Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1709
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 23.01.2024
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
17.01.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2024

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ք. Երևան

17 հունվարի 2024 թ.

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 145-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ներկայացուցիչ Ա. Վարդևանյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ՝ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Ստեփանյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը (այսուհետ նաև՝ Դատական օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 7-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2018 թվականի փետրվարի 10-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ին:

Դատական օրենսգրքի՝ «Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինները» վերտառությամբ 145-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է.

«1.Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեն`

1) Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը.

2) Լիազոր մարմինը.

3) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ սույն հոդվածի 1.1-ին կետով նախատեսված դեպքերում»:

Դատական օրենսգրքի վերոնշյալ հոդվածը լրացվել է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-197-Ն օրենքով (ընդունվել է 2020 թվականի մարտի 25-ին, ուժի մեջ է մտել 2020 թվականի մայիսի 2-ին), որով վիճարկվող հոդվածի 1-ին մասը լրացվել է 3-րդ կետով՝ հետևյալ ձևակերպմամբ.

«3) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ սույն հոդվածի 1.1-ին կետով նախատեսված դեպքերում»։

Գործի քննության առիթը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի (այսուհետ նաև՝ Դիմող)՝ 2022 թվականի փետրվարի 15-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի նոյեմբերի 8-ի ՍԴԱՈ-177 աշխատակարգային որոշմամբ կասեցրել է նշված գործի վարույթը՝ լրացուցիչ նյութեր հետազոտելու և տեղեկություններ ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված։

2022 թվականի դեկտեմբերի 10-ին Սահմանադրական դատարանի՝ սույն գործով զեկուցող դատավորի լիազորությունները դադարել են, և Սահմանադրական դատարանի 2023 թվականի հունվարի 10-ի ՍԴԱՈ-2 աշխատակարգային որոշմամբ սույն գործով նոր զեկուցող դատավոր է նշանակվել:

Սահմանադրական դատարանի 2024 թվականի հունվարի 9-ի ՍԴԱՈ-7 աշխատակարգային որոշմամբ սույն գործի վարույթը վերսկսվել է, և գործի դատաքննությունը նշանակվել է 2024 թվականի հունվարի 16-ին:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը և վերլուծելով Դատական օրենսգրքի վիճարկվող իրավադրույթն ու դրա հետ փոխկապակցված օրենսդրական այլ դրույթներ` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը գտնում է, որ Դատական օրենսգրքով Արդարադատության նախարարի՝ որպես գործադիր իշխանության ներկայացուցչի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը չի համապատասխանում իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքին և հակասում է Սահմանադրության 164-րդ հոդվածի պահանջներին:

Դիմողը պնդում է. «(…) նշված գործիքակազմը լայնորեն իրացվում է Արդարադատության նախարարի կողմից, որը եթե հանդիսանար դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միակ գործիքակազմը կարող էր ունենալ իրավաչափ հետապնդվող նպատակ, սակայն հենց նույն Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասը որևէ կերպ չի դիտարկում Արդարադատության նախարարությանը որպես միակ կարգապահական վարույթ հարուցող սուբյեկտ»:

Սույն համատեքստում Դիմողն ընդգծում է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դերը և նշում, որ պատահական չէ, որ այն բաղկացած չէ բացառապես դատավորներից, այլ նաև ոչ դատավոր անդամներից, ինչը հենց պետք է երաշխավորեր Արդարադատության նախարարության՝ որպես կարգապահական վարույթ հարուցող սուբյեկտի կառուցակարգի վերացումը:

Դիմողը հայտնում է, որ 2019-2021 թվականներին Արդարադատության նախարարի կողմից հարուցված կարգապահական վարույթների թիվը հիմնավորում է սահմանադրականության խնդիրները վիճարկվող նորմի և դրա փաստացի գործադիր իշխանություն-դատական իշխանություն բաժանման ու հավասարակշռման անհամապատասխանությունը՝ ստեղծված իրավիճակը դիտելով որպես սահմանադրականության խնդիր Սահմանադրության 1-ին հոդվածի՝ «իրավական պետություն» նորմ-սկզբունքի հետ:

Վկայակոչելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-1613 որոշմամբ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ի մասի վերաբերյալ ներկայացված դիրքորոշումը՝ Դիմողը նշում է, որ կարգապահական վարույթ հարուցելու մասին դիմումներ/հաղորդումներ ներկայացնելու, կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող սուբյեկտների որոշման հարցն օրենսդրի լայն հայեցողության շրջանակում է, որի սահմաններն ուրվագծվում են ինչպես Սահմանադրությամբ ամրագրված վերաբերելի հիմնարար սկզբունքներով, այնպես էլ դրանց բովանդակության բացահայտմանն ուղղված Սահմանադրական դատարանի դիրքորոշումներով: Ըստ այդմ՝ Դիմողը հանգում է հետևության, որ օրենսդիրը, ունենալով կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող սուբյեկտների որոշման լայն հայեցողություն, այն որևէ դեպքում չի կարող վերածել Սահմանադրության 1-ին, 4 և 164-րդ հոդվածներով նախատեսված սահմանադրական երաշխիքների խաթարման։

Դիմողի կարծիքով՝ միջազգային իրավական զարգացումներին համընթաց՝ պետք է իրականացվի նաև նշված հարցի վերաբերյալ օրենսդրական քաղաքականություն։ Մինչդեռ, չնայած Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (այսուհետ նաև՝ ԳՐԵԿՈ) ներկայացրած ունիվերսալ բնույթ ունեցող առաջարկներին, որևէ գործողություն չի իրականացվում նշված հարցի վերաբերյալ, իսկ նշված խնդիրն օրենսդրի տիրույթում հաղթահարման ենթակա չէ, իսկ կարգապահական վարույթների թիվն ինքնին պարզ է դարձնում, որ այն գործադիր իշխանության կողմից ոչ թե իրականացվում է որպես բացառիկ միջոց կամ բացառություն ընդհանուր կանոնից, այլ որպես լայնորեն իրացման ենթակա գործիքակազմ, ինչը պետք է գնահատվի Սահմանադրական դատարանի կողմից՝ պնդելով որ Սահմանադրական դատարանի կողմից սույն հարցի սահմանադրականության գնահատման տեսանկյունից երբևէ քննության առարկա չեն դարձել դիմումում ներկայացված միջազգային հեղինակավոր կազմակերպությունների մոտեցումներն ու առաջարկները:

Դիմողը նշում է, որ թեև Սահմանադրության 175-րդ հոդվածի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման բացառիկ լիազորությունը պատկանում է Բարձրագույն դատական խորհրդին, կարգապահական վարույթի հարուցման և դատավորին կարգապահական «հետապնդման» ենթարկելու գործիքակազմը վիճարկվող կարգավորման ուժով պատկանում է գործադիր իշխանությանը: Այլ կերպ ասած՝ ըստ Դիմողի՝ գործադիր իշխանությունը, պայմանավորված օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, ունենալով անհամաձայնություն ցանկացած դատավորի կամ նրա կայացրած որոշման հետ, կարող է դատավորին ենթարկել կարգապահական «հետապնդման»:

Դիմողի կարծիքով՝ նման գործիքակազմն առաջացնում է Սահմանադրության 4-րդ հոդվածով երաշխավորված՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքին հակասող իրավիճակ:

Դիմողի դիտարկմամբ՝ խնդրահարույց է Դատական օրենսգրքի 146-րդ հոդվածով նախատեսված՝ կարգապահական վարույթ հարուցելու առիթներից վարույթ հարուցող մարմնի կողմից իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերումը:

Մասնավորապես, Դիմողի դիտարկմամբ՝ «(…) սույն վեճի շրջանակներում առաջանալու է անհրաժեշտություն նաև համակարգային առումով փոխկապակցվածության մասով գնահատել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի կարգապահական վարույթ հարուցելու առիթներին, մասնավորապես այն, որ «վարույթ հարուցող մարմնի կողմից իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերումը»»:

Դիմողի կարծիքով՝ վիճարկվող նորմով նախատեսված՝ Արդարադատության նախարարի լիազորությունը հանգեցնում է պետական իշխանության երկու անկախ և առանձին ճյուղերի՝ գործադիր և դատական իշխանությունների լիազորությունների սահմանադրական հավասարակշռման խաթարման, և սույն սահմանադրական վեճի լուծումն առանցքային նշանակություն կունենա նաև սահմանադրական մշակույթի և հանրային իշխանական կյանքում սահմանադրաիրավական արժեհամակարգի ձևավորման և երաշխավորման տեսանկյունից:

Ամփոփելով՝ Դիմողը խնդրում է որոշել Դատական օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Սահմանադրության 1-ին, 4 և 164-րդ հոդվածներին համապատասխանության հարցը:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Ազգային ժողովը (այսուհետ՝ Պատասխանող) իր դիրքորոշումներում անհամաձայնություն է հայտնում Դիմողի այն փաստարկին, որ գործադիր իշխանությունը, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով անհամաձայնություն ունենալով ցանկացած դատավորի կողմից կայացված որոշման հետ, իր վերաբերմունքը կարող է դրսևորել՝ դատավորին կարգապահական հետապնդման ենթարկելով: Պատասխանողը վկայակոչում է, որ Դատական օրենսգրքի նշված օրենսդրական կարգավորմամբ սահմանված են դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթները և հիմքերը, ինչպես նաև կարգապահական վարույթ հարուցող մարմնի վրա է դրված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը, ինչը չարաշահումներից զերծ մնալու երաշխիք է:

Պատասխանողը վկայակոչում է Եվրոպայի դատավորների խորհրդակցական խորհրդի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում դատական անկախության վերաբերյալ Կիևյան հանձնարարականների (այսուհետ նաև՝ Կիևյան հանձնարարականներ), Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Վենետիկի հանձնաժողով) դիրքորոշումները՝ ընդունելով, որ պահպանվել է այն կանոնը, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացում ներգրավված անձը չի կարող մասնակցել կարգապահական պատասխանատվության որոշման գործընթացին և, մասնավորեցնելով այն Դատական օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված սուբյեկտների գործառույթների նկատմամբ, գտնում է, որ դրանք տարանջատված են:

Պատասխանողը գտնում է նաև, որ նշված իրավակարգավորումներով պայմանավորված՝ Արդարադատության նախարարի՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես գործադիր իշխանություն-դատական իշխանություն բաժանման ու հավասարակշռման սահմանադրական անհամապատասխանություն, քանի որ Արդարադատության նախարարը նախաձեռնում է կարգապահական վարույթ, իսկ վերջնական որոշում կայացնելու լիազորությամբ օժտված է միայն Բարձրագույն դատական խորհուրդը: Այսինքն՝ թեև կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը վերապահված է Արդարադատության նախարարին, այնուամենայնիվ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավասությամբ օժտված է միայն Բարձրագույն դատական խորհուրդը:

Պատասխանողը վկայակոչում է «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ ՄԻԵԴ) վճիռը, որում արձանագրվել են այն դեպքերը, երբ դատարաններից տարբերվող մարմիններ են լուծում այնպիսի վեճեր, որոնց նկատմամբ կիրառելի է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը: Մասնավորապես, ըստ Պատասխանողի՝ նշյալ որոշման մեջ ՄԻԵԴ-ը նշել է, որ որոշելու համար, թե արդյոք դատարանը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ի մասի իմաստով կարող է համարվել անկախ, պետք է հաշվի առնել, ի թիվս այլոց, դրա անդամների նշանակման կարգը և նրանց պաշտոնավարման ժամկետը, արտաքին ճնշումների դեմ երաշխիքների առկայությունը և այն հարցը՝ արդյո՞ք այդ մարմինն ընկալվում է որպես անկախ:

Պատասխանողը վկայակոչել է նաև Սահմանադրական դատարանի 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշմամբ արտահայտած դիրքորոշումները, համաձայն որոնց՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերով Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարան հանդես գալու դեպքերում Սահմանադրությամբ և այլ օրենքներով նախատեսված են դատարաններին բնորոշ այնպիսի դատավարական երաշխիքներ, ինչպիսիք են ողջամիտ ժամկետում գործի քննությունը, օրենքի և դատարանի առաջ հավասարությունը, դատական վարույթի հրապարակայնությունը, դատական ակտերի պարտադիրությունը, որոնք իրենց ամբողջության մեջ գնահատվել են որպես Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների իրացման ապահովմանն ուղղված միջոցներ:

Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Պատասխանողը խնդրում է Դատական օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող:

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով վիճարկվող նորմի սահմանադրականությունը գնահատել հետևյալ հարցադրումների շրջանակում.

3.1. արդյո՞ք Դատական օրենսգրքի վիճարկվող իրավադրույթով Արդարադատության նախարարի՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը համապատասխանում է Սահմանադրության 4-րդ հոդվածով երաշխավորված՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքին.

3.2. արդյո՞ք Արդարադատության նախարարի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը սահմանափակում է դատավորի անկախությունը․

3.3. արդյո՞ք Արդարադատության նախարարի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը համատեղելի է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթում Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի երաշխիքների հետ:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Նշյալ սահմանադրական սկզբունքը ներառում է երկու բաղադրատարր՝ իշխանությունների բաժանում և իշխանությունների հավասարակշռում, որոնք սահմանադրական ժողովրդավարության, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության և իրավունքի գերակայության ապահովման սահմանադրական պայման և երաշխիք են: Այն ապահովում է միասնական պետական իշխանության երեք ճյուղերի գործառութային բաժանման միջոցով պետական իշխանական լիազորությունների անվերահսկելիության բացառումը, որով և սահմանադրական ժողովրդավարությունում իշխանության կենտրոնացումը և մեկ մարմնի կամ համակարգի վերահսկողությունը կանխելու նպատակը ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության և իրավունքի գերակայությունն ապահովելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելն է:

Սահմանադրական դատարանը նախկինում ևս անդրադարձել է իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի սահմանադրաիրավական բովանդակությանը: Ի մասնավորի՝ 2008 թվականի հոկտեմբերի 14-ի ՍԴՈ-766 որոշմամբ Սահմանադրական դատարանը սահմանել է. «(...) պետական իշխանությունը հանդես է գալիս որպես պետականորեն կազմակերպված ժողովրդի հանրային իշխանության ձև, որն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա: Այդ բաժանումն իրականացվում է իշխանության գործառնական բնույթից ելնելով, որին համապատասխան ձևավորվում են անհրաժեշտ կառուցակարգեր՝ համապատասխան մարմիններ, որոնք սահմանադրորեն օժտվում են համարժեք լիազորություններով և իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

Իր մեկ այլ՝ 2021 թվականի փետրվարի 23-ի ՍԴՈ-1578 որոշման մեջ Սահմանադրական դատարանը նշել է. «Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը, ձևակերպված լինելով Սահմանադրության 4-րդ հոդվածում, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ պայման լինելուց բացի, կոչված է նաև ապահովելու անհրաժեշտ միջավայր Սահմանադրության 1-ին հոդվածով հռչակված՝ Հայաստանի Հանրապետության իրավական պետության որակի համար՝ հանդիսանալով իրավական պետության մյուս հատկանիշների, մասնավորապես՝ հանրային իշխանության մարմինների գործունեության օրինականության, իրավական որոշակիության, իշխանության չարաշահման կամ կամայականությունների արդյունավետ արգելքի, օրենքի առջև հավասարության, խտրականության արգելքի, արդարադատության մատչելիության և արդար դատաքննության իրավունքի ապահովման կարևոր երաշխիքներից մեկը:

Իշխանությունների բաժանման և հավասարակշռման մասին Սահմանադրության 4-րդ հոդվածով նախատեսված սկզբունքի պահանջն է պետական իշխանության գործառութային (օրենսդիր, դատական և գործադիր) և այդ գործառույթների իրագործմանը կոչված ինստիտուտների (պետական մարմինների և պաշտոնատար անձանց) հստակ տարանջատվածությունը։ Իշխանությունների բաժանումը, սակայն, ինքնանպատակ չէ, քանի որ իշխանության իրականացման ընթացքում պետության կենսական կարևոր խնդիրների իրագործման նպատակով այն անհրաժեշտաբար պետք է զուգորդվի իշխանությունների հավասարակշռմամբ։ Այսինքն՝ հստակ տարանջատվածության հետ մեկտեղ պետական իշխանության ճյուղերը անհրաժեշտաբար պետք է գտնվեն ընդհանուր հավասարակշռության մեջ»:

2021 թվականի ապրիլի 29-ի ՍԴՈ-1590 որոշման մեջ Սահմանադրական դատարանն արձանագրել է․ «(…) Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հիմնարար երաշխիք է, որը թույլ է տալիս կյանքի կոչել Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված Հայաստանի Հանրապետության՝ ժողովրդավարական և իրավական պետություն հանդիսանալու սահմանադրի հրամայականը»:

 Գործադիր իշխանության ներգրավվածությունը դատավորների սահմանադրաչափ գործունեության ապահովման նպատակով քաղաքականության մշակմանն ու իրականացմանը բխում է դատավորի անկախության և անաչառության վերաբերյալ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասից, որպես դատական իշխանության առանցքային կառուցակարգ, և դատարանի անկախության և անաչառության մասին Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասից, որպես արդար դատաքննության բաղադրիչ: Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով և 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վերոհիշյալ սահմանադրական հրամայականները հանրային իշխանությանը ծանրաբեռնում են դրանց ապահովմանն ուղղված՝ օրենսդրի կողմից նշված հիմքերով և ընթացակարգով միջոցներ ձեռնարկելու լիազորությամբ, որը, ի թիվս կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող այլ մարմինների, իրականացվում է նաև Արդարադատության նախարարի կողմից։ Հետևաբար՝ Արդարադատության նախարարությանն առաջադրված վերոնշյալ խնդրի իրականացումը ենթադրում է համարժեք լիազորությունների առկայություն, որն ուղղված է վերը նշված նպատակի իրականացմանը:

Միաժամանակ, Արդարադատության նախարարի կողմից ներկայացված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը դատավորի նկատմամբ միջամտող ակտ չէ, որը դատավորի նկատմամբ իրավական հետևանք է առաջացնում, այլ ընդամենը նախաձեռնում է նման միջամտող ակտ կայացնելու իրավասություն ունեցող միակ իրավասու ատյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի առջև դատավորի կարգապահական գործով վեճի լուծման հնարավորություն։ Վերոնշյալի հիման վրա Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արդարադատության նախարարի՝ որպես վարույթ հարուցող լիազոր մարմնի մասնակցությունը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթին, իբրև այդպիսին, չի հակասում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման սահմանադրական սկզբունքին:

4.2. Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

Սահմանադրական դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատավորի անկախությանն ու վերջինիս իրավական երաշխիքներին:

Մասնավորապես, 2006 թվականի սեպտեմբերի 20-ի ՍԴՈ-647 որոշման մեջ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(…) Սահմանադրությամբ և օրենքներով անհրաժեշտ սահմանադրաիրավական երաշխիքներ պետք է ստեղծվեն դատարանների անկախության ապահովման համար: Իր հերթին, դատարանների անկախությունը վերացական հասկացություն չէ: Այն ենթադրում է գործառնական, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախության այնպիսի նախադրյալներ, որոնք անհրաժեշտ ու բավարար են դատարանների ու ողջ դատական իշխանության անկախությունը երաշխավորելու համար»:

2019 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1463 որոշման մեջ Սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «(․․.) Սահմանադրության 1-ին և 4-րդ հոդվածների համակարգային վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, որում, որպես սահմանադրական կարգի հիմնական սկզբունք, երաշխավորված է պետական, այդ թվում` դատական իշխանության իրականացումը՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, ինչը դատարանների անկախությունը երաշխավորող և սահմանադրական նախապայման է։ Համակցված Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասի հետ՝ այն առաջնահերթ ենթադրում է դատական իշխանությունը (արդարադատությունը) իրականացնող դատավորների գործառական, կառուցակարգային, նյութական և սոցիալական անկախության նորմատիվ այնպիսի կարգավորումների առկայություն, որոնք անհրաժեշտ և բավարար են արդարադատության իրականացման համար»:

Սույն որոշման 4.1-ին ենթակետում նշված դիրքորոշումների համատեքստում զարգացնելով վերոնշյալ որոշումներում արտահայտած դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ դատական, օրենսդիր և գործադիր իշխանության ճյուղերի բաժանման սահմանադրական սկզբունքի ապահովման նպատակը սահմանադրական ժողովրդավարությունում պետական իշխանության ճյուղերից յուրաքանչյուրի սահմանադրական խնդիրների իրականացման ուղղությամբ նրա գործունեության արդյունավետության երաշխավորումն է, որը դատական իշխանությանը վերաբերելի մասով՝ արդարադատության իրականացումն է:

Սահմանադրության 173-րդ հոդվածում ամրագրված է Բարձրագույն դատական խորհրդի կարգավիճակը, այն է՝ վերջինս դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող անկախ պետական մարմին է: Վերոգրյալից բխում է, որ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված գործառույթը Սահմանադրի կողմից վստահվել է այս ատյանին՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավասության ողջ շրջանակը զերծ պահելով հանրային իշխանության որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի միջամտող ազդեցությունից՝ այն վերապահելով միայն այնպիսի ատյանի իրավասությանը, որի սահմանադրական առաքելությունը և գործունեության հիմնական նպատակը հենց դատարանների և դատավորների անկախության երաշխավորումն է։

Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով Դատական օրենսգրքով նախատեսված կարգապահական վարույթի հարուցման կառուցակարգի վերաբերյալ իրավակարգավորումները, հարկ է համարում ընդգծել, որ Արդարադատության նախարարի և Դատական օրենսգրքով նախատեսված մյուս սուբյեկտների լիազորությունները սահմանափակված են դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցի լուծմամբ, որից հետո նշված սուբյեկտները կարգապահական հարցերով միջամտող և վերջնական որոշում կայացնելու լիազորություն չունեն:

Արդարադատության նախարարի՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորության սահմանադրականությունը քննարկելիս այս գործոնն իրենց խորհրդատվական փաստաթղթերում կարևորել են նաև Վենետիկի հանձնաժողովը1, Միավորված ազգերի կազմակերպությունը (այսուհետ՝ նաև ՄԱԿ)2, Դատավորների միջազգային միությունը3, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (այսուհետ՝ նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)4 և Եվրոպայի դատավորների խորհրդատվական խորհուրդը5:

Վերոնշյալի համատեքստում Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ կարգապահական վարույթի հարուցման ինստիտուտի՝ գործող օրենսդրությամբ նախատեսված կառուցակարգերին։

Դատական օրենսգրքի 145-րդ հոդվածը սահմանում է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակը, որի 1-ին մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեն`

«1) Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը.

2) Լիազոր մարմինը.

3) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ սույն հոդվածի 1.1-ին կետով նախատեսված դեպքերում»։

Այսպիսով, կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող սուբյեկտների բազմաթվությունը չեզոքացնում է մտավախությունն առ այն, որ սույն իրավասությունը կարող է կենտրոնացվել գործադիր իշխանության ձեռքում:

Այս համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանդես է գալիս որպես կարգապահական վարույթ հարուցող մասնագիտացված մարմին և լիազորված է մշտադիտարկում իրականացնելու միայն դատավորների գույքային դրության նկատմամբ՝ բացահայտելու ապօրինի հարստացման հնարավոր ռիսկերը, ինչպես նաև հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու, հայտարարագրման ենթակա տվյալ(ներ)ը թաքցնելու և/կամ հայտարարագրում կեղծ տվյալ(ներ) ներկայացնելու, հայտարարագրմանն առնչվող ձևական (հայտարարագրի լրացման /հանձնման կարգ/ պահանջներ) և բովանդակային (հայտարարագրում անզգուշությամբ սխալ և/կամ ոչ ամբողջական տվյալ(ներ) ներկայացնելը) խախտումների հայտնաբերման դեպքերում և այդ հիմքով դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմելու Բարձրագույն դատական խորհրդին (Դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 15 և 16-րդ կետեր):

Իր հերթին, Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը դատավորների ինքնակառավարման մարմնի՝ Ընդհանուր ժողովի կողմից ձևավորվող հանձնաժողովներից մեկն է, որը կազմված է վեց դատավոր անդամներից և երկու դատավոր չհանդիսացող անդամներից (Դատական օրենսգրքի 77-րդ հոդվածի 4-րդ մաս), որոնց ներկայացնում են համապատասխան հասարակական կազմակերպությունները (Դատական օրենսգրքի 77-րդ հոդվածի 9-րդ մաս): Հետևաբար՝ նշյալ մարմնում գերազանցապես ներկայացված են դատավորները, իսկ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրականացնում են առավելապես հասարակական դիտարկման (watchdog) գործառույթ, որի նպատակն է նվազեցնել դատավորների համայնքում կորպորատիվիզմի և կարգավիճակի ընդհանրությամբ պայմանավորված հատվածական շահերի հնարավոր գերակայությունը:

Նշյալի հետ համակցված՝ Արդարադատության նախարարը՝ որպես կարգապահական վարույթ հարուցող լիազոր մարմին, կարող է ապահովել դատավորների կարգապահական հարցերով գերակշռաբար դատավոր անդամներից բաղկացած՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից հնարավոր համայնքային համերաշխությունից ազդվող որոշումների շրջանցումը՝ դատավորների դեմ կարգապահական բողոքներ պարունակող հաղորդում ներկայացնող անձանց համար կարգապահական արդարադատության մատչելիության երաշխավորման համար: Չունենալով դատավորների հետ համակարգային և կորպորատիվ շահերով պայմանավորված փոխկապվածություն կամ իր որոշումների վրա ազդող այլ ինստիտուցիոնալ գործոններ՝ Արդարադատության նախարարը կարող է հանդես գալ որպես Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեությունը լրացնող ինստիտուցիոնալ սուբյեկտ: Հետևաբար՝ Արդարադատության նախարարի՝ վիճարկվող նորմով նախատեսված լիազորությունն արդյունավետորեն կարող է լրացնել դատավորների կարգապահական վարույթների հարուցման համակարգը՝ բացահայտելով դատավորների առերևույթ ոչ իրավաչափ վարքագծի՝ կարգապահական պատասխանատվության խնդիր պարունակող հնարավոր դեպքերը:

Սահմանադրական դատարանը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և իրականացնելու ընթացակարգի՝ օրինականության, արդարության և արդյունավետության չափանիշներին համապատասխանությունը կարևորում է ոչ միայն դատավորների անկախության և պաշտպանվածության, այլև արդարադատություն հայցող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների առումով:

Այսպես՝ կարգապահական վարույթներով դատավորների կողմից թույլ տրված խախտումների արձանագրումն ու դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցի կիրառումը ճյուղային դատավարական օրենսդրությամբ նախատեսված հիմքերով և կարգով հանդիսանում է նոր հանգամանք գործը դատավարական կարգով նորոգելու համար, ինչը նշանակում է նախկինում տեղ գտած իրավունքների խախտումների վերացման և իրավունքների վերականգնման արդյունավետ կառուցակարգի առկայություն:

Ընդ որում, հատկանշական է, որ Սահմանադրական դատարանը 2021 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-1613 որոշմամբ Սահմանադրությանը հակասող է ճանաչել Դատական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները՝ այդ թվում այնքանով, որքանով սահմանադրական իմաստով խնդրահարույց էր համարել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով քաղաքացիներին Բարձրագույն դատական խորհուրդ դիմելու ուղղակի իրավունք վերապահելը, մասնավորապես, խնդրահարույց համարելով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեցող մարմինների մեկտեղման մոտեցումը և Սահմանադրության տեսանկյունից առավել ընդունելի համարելով դիմողների կողմից ստացվող բողոքների ինստիտուցիոնալ զտումը և դրանից հետո միայն պետական իշխանության տարբեր թևեր ներկայացնող մարմինների կողմից կարգապահական վարույթների հարուցումը՝ այնուհետև վերջիններս քննության ուղարկելով Բարձրագույն դատական խորհուրդ:

Անդրադառնալով Դիմողի այն պատճառաբանությանը, թե գործադիր իշխանությունը, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով ունենալով անհամաձայնություն ցանկացած ատյանի դատարանի կայացրած որոշման հետ, կարող է դրան արձագանքել՝ դատավորին կարգապահական «հետապնդման» ենթարկելով, ապա Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ կարգապահական վարույթներում արդար դատաքննության երաշխիքների առկայությունը և արդար դատաքննության կառուցակարգերի շարունակական պատշաճ իրացումը չեզոքացնում են նման նպատակային միջնորդություններ ներկայացնելու հաջողության հեռանկարի վտանգը:

Ավելին, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու սահմանադրաիրավական նշանակությունն ու հետևանքները հաշվի առնելով՝ պետք է բացառվեն կարգապահական վարույթ հարուցող մարմինների և կարգապահական պատասխանատվության հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու իրավասություն ունեցող մարմնի միջև այնպիսի փոխհարաբերությունները, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ կարգապահական վարույթով նրանց անաչառության նկատմամբ կամ որևէ կերպ գնահատվել իբրև դատավորի և, առհասարակ, դատական իշխանության նկատմամբ ներգործության միջոց: Կարգապահական վարույթի ողջ գործընթացի սահմանադրականությունը, ի թիվս այլ երաշխիքների, պայմանավորված է նաև նրանով, որ բացառում է անկողմնակալ դիտորդի ողջամիտ կասկածն առ այն, որ գործընթացն իրականացվում է օրինականության, դատարանի գործունեությանը չմիջամտելու, դատավորի և դատարանի անկախությունը հարգելու, և ըստ այդմ՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական սկզբունքների նախատեսմամբ:

Ինչ վերաբերում է կարգապահական վարույթի հարուցման փուլում դատավորի անկախության և հեղինակության ապահովման ընթացակարգային պայմաններին, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դատական օրենսգրքի 147-րդ հոդվածի 9-րդ մասի ուժով՝ վարույթ հարուցող մարմինը պարտավոր է ապահովել կարգապահական վարույթի գաղտնիությունը, իսկ նույն օրենսգրքի 153-րդ հոդվածում ամրագրված է Բարձրագույն դատական խորհրդում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննելիս դատավորի իրավունքների և պարտականությունների շրջանակը, հետևաբար՝ առկա են բավարար երաշխիքներ դատավորի անկախության և հեղինակության պաշտպանվածության համար: Ուստի՝ եթե հարուցված կարգապահական վարույթը կարճվում է, ապա դա որևէ ազդեցություն չի թողնում դատավորի պաշտոնեական առաջխաղացման վրա: Ավելին՝ Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով ամրագրված են այն հիմնական երաշխիքները, որոնց շնորհիվ՝ նախադրյալներ են ստեղծված ինչպես արդարադատության պատշաճ իրականացման, այնպես էլ պաշտոնավարման ընթացքում ոչ իրավաչափ ներգործությունից զերծ լինելու համար։ Այսինքն՝ Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը չի կարող ազդել դատավորի անկախության և հեղինակության վրա, քանի որ Արդարադատության նախարարին վերապահված չէ որևէ լիազորություն, որի իրականացումը ներազդում է կարգապահական վարույթի հետագա ընթացքի վրա՝ կանխորոշելով դրա արդյունքով կայացվելիք՝ դատավորի համար միջամտող որոշումը:

4.3. Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև այն հարցին, թե Արդարադատության նախարարի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն արդյո՞ք համատեղելի է Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի երաշխիքների հետ:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

Դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

«Դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան»:

Քանի որ սույն դիմումի առարկան վերաբերում է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու փուլին, ստորև կքննարկվի այդ փուլի իրավական ընթացակարգի համապատասխանությունն արդար դատաքննության իրավունքից բխող երաշխիքներին:

Սահմանադրական դատարանը սույն գործին վերաբերելի է համարում արդար դատաքննության իրավունքի համակարգում ընդգրկված, մասնավորապես՝ հետևյալ իրավունքները՝ իր գործով դիրքորոշում հայտնելու, ապացույց ներկայացնելու, ողջամիտ ժամկետում իր գործի քննության և անկախ ու անաչառ դատարանի կողմից գործի արդարացի քննության և պատճառաբանված դատական ակտի իրավունքները:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում գնահատել կարգապահական վարույթ հարուցելուց հետո՝ մինչև Բարձրագույն դատական խորհուրդ դիմելու հարցի լուծման ընթացակարգում դատավորի համար նախատեսված արդար դատաքննության բավարար երաշխիքների առկայությունը: Այսպես՝ Դատական օրենսգրքի 147-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝

«Դատավորը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, իրավունք ունի՝

1) ներկայացնելու գրավոր բացատրություններ, ապացույցներ և անելու միջնորդություններ.

2) վարույթ հարուցող մարմնից ստանալու կարգապահական վարույթի նյութերի պատճենները.

3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված իրավունքները իրականացնելու անձամբ կամ փաստաբանի միջոցով»:

Հաշվի առնելով, որ կարգապահական վարույթ հարուցելուց հետո համապատասխան պետական մարմինը կամ պաշտոնատար անձը պետք է գնահատի՝ արդյոք Բարձրագույն դատական խորհուրդ դիմելու իրավական և փաստական հիմքեր առկա՞ են, թե ոչ՝ վերջին դեպքում որոշում կայացնելով վարույթը կարճելու մասին, Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ դատավորին վերապահված ընթացակարգային երաշխիքները բավարար են իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունից պաշտպանվելու համար:

Անդրադառնալով գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքին՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու փուլում պահպանված են նաև ողջամիտ ժամկետում քննության անհրաժեշտ երաշխիքները: Մասնավորապես՝ Դատական օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկվում է այն հարուցելու առիթը վարույթ հարուցող մարմնին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում, իսկ փորձաքննություն նշանակվելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով»:

Դատական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հարուցված կարգապահական վարույթի տևողությունը մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելը չի կարող վեց շաբաթից ավելի լինել»:

Դատական օրենսգրքի վերաբերելի դրույթներով, մի կողմից՝ անհրաժեշտ ժամկետային սահմանափակում է նախատեսվում Արդարադատության նախարարի և կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մյուս մարմինների կողմից դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու առիթի օրինականությունն ու առերևույթ հիմքերի առկայությունն ստուգելու համար, իսկ մյուս կողմից՝ հնարավորություն է տրվում դատավորին ներկայացնելու սեփական դիրքորոշումն ու այն հիմնավորող ապացույցները՝ միևնույն ժամանակ կարգապահական վարույթ հարուցելու հարցը և հարուցման պարագայում վարույթի հետագա ընթացքը քննարկելու համար տրամադրելով այնքան ժամանակ, որքան ողջամտորեն բավարար կհամարվի անկողմնակալ քննություն իրականացնելու և դատավորի՝ որպես կարգապահական վարույթի հատուկ սուբյեկտի իրավունքներն ու հեղինակությունը պաշտպանելու համար:

Ինչ վերաբերում է անձի՝ անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի քննության իրավունքին, Սահմանադրական դատարանը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու ինստիտուտը քննարկելիս նշյալ իրավունքը դիտարկում է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցող և կարգապահական պատասխանատվության ենթարկող մարմինների տարանջատման համատեքստում, ինչն արդեն իսկ քննարկվել է սույն որոշման 4.2-րդ կետում:

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների կողմից կարգապահական վարույթ հարուցելու գործընթացում կամայականությունների կանխման նպատակով Դատական օրենսգրքով հստակ և սպառիչ սահմանվել են կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը և առիթները (Դատական օրենսգրքի 124 և 146-րդ հոդվածներ), որոնք մի կողմից՝ հանդես են գալիս որպես խնդրո առարկա գործընթացը մեկնարկելու անհրաժեշտ իրավական նախադրյալներ, մյուս կողմից՝ իբրև երաշխիքներ այն դատավորի համար, որի նկատմամբ համապատասխան կարգապահական վարույթ է հարուցվել:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 170-րդ հոդվածով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ․

 

1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

_____________________________

1 Տե՛ս 2017թ. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ CDL-AD(2017)019 կարծիքը, Դատարանների և դատավորների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքների և զեկույցների թիվ CDL-PL(2019)008 ժողովածուն։

2 Տե՛ս ՄԱԿ-ի 06.09.1985թ. Հանցավորության կանխման և հանցանք կատարած անձանց նկատմամբ վերաբերմունքի 7-րդ համաժողովի կողմից ընդունված՝ դատավորների անկախության հիմնական սկզբունքները:

3 Տե՛ս Դատավորների միջազգային միության կողմից 17.11.1999թ. ընդունված դատական համընդհանուր խարտիայի 7.1-ին հոդվածը։

4 Տե՛ս ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում դատական անկախության 2010թ. ընդունված Կիևյան հանձնարարականների 26-րդ կետը։

5 Տե՛ս Եվրոպայի դատավորների խորհրդատվական խորհրդի 2002 թ. ընդունած թիվ 3 կարծիքը։

 

ՆԱԽԱԳԱՀող

Ա. ԴիլանՅԱՆ

 

17 հունվարի 2024 թվականի

ՍԴՈ-1709

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունվարի 2024 թվական:

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 145-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1709 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2024 թվականի հունվարի 17-ի ՍԴՈ-1709 որոշմամբ (հրապարակվել է 2024 թվականի հունվարի 22-ին) որոշել է.

«1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը (…)»:

 

Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2024 թվականի հունվարի 17-ի ՍԴՈ-1709 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը՝ որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

Նախքան հատուկ կարծիքի պատճառաբանություններին անդրադառնալը՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր է մասնակցել քվեարկությանը և քվեարկել կողմ կամ դեմ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը։ Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-4-րդ և 7-րդ կետերով նախատեսված հարցերով որոշում կամ եզրակացություն ընդունելու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի դատավորը կարող է ներկայացնել հատուկ կարծիք որոշման կամ եզրակացության ինչպես եզրափակիչ, այնպես էլ պատճառաբանական մասի վերաբերյալ, որն անհապաղ հրապարակվում է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև հրապարակվում է նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրենքով սահմանված կարգով և Սահմանադրական դատարանի տեղեկագրում:

Վերոգրյալ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններն ընդունելիս քվեարկությանը մասնակցելը և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունն է։

Հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների (դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների) նշանակությունը իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի համար՝ հանրությանը պետք է հասանելի լինեն այդպիսի գործով ընդունված որոշմանը Սահմանադրական դատարանի դատավորի անհամաձայնության պատճառները, իսկ օրենքով սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորի՝ ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու մեկ եղանակ՝ հատուկ կարծիք շարադրելը։ Հետևաբար կարծում եմ, որ նշված գործերի քննության արդյունքում համապատասխան որոշման ընդունմանը դեմ քվեարկելու փաստից ուղղակիորեն բխում է հատուկ կարծիք ներկայացնելու՝ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը, ինչով էլ պայմանավորված ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը։

 

1. Անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման պատճառաբանություններին և եզրահանգմանը, հարկ եմ համարում նշել հետևյալը.

1.1. Նախ կարծում եմ, որ սույն գործով քննության առարկա հարցի՝ ՀՀ արդարադատության նախարարի՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորության սահմանադրաիրավական բովանդակությունն անհրաժեշտ է բացահայտել իշխանությունների բաժանման և հավասարակշռման, ինչպես նաև դատական իշխանության անկախության Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքների համատեքստում։

Սահմանադրության 4-րդ հոդվածը որպես սկզբունք սահմանել է, որ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Սահմանադրական դատարանը 2021 թվականի ապրիլի 29-ի ՍԴՈ-1590 որոշմամբ նշել է, որ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հիմնարար երաշխիք է, որը թույլ է տալիս կյանքի կոչել Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված Հայաստանի Հանրապետության՝ ժողովրդավարական և իրավական պետություն հանդիսանալու սահմանադրի հրամայականը:

Մեկ այլ՝ 2021 թվականի փետրվարի 23-ի ՍԴՈ-1578 որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ իշխանությունների բաժանման և հավասարակշռման մասին Սահմանադրության 4-րդ հոդվածով նախատեսված սկզբունքի պահանջն է պետական իշխանության գործառութային (օրենսդիր, դատական և գործադիր) և այդ գործառույթների իրագործմանը կոչված ինստիտուտների (պետական մարմինների և պաշտոնատար անձանց) հստակ տարանջատվածությունը։ Իշխանությունների բաժանումը, սակայն, ինքնանպատակ չէ, քանի որ իշխանության իրականացման ընթացքում պետության կենսական կարևոր խնդիրների իրագործման նպատակով այն անհրաժեշտաբար պետք է զուգորդվի իշխանությունների հավասարակշռմամբ։ Այսինքն՝ հստակ տարանջատվածության հետ մեկտեղ պետական իշխանության ճյուղերը անհրաժեշտաբար պետք է գտնվեն ընդհանուր հավասարակշռության մեջ:

Կարծում եմ՝ ելակետային պետք է դիտարկել այն հանգամանքը, որ իշխանությունների սահմանադրական հավասարակշռության ապահովման համար վերջիններիս գործառութային, հակակշռող և զսպող լիազորությունները պետք է հստակորեն բաժանված լինեն՝ երաշխավորելով ինչպես իշխանությունների սահմանադրական գործառույթների համակարգային ամբողջականությունը, այնպես էլ իշխանության յուրաքանչյուր թևի գործառութային անկախությունը։

Իշխանությունների բաժանման համակարգում իր ուրույն դերն ունի դատական իշխանությունը, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխանության այս ճյուղին է վերապահված արդարադատություն իրականացնելու բացառիկ լիազորությունը1: Ուստի իրավական պետությունում իշխանությունների ամրապնդման հանձնառությունն առաջին հերթին ենթադրում է անկախ և անաչառ դատական իշխանության առկայություն, իսկ դատական իշխանության ինքնուրույնությունն ապահովող անկախության սկզբունքի լիարժեք կենսագործման համար անհրաժեշտ է նախատեսել այդ սկզբունքի ապահովման իրական երաշխիքներ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշմամբ ընդգծել է հետևյալը. հաշվի առնելով այն կարևոր տեղը, որ դատական իշխանությունը զբաղեցնում է պետական մարմիններում ժողովրդավարական հասարակության մեջ և իշխանությունների տարանջատման և դատական իշխանության անկախության ապահովման աճող կարևորությունը՝ պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձվի դատական իշխանության անդամների պաշտպանությանը այնպիսի գործոններից, որոնք ազդելով նրանց կարգավիճակի կամ կարիերայի վրա՝ կարող են սպառնալ նրանց դատական անկախությանը և ինքնավարությանը2։

Սահմանադրական դատարանը 2021 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-1613 որոշմամբ նշել է, որ դատարանների անկախությունը վերացական հասկացություն չէ։ Այն ենթադրում է գործառնական, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախության այնպիսի նախադրյալներ, որոնք անհրաժեշտ ու բավարար են դատարանների ու ողջ դատական իշխանության անկախությունը երաշխավորելու համար։ Սահմանադրությամբ ամրագրված են մի շարք հիմնարար սկզբունքներ, որոնք ամրագրում են դատարանների՝ որպես միասնական պետական իշխանության ինքնուրույն թևի՝ դատական իշխանության, և դատավորների՝ որպես դատական իշխանության միակ կրողների, սահմանադրական կարգավիճակը՝ սահմանադրորեն երաշխավորելով նրանց անկախությունը։ Օրենքները կոչված են իրավական համարժեք երաշխիքներ ստեղծելու այդ անկախության ամրապնդման համար։

Սահմանադրական նշված հիմնարար սկզբունքները լիարժեքորեն կարող են կյանքի կոչվել ու երաշխավորվել ոչ միայն դատարանների ձևավորման ու դատավորների թեկնածուների ընտրության, նրանց անկախության համար անհրաժեշտ սոցիալական ու նյութական կամ այլ անհրաժեշտ ընթացակարգային երաշխիքներ սահմանելու, այլ նաև նրանց գործունեությանը միջամտության առումով իր մեջ լուրջ պոտենցիալ պարունակող՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի վերաբերյալ արդյունավետ, գործուն, միևնույն ժամանակ հավասարակշռված կանոնակարգումներ սահմանելու միջոցով, որոնց պարագայում կբացառվի կամ նվազագույնի կհասցվի դատավորի գործունեությանն անհարկի, չհիմնավորված կամ թերի հիմնավորված բոլոր տեսակի ազդեցությունները:

Իր հերթին Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդն արձանագրել է, որ «Դատական իշխանությունը ժամանակակից ժողովրդավարական պետության երեք կարևոր և հավասարազոր հենասյուներից մեկն է։ Այն կարևոր դեր և գործառույթներ է կատարում իշխանական մյուս երկու թևերի հետ հարաբերություններում։ Այն ապահովում է, որ կառավարությունները և վարչական ապարատը հաշվետու լինեն իրենց գործողությունների համար (…)։ Իր այս գործառույթը կատարելու համար դատական իշխանությունը պետք է անկախ լինի այդ մարմիններից, այդ թվում՝ պետք է զերծ լինի նման մարմինների հետ ոչ պատշաճ կապերից կամ նրանց ազդեցությունից։ Սա անպայմանորեն իր հետևանքներն ունի դատավորի կարիերայի գրեթե բոլոր ասպեկտների վրա՝ վերապատրաստումից մինչև նշանակում և առաջխաղացումից մինչև կարգապահական պատասխանատվություն3»։

Այսպիսով, դատական իշխանության անկախությունը ենթադրում է այնպիսի օրենսդրական երաշխիքների առկայություն, որոնց պայմաններում դատարաններն իրենց գործառութային լիազորությունները կարող են իրականացնել՝ զերծ լինելով արտաքին ներգործությունից և ճնշումներից։ Ուստի դատական իշխանության և դրա ինստիտուտների կազմավորումը և գործունեության անկախությունը պետք է իրականացվի և ապահովվի այնպես, որպեսզի իշխանության այս թևը զերծ մնա քաղաքական գործընթացներից և ազդեցություններից։ Այդուհանդերձ, դատական իշխանության ներկայացուցիչների գործառութային անկախությունը չի կարող բացարձակ բնույթ կրել, այն կարող է ենթարկվել նաև սահմանափակումների։ Ըստ այդմ՝ դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունն ապահովելու նկատառումներից էլ բխում է դատավորի դատական գործառույթների նկատմամբ որոշակի կարգապահական վերահսկողություն սահմանելու անհրաժեշտությունը։ Թեև կարգապահական պատասխանատվությունը դատավորի պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման արդյունքում առաջացած խնդիրների վերացմանը միտված, օրենսդրությամբ նախատեսված բնականոն գործընթաց է՝ ուղղված դատավորի նկատմամբ համապատասխան ներգործության միջոցներ կիրառելուն, այդուհանդերձ ելակետային է օրենսդրությամբ այնպիսի երաշխիքներ պարունակող կառուցակարգի նախատեսումը, որը հնարավորություն կտա ապահովելու դատավորի կարգապահական պատասխանատվության ինստիտուտի՝ նախատեսված նպատակի արդյունավետ գործադրումը՝ պայմանով, որ այն որևէ կերպ չխաթարի Սահմանադրությամբ ամրագրված՝ դատական իշխանության անկախության և իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիմնարար սկզբունքները:

1.2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը բխում է Սահմանադրության 164-րդ հոդվածից, որի 5-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը և կարգը սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով: Փաստորեն, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունն ուղղակիորեն սահմանված է հիմնական օրենքով՝ Սահմանադրությամբ, իսկ դրա հիմքերն ընթացիկ օրենսդրությամբ։ Ըստ այդմ, «Դատավորի կարգապահական պատասխանատվությունը» վերտառությամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ գլխում ամրագրված դրույթներով նախատեսվել է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Բարձրագույն դատական խորհուրդը4, իսկ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեն Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, Լիազոր մարմինը5, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ նույն հոդվածի 1.1-ին կետով նախատեսված դեպքերում6։

Այսպիսով, ըստ օրենսդրական կարգավորումների՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների շարքին է դասվում նաև ՀՀ արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարը։

Մինչդեռ Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (այսուհետ՝ Վենետիկի հանձնաժողով) և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության (DGI) Մարդու իրավունքների տնօրինությունը (DHR), «ՀՀ դատական օրենսգրքի և որոշ այլ օրենքների փոփոխությունների վերաբերյալ» 2019 թվականին տրված համատեղ կարծիքով7 անդրադառնալով Արդարադատության նախարարի՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմին լինելու հարցին, նշել է, որ Վենետիկի հանձնաժողովը քննադատական դիտարկումներ է կատարել Չեռնոգորիայի կողմից ընդունված համադրելի դրույթի վերաբերյալ, որով արդարադատության նախարարին իրավունք է վերապահվել կարգապահական վարույթ հարուցել դատավորների նկատմամբ: Ըստ վերջիններիս՝ նման դեպքում հարց է առաջանում, թե արդյոք դա համահունչ է դատական իշխանության անկախությանը և իշխանությունների տարանջատման սկզբունքին։ Իսկ ՀՀ դատական օրենսգրքի վերաբերյալ 2017 թվականի հոկտեմբերի կարծիքով8 Վենետիկի հանձնաժողովը նշել է հետևյալը. հաշվի առնելով այն, որ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովն առավել բազմազան կազմ ունի, քան Արդարադատության նախարարը, կարելի է ենթադրել, որ նախարարի լիազորությունները կարող են աստիճանաբար վերացվել նոր համակարգի (Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի) գործարկումից հետո: Այնուհետև՝ Վենետիկի հանձնաժողովը և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինությունը (DGI) ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ 2022 թվականի համատեղ կարծիքով9 վերահաստատել են վերոնշյալ դիրքորոշումը։

Բացի այդ, Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (այսուհետ՝ ԳՐԵԿՈ) «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում» Հայաստանի կողմից պարտավորությունների կատարման վերաբերյալ իր՝ 2017 թվականի զեկույցում10 նշել է, որ գործադիր իշխանության մաս հանդիսացող Արդարադատության նախարարի ներգրավվածությունը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթում կարող է դիտարկվել որպես դատական անկախության հետ ոչ ամբողջությամբ համատեղելի։ Այնուհետև՝ ԳՐԵԿՈ-ն նշված դիրքորոշումը կրկին հաստատել է իր՝ 2019 թվականի զեկույցում` միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ Արդարադատության նախարարը դեռևս ունի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործառույթ, ինչպես նաև իրավունք՝ ստանալու տեղեկություններ այն ընթացիկ դատական գործերի վերաբերյալ, որոնց վերաբերյալ դեռևս չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։ ԳՐԵԿՈ-ն նաև պնդել է իր տեսակետն այն կապակցությամբ, որ Արդարադատության նախարարի դերը կարգապահական վարույթներում պետք է դադարեցվի11։ Իսկ 2021 թվականի զեկույցում կրկին վերահաստատել է, որ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերում Արդարադատության նախարարն այլևս չպետք է դերակատարություն ունենա, քանի որ դա անհամատեղելի է դատական իշխանության անկախության սկզբունքի հետ12։ Նշված հարցի առնչությամբ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը նշել է, որ պետության ղեկավարը, Արդարադատության նախարարը կամ քաղաքական իշխանությունների ցանկացած այլ ներկայացուցիչ չեն կարող ներգրավված լինել կարգապահական հարցերով զբաղվող մարմնի կազմում13։

Ելնելով վերոգրյալ միջազգային փաստաթղթերից՝ կարելի է եզրակացնել, որ Արդարադատության նախարարին դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն վերապահելը միջազգային կառույցների կողմից դիտարկվել է որպես դատական իշխանության անկախության սկզբունքին, ինչպես նաև իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիմնարար սկզբունքին հակասող կարգավորում։

Սույն գործով Սահմանադրական դատարանը, անդրադառնալով Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությանը, նշել է, որ «Գործադիր իշխանության ներգրավվածությունը դատավորների սահմանադրաչափ գործունեության ապահովման նպատակով քաղաքականության մշակմանն ու իրականացմանը բխում է դատավորի անկախության և անաչառության վերաբերյալ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասից, որպես դատական իշխանության առանցքային կառուցակարգ, և դատարանի անկախության և անաչառության մասին Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասից, որպես արդար դատաքննության բաղադրիչ: Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով և 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վերոհիշյալ սահմանադրական հրամայականները հանրային իշխանությանը ծանրաբեռնում են դրանց ապահովմանն ուղղված՝ օրենսդրի կողմից նշված հիմքերով և ընթացակարգով միջոցներ ձեռնարկելու լիազորությամբ, որը, ի թիվս կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող այլ մարմինների, իրականացվում է նաև Արդարադատության նախարարի կողմից։ Հետևաբար՝ Արդարադատության նախարարությանն առաջադրված վերոնշյալ խնդրի իրականացումը ենթադրում է համարժեք լիազորությունների առկայություն, որն ուղղված է վերը նշված նպատակի իրականացմանը»:

 

Վերոնշյալ դիրքորոշման կապակցությամբ հարկ եմ համարում նշել հետևյալը.

Արդարադատության նախարարությունը, հանդիսանալով գործադիր իշխանության հանրապետական մարմին, կոչված է մշակելու և իրականացնելու «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում14 Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը15։ Այսինքն՝ Արդարադատության նախարարության գործունեության նպատակն ուղղված է բացառապես կոնկրետ ոլորտներում կառավարության քաղաքականության մշակմանն ու իրականացմանը, ուստի օրենսդրի կողմից սահմանվող ցանկացած լիազորություն պետք է ուղղակիորեն բխի վերջինիս գործունեության նպատակից։

Տվյալ դեպքում Արդարադատության նախարարին դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն վերապահելը որևէ առնչություն չունի վերջինիս գործունեության նպատակի, ընդհուպ կառավարության քաղաքականության մշակման և իրականացման հետ, ավելին՝ նման իրավունքի վերապահումն ըստ էության ենթադրում է գործադիր իշխանության կողմից դատավորի իրականացրած արդարադատության նկատմամբ վերահսկողություն՝ խախտելով վերջիններիս գործառութային անկախությունը։ Միևնույն ժամանակ նկատի ունենալով դատական իշխանության կողմից արդարադատություն իրականացնելու միջոցով գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված լինելու հանգամանքը՝ կարծում եմ, որ նման կառուցակարգի սահմանումը կարող է պարունակել դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջոցով վերջիններիս վրա ճնշում գործադրելու գործուն ռիսկ։

 

Բացի վերոնշյալից, Սահմանադրական դատարանը նաև նշել է, որ «Արդարադատության նախարարը՝ որպես կարգապահական վարույթ հարուցող լիազոր մարմին, կարող է ապահովել դատավորների կարգապահական հարցերով գերակշռաբար դատավոր անդամներից բաղկացած՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից հնարավոր համայնքային համերաշխությունից ազդվող որոշումների շրջանցումը՝ դատավորների դեմ կարգապահական բողոքներ պարունակող հաղորդում ներկայացնող անձանց համար կարգապահական արդարադատության մատչելիության երաշխավորման համար: Չունենալով դատավորների հետ համակարգային և կորպորատիվ շահերով պայմանավորված փոխկապվածություն կամ իր որոշումների վրա ազդող այլ ինստիտուցիոնալ գործոններ՝ Արդարադատության նախարարը կարող է հանդես գալ որպես Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեությունը լրացնող ինստիտուցիոնալ սուբյեկտ»:

Համաձայն չլինելով նշված դիրքորոշման հետ՝ հարկ եմ համարում նշել հետևյալը.

Ինչպես վերը նշվեց գործող կարգավորումները դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն վերապահել են նաև Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին, որը «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների արդյունքում այլևս բաղկացած չէ միայն դատավոր անդամներից, այլ դրա կազմում ընդգրկվել են նաև ոչ դատավոր անդամներ16 (փոփոխությունները կատարվել են ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-197-Ն օրենքով, որն ընդունվել է 25.03.2020 թվականին, իսկ ուժի մեջ մտել՝ 02.05.2020 թվականին)։

Այս կապակցությամբ անհրաժեշտ է հիշատակել Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը՝ ՀՀ դատական օրենսգրքի նախագծով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների ընտրության վերաբերյալ։ Մասնավորապես՝ Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ Կարգապահական հարցերի հանձնաժողովը միայն դատավորներից կազմված լինելու արդյունքում առաջացող ռիսկերը նվազեցնելու մի քանի լուծում է հնարավոր։ Հնարավոր լուծում է Կարգապահական հարցերի հանձնաժողովի կառուցվածքի հավասարակշռումը՝ դրանում ներառելով նաև իրավաբանական մասնագիտություն ունեցող ոչ դատավոր անդամների17։

Կարծում եմ, որ օրենսդրությամբ ոչ միատարր կազմ ունեցող Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն վերապահելն արդեն իսկ հանդիսանում է արդյունավետ կառուցակարգ՝ դատավորի կարգապահական պատասխանատվության ինստիտուտի՝ օրենսդրությամբ սահմանված նպատակի իրագործման համար։

Վերոնշյալից ելնելով՝ գտնում եմ, որ գործադիր իշխանության թևի ներկայացուցիչ Արդարադատության նախարարին դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու անմիջական լիազորություն վերապահելը չի բխում ո՛չ իշխանությունների բաժանման և հավասարակշռման, ո՛չ էլ դատական իշխանության անկախության հիմնարար սկզբունքներից։ Միաժամանակ գտնում եմ, որ որպես այլընտրանքային լուծում հակակշիռ ստեղծելու տեսանկյունից Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն կարող է վերապահվել բացառապես միջնորդավորված ձևով, օրինակ այն կարող է դրսևորվել Արդարադատության նախարարի կողմից Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամների թեկնածության առաջադրմամբ, որպիսի պայմաններում կապահովվի Արդարադատության նախարարի մասնակցությունը Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացին:

1.3. Բացի վերոնշյալից գտնում եմ, որ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտն իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի համատեքստում քննարկելիս էական նշանակություն ունի նաև այն հարցի պարզումը, թե արդյոք գործադիր իշխանության ներկայացուցչի կողմից կարգապահական վարույթ հարուցելու լիազորության վերապահումը չի ենթադրում գործուն ռիսկ՝ դատական իշխանության անկախության վրա ազդեցություն ունենալու տեսանկյունից։

Այսպես, կարգապահական պատասխանատվության առաջացման հնարավորությունը նախատեսել է նաև Սահմանադրությունը, որի 164-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, բացառությամբ երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ: «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումներից հետևում է, որ Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսանում նաև դատավորի կողմից արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ18։

Այս համատեքստում զգայուն հարցերից է կարգապահական պատասխանատվության «արժանի» վարքագծի շրջանակի պարզումը։ Այդ կապակցությամբ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը սահմանում է հետևյալ կանոնները. դատական ակտի բեկանումը կամ փոփոխումը ինքնին հիմք չէ այդ ակտը կայացրած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, ինչպես նաև արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության: Նշվածները միջազգայնորեն ընդունված բացառություններն են դատավորներին նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու շրջանակից, սակայն կարևոր է, թե այս գնահատողական հասկացությունները գործնականում ինչպես են կիրառվում կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեցող գործադիր իշխանության ներկայացուցչի՝ Արդարադատության նախարարի, և կարգապահական վարույթ իրականացնող մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից։

Նկատի ունենալով, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը ենթադրում է նաև միջամտություն դատավորի գործառութային անկախությանը, ապա ոչ միայն կարգապահական վարույթի իրականացման, այլ նաև դրա հարուցման ընթացակարգի վերաբերյալ օրենսդրական կարգավորումները պետք է համահունչ լինեն դատական իշխանության անկախության սկզբունքին։

Թեև «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Բարձրագույն դատական խորհուրդը, այդուհանդերձ այդպիսի պատասխանատվության ենթարկելու նախադրյալ է հանդիսանում նաև Արդարադատության նախարարի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությամբ հանդես գալը։ Ուստի նման լիազորությամբ հանդես գալու իրավունքը հարկ եմ համարում քննարկման առարկա դարձնել նաև կարգապահական վարույթի հարուցման հիմք հանդիսացող՝ դատավորի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում թույլ տրված լինելու համատեքստում։

Ընդհանուր առմամբ դատավորի մասնագիտական անկախությունը նշանակում է, որ դատավորն արդարադատություն իրականացնելիս ղեկավարվում է միայն Սահմանադրությամբ և օրենքներով։ Ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր իշխանության մարմինները, և ո՛չ էլ դատական իշխանության ներկայացուցիչները չեն կարող դատավորին թելադրել, թե վերջինս ինչպես պետք է լուծի իր քննությանը հանձնված գործը կամ հարցը: Այս տեսանկյունից ընդունված է տարբերակել դատավորի «արտաքին» և «ներքին» անկախությունը19։ Արտաքին անկախությունը վերաբերում է օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններից դատարանի անկախությանը, ինչը ենթադրում է, որ պետք է բացառվեն նրանց կողմից դատարանների և դատավորների վրա «ոչ պատշաճ ձևով» ազդելու փորձերը։ Իսկ ներքին անկախությունը ենթադրում է դատավորի անկախություն դատական իշխանության ներսում, այսինքն՝ անկախություն գործընկեր դատավորներից, ինչպես նաև այլ դատարանների դատավորներից20։ Ընդ որում, դատավորի մասնագիտական անկախությունը վերաբերում է գործի քննության ողջ ընթացքին, և օրենսդրական կարգավորումների խնդիրն է ապահովել, որ դատավորի կայացրած որոշումները և դրանց հիմքում ընկած ողջ գործընթացը զերծ լինեն կողմնակի ազդեցությունից և միջամտությունից։

Դատավորի գործառութային անկախության սկզբունքից է բխում դատավորի՝ ներքին համոզմունքով առաջնորդվելու գաղափարը։ Հարկ եմ համարում նշել, որ «ներքին համոզում կամ համոզմունք» արտահայտությունը թե՛ դատավարական օրենսգրքերում, թե՛ մասնագիտական գրականության մեջ առավելապես կիրառվում է ապացույցների գնահատման և դրա հիման վրա որևէ փաստ հաստատված համարելու համատեքստում, սակայն այն ավելի լայն իմաստով կարելի է բնորոշել որպես որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների ու գործոնների հիման վրա անձի, տվյալ դեպքում՝ դատավորի մոտ ձևավորված վստահություն կոնկրետ հարցի քննարկման արդյունքների նկատմամբ (օրինակ՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու մասին և այլն)։ Նման համոզմունքը հանգեցնում է համապատասխան իրավական գնահատականների, ընկած է դատավորի կողմից կայացվող որոշումների հիմքում և պայմանավորում է դրանցում ներկայացվող իրավական դիրքորոշումները։ Հենց նշված լայն իմաստով էլ սույն հատուկ կարծիքում օգտագործվում է «ներքին համոզմունք» արտահայտությունը՝ չսահմանափակվելով միայն ապացույցների գնահատման գործընթացով։

Հարկ է նշել, որ նյութական կամ դատավարական նորմի խախտման հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորության վերաբերյալ միջազգային հանրության կողմից ընդունված միասնական մոտեցում առկա չէ։ Մի կողմից՝ դատավորի անկախությանը միջամտելու ռիսկերը խոսում են դատավորի կայացրած որոշումների նկատմամբ կարգապահական վերահսկողության իրականացումը բացառելու օգտին։ Սակայն մյուս կողմից՝ դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունն ապահովելու նկատառումներից կարելի է բխեցնել դատավորի դատական գործառույթների նկատմամբ որոշակի կարգապահական վերահսկողություն սահմանելու անհրաժեշտությունը։

Մինչդեռ դատական որոշումների բովանդակության ուսումնասիրումն ինչպես կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող Արդարադատության նախարարի, այնպես էլ կարգապահական վարույթ իրականացնող մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից կարող է հանգեցնել հետևյալ խնդրահարույց իրավիճակներին. Նախ՝ գործադիր իշխանության ներկայացուցիչ Արդարադատության նախարարը դատավորի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ենթադրյալ խախտում թույլ տրված լինելու հանգամանքը բացահայտելու համար պետք է գնահատման առարկա դարձնի դատավորի կողմից արդարադատություն իրականացնելու որակը, ինչը ենթադրում է գործադիր իշխանության կողմից դատական իշխանության անկախության ուղղակի միջամտություն։ Բացի այդ, դա կարող է սահմանափակել դատական անկախությունը որոշումների կայացման գործընթացում՝ ազդելով դատավորի՝ ներքին համոզմունքով առաջնորդվելու ազատության վրա։ Օրինակ՝ նախկինում գործող ՀՀ դատական օրենսգիրքը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ժամկետի հաշվարկը սկսում էր դատական ակտը կայացնելու պահից21 (նշված կարգավորումը գործել է մինչև 09.04.2018 թվականը), ինչը նշանակում էր, որ դատական խորհուրդը կարող էր դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում կայացնել այն պայմաններում, երբ դեռևս դատական ակտի դեմ ներկայացված բողոքը քննվում էր վերադաս դատարանի կողմից։ Այս կարգավորման հիմնական քննադատությունն այն էր, որ վերադաս դատարանի դատավորը կարող էր կաշկանդվել դատական խորհրդի դիրքորոշմամբ և չգործել իր ներքին համոզմամբ։ Հետագայում այս մտահոգությունը փարատելու որոշակի փորձ արվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով (ուժի մեջ է մտել 09.04.2018 թվականին), որը սահմանեց, որ նյութական կամ դատավարական նորմի խախտման հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ժամկետը հաշվարկվում է խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելու պահից22, սակայն եթե խախտումը հայտնաբերվել է մինչև տվյալ գործով եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, ապա ժամկետը հաշվարկվում է տվյալ ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից23։ Այդուհանդերձ, նշված սահմանադրական օրենքում տեղ է գտել նաև այնպիսի կարգավորում, որի համաձայն՝ եթե դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցնում են դատական պաշտպանության իրավունքի խախտման և արդարադատության խաթարման, ապա վարույթ կարող է հարուցվել նաև մինչև տվյալ եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Ասվածը նշանակում է, որ քննարկված մտահոգությունն այդպես էլ ամբողջությամբ չի վերացել, քանի որ ամեն դեպքում իսպառ չեն բացառվել այնպիսի իրավիճակները, երբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննվի և լուծվի միևնույն որոշման իրավաչափության՝ վերադաս դատարանում քննության ընթացքում։

Նշված կարգավորմանը զուգահեռ դատավարական իրավահարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերում ամրագրվել է կարգավորում առ այն, որ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման24։ Հիշյալ կարգավորումներից հետևում է, որ դատական սխալի առկայության հաստատումը հանդիսանում է վերադաս դատական ատյանների կողմից քննարկման և գնահատման հարց։ Նման պայմաններում իրավունքի նորմի խախտման հիմքով կարգապահական պատասխանատվությունը կարող է կարգապահական վարույթը վերածել քողարկված բողոքարկման վարույթի, որի շրջանակում կարգապահական վարույթ հարուցող Արդարադատության նախարարի, այնուհետև՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից ըստ էության քննարկվեն այն հարցերը, որոնք պետք է քննվեն սովորական դատավարական կարգով՝ վերադաս դատարաններում բողոքի քննության շրջանակում։ Նշված հանգամանքը ռիսկեր է պարունակում այն տեսանկյունից, որ եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտած չլինելու դեպքում որևէ նորմի խախտման հիմքով Արդարադատության նախարարի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու, այնուհետև՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքում վերջիններիս կողմից նշված խախտմանը գնահատական տալը կարող է կաշկանդել վերադաս դատական ատյանի դատավորներին եզրափակիչ դատական ակտի բողոքարկմամբ բարձրացված հարցին իրենց ներքին համոզմամբ դիրքորոշում արտահայտելիս, քանի որ մշտապես առկա է լինելու այն գիտակցումը կամ մտայնությունը, որ վերադաս դատական ատյանի կողմից ստորադաս դատարանի դիրքորոշումը հիմնավոր համարելը ևս հանգեցնելու է վերադաս դատական ատյանի դատավորների նկատմամբ նույն հարցի առնչությամբ կարգապահական վարույթ հարուցելուն։ Հետևաբար նման պայմաններում վտանգի տակ է դրվելու վերադաս դատական ատյանի դատավորների կողմից իրենց ներքին համոզմամբ և անկախության սկզբունքի պահպանմամբ արդարադատություն իրականացնելը։

Բացի վերոնշյալից, չի բացառվում նաև այնպիսի իրավիճակներ, երբ կարգապահական վարույթ իրականացնող մարմինը և վերադաս դատական ատյանները նյութական կամ դատավարական նորմի խախտման վերաբերյալ ունենան իրար ակնհայտ հակասող դիրքորոշումներ։ Ավելին՝ դա կարող է առաջացնել այնպիսի իրավիճակներ, երբ գործադիր իշխանության ներկայացուցչի նախաձեռնությամբ սկիզբ առած կարգապահական վարույթով Բարձրագույն դատական խորհուրդը ստանձնի դատական նախադեպ ստեղծելու լիազորություն, քանի որ դատավորները հետագայում որոշումներ կայացնելիս ստիպված կլինեն կաշկանդվել այդ մարմնի արտահայտած դիրքորոշումներով։ Սա դատավորի համար կարող է նաև ստեղծել հակասական իրավիճակներ, երբ օրենքի և նորմատիվ իրավական այլ ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական գործառույթ ունեցող Վճռաբեկ դատարանը որևէ հարցի կապակցությամբ արտահայտի այնպիսի իրավական դիրքորոշում, որը չհամընկնի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեցող Բարձրագույն դատական խորհրդի՝ միևնույն հարցի կապակցությամբ արտահայտած այլ դիրքորոշման հետ։ Մինչդեռ սահմանադիրը հռչակել է, որ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովումը Վճռաբեկ դատարանի առաքելությունն է, որն իրականացվում է դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով25։ Այսինքն՝ սահմանադիրը միայն Վճռաբեկ դատարանին է օժտել օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական առաքելությամբ։

Փաստորեն, չնայած դատական ակտի օրինականության ստուգումը բացառապես եռաստիճան դատական համակարգին պատկանելու հանգամանքին՝ նյութական կամ դատավարական նորմի խախտման հիմքով Արդարադատության նախարարը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, այնուհետև՝ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորության շրջանակում փաստացի գնահատում են դատական ակտի օրինականությունը՝ ստանձնելով վերադաս դատական ատյանի դեր, իսկ որոշակի դեպքերում ստանձնելով նաև օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովող մարմնի դեր։ Ավելին՝ Սահմանադրական դատարանը 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշմամբ իր մտահոգությունն է հայտնել այն առթիվ, թե արդյոք «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում հստակ տարանջատված են նյութական կամ դատավարական օրենքի խախտումը գնահատելու հարցում, մի կողմից` վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների, մյուս կողմից` Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները՝ միաժամանակ օրենսդրական նախաձեռնության սուբյեկտների ուշադրությունը հրավիրելով նշված հարցի վրա։

Ամփոփելով վերոնշյալը՝ գտնում եմ, որ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումները կարող են հանդիսանալ վերադաս դատական ատյանում դատական ակտի բողոքարկման և ըստ այդմ՝ դատական ակտի վերանայման հիմք, այլ ոչ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք, առավել ևս, որ նշված հիմքով գործադիր իշխանության թևի ներկայացուցիչ Արդարադատության նախարարին կարգապահական վարույթ հարուցելու, որպիսի հիմքով և Բարձրագույն դատական խորհրդին դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորության վերապահումը խաթարում է դատավորի անկախության սկզբունքը:

Ելնելով վերոնշյալից՝ գտնում եմ, որ հնարավորինս պետք է նվազագույնի հասցվի նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը։ Իսկ ահա դատական սխալի համար դատավորի նկատմամբ Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելը, որպիսի հիմքով և Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը26 ընդհանրապես պետք է բացառվի՝ որպես իշխանությունների բաժանման և հավասարակշռման, դատավորի անկախության սահմանադրական սկզբունքները վտանգող երևույթներ։

 1.4. Սահմանադրական դատարանը, անդրադառնալով Արդարադատության նախարարի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորության հարցին, նաև արձանագրել է, որ նշված լիազորությունը չի կարող ազդել դատավորի անկախության և հեղինակության վրա, քանի որ Արդարադատության նախարարին վերապահված չէ որևէ լիազորություն, որի իրականացումը ներազդում է կարգապահական վարույթի հետագա ընթացքի վրա՝ կանխորոշելով դրա արդյունքով կայացվելիք՝ դատավորի համար միջամտող որոշումը:

Հարկ եմ համարում նշել, որ Սահմանադրական դատարանն Արդարադատության նախարարի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորության սահմանադրականության հարցը պարզել է՝ քննարկման առարկա դարձնելով միայն վիճարկվող իրավանորմը, մինչդեռ կարծում եմ, որ վիճարկվող իրավանորմի սահմանադրական կամ հակասահմանադրական լինելու եզրահանգմանը հնարավոր էր գալ բացառապես վիճարկվող դրույթի և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի այլ իրավակարգավորումների համալիր մեկնաբանության արդյունքում: Ավելին՝ միայն նշված դեպքում հնարավոր կլիներ վեր հանել այն խնդրահարույց հարցերը, որոնք վտանգում են դատական իշխանության անկախությունը և մյուս իշխանություններից բաժանված և հավասարակշռված լինելու սահմանադրական պահանջը։

Ուստի կարծում եմ, որ վիճարկվող դրույթը, բացի սույն հատուկ կարծիքի նախորդ կետերում քննարկված դեպքերի, անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել նաև Բարձրագույն դատական խորհրդի կազմի և Արդարադատության նախարարի՝ որպես դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող սուբյեկտի հարաբերակցության տեսանկյունից։

Այսպես՝ Բարձրագույն դատական խորհուրդն իր ուրույն տեղն ու դերն ունի իշխանությունների բաժանման ու հավասարակշռման համակարգում, մասնավորապես՝ սահմանադիրը վերջինիս դիտարկել է որպես անկախ պետական մարմին, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Վենետիկի հանձնաժողովը, անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի անկախությանը, նշել է, որ այն պետք է համարժեք լինի Սահմանադրությամբ նախատեսված անկախության իրավական բովանդակությանը։ Խորհրդի գործունեության արդյունավետությունն ու լիարժեքությունը որևէ չափով չպետք է կաշկանդված լինի իշխանության ճյուղերի որևէ մարմնի, ընդհուպ դատավորների ինքնակառավարման մարմինների հնարավոր ներազդեցությամբ: Վերջինս հատկապես վերաբերում է դատավորների կարգապահական վարույթների իրականացմանը27:

Իշխանությունների բաժանման ու հավասարակշռման համակարգում Բարձրագույն դատական խորհրդի հակակշռող լիազորության և դատարանների ու դատավորների անկախության ապահովման գործառույթի տեսանկյունից հատկապես կարևորվում է Բարձրագույն դատական խորհրդի կազմը և դրա կազմավորման կարգը։ Այսպես՝ Բարձրագույն դատական խորհուրդը հանդիսանում է պետական իշխանության երկու ճյուղերի կողմից համատեղ ձևավորված պետական մարմին, որտեղ հավասարապես ներկայացված են օրենսդիր և դատական իշխանությունների կողմից ընտրված տաս անդամները28։ Ըստ այդմ էլ՝ Բարձրագույն դատական խորհուրդն իր սահմանադրական լիազորությունների իրականացումն ապահովում է պետական իշխանության նշված երկու ճյուղերի կողմից ընտրված անդամների մասնակցությամբ։ Ի թիվս այլնի՝ Բարձրագույն դատական խորհրդի լիազորություններից է նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումը29, որն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ձայների որոշակի հարաբերակցությամբ։ Այսպես՝ նշված որոշումների ընդունման կարգը ժամանակագրական առումով հանգում է հետևյալին.

09.04.2018 թվականին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում էին խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Այնուհետև՝ օրենսդրական փոփոխությունների արդյունքում 02.05.2020 թվականին ուժի մեջ մտած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-197-Ն օրենքով նախատեսվեց որոշումների ընդունման տարբեր կարգ՝ ըստ որոշումների տեսակի։ Մասնավորապես՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում էին խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իսկ դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումները՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Նշված կարգավորումը ևս ենթարկվել է օրենսդրական փոփոխությունների. արդյունքում՝ 25.02.2022 թվականին ուժի մեջ մտած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-22-Ն օրենքով նախատեսվել է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են՝ նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը30: Նշված կարգավորումից հետևում է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշման կայացման համար անհրաժեշտ ձայների շեմն իջեցվել է, մասնավորապես՝ դատավորը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության, եթե նշված որոշմանը կողմ են քվեարկել Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներ (սա այն դեպքերում, երբ որևէ հիմքով Բարձրագույն դատական խորհուրդը կգործի տաս անդամից պակաս կազմով)31։

Վերոնշյալ կարգավորումն Արդարադատության նախարարի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորության համատեքստում դիտարկելիս տեսականորեն չի բացառվում այնպիսի իրավիճակի հնարավորությունը, որ գործադիր իշխանության ներկայացուցիչը, կասկածի տակ դնելով դատավորի կողմից իրականացված արդարադատության որակը, հանդես գա դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու նախաձեռնությամբ, իսկ Բարձրագույն դատական խորհրդի հինգ ոչ դատավոր անդամների կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն կողմ քվեարկելու արդյունքում դատավորը ենթարկվի կարգապահական պատասխանատվության՝ առանց Բարձրագույն դատական խորհրդի՝ դատական իշխանության որևէ ներկայացուցչի դիրքորոշումը հաշվի առնելու։

Սահմանադրական դատարանը, 2021 թվականի հունիսի 10-ի ՍԴՈ-1598 որոշմամբ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշման կայացմանը, նշել է, որ օրենսդրի կողմից իրավացիորեն ընտրվել է որոշումների կայացման ձայների այնպիսի քանակ, որն ապահովի պետական իշխանության երկու ճյուղերից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների համաձայնությունը, ինչը, տվյալ դեպքում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունն է՝ առնվազն 6 ձայն։

Նշված որոշման բովանդակությունից հետևում է, որ նման իրավակարգավորման նպատակն այնպիսի որոշումների կայացումն է, որն արժանացել է Բարձրագույն դատական խորհրդի անդամներից առնվազն վեցի հավանությանը, այսինքն՝ Բարձրագույն դատական խորհրդի այնքան անդամների համաձայնությամբ, որը բացառում է միայն դատավորների ընդհանուր ժողովի կամ միայն Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների կողմից որոշումների կայացումը32։

Վերոնշյալի համատեքստում կարևորելով կոլեգիալ գործունեության ընթացքում բազմակարծության ապահովումը, սուբյեկտիվիզմի և կամայականության բացառումը՝ գտնում եմ, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումների կայացման կարգին վերաբերող իրավակարգավորումները ևս պետք է լինեն Սահմանադրական դատարանի վերը նշված դիրքորոշմանը համահունչ՝ բացառելով Բարձրագույն դատական խորհրդի կողմից բացառապես դատավոր անդամների կամ ոչ դատավոր անդամների կողմից կոնկրետ շահ, այդ թվում՝ համայնքային շահ հետապնդելու արդյունքում որոշումների կայացման հնարավորությունը։ Վերը նշված իրավիճակը հատկապես խնդրահարույց է դառնում այն դեպքում, երբ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվում է գործադիր իշխանության ներկայացուցչի նախաձեռնությամբ, իսկ որոշումը Բարձրագույն դատական խորհրդում կայացվում է օրենսդիր իշխանության կողմից ընտրված հինգ անդամի համաձայնությամբ (սա այն դեպքերում, երբ որևէ հիմքով Բարձրագույն դատական խորհուրդը կգործի տաս անդամից պակաս կազմով)՝ որևէ կերպ չարժևորելով դատական իշխանության կողմից ընտրված անդամների կարծիքը, որպիսի պայմաններում ոչ միայն չի ապահովվի իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի իրագործումը, այլև կվտանգվի դատական իշխանության անկախությունը։

Վերոգրյալ ողջ պատճառաբանությունների լույսի ներքո գտնում եմ, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը հակասում է Սահմանադրության 4-րդ հոդվածին և 164-րդ հոդվածի 1-ին մասին։

 

___________________________

1 Սահմանադրության 162-րդ հոդված։

2 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Bilgen v.Turkey թիվ 1571/07 գանգատով 09.03.2021 թվականի վճիռ, կետ 58։

3 Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի՝ «Դատական իշխանության անկախության և դատավորների անփոփոխելիության չափորոշիչների մասին» թիվ 1 (2001) կարծիք, կետ 11։

4 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 1-ին մաս։

5 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ հոդվածի 4-րդ մասից բխում է, որ Լիազոր մարմինը արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարն է։

6 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մաս։

7 Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների տնօրինության՝ «ՀՀ դատական օրենսգրքի և որոշ այլ օրենքների փոփոխությունների վերաբերյալ» CDL-AD (2019) 024 համատեղ կարծիք (թիվ 963/2019), կետ 30։

8 Վենետիկի հանձնաժողովի՝ «ՀՀ դատական օրենսգրքի վերաբերյալ» CDL-AD (2017) 019 կարծիք (թիվ 893/2017), կետ 136։

9 Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության (DGI)՝ «Հայաստանի Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ» CDL-AD (2022) 044 համատեղ կարծիք (թիվ 1101/2022), կետ 9։

10 ԳՐԵԿՈ-ի՝ ««Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում» Հայաստանի կողմից պարտավորությունների կատարման վերաբերյալ» 2017 թվականի դեկտեմբերի 8-ի GrecoRC4(2017)15 զեկույց, կետ 45։

11 ԳՐԵԿՈ-ի՝ «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում» Հայաստանի կողմից պարտավորությունների կատարման վերաբերյալ 2019 թվականի դեկտեմբերի 6-ի GrecoRC4 (2019) 21 զեկույց, կետ 44, 47։

12 ԳՐԵԿՈ-ի՝ «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում» Հայաստանի կողմից պարտավորությունների կատարման վերաբերյալ 2021 թվականի սեպտեմբերի 22-ի GrecoRC4 (2021) 15 զեկույց, կետ 43։

13 Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի՝ «Հասարակությանը ծառայող բարձրագույն դատական խորհրդի մասին» թիվ 10 (2007) կարծիք, կետ 63։

14 Հարկադիր կատարման, քրեակատարողական, պրոբացիայի, սնանկության, փաստաբանության, հաշտարարության, նոտարական գործունեության, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման, իրավաբանական անձանց պետական գրանցման և հաշվառման, անհատ ձեռնարկատերերի հաշվառման, զանգվածային լրատվության միջոցների հաշվառման, անձնական տվյալների պաշտպանության, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման, իրավական փորձաքննության, միջազգային իրավական փոխօգնության, հակակոռուպցիոն և պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների գործունեության ոլորտներ՝ համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 3-րդ մասի։

15 ՀՀ արդարադատության նախարարության կանոնադրության 1-ին մաս։

16 «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 4-րդ մաս։

17 Վենետիկի հանձնաժողովի՝ «ՀՀ դատական օրենսգրքի վերաբերյալ» CDL-AD (2017) 019 կարծիք (թիվ 893/2017), կետ 135։

18 «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ։

19 Art. 2 and 3 of the Universal Charter of the Judge (adopted on 17 November 1999 and updated on 14 November 2017); Chapters II and III of the Recommendation CM/Rec(2010)12 of the Committee of Ministers [of the Council of Europe] to member states on judges: independence, efficiency and responsibilities (2010); Art. 2.03 and 2.04 of the Montreal Universal Declaration on the Independence of Justice (1983); Art. 1.3 and 1.4 of the Bangalore Principles of Judicial Conduct (2007):

20 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով դատավորների ներքին անկախությանը, արտահայտել է այն դիրքորոշումը, համաձայն որի՝ դատական անկախությունը պահանջում է, որ առանձին դատավորները անհարկի ազդեցություններից զերծ լինեն ոչ միայն դատական համակարգից դուրս, այլև դրա ներսում: Դատական այս ներքին անկախությունը պահանջում է, որ նրանք զերծ լինեն դատավորների կամ այն անձանց հրահանգներից կամ ճնշումներից, որոնք դատարանում ունեն վարչական լիազորություններ, ինչպիսիք են դատարանի նախագահը կամ դատարանի բաժանմունքի նախագահը։ Դատական համակարգի ներսում և, մասնավորապես, իրենց դատական վերադասներից դատավորների անկախությունն ապահովող բավարար երաշխիքների բացակայությունը կարող է հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն եզրակացությանը, որ դիմումատուի կասկածները դատարանի (անկախության և) անաչառության վերաբերյալ կարող են լինել օբյեկտիվորեն արդարացված (տե՛ս, օրինակ, Parlov-Tkalčić v Croatia թիվ 24810/06 գանգատով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 22.12.2009 թվականի վճիռը, կետ 86)։

21 ՀՀ դատական օրենսգրքի (ուժը կորցրել է 09.04.2018 թվականին) 153.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել սույն օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով՝ տվյալ գործով կամ հարցով համապատասխան դատական ակտը կայացնելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում»։

22 «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտման հիմքով՝ խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում: Սույն կետով նախատեսված հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է ութ տարի»:

23 «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ «եթե սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտումը հայտնաբերվել է մինչև տվյալ գործով եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, ապա նույն կետով նախատեսված մեկ տարվա ժամկետը հաշվարկվում է տվյալ ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից, իսկ եթե դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցնում են դատական պաշտպանության իրավունքի խախտման և արդարադատության խաթարման, ապա վարույթ կարող է հարուցվել նաև մինչև տվյալ եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը»:

24 ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մաս, 152-րդ հոդվածի 1-ին մաս, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մաս, 365-րդ հոդվածի 1-ին մաս, 01.07.1998 թվականին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդված, 30.06.2021 թվականին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 354-րդ հոդվածի 1-ին մաս։

25 ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մաս։

26 Ըստ իս՝ որպես նշված կանոնից բացառություն՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատական սխալի համար դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը պետք է հնարավոր լինի միայն այն դեպքում, երբ դատական ակտի բողոքարկման արդյունքում առկա է վերադաս դատարանի (մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանի) կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով արձանագրվել է ստորադաս դատարանի կողմից թույլ տրված նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը։

27 Վենետիկի հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 22-ի CDL-AD(2007)028 կարծիք, (թիվ 403/2006)։

28 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մաս։

29 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ։

30 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մաս։

31 Սույն հատուկ կարծիքը շարադրելիս հաշվի է առնվում այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 25.10.2023 թվականին ընդունված ՀՕ-335-Ն օրենքի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության Բարձրագույն դատական խորհրդի կազմի վերաբերյալ դրույթները դեռևս ուժի մեջ մտած չեն, քանի որ ըստ նշված օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի՝ նշված օրենքի 2-21-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում Բարձրագույն դատական խորհրդի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահին։

32 Սույն հատուկ կարծիքը շարադրելիս հաշվի է առնվում այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 25.10.2023 թվականին ընդունված ՀՕ-335-Ն օրենքի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության համար Բարձրագույն դատական խորհրդի կազմի վերաբերյալ դրույթները դեռևս ուժի մեջ մտած չեն, քանի որ ըստ նշված օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի՝ նշված օրենքի 2-21-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում Բարձրագույն դատական խորհրդի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահին։

 

Դատավոր`

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

 

«29» հունվարի 2024 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 փետրվարի 2024 թվական: