Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.10.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.10.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
11.10.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
11.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր` Ս. Գզոգյան

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

ԵԴ/1840/01/22

նախագահող դատավոր՝

դատավորներ՝

 Լ. Ալավերդյան

 Գ. Հովհաննիսյան

 Մ. Արղամանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

 

11 հոկտեմբերի 2024 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով Արա Լևոնի Քիշմիրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 9-ի որոշման դեմ պաշտպան Հ.Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2022 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի վարչական շրջանի քննչական բաժնում 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 344-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 11833322 քրեական վարույթը:

Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 11833522 քրեական վարույթը, որը միացվել է թիվ 11833322 քրեական վարույթին, և նախաքննությունը շարունակվել է 11833322 համարի ներքո։

Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ Արա Լևոնի Քիշմիրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով և 344-րդ հոդվածի 2-րդ մասով։

2022 թվականի նոյեմբերի 15-ին Արա Քիշմիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

2022 թվականի դեկտեմբերի 9-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ստացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 9-ի դատավճռով, Ա.Քիշմիրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով և 344-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքների կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով՝ տուգանք՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկում՝ 8 (ութ) ամիս ժամկետով։

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի հիման վրա՝ նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով, Ա.Քիշմիրյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով և ազատազրկում՝ 8 (ութ) ամիս ժամկետով:

Արա Քիշմիրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

3. Մեղադրյալ Արա Քիշմիրյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի փետրվարի 9-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Հ.Ջհանգիրյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ վերադարձվել է՝ թերությունները շտկելու և կրկին ներկայացնելու համար։ Պաշտպան Հ.Ջհանգիրյանը 2024 թվականի մայիսի 13-ին կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ առերևույթ փաստական կամ իրավական հանգամանք ի հայտ գալու ուժով, կայացված դատական ակտը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը։

5.1. Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Ա.Քիշմիրյանին՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով և 344-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքների համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են։

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 9-ի որոշումը բեկանել և փոփոխել՝ Արա Քիշմիրյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով և 344-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետներն անցած լինելու հիմքով։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ հաստատված է համարել, որ Ա.Քիշմիրյանը «(…) զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, մեկ միասնական դիտավորությամբ՝ 2022 թվականի ապրիլի 29-ին և 2022 թվականի մայիսի 31-ին, իսկ 2022 թվականի մայիսի 12-ին՝ հարբած (ոչ սթափ) վիճակում, վարել է տրանսպորտային միջոց:

Այսպես.

Արա Լևոնի Քիշմիրյանը, 2021 թվականի սեպտեմբերի 15-ից 1 տարի ժամկետով զրկված լինելով տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, 2022 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 03:05-ին, Երևան քաղաքի Արագածի փողոցում վարել է «Hyundai» մակնիշի, 01 OR 606 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը (…):

Բացի այդ, Արա Լևոնի Քիշմիրյանը, նույն ժամանակահատվածում զրկված լինելով տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, 2022 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 00:30-ին, Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցում վարել է «Opel» մակնիշի, 36 NU 558 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը (…)։

Բացի այդ, Արա Լևոնի Քիշմիրյանը, սահմանված կարգով զրկված լինելով տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, 2022 թվականի մայիսի 12-ին՝ ժամը 02:20-ին, ոչ սթափ վիճակում մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը՝ 0.243 մգ/լ (…), Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում վարել է «Hyundai» մակնիշի, 01 OR 606 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը (…)»1։

8. Վերաքննիչ դատարանը Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ, գտնելով, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չի տրվել դատական սխալ, դատական ակտը հիմնավոր է և այն բեկանելու հիմքերը բացակայում են։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Ա.Քիշմիրյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով և 344-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը ենթակա է արդյո՞ք դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`

(...)

12) անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից (...)»:

Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

3) մեղադրյալի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները (...)»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը (…)»:

Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (…)»։

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) 5 տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում. (…)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը (…)»2:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 2431-րդ հոդվածի համաձայն՝ «1Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մինչև երկու ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով (…):

2. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով (…)»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի համաձայն` «1.Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

2. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը`

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով (…)»:

11 Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անցել են վաղեմության ժամկետները։

12 Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Քիշմիրյանն իրեն մեղսագրված՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով և 344-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքները կատարել է 2022 թվականի ապրիլի 29-ին, մայիսի 12-ին և 31-ին3: Վերոնշյալ արարքները կատարելու մեջ Ա.Քիշմիրյանի մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2023 թվականի հոկտեմբերի 9-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2024 թվականի փետրվարի 9-ին4: Նշված որոշման դեմ պաշտպան Հ.Ջհանգիրյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը, թույլ տրված թերությունները վերացնելու համար Վճռաբեկ դատարանի որոշմամբ վերադարձվել է 2024 թվականի ապրիլի 15-ին, իսկ կրկին ներկայացված բողոքը վարույթ է ընդունվել 2024 թվականի օգոստոսի 13-ին5:

13. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-11-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով և 344-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկի առումով ԱՔիշմիրյանի նկատմամբ կիրառման են ենթակա տվյալ արարքների համար նշված հանցանքները կատարելու պահին գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի կարգավորումները6, այսինքն ԱՔիշմիրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը երկու տարի է, որը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ԱՔիշմիրյանին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետները լրացել են 2024 թվականի ապրիլի 29-ին և մայիսի 31-ին, իսկ 344-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը՝ մայիսի 12-ին, և այդ պահի դրությամբ, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել, ուստի պետք է ԱՔիշմիրյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 9-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 9-ի որոշումը բեկանել՝ ԱՔիշմիրյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով և 344-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու պատճառաբանությամբ և քրեական վարույթը կարճել՝ նկատի ունենալով, որ սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արա Քիշմիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված բացակայելու արգելքը պետք է վերացնել, իսկ արտավարույթային փաստաթուղթ ճանաչված և քրեական գործին կցված փաստաթղթերը՝ թողնել քրեական վարույթում։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Մեղադրյալ Արա Լևոնի Քիշմիրյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 9-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 9-ի որոշումը բեկանել:

2. Արա Լևոնի Քիշմիրյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով և 344-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով և քրեական վարույթը կարճել:

3. Արա Լևոնի Քիշմիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված բացակայելու արգելքը վերացնել:

4. Արտավարույթային փաստաթուղթ ճանաչված և քրեական գործին կցված փաստաթղթերը թողնել քրեական վարույթում։

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

______________________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 79:

2 Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ Ա․Քիշմիրյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական կարգավորումը:

3 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

4 Տե՛ս սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերը:

5 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշման 13-րդ կետը։

 

Նախագահող`

Դատավորներ`

Հ. Ասատրյան
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2024 թվական: