Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.10.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.14/55(579)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.10.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական
վերաքննիչ
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 06-524/2006 թ.

Քաղաքացիական գործ թիվ 03-1321 (ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան
դատավորներ՝ Կ. Հակոբյան
Լ. Գրիգորյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Գյուրջյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի հոկտեմբերի 10-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Մարտուն Ազատյանի վճռաբեկ բողոքն ըստ Մարտուն Ազատյանի հայցի ընդդեմ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ աշխատավարձը և ապրանքային արժեքների գումարը բռնագանձելու պահանջների մասին թիվ 06-524 քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 15.11.2006 թվականի վճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 3.883.860 ՀՀ դրամ, որպես չվճարված աշխատավարձի և ապրանքանյութական արժեքների դիմաց չվճարված գումար, ինչպես նաև այդ գումարն ապօրինի պահելու համար բանկային տոկոսներ և փաստաբանական ծառայության համար վճարված 30.000 ՀՀ դրամ:

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2003 թվականի դեկտեմբերի 2-ի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 2006 թվականի նոյեմբերի 15-ի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Ընկերությունից հօգուտ Մարտուն Ազատյանի բռնագանձել 815.169 ՀՀ դրամ՝ 10.08.2001 թվականից մինչև 10.08.2002 թվականն ընկած ժամանակահատվածի համար աշխատավարձի պարտքի գումար, 648.766 ՀՀ դրամ՝ հայցվորի կողմից 2002 թվականի հունվար-հուլիս ամիսներին կանխիկ գումարով կատարված գնումներից գոյացած պարտքի գումար, ինչպես նաև 648.766 ՀՀ դրամի վրա հաշվարկել և պատասխանողից հայցվորի օգտին բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարտուն Ազատյանը:

Վճռաբեկ բողոքին ներկայացվել է պատասխան:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը չի կիրառել ՀԽՍՀ աշխատանքային օրենսգրքի 103-րդ հոդվածը, «Աշխատավարձի պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ, «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 8-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր և կիրառել է ՀԽՍՀ աշխատանքային օրենսգրքի 2461-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, ինչպես նաև չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 17-րդ, 347-րդ, 348-րդ, 352-րդ, 411-րդ (աշխատավարձի առումով), 421-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն, որ Ընկերությունը ՀԽՍՀ աշխատանքային օրենսգրքի 103-րդ հոդվածի ուժով աշխատավարձը պարտավոր էր վճարել ոչ ուշ, քան յուրաքանչյուր կիսամյակը մեկ, իսկ «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքի ուժով՝ աշխատավարձը յուրաքանչյուր ամիս պետք է հաշվարկվի և վճարվի անմիջապես աշխատողին, նրա աշխատանքի վայրում, աշխատանքային օրերին, ամսական առնվազն մեկ անգամ՝ մինչև հաջորդ ամսվա 15-ը:

Վերաքննիչ դատարանը չի կիրառել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ և 17-րդ հոդվածները, որոնց համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել հատուցել իր վնասները, քանի որ իրավունքի խախտում է պարտավորությունների ոչ պատշաճ կատարումը: Արդյունքում դատարանն աշխատավարձի առումով, չվճարված աշխատավարձից չի հաշվարկել տոկոսներ:

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 218-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցներ:

Վերաքննիչ դատարանը, մասնավորապես, պատշաճ գնահատման չի արժանացրել գործում առկա՝ Ընկերության գլխավոր հաշվապահի համեմատական տեղեկանքը, որից հետևում է, որ հայցվորի կողմից ձեռք են բերվել տեղեկանքում նշված 2.270.975 ՀՀ դրամ ընդհանուր գումարով ապրանքանյութական արժեքներ, ձևակերպվել են գնման հանձնաժողովի նախագահ Գ.Բերոյանի կողմից, մուտքագրվել են պահեստ և ելքագրվել համապատասխան արտադրամասերի կողմից: Ինչպես նաև գնահատման չի արժանացել գնման հանձնաժողովի նախագահ Գ.Բերոյանի 27.09.2002թ. զեկուցագիրն այն մասին, որ գնել է վերը նշված տեղեկանքում հայցվորի կողմից ձեռք բերված 2.270.975 ՀՀ դրամ ընդհանուր գումարով ապրանքանյութական արժեքները և մուտքագրել պահեստ, սակայն դրամարկղում գումար չլինելու պատճառով Մ.Ազատյանին դրանց գումարը չի վճարել:

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 15.11.2006 թվականի վճիռը և հայցապահանջի չբավարարված մասով օրինական ուժ տալ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 02.12.2003 թվականի վճռին կամ բեկանել դատարանի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանը.

 

Ընկերության ներկայացուցչի կողմից վճռաբեկ բողոքի պատասխանում նշվել է, որ գործի քննության ընթացքում հայցապահանջի վերաբերյալ առարկություններում հիմնավորվել է, որ իրականում հայցվորի կողմից ձեռք են բերվել ապրանքանյութական արժեքներ ու հանձնվել են Ընկերությանը թվով 8 գնման ակտերով՝ 643.716 ՀՀ դրամ գումարով: Իր 26.08.2002 թվականի զեկուցագրում հայցվորն ընդունել է, որ պահանջվող գումարի և իր անվամբ ձևակերպված գնման ակտերում նշված ապրանքանյութական արժեքների գումարի տարբերությունը կազմող 2.270.975 ՀՀ դրամ արժեքով զեկուցագրին կից ցուցակում ներառված ապրանքների համար իր անվամբ գնման ակտեր չեն կազմվել: Դրանք ձեռք են բերվել Ընկերության նախկին աշխատակից Գ.Բերոյանի կողմից և գնման ակտերը կազմվել են նրա անունով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Հայցվորը 2000 թվականի մայիսից մինչև 2002 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում որպես շինարարության գծով տնօրենի տեղակալ աշխատել է Ընկերությունում:

2) Հայցվորն իր աշխատանքային գործունեության ընթացքում իր միջոցների հաշվին ձեռք է բերել ապրանքանյութական արժեքներ՝ 2.270.975 ՀՀ դրամի չափով:

3) 19.08.2003 թվականին չվճարված աշխատավարձի և ապրանքային արժեքների գումարի բռնագանձման մասին հայցադիմում է ներկայացրել Լոռու մարզի առաջին ատյանի դատարան:

4) «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի ընդհանուր հարցերի գծով տնօրեն Գ.Շահնազարյանի կողմից տրվել է տեղեկանք այն մասին, որ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն Մարտուն Ազատյանին պարտք է 969.669 ՀՀ դրամ աշխատավարձ և 648.766 ՀՀ դրամ՝ 2002 թվականի հունվար-հուլիս ամիսներին կանխիկ գումարով կատարված գնումների համար:

5) Ընկերության գլխավոր հաշվապահ Ա.Սոխակյանի կողմից կազմված համեմատական տեղեկանքի համաձայն՝ գումարների վճարման մասին Ընկերության հաշվապահությունում տվյալներ չկան, քանի որ գնման ակտերը կազմված են Գ.Բերոյանի կողմից՝ միակողմանիորեն: Նշված նյութերը սահմանված կարգով մուտքագրվել են պահեստ և ելքագրվել համապատասխան արտադրամասերի կողմից:

6) Գ.Բերոյանի բացատրագրի համաձայն՝ Մարտուն Ազատյանին ցուցակում նշված 2.270.975 ՀՀ դրամ գումարը վերջինիս չի վճարվել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակի հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն աշխատանքային վեճի նկատմամբ կիրառելի է ՀՀ նախկին աշխատանքային օրենսգիրքը, քանի որ սույն աշխատանքային վեճը ծագել է դրա գործողության ժամանակահատվածում: Անհատական աշխատանքային վեճը համարվում է առկա, երբ անձը դիմում է իրավասու մարմնին՝ տարաձայնությանը լուծում տալու համար: Քաղաքացին իր ենթադրյալ իրավունքի պաշտպանության համար դատարան է դիմել 2003 թվականին, այսինքն՝ նախկին աշխատանքային օրենսգրքի գործողության ընթացքում: «Աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» 09.11.2004 թվականի ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային վեճերի նկատմամբ օրենսգրքի դրույթները տարածվում են աշխատանքային վեճն օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո առաջացած լինելու դեպքերի վրա: Այսինքն՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 2003 թվականին առաջացած աշխատանքային վեճը ենթակա էր լուծման ՀՀ նախկին աշխատանքային օրենսգրքի պահանջներին համապատասխան:

«Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքի ուժով գործատուի համար սահմանված են աշխատավարձի վճարման հստակ ժամկետներ, որոնք պատասխանողի կողմից չեն պահպանվել: Սակայն նշված օրենքի կարգավորման առարկայի մեջ չի մտնում աշխատանքային վեճերի լուծումը: Նախկին աշխատանքային օրենսգրքի 246.1-րդ հոդվածի համաձայն՝ դրամական պահանջների հարցերով աշխատանքային վեճերը քննելիս, վեճը քննող մարմինն իրավունք ունի վճիռ կայացնել՝ վճարելու աշխատողին նրան հասանելիք գումարները ոչ ավելի, քան մեկ տարվա համար:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ սույն գործով կիրառելի է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը: Նշված հոդվածի համաձայն՝ ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպան և այլ հատուկ օրենսդրությամբ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե գործատուի մեղքով աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ կատարվում են սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատողին օրենքով սահմանված չափերով և կարգով վճարում է տուժանք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին մասի տրամաբանությամբ վերը նշված կարգը գործում է, եթե տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե օրենքով կամ պայմանագրով տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա նույն կետով նախատեսված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում:

«Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում սահմանված են աշխատանքի վարձատրության հիմքերը, որոնցից են, մասնավորապես, վարձու աշխատողների համար գործատուների հետ կնքված պայմանագրերը, նույն օրենքով սահմանված աշխատողների բոլոր կատեգորիաների համար նրանց աշխատանքի վարձատրության չափն ու պայմանները սահմանող պայմանագրերը և իրավական այլ ակտերը:

Նույն հոդվածի համաձայն՝ գործատուն վարձու աշխատողի հետ պարտավոր է կնքել գրավոր պայմանագիր, որում պետք է նշվեն աշխատանքի վարձատրության պայմանները, աշխատանքի վարձատրության ժամային դրույքաչափերը կամ ամսական աշխատավարձի (հավելումների, փոխհատուցումների) չափն ու վճարման պարբերականությունը, կազմակերպություններում աշխատավարձի վճարման ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար տույժի չափը:

«Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ աշխատավարձը գործատուների կողմից աշխատողներին նրանց կատարած աշխատանքի դիմաց դրամական կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ ձևերով կատարվող վճարումն է:

Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր աշխատող ունի իր կատարած աշխատանքի համար աշխատավարձ ստանալու իրավունք: Աշխատավարձի վճարման օրվանից աշխատողի մոտ ծագում է գործատուից այն պահանջելու իրավունք: Այսինքն, աշխատավարձի վճարման համար սահմանված ժամկետից դրա նկատմամբ ծագում է աշխատողի սեփականության իրավունքը (սույն իրավական խնդրի վերաբերյալ նմանատիպ դիրքորոշում է հայտնել նաև ՀՀ սահմանադրական դատարանը՝ 04.10.2006 թվականի թիվ ՍԴՈ-649 որոշմամբ), հետևաբար սույն գործով Ընկերությունը ժամանակին չվճարելով հայցվորի աշխատավարձը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի իմաստով պահել է վերջինիս դրամական միջոցները:

Վերը նշված հիմնավորումներով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չվճարված աշխատավարձի գումարներին ենթակա են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների վճարում, եթե տոկոսների այլ չափ սահմանված չէ գործատուի և աշխատողի միջև կնքված՝ աշխատանքի վարձատրության չափն ու պայմանները սահմանող պայմանագրով և իրավական այլ ակտերով:

Վճռաբեկ բողոքի այն հիմքը, որ Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Աշխատավարձի պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածը, անհիմն է, քանի որ տվյալ աշխատանքային հարաբերությունները և վեճը ծագել են մինչև ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ «Աշխատավարձի պաշտպանության մասին» կոնվենցիայի վավերացումը (վավերացվել է 25.10.2004թ.) և դրա ուժի մեջ մտնելը (ուժի մեջ է մտել 20.11.2004թ.):

Չվճարված աշխատավարձի մասով կիրառելի չէ նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին և 10-րդ կետերը, 17-րդ հոդվածը, քանի որ դրանք վերաբերում են վնասների փոխհատուցման դեպքերին: Իսկ սույն վեճը վերաբերում է ոչ թե պատճառված վնասի փոխհատուցմանը, այլ՝ դրամական պարտավորությունը չկատարելուն:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 348-րդ, 352-րդ և 421-րդ հոդվածները չկիրառելու մասին սույն բողոքի հիմքին, Վճռաբեկ դատարանն այն նույնպես հիմնավոր է համարում հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 348-րդ, 352-րդ և 421-րդ հոդվածների համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում՝ գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան: Պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվելը և նման պարտավորության պայմանների միակողմ փոփոխելը թույլատրվում է նաև պայմանագրով նախատեսված դեպքերում, եթե այլ բան չի բխում օրենքից կամ պարտավորության էությունից: Այն դեպքերում, երբ պարտավորությունը կատարման ժամկետ չի նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չի պարունակում, այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո՝ ողջամիտ ժամկետում: Ողջամիտ ժամկետում չկատարված պարտավորությունը, ինչպես նաև այն պարտավորությունը, որի կատարման ժամկետը որոշվում է պահանջի պահով, պարտապանը պարտավոր է կատարել այդ մասին պարտատիրոջ պահանջի ներկայացման օրվանից հետո՝ յոթնօրյա ժամկետում, եթե պարտավորության կատարման այլ ժամկետ չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության պայմաններից, գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից: Կատարման կետանց թույլ տված պարտապանը պարտատիրոջ առաջ պատասխանատվություն է կրում կետանցով պատճառված վնասների համար:

Սույն գործի փաստերի համաձայն՝ հայցվորն իր աշխատանքային գործունեության ընթացքում իր միջոցների հաշվին ձեռք է բերել ապրանքանյութական արժեքներ՝ 2.270.975 ՀՀ դրամի չափով: Իսկ ընկերության գլխավոր հաշվապահ Ա.Սոխակյանի կողմից կազմված համեմատական տեղեկանքի համաձայն՝ գումարների վճարման մասին Ընկերության հաշվապահությունում տվյալներ չկան, քանի որ գնման ակտերը կազմված են Գ.Բերոյանի կողմից՝ միակողմանիորեն: Նշված նյութերը սահմանված կարգով մուտքագրվել են պահեստ և ելքագրվել համապատասխան արտադրամասերի կողմից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատասխանող ընկերությունը սույն գործի դատաքննությամբ ընդունելով նշված նյութական արժեքները սահմանված կարգով պահեստ մուտքագրվելու և այնտեղից համապատասխան արտադրամասերի կողմից ելքագրվելու հանգամանքները, չի ապացուցել հայցվորին դրանց դիմաց վճարելու պարտավորությունը կատարած լինելու հանգամանքը: Հետևաբար, այն փաստարկը, թե գումարների վճարման մասին Ընկերության հաշվապահությունում տվյալները բացակայում են, հիմք չէ ներկայացված հայցը մերժելու համար:

2) Բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերության գլխավոր հաշվապահի կողմից 31.08.2002 թվականին կազմված զեկուցագրի համեմատական տեղեկանքը հիմնված է Ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին Մ.Ազատյանի կողմից 26.08.2002թ. ներկայացված զեկուցագրի և դրան կից ներկայացված շինարարական նյութերի ցուցակի վրա: Այսինքն՝ Ընկերության պաշտոնատար անձինք կազմել են վերը հիշատակված տեղեկանքը, իսկ գնման հանձնաժողովի նախագահ Գ.Բերոյանը 27.09.2002 թվականի զեկուցագրով ընդունել է, այն հանգամանքը, որ Մ.Ազատյանին վճարումներ չեն կատարվել:

Վճռաբեկ դատարանը գործի փաստերի ուսումնասիրության հիման վրա գտնում է, որ Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով գործում առկա ապացույցները, մասնավորապես, 31.08.2002 թվականին կազմված զեկուցագրի համեմատական տեղեկանքը և գնման հանձնաժողովի նախագահ Գ.Բերոյանի 27.09.2002 թվականի զեկուցագիրը չի գնահատել գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, որպիսի խախտումը հանգեցրել է գործի սխալ լուծման:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքում նշված հիմքերի առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու հիմք է:

Ելնելով վերոգրյալից, և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 30.06.2006 թվականի վճռի՝ 10.08.2001 թվականից մինչև 10.08.2002 թվականն ընկած ժամանակահատվածի աշխատավարձի գծով պարտքի գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ չհաշվեգրելու, կանխիկ գումարներով գնված ապրանքանյութական արժեքների գումարը և դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ բռնագանձելու պահանջը մերժելու մասերը և գործն այդ մասերով ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Վճիռը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ս. Գյուրջյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան