Գլխավոր տեղեկություն
Համար
N 1783-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.11.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 15.11.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2024 թվականի N 1783-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, տրամադրման, տարածման, օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող տեղագրագեոդեզիական նյութերից ու տվյալներից օգտվելու համար թույլտվություն ստանալու կարգը հաստատելու մասին» N 1581-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

15.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1783-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում է պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, տրամադրման, տարածման, օգտագործման գործընթացը:

2. Սույն կարգի իմաստով պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալներին առնչվելու իրավունք ունեցող սուբյեկտներ են այն պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք, կազմակերպությունները, որոնք իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրված գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու, ինչպես նաև պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալներին առնչվելու իրավունք ունեցող սուբյեկտներ են այն ֆիզիկական անձինք, որոնք ունեն համապատասխան թույլտվություն պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու համար:

3. Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալները պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալներին առնչվելու իրավունք ունեցող սուբյեկտներին տրամադրում և փոխանցում է պաշտպանության ոլորտի լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

4. Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալներին առնչվելու իրավունք ունեցող սուբյեկտներն իրենց մոտ գտնվող պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների պահպանությունն իրականացնում են «Պետական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված կարգով:

 

2. ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՍՏԵՂԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալներին առնչվելու իրավունք ունեցող սուբյեկտները պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, ստեղծման աշխատանքներ իրականացնելու նպատակով դիմում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն՝ համապատասխան թույլտվություն ստանալու նպատակով։

6. Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, ստեղծման նպատակով՝ համապատասխան պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու իրավունք ունեցող սուբյեկտները աշխատանքներն սկսելուց առնվազն 20 աշխատանքային օր առաջ հայտեր են ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն։ Հայտերը պետք է ներառեն տարածական տվյալների հավաքման, ստեղծման մանրամասները՝ նպատակը, խնդիրները, ժամանակահատվածը, ակնկալվող արդյունքները և տեղանքի վերաբերյալ նույնականացման տվյալները, աշխատանքների իրականացման եղանակների ու օգտագործվող տեխնիկական միջոցների մասին տեղեկությունները, աշխատանքների նախագիծը և տեխնիկական առաջադրանքը, տարածական տվյալների հավաքման և ստեղծման գործընթացներում ներգրավված անձանց վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում այլ պետական մարմինների կողմից տրամադրված թույլտվությունները։

7. Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, ստեղծման նպատակով հայտերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների գործավարության կարգին համապատասխան։

8. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ուսումնասիրում է ստացված հայտերը՝ դրանց ամբողջականությունը և սույն կարգի պահանջներին համապատասխանությունը ստուգելու նպատակով: Անհամապատասխանության առկայության դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է լրամշակման։

9․Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ստացված հայտերը, այդ թվում՝ 8-րդ կետով նախատեսված դեպքում լրամշակվելուց հետո, առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համաձայնեցմանը։

10․Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ներկայացված հայտերի վերաբերյալ 15 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է դրական, պայմանով դրական կամ բացասական կարծիք:

11․ Պայմանով դրական կարծիք ստանալու պարագայում պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, ստեղծման աշխատանքների իրականացման հայտերի, աշխատանքների նախագծերի և տեխնիկական առաջադրանքների դրույթները կարող են խմբագրվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության՝ պայմաններով դրական կարծիքին կից ներկայացված առաջարկությունների հիման վրա։ Խմբագրված հայտը կրկին հաստատման չի ներկայացվում, եթե ընդունվել և կատարվել են բոլոր առաջարկությունները։

12․ Հայտը (այդ թվում՝ լրամշակված) ստանալու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ամփոփում է ստացված տվյալները և պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, ստեղծման աշխատանքների իրականացման վերաբերյալ գրավոր պատասխանում է հայտատուին՝ տրամադրելով թույլտվություն կամ բացասական եզրակացություն։ Թույլտվությունը տրվում է հայտում նշված ժամկետներում իրականացվող աշխատանքների ամբողջ ծավալի համար: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության բացասական կարծիքի դեպքում հայտատուին տրամադրվում է բացասական եզրակացություն, իսկ դրական կամ պայմանով դրական կարծիքի պարագայում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իրավասու է տրամադրելու նաև բացասական եզրակացություն: Բացասական եզրակացությունը տրամադրվում է, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է տվյալների ստեղծման և հավաքման արգելք, որի հիմքերը և անհրաժեշտ հիմնավորումները յուրաքանչյուր դեպքում ներկայացվում են բացասական եզրակացություն տրամադրելիս:

13․ Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու իրավունք ունեցող սուբյեկտների կողմից հավաքված և ստեղծված պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների օգտագործումը թույլատրվում է միայն հայտում նշված նպատակով և դրանք ենթակա չեն տրամադրման կամ փոխանցման երրորդ կողմին։

14. Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, ստեղծման աշխատանքների ավարտից հետո տվյալ աշխատանքների իրականացման արդյունքում ձևավորված նյութերի ամբողջական փաթեթը (ելակետային տվյալներ, ստեղծված նյութեր և այլն) պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալներին առնչվելու իրավունք ունեցող սուբյեկտները պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների գործավարությամբ սահմանված կարգով ներկայացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը՝ հատուկ օբյեկտների քողարկման, համապատասխան տվյալների քարտադարանում ներառման և այլ նպատակների համար՝ չպահպանելով կրկնօրինակները:

 

3. ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ (ՓՈԽԱՆՑՄԱՆ) ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

15. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալները պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու իրավունք ունեցող սուբյեկտներին տրամադրում (փոխանցում) է ներկայացված դիմումների հիման վրա, իսկ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից մշակված պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալները պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու իրավունք ունեցող սուբյեկտներին տրամադրում (փոխանցում) է միայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից դրական կարծիք ստանալու դեպքում:

16. Դիմումները ներկայացվում են՝ նշելով անհրաժեշտ պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների վերաբերյալ նույնականացման տվյալներ՝ կոորդինատները, քարտեզների անվանահամարները (նոմենկլատուրաներ) և այլն։ Դիմումում նշվում են նաև պահանջվող նյութերի կիրառմամբ իրականացվելիք աշխատանքի նպատակը, անհրաժեշտությունը և օգտագործման համար նախատեսված ժամանակահատվածը։

17. Դիմումները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն՝ սույն կարգի 16-րդ կետի համաձայն:

18. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների տրամադրման վերաբերյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու իրավունք ունեցող սուբյեկտների կողմից ներկայացված դիմումները քննարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ համապատասխան տեղեկատվությունը տրամադրում կամ մերժում է 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ բացառությամբ, երբ դիմումով հայցվում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից մշակված պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալներ, որի դեպքում համապատասխան տեղեկատվությունը տրամադրում կամ մերժում է 15 աշխատանքային օրվա ընթացքում:

19. Եթե դիմումով հայցվում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից մշակված պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համաձայնեցմանը։

20. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ներկայացված դիմումի վերաբերյալ 7 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է դրական կամ բացասական կարծիք: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից բացասական կարծիք ստանալու դեպքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մերժում է դիմումը:

21. Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների առաջնային նյութերը, տարածական տվյալների ստացման համար օգտագործված սարքավորումների տեխնիկական բնութագրերը, իրականացված աշխատանքների վերաբերյալ պարամետրերն անհրաժեշտության դեպքում կարող են պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների գործավարությամբ սահմանված կարգով տրամադրվել պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալներին առնչվելու իրավունք ունեցող սուբյեկտներին՝ միայն ժամանակավոր օգտագործման համար:

22. Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների տրամադրումը պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալներին առնչվելու իրավունք ունեցող սուբյեկտներին իրականացվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների գործավարության կարգով:

23. Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալներին առնչվելու իրավունք ունեցող սուբյեկտներին արգելվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից ստացված՝ պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալները փոխանցել այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ անկախ վերջիններիս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունք, կամ ֆիզիկական անձանց դեպքում դրանց առնչվելու համապատասխան թույլտվություն ունենալու հանգամանքից, ինչպես նաև դրանցում կատարել որևէ փոփոխություն:

24. Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալներին առնչվելու իրավունք ունեցող սուբյեկտներին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրամադրված պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալները ենթակա են վերադարձման պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների գործավարությամբ սահմանված կարգով՝ չպահպանելով կրկնօրինակները:

25. Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների կորստի դեպքում պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալներին առնչվելու իրավունք ունեցող սուբյեկտները դրա վերաբերյալ անմիջապես հայտարարություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը՝ նշելով կորած նյութերի տեսակը, անվանումները, քանակը, քարտեզի անվանահամարը (նոմենկլատուրան), կոորդինատային համակարգը, մասշտաբը, կորստի հանգամանքների համառոտ նկարագրությունը և այդ նյութերի կորստի պատճառների վերացման միջոցառումները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

15.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 նոյեմբերի 2024 թվական: