Գլխավոր տեղեկություն
Համար
N 114-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.02.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.02.03-2025.02.16 Պաշտոնական հրապարակման օրը 06.02.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.02.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 փետրվարի 2025 թվականի N 114-Ն

 

ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Թանգարանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել վերակազմակերպված և գործունեությունը դադարեցված թանգարանների թանգարանային առարկաների հետագա տնօրինման և պահպանության կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

06.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

փետրվարի 6-ի N 114-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են վերակազմակերպված և գործունեությունը դադարեցված թանգարանների թանգարանային առարկաների հետագա տնօրինման և պահպանության հետ կապված հարաբերությունները:

2. Վերակազմակերպված և գործունեությունը դադարեցված թանգարանների թանգարանային առարկաների հետագա տնօրինումը և պահպանությունն իրականացվում են «Թանգարանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգի պահանջներին համապատասխան:

 

2. ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

3. Թանգարանը հիմնադրամի կամ պետական ոչ առևտրային կազմակերպության կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերակազմավորման ձևով վերակազմակերպվելու դեպքում հիմնադրի որոշմամբ վերակազմավորվող թանգարանի թանգարանային առարկաները մշտական պահպանության նպատակով անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են վերակազմավորված կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

4. Պետական կամ համայնքային թանգարանը մեկ այլ թանգարանին միացման ձևով վերակազմակերպման դեպքում հիմնադիրը սահմանում է թանգարանի իրավահաջորդ կազմակերպություն և վերջինիս է փոխանցում միացված թանգարանի թանգարանային առարկաներն ու հավաքածուները:

5. Պետական կամ համայնքային թանգարանների միաձուլման դեպքում հիմնադիրը սահմանում է միաձուլված թանգարանների իրավահաջորդ կազմակերպություն և վերջինիս փոխանցում միաձուլված թանգարանների թանգարանային առարկաներն ու հավաքածուները:

6. Միացման կամ միաձուլման ձևով վերակազմակերպված պետական կամ համայնքային թանգարանի թանգարանային առարկաների փոխանցումն իրավահաջորդ կազմակերպությանը կազմակերպում է լիազոր մարմինը.

1) լիազոր մարմինը փոխանցումը կազմակերպելու նպատակով ստեղծում է թանգարանային առարկաների ընդունման-հանձնման հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են՝

ա. պետական թանգարանի դեպքում՝ լիազոր մարմնի ներկայացուցիչները, տարածքային կառավարման մարմնի ներկայացուցիչները, իրավահաջորդ կազմակերպության և վերակազմակերպված թանգարանի գլխավոր ավանդապահները (ֆոնդապահները), հավաքածուների ավանդապահները (ֆոնդապահները)՝ ըստ բաժինների և մշակութային արժեքների փորձագետներ,

բ. համայնքային թանգարանի դեպքում՝ լիազոր մարմնի ներկայացուցիչները, տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչը, իրավահաջորդ կազմակերպության և վերակազմակերպված թանգարանի գլխավոր ավանդապահները (ֆոնդապահները), հավաքածուների ավանդապահները (ֆոնդապահները)՝ ըստ բաժինների և մշակութային արժեքների փորձագետներ.

2) թանգարանային առարկաների ընդունման-հանձնման հանձնաժողովը պետք է կազմված լինի նվազագույնը յոթ, առավելագույնը տասներեք անդամներից՝ յուրաքանչյուր մարմնից ընդգրկելով մեկ անդամ, իսկ իրավահաջորդ ու վերակազմակերպվող կազմակերպությունից ավանդապահների թիվը կարող է ձևավորվել ըստ հավաքածուի բաժինների քանակի: Հանձնաժողովում ընդգրկվող մշակութային արժեքների փորձագետների թիվը ձևավորվում է՝ ելնելով հավաքածուի բովանդակությունից, որը կարող է պահանջել նեղ մասնագիտական ոլորտային փորձագետների ներգրավում:

7. Լիազոր մարմինը թանգարանային առարկաների ընդունման-հանձնման հանձնաժողովին (այսուհետ՝ հանձնաժողով) հրահանգում է կազմակերպել վերակազմակերպված թանգարանի թանգարանային առարկաների առկայության ստուգման աշխատանքներ ըստ հաշվառման փաստաթղթերի՝ սահմանելով աշխատանքների իրականացման համար ժամկետ: Սահմանված ժամկետում աշխատանքները չիրականացնելու դեպքում հանձնաժողովի նախագահը գրավոր դիմում է լիազոր մարմնին, ներկայացնելով չիրականացման պատճառների վերաբերյալ պարզաբանում, և առաջարկում է աշխատանքներն ավարտին հասցնելու համար սահմանել նոր ժամկետ:

8. Լիազոր մարմինը թանգարանային առարկաների գրանցումը թանգարանի հավաքածուի հաշվառման գլխավոր մատյանում իրականացնելու նպատակով՝ իրավահաջորդ կազմակերպության համար սահմանում է ժամկետ:

9. Պետական կամ համայնքային թանգարանը բաժանման ձևով վերակազմակերպման դեպքում հիմնադրի որոշմամբ սահմանվում են իրավահաջորդ կազմակերպություններ:

10. Բաժանման ձևով վերակազմակերպված պետական կամ համայնքային թանգարանի թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների բաշխումն իրավահաջորդ կազմակերպությունների միջև կազմակերպում է լիազոր մարմնինը.

1) լիազոր մարմինը թանգարանի բաժանումը կազմակերպելու նպատակով ստեղծում է թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների բաշխիչ հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են՝

ա. պետական թանգարանի դեպքում՝ լիազոր մարմնի ներկայացուցիչները, տարածքային կառավարման մարմնի ներկայացուցիչները, իրավահաջորդ կազմակերպությունների և վերակազմակերպված թանգարանի գլխավոր ավանդապահները (ֆոնդապահները), հավաքածուների ավանդապահները (ֆոնդապահները)՝ ըստ բաժինների և մշակութային արժեքների փորձագետներ,

բ. համայնքային թանգարանի դեպքում՝ լիազոր մարմնի ներկայացուցիչները, տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչը, իրավահաջորդ կազմակերպությունների և վերակազմակերպված թանգարանի գլխավոր ավանդապահները (ֆոնդապահները), հավաքածուների ավանդապահները (ֆոնդապահները)՝ ըստ բաժինների և մշակութային արժեքների փորձագետներ.

2) թանգարանային առարկաների բաշխիչ հանձնաժողովը պետք է կազմված լինի նվազագույնը յոթ, առավելագույնը տասներեք անդամներից՝ յուրաքանչյուր մարմնից ընդգրկելով մեկ անդամ, իսկ իրավահաջորդ ու վերակազմակերպվող կազմակերպությունից ավանդապահների թիվը կարող է ձևավորվել ըստ հավաքածուի բաժինների քանակի: Հանձնաժողովում ընդգրկվող մշակութային արժեքների փորձագետների թիվը ձևավորվում է՝ ելնելով հավաքածուի բովանդակությունից, որը կարող է պահանջել նեղ մասնագիտական ոլորտային փորձագետների ներգրավում:

11. Լիազոր մարմինը թանգարանային առարկաների բաշխիչ հանձնաժողովին հրահանգում է կազմակերպել յուրաքանչյուր իրավահաջորդ կազմակերպության բովանդակությանը համապատասխան թանգարանային հավաքածուների ձևավորում և իրավահաջորդ կազմակերպությունների միջև թանգարանային հավաքածուների բաշխում՝ սահմանելով աշխատանքների իրականացման համար ժամկետ: Սահմանված ժամկետում աշխատանքները չիրականացնելու դեպքում բաշխիչ հանձնաժողովի նախագահը գրավոր դիմում է լիազոր մարմնին, ներկայացնելով չիրականացման պատճառների վերաբերյալ պարզաբանում, և առաջարկում է աշխատանքներն ավարտին հասցնելու համար սահմանել նոր ժամկետ:

12. Իրավահաջորդ կազմակերպությունների միջև թանգարանային հավաքածուների բաշխման գործընթացը կազմակերպվում է ըստ թանգարանային առարկաների հաշվառման փաստաթղթերի, և կազմվում են յուրաքանչյուր կազմակերպության համար նախատեսված թանգարանային առարկաների ցուցակներ:

13. Ըստ 12-րդ կետում նշված ցուցակների՝ հիմնադրի որոշմամբ իրավահաջորդ կազմակերպություններին մշտական պահպանության նպատակով անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են թանգարանային առարկաներ և թանգարանային հավաքածուներ՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

14. Իրավահաջորդ կազմակերպությունները յուրաքանչյուրն իր մասով իրականացնում են թանգարանային առարկաների գրանցումը թանգարանի հավաքածուի հաշվառման գլխավոր մատյանում:

15. Պետական կամ համայնքային թանգարանի կազմից մեկ կամ մի քանի թանգարանների առանձնացման դեպքում՝

1) հիմնադրի որոշմամբ առանձնացվող մասի հիման վրա ստեղծվում է իրավաբանական անձ և սահմանվում վերջինիս կազմակերպական-իրավական ձևը.

2) լիազոր մարմինը վերակազմակերպված և առանձնացված թանգարանների միջև թանգարանային առարկաների և հավաքածուների առանձնացումն ու փոխանցումը կազմակերպելու նպատակով ստեղծում է թանգարանային առարկաների առանձնացման և ընդունման-հանձնման հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են՝

ա. պետական թանգարանի դեպքում՝ լիազոր մարմնի ներկայացուցիչները, տարածքային կառավարման մարմնի ներկայացուցիչները, առանձնացված և վերակազմակերպված թանգարանների գլխավոր ավանդապահները (ֆոնդապահները), հավաքածուների ավանդապահները (ֆոնդապահները)՝ ըստ բաժինների և մշակութային արժեքների փորձագետներ,

բ. համայնքային թանգարանի դեպքում՝ լիազոր մարմնի ներկայացուցիչները, տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչը, առանձնացված և վերակազմակերպված թանգարանների գլխավոր ավանդապահները (ֆոնդապահները), հավաքածուների ավանդապահները (ֆոնդապահները)՝ ըստ բաժինների և մշակութային արժեքների փորձագետներ,

գ. թանգարանային առարկաների առանձնացման և ընդունման-հանձնման հանձնաժողովը պետք է կազմված լինի նվազագույնը յոթ, առավելագույնը տասներեք անդամներից՝ յուրաքանչյուր մարմնից ընդգրկելով մեկ անդամ, իսկ իրավահաջորդ ու վերակազմակերպվող կազմակերպությունից ավանդապահների թիվը կարող է ձևավորվել ըստ հավաքածուի բաժինների քանակի: Հանձնաժողովում ընդգրկվող մշակութային արժեքների փորձագետների թիվը ձևավորվում է՝ ելնելով հավաքածուի բովանդակությունից, որը կարող է պահանջել նեղ մասնագիտական ոլորտային փորձագետների ներգրավում:

16. Հիմնադրի որոշմամբ վերակազմավորվող թանգարանի հավաքածուից առանձնացված թանգարանային առարկաներն ու հավաքածուները մշտական պահպանության նպատակով անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են առանձնացված կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

 

3. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

 

17. Պետական կամ համայնքային թանգարանների գործունեության դադարեցման դեպքում թանգարանային առարկաները և թանգարանային հավաքածուները փոխանցվում են լիազոր մարմնին:

18. Լիազոր մարմինը գործունեությունը դադարեցված պետական կամ համայնքային թանգարանի թանգարանային առարկաները ժամանակավոր պահպանության է հանձնում իր համակարգում գործող որևէ թանգարանի՝ կնքելով թանգարանային առարկաների հանձնման մասին պայմանագիր և ձևակերպելով ընդունման-հանձնման ակտ:

19. Գործունեությունը դադարեցված պետական կամ համայնքային թանգարանի թանգարանային առարկաների հետագա տնօրինման և պահպանության որոշումը կայացնում է հիմնադիրը՝ մեկ այլ թանգարանին մշտական պահպանության նպատակով անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին լիազոր մարմնի առաջարկի հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

06.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 փետրվարի 2025 թվական: