գտնվող, խոցելի, անհետացման եզրին գտնվող, ինչպես նաև Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.
5) գիտաճանաչողական և էկոլոգիական զբոսաշրջության իրականացման նախադրյալների ստեղծումը:
III. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՌԵԺԻՄԸ
6. Արգելավայրի տարածքում արգելվում են`
1) ցանկացած գործունեություն, որը խախտում է խոնավ տարածքի զարգացման բնականոն ընթացքը, ինչպես նաև սպառնում է բնական միջավայրի անվտանգությանը.
2) տարածքի ջրաբանական ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն, այդ թվում` ստորերկրյա ջրերի և ջրավազանի հատակային նստվածքների շահագործումը.
3) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը (բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների).
4) օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը և հողային ու բուսական ծածկույթի խախտումը.
5) թունաքիմիկատների օգտագործումը.
6) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.
7) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.
8) տարածքի հողի հերկումը:
7. Թույլատրվում է արգելավայրի տարածքում օրենքով սահմանված կարգով իրականացնել`
1) մարդու գործունեության հետևանքով խոնավ տարածքի ջրակենսաբանական հավասարակշռված վիճակը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող միջոցառումներ.
2) մարդու, կենդանիների և բույսերի համար առանձնահատուկ վտանգ ներկայացնող հիվանդությունների, վնասատուների և վարակի օջախների վերացման աշխատանքներ.
3) էկոլոգիական, գիտաճանաչողական էքսկուրսիաներ և զբոսաշրջություն.
4) տարածքին բնորոշ վայրի բույսերի և կենդանիների, այդ թվում` հազվագյուտ և անհետացող տեսակների վերարատադրությանը նպատակաուղղված միջոցառումներ.
5) գիտահետազոտական ուսումնասիրություններ:
8. Արգելավայրի պահպանական գոտու տարածքում թույլատրվում է ցանկացած գործունեություն, որը չի խախտում արգելավայրի ջրավազանի հիդրոլոգիական ռեժիմը (ջրավազանի մակարդակի իջեցում, չորացում):
9. Արգելավայրի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմների պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը` «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
10. Բնապահպանական ռեժիմները և բնօգտագործման թույլատրելի ձևերը խախտող կազմակերպությունները և քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԳՈՌԱՎԱՆԻ ԱՎԱԶՈՒՏՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Գոռավանի ավազուտներ» արգելավայրը (այսուհետ` արգելավայր) զբաղեցնում է 95,99 հեկտար տարածք, գտնվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Գոռավանի գյուղական համայնքի հարավ-արևելյան մասում` Արարատյան հարթավայրի նախալեռնային գոտում, ծովի մակերևույթից 920-980 մետր բարձրության վրա:
2. Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակն Անդրկովկասում եզակի անապատային էկոհամակարգի, բուսական և կենդանական աշխարհի ամբողջականության պահպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումն է:
3. Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտներն ավազային անապատին յուրահատուկ կենդանական աշխարհն ու ավազասեր բուսականությունն են:
4. Արգելավայրի վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով 100 մետր լայնությամբ շրջագծով տարածքը սահմանվում է որպես պահպանական գոտի:
II. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Արգելավայրի հիմնական խնդիրներն են`
1) արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումն ու պահպանությունը.
2) վայրի բուսատեսակների և կենդանիների բնական միջավայրի պահպանությունը,
3) վտանգված, կրիտիկական վիճակում գտնվող, խոցելի, անհետացման եզրին գտնվող, ինչպես նաև Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.
4) գիտաճանաչողական և էկոլոգիական զբոսաշրջության իրականացման նախադրյալների ստեղծումը:
III. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՌԵԺԻՄԸ
6. Արգելավայրի տարածքում արգելվում են`
1) ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի բնական համալիրների զարգացման բնականոն ընթացքը, ինչպես նաև սպառնում է բնական միջավայրի անվտանգությանը.
2) տարածքի ջրաբանական ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.
3) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի այլ հաղորդակցուղիների շինարարությունը (բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների).
4) օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը և հողային ու բուսական ծածկույթի խախտումը.
5) թունաքիմիկատների և քիմիական պարարտանյութերի օգտագործումը.
6) օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հողային և բուսական ծածկույթի խախտումը.
7) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.
8) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.
9) տարածքի հողի հերկումը:
7. Արգելավայրի տարածքում օրենքով սահմանված կարգով թույլատրվում է իրականացնել`
1) մարդու գործունեության հետևանքով բնական էկոհամակարգերի հավասարակշռված վիճակը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող միջոցառումներ.
2) մարդու, կենդանիների և բույսերի համար առանձնահատուկ վտանգ ներկայացնող հիվանդությունների, վնասատուների և վարակի օջախների վերացման աշխատանքներ.
3) էկոլոգիական, գիտաճանաչողական էքսկուրսիաներ և զբոսաշրջություն.
4) էկոհամակարգին բնորոշ հազվագյուտ և անհետացող բույսերի և կենդանիների տեսակների վերարտադրությանը նպատակաուղղված միջոցառումներ.
5) գիտահետազոտական ուսումնասիրություններ:
8. Արգելավայրի պահպանական գոտու տարածքում թույլատրվում է ցանկացած գործունեություն, որն անմիջականորեն կամ անուղղակի կերպով բացասական ազդեցություն չի թողնում արգելավայրի ավազային անապատին բնորոշ կենդանական աշխարհի և ավազասեր (պսամոֆիլ) բուսականության վրա, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող թունավոր նյութերի և փոշու արտանետումներ, ինչպես նաև չորային միկրոկլիմայական պայմանները խախտող գործողություն` ջրամբարի կառուցում:
9. Արգելավայրի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմների պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը` «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
10. Բնապահպանական ռեժիմները և բնօգտագործման թույլատրելի ձևերը խախտող կազմակերպությունները և քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |