Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին 1992 թվականի մարտի 13-ի` Համաձայնագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
«Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցման քաղաքականություն վարելու մասին» 1992 թվականի մարտի 13-ի` Համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները,
ընդունելով սերտիֆիկացման մարմինների, փորձարկման և չափողական լաբորատորիաների հավատարմագրման բնագավառում համաձայնեցված քաղաքականության վարման անհրաժեշտությունը, ինչպես նաև նպատակ ունենալով.
- ստեղծել պայմաններ ազատ առևտրի գոտի ստեղծելու ժամանակ Համագործակցության մասնակից պետությունների առևտրատնտեսական, գիտատեխնիկական համագործակցությունում տեխնիկական խոչընդոտների վերացմանը նպաստող ընդհանուր նորմատիվ-տեխնիկական և չափագիտական ապահովվածության պահպանման և հետագա զարգացման համար,
- ապահովել Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի և Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեի հետ փոխգործակցությունը,
- իրագործել «ԱՊՀ մարմինների կառուցվածքի կատարելագործման և բարեփոխման մասին» 1992 թվականի ապրիլի 2-ի պետությունների ղեկավարների խորհրդի Որոշումը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
1. «Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին» 1992 թվականի մարտի 13-ի՝ Համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1.1. Համաձայնագրի ամբողջ տեքստում «ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման» բառերը փոխարինել «ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և գործունեության այդ բնագավառներում հավատարմագրման» բառերով:
1.2. Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական խորհրդի կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին Համաձայնագրի 1995 թվականի նոյեմբերի 3-ի՝ Արձանագրությունը:
3. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը պահանջում է Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարում՝ նշված ընթացակարգերի կատարման մասին ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից: Նման ընթացակարգերի կատարման անհրաժեշտության մասին պետությունները հայտնում են ավանդապահին սույն Արձանագրության ստորագրման ամսաթվից երեք ամսվա ընթացքում:
4. Սույն Արձանագրության կիրառման և մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Կատարված է Մոսկվա քաղաքում 2000 թվականի հունիսի 20-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը դրա հաստատված պատճենը կուղարկի սույն Արձանագրությունը ստորագրած յուրաքանչյուր պետության:
Հավելված
«Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
բնագավառում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին»
1992 թվականի մարտի 13-ի՝ Համաձայնագրում լրացումներ
և փոփոխություններ կատարելու մասին
2000 թվականի հունիսի 20-ի՝ Արձանագրությանը կից
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի
1. Ընդհանուր դրույթներ
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և գործունեության այդ բնագավառներում հավատարմագրման բնագավառում իրականացնում է համակարգում, մշակում և ընդունում է համաձայնեցված քաղաքականություն վարելու վերաբերյալ որոշումներ:
Խորհուրդը բաղկացած է «Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին» 1992 թվականի մարտի 13-ի Համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) մասնակից պետությունների լիազոր ներկայացուցիչներից:
Խորհուրդը ստեղծում է Ստանդարտների բյուրո՝ միջպետական ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և գործունեության այդ բնագավառներում հավատարմագրման ուղղությամբ Խորհրդի աշխատանքները կատարելու և Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեի համար նյութեր նախապատրաստելու համար:
Ստանդարտների բյուրոյի գտնվելու վայրը Մինսկ քաղաքն է:
Խորհրդի և դրա աշխատանքային մարմնի պաշտոնական լեզուն ռուսերենն է:
2. Խորհրդի գործառույթները
Խորհուրդը իրականացնում է հետևյալ հիմնական գործառույթները.
ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և հավատարմագրման բնագավառում միջպետական համագործակցության ուղղությամբ համատեղ գործունեության առաջնային ուղղությունների և ձևերի մշակում ու համաձայնեցում,
գիտական հետազոտությունների, գիտատեխնիկական ծրագրերի, պլանների և նախագծերի հիմնական ուղղությունների քննարկում և ընդունում,
Համաձայնագրով նախատեսված գործունեության վերապահված բնագավառների փաստաթղթերի հաստատման ներկայացում մասնակից պետությունների կառավարություններին, իսկ լիազորությունների առկայության դեպքում՝ դրանց հաստատում,
միջպետական ստանդարտների մասին որոշումների ընդունում, ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և գործունեության այդ բնագավառներում հավատարմագրման համատեղ աշխատանքների կատարման կանոնների և ընթացակարգերի մշակում և ընդունում,
նյութերի նախապատրաստում ԱՊՀ տնտեսական խորհրդին առընթեր տնտեսական հարցերով հանձնաժողովի, Անկախ Պետությունների Համագործակցության տնտեսական խորհրդի և Համագործակցության այլ միջպետական (միջկառավարական) մարմինների նիստերի համար՝ Խորհրդին վերապահված գործունեության բնագավառներում,
ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և գործունեության այդ բնագավառներում հավատարմագրման գծով նպատակային ծրագրերի և տեխնիկական նախագծերի կատարման համար ծախսերի նախահաշիվների քննարկում ու համաձայնեցում և դրանց ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ առաջարկությունների մշակում,
Խորհրդին կից գիտատեխնիկական հանձնաժողովների և տեխնիկական կոմիտեների ստեղծման մասին որոշումների ընդունում, դրանց աշխատանքային պլանների և ծախսերի նախահաշվի հաստատում,
համագործակցության իրականացում միջազգային կազմակերպությունների հետ՝ գործունեության ամրագրված բնագավառներում:
Միջպետական ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և հավատարմագրման բնագավառում աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և տեղեկատվական փոխգործակցությանը նպաստող, ինչպես նաև ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և գործունեության այդ բնագավառներում հավատարմագրման միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունն ապահովող միջպետական կազմակերպական, իրավական, գիտատեխնիկական և այլ միջոցառումներ նախապատրաստելու և իրագործելու նպատակով Խորհուրդը կարող է առաջարկություններ ներկայացնել Համագործակցության իրավասու մարմիններին ինքնաֆինանսավորվող ոչ առևտրային կազմակերպությունների (արտաբյուջետային ֆինանսավորման կազմակերպություններ, որոնց գործունեության նպատակը շահույթ ստանալը չէ) ստեղծման վերաբերյալ՝ ընդունված նորմերին համապատասխան:
Խորհուրդը կարող է գործունեության ամրագրված բնագավառներում իրականացնել նաև այլ գործառույթներ, որոնք սահմանվում են Համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունների հետ համաձայնեցված լրացուցիչ լիազորություններով:
3. Պետությունների ներկայացուցչությունը Խորհրդում
Խորհրդում ներկայացուցիչներ են հանդիսանում Համաձայնագրի մասնակից պետությունների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ազգային մարմինների ղեկավարները, որոնք պետության անունից օժտվում են Խորհրդի անդամ լինելու իրավունքով և այդ Խորհրդի գործառույթները կատարելու համար անհրաժեշտ լիազորություններով:
Խորհրդի անդամները.
որոշիչ ձայնի իրավունքով մասնակցում են Խորհրդի բոլոր տեսակի գործունեություններին,
նախաձեռնում են ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և գործունեության այդ բնագավառներում հավատարմագրման միջպետական համագործակցության զանազան հարցերի քննարկում Խորհրդում,
տեղեկացնում են Խորհրդին գործունեության նշված տեսակներում միջպետական համագործակցության կոնկրետ հարցերի վերաբերյալ իրենց պետությունների դիրքորոշման մասին,
տեղեկություններ են փոխանակում ազգային մարմինների գործունեության մասին և Խորհրդի մյուս անդամների հետ բանակցություններ են վարում ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և գործունեության այդ բնագավառներում հավատարմագրման միջպետական ու միջազգային համագործակցության կոնկրետ ձևերին իրենց պետության մասնակցության հարցերի շուրջ,
պարբերաբար ստանում են Խորհրդի նիստերի սղագրությունները, տեղեկություններ Խորհրդի գիտատեխնիկական հանձնաժողովների և Ստանդարտների բյուրոյի ընթացիկ գործունեության մասին, ինչպես նաև՝ տեղեկություններ համագործակցության կոնկրետ ուղղությունների վերաբերյալ,
ըստ հարցման՝ Խորհրդին և Ստանդարտների բյուրոյին ներկայացնում են անհրաժեշտ տեղեկություններ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ազգային մարմինների գործունեության մասին՝ միջպետական շահեր ներկայացնող կոնկրետ հարցերի վերաբերյալ:
4. Խորհրդի աշխատանքների կազմակերպումը
Ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և գործունեության այդ բնագավառներում հավատարմագրման վերաբերյալ Խորհրդի ընդունած որոշումները Համաձայնագրի մասնակից պետություններում գործողության մեջ են դրվում ազգային օրենսդրությանը համապատասխան:
Խորհուրդը իր նիստերն անցկացնում է ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան կիսամյակը մեկ անգամ: Խորհրդի անդամներից բացի, նիստերին կարող են մասնակցել պետությունների այլ ներկայացուցիչներ, Համաձայնագրի մասնակից պետությունների արդյունաբերության առաջատար ճյուղերի ներկայացուցիչներ՝ առանց որոշիչ ձայնի իրավունքի: Նիստերին պետությունների պատվիրակությունների կազմում կարող են ընդգրկվել անհրաժեշտ թվով խորհրդատուներ և փորձագետներ:
Խորհրդի նիստերին մասնակցում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեի ներկայացուցիչը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:
Խորհրդի նախագահությունն իրականացվում է հաջորդաբար՝ Համագործակցության յուրաքանչյուր մասնակից պետության կողմից՝ ի դեմս նրա ներկայացուցչի, ռոտացիայի սկզբունքով, մեկ տարուց ոչ ավելի ժամկետով: Նախագահը ղեկավարում է Խորհրդի նիստերը և կազմակերպում է աշխատանքները նիստերի միջև ընկած ժամանակահատվածում:
Նիստերի օրակարգը հաստատվում է Խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ:
Կոնկրետ միջպետական ծրագրերի, տեխնիկական նախագծերի և համագործակցության ձևերի վերաբերյալ որոշումները Խորհրդի անդամների կողմից ընդունվում են միաձայնության հիմքով:
Ցանկացած մասնակից պետության շահերին առնչվող որոշումները չեն կարող ընդունվել այդ պետությունը ներկայացնող Խորհրդի անդամի բացակայությամբ:
Ընթացակարգային հարցերով որոշումն ընդունվում է ձայների մեծամասնությամբ:
Խորհրդի նախագահը.
ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ազգային մարմինների հետ համաձայնեցմամբ ներգրավում է Համագործակցության մասնակից պետությունների մասնագետներին՝ արդյունաբերության, գյուղատնտեսության և էկոնոմիկայի այլ ճյուղերի զարգացման վերաբերյալ բազմակողմ պայմանավորվածության շրջանակներում համատեղ ծրագրերի նախագծերի նախապատրաստմանը մասնակցելու համար,
մասնակցում է Անկախ Պետությունների Համագործակցության տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստերին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:
Խորհրդի նախագահի հանձնարարությամբ Անկախ Պետությունների Համագործակցության տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովի, Անկախ Պետությունների Համագործակցության տնտեսական խորհրդի, Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեի, ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և գործունեության այդ բնագավառներում հավատարմագրման հարցերով այլ միջպետական մարմինների աշխատանքներին կարող է մասնակցել Խորհրդի այլ անդամ:
Նիստերի միջև ընկած ժամանակահատվածում Խորհրդի անդամները իրենց պետություններում կազմակերպում են Խորհրդի կողմից ընդունված որոշումների իրագործման աշխատանքները, կապեր են պահպանում Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեի, Խորհրդի կողմից ստեղծված կազմակերպությունների հետ և միմյանց միջև:
5. Ստանդարտների բյուրո
Ստանդարտների բյուրոն ստեղծվում է Խորհրդի կողմից և բաղկացած է մշտապես գործող Խորհրդի գործունեության գլխավոր ուղղությունների մասնագետներից: Խորհրդատու կազմակերպիչների քանակական կազմը սահմանում է Խորհուրդը:
Ստանդարտների բյուրոն իր գործունեությունում ղեկավարվում է Խորհրդի սույն Կանոնադրությամբ, միջպետական համաձայնագրերով և ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և գործունեության այդ բնագավառներում հավատարմագրման հիմնախնդիրների ուղղությամբ համաձայնեցված քաղաքականություն վարելու հարցերով ընդունված այլ փաստաթղթերով, Խորհրդի կողմից հաստատվող Ստանդարտների բյուրոյի կանոնադրությամբ:
Ստանդարտների բյուրոն իր գործունեությունը իրականացնելու համար ձևակերպում է իր իրավաբանական անձի կարգավիճակը, գտնվելու վայրի երկրի օրենսդրությանը համապատասխան, և ունի հաշվարկային հաշիվ ու իր անվանումով կնիք:
Ստանդարտների բյուրոն ապահովվում է անհրաժեշտ գրասենյակներով, զինվում է կազմտեխնիկայով, կապով, Խորհրդին սպասարկելու համար փոխադրամիջոցներով և իր կանոնավոր գործունեության համար անհրաժեշտ այլ միջոցներով:
Ստանդարտների բյուրոյի՝ Խորհրդի աշխատանքները կազմակերպելու և աշխատակազմը պահելու հետ կապված ծախսերի ֆինանսավորումը կատարվում է Համաձայնագրի մասնակից պետությունների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ազգային մարմինների ամենամյա մուծումների հաշվին, որոնք փոխանցվում են արտաբյուջետային աղբյուրներից, ինչպես նաև մուտք են արվում տեղեկատու-խորհրդատվական և կազմակերպամեթոդական գործունեության արդյունքում և միջպետական ստանդարտացման աշխատանքների համար տնտեսվարող սուբյեկտների վճարումներից և այլ աղբյուրներից ստացված միջոցներից:
* Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի հունվարի 25-ից:
