ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի մայիսի 24-ին
«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-334 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«միասնական էլեկտրոնային հարթակ՝ սույն օրենքի 24.1-ին հոդվածով նախատեսված էլեկտրոնային հարթակ, որի կիրառմամբ բազմաբնակարան շենքի կառավարման մարմինը սույն օրենքով նախատեսված ծանուցումները, իրազեկումները և հաշվետվությունները կարող է իրականացնել (ներկայացնել) էլեկտրոնային եղանակով:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-ին հոդվածով.
«Հոդված 24.1. | Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից ծանուցումները, իրազեկումները և հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով իրականացնելը (ներկայացնելը) |
1. Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից սույն օրենքով նախատեսված ծանուցումները, իրազեկումները և հաշվետվությունները կարող են իրականացվել (ներկայացվել) նաև սույն հոդվածով նախատեսված միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով:
2. Միասնական էլեկտրոնային հարթակն ստեղծում և վարում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը:
3. Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի՝ միասնական էլեկտրոնային հարթակին միացած լինելու դեպքում բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումների, իրազեկումների և հաշվետվությունների պաշտոնական հրապարակումն իրականացվում է բացառապես միասնական էլեկտրոնային հարթակում:
4. Միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը, վարման կարգը, բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի՝ միասնական էլեկտրոնային հարթակին միանալու կարգը, ժամկետները, միասնական էլեկտրոնային հարթակում ծանուցումների, իրազեկումների և հաշվետվությունների տեղադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Միասնական էլեկտրոնային հարթակում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումները, իրազեկումները և հաշվետվությունները համարվում են հրապարակված տեղադրման պահից: Համապատասխան ծանուցումները համարվում են հանձնված (ստացված), իսկ իրազեկումները՝ պատշաճ կատարված տեղադրելուց հետո հինգերորդ օրը:»:
Հոդված 3. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հոդված 4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորսամսյա ժամկետում: Սույն օրենքի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող 24.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված միասնական էլեկտրոնային հարթակը գործարկվում է սույն հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. հունիսի 12 Երևան ՀՕ-191-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունիսի 2023 թվական: