Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.06.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.04.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

  

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

  

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/9652/05/16

Վարչական գործ թիվ ՎԴ/9652/05/16 

2021 թ.

Նախագահող դատավոր՝    Ք. Մկոյան

Դատավորներ՝

   Հ. Բեդևյան

 

   Ա. Սարգսյան

            

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

     

նախագահող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

        

2021 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.11.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գարեգին Խաչատրյանի ընդդեմ Երևան համայնքի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Դարյա Տուրիֆիի` վարչական ակտերը մասնակիորեն անվավեր ճանաչելու և հետևանքների վերացման պահանջների մասին,

           

Պ Ա Ր Զ Ե Ց

             

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գարեգին Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 17.06.2014 թվականի թիվ 2314-Ա որոշման հավելվածի 59-րդ կետը և 11.07.2014 թվականի թիվ 2716-Ա որոշման թիվ 1 հավելվածը, որպես հետևանք՝ անվավեր ճանաչել 15.07.2014 թվականին Դարյա Տուրիֆիի և Քաղաքապետարանի միջև կնքված թիվ 49/6-ԱԳ գույքի առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա Դարյա Տուրիֆիի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 23.06.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.11.2018 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.06.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

                 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է նաև հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Գարեգին Խաչատրյանը քննարկվող տարածքների նկատմամբ որևէ օրինական իրավունք, այդ թվում` օգտագործման իրավունք, չի ունեցել, որը կսահմանափակեր տարածքի սեփականատեր Երևան համայնքի` գույքն օտարելու իրավունքը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Գարեգին Խաչատրյանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթն, ըստ էության, չի եզրափակվել, քանի որ հետագայում նրա կողմից չի ներկայացվել համապատասխանեցված նախագիծը, որի պայմաններում վարչական մարմինը հնարավորություն չի ունեցել անդրադառնալու հայցվող խնդրանքի օրինաչափ լինելու կամ չլինելու հարցին:

Վերաքննիչ դատարանը լիարժեք չի ուսումնասիրել գործի նյութերը, չի պարզել` արդյոք Գարեգին Խաչատրյանի կողմից Երևանի քաղաքապետին ուղղված խնդրանքն իրավաչափ է եղել, թե ոչ:

             

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.11.2018 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

                   

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի Կենտրոնի թաղապետ Ա. Զուրաբյանը 24.11.1998 թվականին կայացրել է թիվ 23/312 որոշումը, որի 1-ին կետով որոշել է անհատ ձեռնարկատեր Գարեգին Խաչատրյանին հատկացնել Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 27-րդ բնակարանի տակ գտնվող սյուների միջև 20քմ մակերեսով տարածքը։ Նշված որոշման հիման վրա Երևանի Կենտրոնի թաղապետ Ա. Զուրաբյանը 10.12.1998 թվականին անհատ ձեռնարկատեր Գարեգին Խաչատրյանին տրամադրել է Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 27-րդ բնակարանի տակ գտնվող 20քմ մակերեսով տարածքում առևտրի և սպասարկման սրահ կառուցելու համար շինարարական աշխատանքների կատարման թիվ 5 թույլտվությունը (հատոր 2-րդ, գ.թ. 38, 39).

2) 20.09.2004 թվականին Երևանի Կենտրոն համայնքի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 1-ին հարկի 14քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի նկատմամբ գրանցվել է Կենտրոն թաղապետարանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 70, 71).

3) Գարեգին Խաչատրյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին (դիմումը Քաղաքապետարանում ստացվել է 14.05.2013 թվականին), որով խնդրել է Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 27-րդ բնակարանի տակ գտնվող օժանդակ կառույցը (շինության տարածքը) մասնավորեցնել իր անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 119, 120).

4) Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հ. Ասատրյանը 30.05.2013 թվականի թիվ 19/Խ-1295 գրությամբ Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Ա. Քասարյանին հայտնել է, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 27-րդ բնակարանի պատշգամբի տակ գտնվող միջսյունային տարածքում կառուցված շինության լուծումները չեն համապատասխանում Գարեգին Խաչատրյանի 14.05.2013 թվականի դիմումին կից ներկայացված նախագծին, և առաջարկվել է կառուցապատողի կողմից ՀՀ կառավարության 08.05.2003 թվականի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» թիվ 626-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի համաձայն` մինչև սահմանված կարգով նախատեսված ընդունող հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումն ապահովել շինության նախագծային լուծումների համապատասխանեցումը հաստատված նախագծի պահանջներին (հատոր 2-րդ, գ.թ. 84).

5) ի պատասխան Գարեգին Խաչատրյանի 14.05.2013 թվականի վերը նշված դիմումի՝ Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Ա. Քասարյանը  12.06.2013  թվականի թիվ 18-06/1-Խ-1295 գրությամբ հայտնել է, որ համաձայն Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության 30.05.2013 թվականի թիվ 19/Խ-1295 գրության՝ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 27-րդ բնակարանի պատշգամբի տակ գտնվող միջսյունային տարածքում կառուցված շինությունն իրականացված է համաձայնեցված նախագծից շեղումներով. շինության նախագիծը փաստացի վիճակին համապատասխանեցնելու և  ըստ սահմանված կարգի վերահամաձայնեցվելու պարագայում Քաղաքապետարանում հնարավոր կլինի կրկին անդրադառնալ հարցի քննարկմանը (հատոր 2-րդ, գ.թ. 83).

6) Գարեգին Խաչատրյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին (դիմումը Քաղաքապետարանում ստացվել է 18.06.2013 թվականին), որով խնդրել է վերահամաձայնեցնել Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 27-րդ բնակարանի տակ գտնվող միջսյունային տարածքի պարփակման փոփոխված նախագիծը, և երկարաձգել Կենտրոն թաղապետարանի կողմից 10.12.1998 թվականին տրամադրված թիվ 5 շինարարության թույլտվության ժամկետը (հատոր 2-րդ, գ.թ. 86).

7) Գարեգին Խաչատրյանի կողմից ներկայացված վերը նշված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չի ընդունվել (անվիճելի փաստ).

8) Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը 17.06.2014 թվականին կայացրել է «Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը աճուրդով օտարելու մասին» թիվ 2314-Ա որոշումը, որի 1-ին կետով աճուրդով օտարելու նպատակով առանձնացվել է նաև նույն որոշման թիվ 1 հավելվածի 59-րդ կետում նշված Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 14քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը (հատոր 1-ին, գ.թ. 55-58).

9) Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը 11.07.2014 թվականին կայացրել է «Համայնքային սեփականություն հանդիսացող գույքերի 2014 թվականի հուլիսի 3-ին կայացած աճուրդային վաճառքի հաղթողին գույք տրամադրելու և գույքի օտարման պայմանագիր կնքելու մասին» թիվ 2716-Ա որոշումը, որի 1-ին կետով 2014 թվականի հուլիսի 3-ին կայացած գույքի աճուրդային վաճառքի հաղթողին տրամադրել է նույն որոշման թիվ 1 հավելվածում նշված Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 14քմ մակերեսով տարածքը (հատոր 1-ին, գ.թ. 53, 54).

10) 15.07.2014 թվականին Երևան համայնքը, ի դեմս Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի (այսուհետ` Վաճառող) և Դարյա Տուրիֆին (այսուհետ` Գնորդ) կնքել են թիվ 49/6-ԱԳ գույքի առուվաճառքի մասին պայմանագիրը, որի 1-ին կետի համաձայն՝ Վաճառողը պարտավորվել է Գնորդին որպես սեփականություն հանձնել սեփականության իրավունքով Վաճառողին պատկանող Երևանի Նալբանդյան փողոցի թիվ  50 շենքի 14քմ մակերեսով գույքը, իսկ Գնորդը պարտավորվել է ընդունել այդ գույքը և դրա համար վճարել 1.500.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 64, 65).

11) Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը 02.08.2014 թվականին կայացրել է «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» թիվ 2995-Ա որոշումը, որի 1-ին կետով նույն որոշման հավելվածում նշված Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 14քմ մակերեսով ոչ բնակելի տարածքին տրամադրել է Երևան, Նալբանդյան փողոց, թիվ 50 շենք, 192-րդ շինություն հասցեն (հատոր 1-ին, գ.թ. 68, 69).

12) 06.08.2014 թվականին Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 192-րդ շինության նկատմամբ Երևանի քաղաքապետի 11.07.2014 թվականի թիվ 2716-Ա, 02.08.2014 թվականի թիվ 2995-Ա որոշումների ու 31.07.2014 թվականի առուվաճառքի պայմանագրի հիման վրա գրանցվել է Դարյա Տուրիֆիի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 63)։

                    

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի  1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու ֆիկցիայի գործողության համար անհրաժեշտ պայմանների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ք բոլոր դեպքերում է վարչական ակտը համարվում ընդունված, եթե դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում վարչական ակտն ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտն օրենքով սահմանված ժամկետում չի ընդունվել:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական վարույթի ժամկետն սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ ընդունվելիք վարչական ակտերի համար` նախաձեռնության օրվանից:

Մինչև 02.12.2017 թվականը գործող խմբագրությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը նախատեսում է օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու իրավական հնարավորություն: Այսինքն՝ վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտը նշված իրավադրույթի ուժով որոշ դեպքերում կարող է համարվել ընդունված և առաջացնել այդ վարչական ակտին բնորոշ բոլոր իրավաբանական հետևանքները: Տվյալ դեպքում դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում վարչական ակտի ընդունման օրենքով սահմանված ժամկետը խախտվելու դեպքում գործում է այն ֆիկցիան, որ պահանջվող բարենպաստ վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է օգտվել դիմում ներկայացնելիս իր ակնկալած իրավունքից, որը տրամադրման էր ենթակա ընդունվելիք վարչական ակտով: Քննարկվող իրավաբանական ֆիկցիայի նպատակն է ապահովել վարչարարության իրականացումը ողջամիտ ժամկետում, բարձրացնել վարչական մարմինների պատասխանատվությունը և բացառել այնպիսի դեպքերը, երբ իրավասու վարչական մարմինը, խախտելով օրենքով իր վրա դրված պարտականությունները, սահմանված ժամկետում չի քննարկում անձի դիմումը և դրա վերաբերյալ որևէ վարչական ակտ չի ընդունում։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու ֆիկցիայի գործողությունը կապված է որոշակի պայմանների առկայության հետ։

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով մինչև 02.12.2017 թվականը գործող խմբագրությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի «ա» կետի մեկնաբանությանը, իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ տվյալ դրույթը չի կարող մեկնաբանվել որպես հայցվող ցանկացած ակտի ընդունված լինելը հաստատող նորմ: Հայցվող վարչական ակտը, ինչպես նաև հայցվող իրավունքը պետք է հիմնված լինեն օրենքի վրա, չխախտեն այլոց իրավունքները և ազատությունները: Հետևաբար, նշված նորմի բովանդակության մաս պետք է կազմի նաև հայցվող վարչական ակտի իրավաչափությունը, որի առկայությունը հաստատվելուց հետո միայն հնարավոր կլինի փաստել վարչական ակտի և դրա հիման վրա ծագող իրավունքի գոյությունը (տե՛ս Սերգեյ Գասպարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5557/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ վերահաստատելով իր այդ դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ մինչև 02.12.2017 թվականը գործող խմբագրությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի «ա» կետով սահմանված իրավական նորմը չի ենթադրում վարչական մարմնի կողմից վարչարարություն չիրականացնելու դեպքում վարչարարությունն իրականացված լինելու և պահանջվող վարչական ակտն ընդունված լինելու կանխավարկածի առկայություն: Յուրաքանչյուր գործով մինչև 02.12.2017 թվականը գործող խմբագրությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի «ա» կետի կիրառման հարցը քննարկելիս դատարանները պետք է հաշվի առնեն ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները և վարչական վարույթի առանձնահատկությունները։ Վարչարարության որոշակի տեսակների դեպքում իրավունքի գոյության հարցն ուղղակիորեն կապված է վարչարարության իրականացման հետ, որի արդյունքում է միայն հնարավոր որոշել հայցվող վարչական ակտի իրավաչափությունը (տե՛ս Փառանձեմ Գևորգյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/2731/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

                    

Վճռաբեկ դատարանը, իրացնելով օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու, իրավունքի զարգացմանը նպաստելու իրեն վերապահված գործառույթները, անհրաժեշտ է համարում վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից Սերգեյ Գասպարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5557/05/08 վարչական գործով 17.04.2009 թվականի որոշմամբ արտահայտված և հետագա որոշումներով վերահաստատված իրավական դիրքորոշումը՝ օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգի գործողության համար անհրաժեշտ պայմանների վերաբերյալ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ նախագահի 30.06.2012 թվականի թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագրով վարչական արդարադատության և վարչական վարույթի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների շարքում ներառվել է նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով ընդունված վարչական ակտերով տրամադրվող իրավունքների իրացման գործնականում ապահովումը (5.4-րդ կետ)։ Մասնավորապես՝ այդ ծրագրի 5.4.1-րդ կետով արձանագրվել է, որ «(...) գործնականում առկա է ընդունված համարվող վարչական ակտերով մասնավոր անձին տրամադրված իրավունքի իրացման խնդիր: Մասնավոր անձը գործնականում ոչ միշտ է օգտվում այդ իրավունքից: Դատական մի շարք ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դատական պրակտիկայում նման վարչական ակտերին երբեմն ներկայացվում են պահանջներ, որոնք սահմանված չեն օրենքով, օրինակ, մինչև վարչական ակտով ստացված իրավունքից օգտվելը այդ ակտի իրավաչափության հաստատումը: Օրենքով սահմանված չէ այնպիսի ընթացակարգ, որով անհրաժեշտ է հաստատել 48-րդ հոդվածով ստացված վարչական ակտի իրավաչափությունը: Ուստի պետք է կատարվի համապատասխան ուսումնասիրություն՝ նշված ինստիտուտն այնպես կարգավորելու համար, որ մի կողմից չխաթարվի 48-րդ հոդվածում ամրագրված այս կարևոր ինստիտուտի բուն էությունը, մյուս կողմից պաշտպանվի հասարակական շահը»:

ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով վերը նշված կարգադրությունը, ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով առաջարկել է փոփոխություն կատարել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի նաև 48-րդ հոդվածում՝ նաև դրա 1-ին և 2-րդ մասերը շարադրելով հետևյալ խմբագրությամբ՝

«1. Եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում, վարչական ակտը համարվում է ընդունված և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դրանով ակտի հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք»:

Մինչև 07.04.2018 թվականը գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նախագիծն իրավաստեղծ մարմին քննարկման ներկայացնելիս նախագիծ մշակող մարմինը դրան կցում է իրավական ակտի ընդունման հիմնավորումը (…):

ՀՀ կառավարությունը, ի կատարումն օրենքի նշված պահանջի, ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել նաև այդ իրավական ակտի ընդունման հիմնավորումը՝ դրանում նշելով նաև, որ ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի ներկայիս կարգավորմամբ` դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը: Նշված նորմի հիմնական նպատակն է վարչական վարույթի շրջանակներում բարձրացնել վարչական մարմինների պատասխանատվությունը: Այս դրույթի կիրառումը կարող է կանխել կամ նվազեցնել այն դեպքերը, երբ մասնավոր անձինք դիմում են իրավասու վարչական մարմնին` բարենպաստ վարչական ակտ ստանալու ակնկալիքով, իսկ վարչական մարմինը սահմանված ժամկետում որևէ կերպ չի արձագանքում դիմումին: Սակայն գործնականում առկա է ընդունված համարվող վարչական ակտերով մասնավոր անձին տրամադրված իրավունքի իրացման խնդիր: Մասնավոր անձը գործնականում ոչ միշտ է օգտվում այդ իրավունքից: Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ նման վարչական ակտերին երբեմն ներկայացվում են պահանջներ, որոնք սահմանված չեն օրենքով, օրինակ, մինչև վարչական ակտով ստացված իրավունքից օգտվելը այդ ակտի իրավաչափության հաստատումը: Ուստի՝ անհրաժեշտ է հստակեցնել Օրենքի 48-րդ հոդվածը՝ ապահովելով այդ հոդվածի գործնական կիրառելիությունը: Մասնավորապես պետք է կարգավորվեն այն դեպքերը և դրանից բխող հետևանքները, երբ օրենքով սահմանված ժամկետում դիմումով հայցվող վարչական ակտն այն ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից չի ընդունվում: Անհրաժեշտ է սահմանել, որ այդ դեպքում վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը: Սակայն անգամ այդ դեպքում վարչական ակտը չի կարող համարվել ընդունված, եթե դրանով ակտի հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք կամ ներկայացված դիմումը չի համապատասխանում օրենքով սահմանված որոշակի պահանջների: Դիմումը պետք է պարունակի դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը, դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա) և դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են): (…) Նշված փոփոխությունների անհրաժեշտությունը անմիջականորեն բխում է ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 20-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի 5.2-րդ և  5.4-րդ և միջոցառումների ցանկի 3.2-րդ և 3.4-րդ կետերից»:

Դրանից հետո ՀՀ Ազգային ժողովը 25.10.2017 թվականին ընդունել է ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-193-Ն օրենքը, որի 2-րդ հոդվածով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրել է հետևյալ խմբագրությամբ՝

«1. Եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դա սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն առ ոչինչ է»։

Նշված օրենքն ուժի մեջ է մտել 02.12.2017 թվականին։

Հաշվի առնելով ՀՀ Նախագահի վերը նշված կարգադրությունը, օրենքի նախագծի վերը նշված հիմնավորումը և դրանց հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում կատարված վերը նշված փոփոխությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իր օրենսդիր մարմնի, հիմք ընդունելով ՀՀ Նախագահի 30.06.2012 թվականի թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագրի 5.4-րդ և 5.4.1-րդ կետերը, ու դրանց հիման վրա նախաձեռնված օրենսդրական փոփոխությունների հիմնավորումը, օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգի առումով որդեգրել է այն քաղաքականությունը, որով այդ կառուցակարգի գործողությունը տարածել է բոլոր այն դեպքերի վրա, երբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում իրավասու վարչական մարմինն օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում։ Նշված կանոնից բացառություն է սահմանված միայն այն դեպքի համար, երբ հայցվող վարչական ակտը կլինի առ ոչինչ՝ ակտով դրա հասցեատիրոջը ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրվելու հիմքով: Կատարված օրենսդրական փոփոխությունները վկայում են այն մասին, որ օրենսդրի կամքն ուղղված է վարչական մարմիններին առավել խիստ պահանջներ ներկայացնելուն։ Դրանց ուժով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի   48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողությունը պայմանավորված չէ հայցվող վարչական ակտի իրավաչափությամբ, և նույնիսկ ոչ իրավաչափ վարչական ակտը, նշված իրավադրույթի համաձայն, կարող է համարվել ընդունված, բացառությամբ՝ եթե այդ ակտով դրա հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվող վարչական ակտի իրավաչափությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողության պայման չէ։ Նշվածից բացառություն է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքի առկայությունը, այն է՝ ակտով դրա հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք: Այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու ֆիկցիայի գործողությունը պարզելիս դատական վերահսկողությունը սահմանափակվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի  1-ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքի առկայությունը (բացակայությունը) գնահատելով։ Ինչ վերաբերում է հայցվող վարչական ակտի հնարավոր անվավերության հիմքերին, ինչպես նաև հնարավոր առոչնչության մյուս հիմքերին, ապա քննարկվող իրավաբանական ֆիկցիայի գործողությունը պարզելիս դրանց առկայությունը (բացակայությունը) պետք է ենթակա չլինի դատարանի կողմից գնահատման։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե ինչ պահանջների պետք է համապատասխանի վարչական մարմնին ներկայացվող դիմումը։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մինչև 02.12.2017 թվականը գործող խմբագրությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածն ուղղակիորեն չէր սահմանում, որ ֆիկցիայի գործողության համար անհրաժեշտ է, որ վարչական մարմնին ներկայացվող դիմումը  համապատասխանի որոշակի պահանջների։ Ի տարբերություն այդ կարգավորման՝ ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 25.10.2017 թվականի ՀՕ-193-Ն օրենքով նախատեսվել է, որ քննարկվող իրավաբանական ֆիկցիան գործում է, եթե վարչական մարմնին ներկայացվող դիմումը համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի  1-ին մասի «ա» , «դ»  և «ե»  կետերի պահանջներին։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  25.10.2017 թվականի ՀՕ-193-Ն օրենքը ոչ թե ֆիկցիայի գործողության համար լրացուցիչ պայման (դիմումի համապատասխանությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի  1-ին մասի «ա», «դ»  և «ե»  կետերի պահանջներին) է առաջադրել, այլ ընդամենն այդ մասով հստակեցրել է նախկինում գործող կարգավորումը։ Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է դիմումին ներկայացվող վերը նշված պահանջների բնույթով։ Մասնավորապես՝ այդ դրույթների համաձայն՝ դիմումը պետք է պարունակի դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը, դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա), դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են)։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված պահանջների բնույթով պայմանավորված՝ դրանց չբավարարող դիմումի ներկայացումն ինքնին բացառում է սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու ֆիկցիայի գործողությունը։ Հետևաբար անկախ այն հանգամանքից, որ մինչև 02.12.2017 թվականը գործող օրենսդրությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ»  և «ե»  կետերի պահանջներին դիմումի համապատասխանությունն ուղղակիորեն սահմանված չէր որպես քննարկվող իրավաբանական ֆիկցիայի գործողության պայման, դրա առկայությունն ինքնին ենթադրվում էր։

Ամփոփելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  25.10.2017 թվականի ՀՕ-193-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց (02.12.2017 թվական) հետո, այնպես էլ մինչև նշված փոփոխություններն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգը գործում է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1)  անձը դիմել է վարչական մարմնին՝ հայցելով որոշակի բարենպաստ վարչական ակտի ընդունում, այսինքն՝ վարչական վարույթը հարուցվել է անձի դիմումի հիման վրա, և դիմումը համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ»  և «ե»  կետերի պահանջներին,

2)  բացակայում է վարչական ակտի՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված առոչնչության հիմքը,

3)  տվյալ վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինն օժտված է այդ վարչական ակտն ընդունելու իրավասությամբ,

4)  վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինն օրենքով սահմանված ժամկետում ցուցաբերել է անգործություն՝ չի ընդունել հայցվող բարենպաստ վարչական ակտը  կամ չի կայացրել անձի դիմումը մերժելու մասին որոշում կամ վարչական վարույթը եզրափակող օրենքով նախատեսված որևէ այլ անհատական իրավական ակտ:

                 

 Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Գարեգին Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 17.06.2014 թվականի թիվ 2314-Ա որոշման հավելվածի 59-րդ կետը և 11.07.2014 թվականի թիվ 2716-Ա որոշման թիվ 1 հավելվածը, որպես հետևանք՝ անվավեր ճանաչել 15.07.2014 թվականին Դարյա Տուրիֆիի և Քաղաքապետարանի միջև կնքված թիվ 49/6-ԱԳ գույքի առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա Դարյա Տուրիֆիի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Դատարանը 23.06.2017 թվականին վճիռ է կայացրել հայցը բավարարելու մասին՝ պատճառաբանելով, որ «հայցվորը 14.05.2013 թվականին դիմել է Երևանի քաղաքապետին՝ ք.Երևան, Նալբանդյան 50, 27 բնակարանի պատշգամբի տակ գտնվող միջսյունային տարածքում 20 քմ շինություններն իր անվամբ մասնավորեցնելու (իրեն օտարելու) խնդրանքով: Ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետը հայցվորին հասցեագրված 12.06.2013 թվականի գրությամբ հայտնել է, որ խնդրո առարկա շինությունն իրականացված է համաձայնեցված նախագծի շեղումներով: Շինության նախագիծը փաստացի վիճակին համապատասխանեցնելու և ըստ սահմանված կարգի վերահամաձայնեցնելու պարագայում Երևանի քաղաքապետարանում կշարունակվի հարցի քննարկումը: Հայցվորը, ի կատարումն նշված պահանջի, Երևանի քաղաքապետարան է ներկայացրել շինության նոր նախագիծ՝ համապատասխանեցված շինության փաստացի վիճակին…», «(…) գործի փաստական հանգամանքների ուսումնասիրությունը վկայում է, որ առ այսօր Երևանի քաղաքապետի կողմից հայցվորի 14.05.2013 թվականի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը եզրափակող վարչական ակտ ընդունված չէ (այդ փաստն ընդունում է նաև պատասխանողը): Նման պայմաններում վրա են հասել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ oրենքի 48-րդ հոդվածով սահմանված՝ օրենքով սահմանված ժամկետում հայցվող բարենպաստ վարչական ակտը չընդունելու իրավական հետևանքները, այն է՝ հայցվորի կողմից հայցված վարչական ակտը համարվել է ընդունված: Ընդ որում, եթե նույնիսկ ի պատասխան հայցվորի դիմումի ընդունված համարվող վարչական ակտը ոչ իրավաչափ վարչական ակտ է, ապա այս դեպքում անգամ այն պաշտպանված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ վարչական ակտին վստահելու՝ ակտի հասցեատիրոջ իրավունքով», «ֆիկցիայի ուժով ընդունվել և գործել է հայցվորի կողմից Երևանի քաղաքապետից հայցված վարչական ակտը, որպիսի պայմաններում Երևանի քաղաքապետն այլևս իրավասու չէր ընտրել խնդրո առարկա շինությունն աճուրդի միջոցով օտարելու եղանակը՝ կայացնելով վիճարկվող վարչական ակտերը»:

Վերաքննիչ դատարանը Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` պատճառաբանելով, որ «տվյալ դեպքում Գարեգին Խաչատրյանի կողմից 18.06.2013 թվականին Երևանի քաղաքապետին է ուղղվել դիմում, որի կապակցությամբ վարչական մարմինը պետք է կայացներ համապատասխան որոշում, մինչդեռ, հայցվորի այդ դիմումին վարչական մարմնի կողմից ընթացք չի տրվել, որպիսի պարագայում (...) գործել է այն ֆիկցիան, որ պահանջվող բարենպաստ վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է օգտվել դիմում ներկայացնելիս իր ակնկալած իրավունքից, որը տրամադրման էր ենթակա ընդունվելիք վարչական ակտով», «ընդ որում, համապատասխան վարչական ակտի իրավաչափության ստուգումը սույն վարչական գործի քննության առարկա չի հանդիսանում»:

Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ «այն պայմաններում, երբ գործել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի  1-ին մասով նախատեսված` չընդունված վարչական ակտն ընդունված համարվելու ֆիկցիան, վարչական մարմինն այլևս իրավասու չէր 17.06.2014 թվականին կայացնել «Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը աճուրդով օտարելու մասին»  թիվ 2314 որոշումը, որի հավելված թիվ 1-ով հաստատված Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու, օտարման աճուրդը և մրցույթը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովի կողմից օտարման աճուրդի ներկայացված գույքի ցանկի 59-րդ կետով որպես աճուրդով օտարվող գույք է ճանաչվել Նալբանդյան 50 հասցեում գտնվող 14քմ ոչ բնակելի տարածքը»։

Վերաքննիչ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ «Դատարանի պատճառաբանություններն անհիմն են այն մասով, որ Դատարանը կայացված վճռով հաստատված փաստական հանգամանքներում և վճռի պատճառաբանական մասում նման եզրահանգման է եկել կապված հայցվորի կողմից վարչական մարմնին ներկայացված 14.05.2013 թվականի դիմումի հետ: Վերաքննիչ դատարանը այդ կապակցությամբ հարկ է համարում նշել, որ սույն վարչական գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվորեն հետազոտելով գործում առկա ապացույցները, պարզ է դառնում, որ Գարեգին Խաչատրյանի 14.05.2013 թվականի դիմումին վարչական մարմինը պատասխանել է 12.06.2013 թվականի թիվ 18-06/1-Խ-1295 գրությամբ: Մինչդեռ այդ գրությամբ մատնանշված թերությունները շտկելուց հետո Գարեգին Խաչատրյանի կողմից 18.06.2013 թվականին Երևանի քաղաքապետին ուղղված դիմումին վերջինիս կողմից որևէ պատասխան չի տրվել: Հետևաբար սույն վարչական գործով խոսքը վերաբերում է ոչ թե Գարեգին Խաչատրյանի 14.05.2013 թվականի դիմումին չպատասխանելուն, այլ 18.06.2013 թվականի դիմումին»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի հիմնավորումներին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Գարեգին Խաչատրյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին, որը Քաղաքապետարանում ստացվել է 18.06.2013 թվականին։ Նշված դիմումով Գարեգին Խաչատրյանը խնդրել է վերահամաձայնեցնել Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի  27-րդ բնակարանի տակ գտնվող միջսյունային տարածքի պարփակման փոփոխված նախագիծը, երկարաձգել Կենտրոն թաղապետարանի կողմից 10.12.1998 թվականին տրամադրված թիվ 5 շինարարության թույլտվության ժամկետը: Նշված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չի ընդունվել։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողության վերաբերյալ  հետևության է եկել միայն այն հիմքով, որ Գարեգին Խաչատրյանի կողմից 18.06.2013 թվականին Երևանի քաղաքապետին ուղղված համապատասխան դիմումի վերաբերյալ վարչական մարմնի կողմից օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չի ընդունվել։ Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը վարչական մարմնի կողմից անգործություն դրսևորելը դիտել է բավարար պահանջվող բարենպաստ վարչական ակտը ֆիկցիայի ուժով ընդունված համարելու համար` նշելով, որ համապատասխան վարչական ակտի իրավաչափության ստուգումը չի ներառվում սույն վարչական գործի քննության շրջանակներում։

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողության համար, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, անհրաժեշտ պայման է նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի  1-ին մասի «դ»  կետով նախատեսված առոչնչության հիմքի բացակայությունը։ Տվյալ դեպքում վերը նշված դիրքորոշումների համատեքստում սույն գործով ենթակա էր պարզման ու հաստատման նաև հետևյալ հանգամանքը` արդյո՞ք Գարեգին Խաչատրյանի կողմից ներկայացված դիմումով հայցվող վարչական ակտով դրա հասցեատիրոջը չի տրամադրվում ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք: Նշված հանգամանքը պարզվելուց հետո միայն հնարավոր կլիներ փաստել վարչական ակտի և դրա հիման վրա ծագող իրավունքի գոյությունը, ինչն իր հերթին, կախված հայցվող վարչական ակտի բովանդակությունից և դրանով տրամադրվող իրավունքի էությունից, կարող էր էական նշանակություն ունենալ սույն գործով վիճարկվող վարչական ակտերի իրավաչափությունը գնահատելիս։

               

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

              

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրել է վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու անհրաժեշտության մասին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող վերոգրյալ հարցերը պարզելու նպատակով սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

                      

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

             

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի   169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

                  

Ո Ր Ո Շ Ե Ց

                  

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.11.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

               

Նախագահող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

      

Հատուկ կարծիք

    

թիվ ՎԴ/9652/05/16 վարչական գործով

    

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/9652/05/16

Վարչական գործ թիվ ՎԴ/9652/05/16 

2021 թ.

Նախագահող դատավոր՝    Ք. Մկոյան

Դատավորներ՝

   Հ. Բեդևյան

 

   Ա. Սարգսյան

                 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.11.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Գարեգին Խաչատրյանի ընդդեմ Երևան համայնքի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Դարյա Տուրիֆիի` վարչական ակտերը մասնակիորեն անվավեր ճանաչելու և հետևանքների վերացման պահանջների մասին, որոշել է. « Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.11.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության»:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ս. Անտոնյանս, Տ. Պետրոսյանս, Էդ. Սեդրակյանս համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 22.04.2021 թվականին թիվ ՎԴ/9652/05/16 վարչական գործով կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում կատարված եզրահանգումների հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

                  

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գարեգին Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 17.06.2014 թվականի թիվ 2314-Ա որոշման հավելվածի 59-րդ կետը և 11.07.2014 թվականի թիվ 2716-Ա որոշման թիվ 1 հավելվածը, որպես հետևանք՝ անվավեր ճանաչել 15.07.2014 թվականին Դարյա Տուրիֆիի և Քաղաքապետարանի միջև կնքված թիվ 49/6-ԱԳ գույքի առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա Դարյա Տուրիֆիի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 23.06.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.11.2018 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.06.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

                

2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Գարեգին Խաչատրյանը քննարկվող տարածքների նկատմամբ որևէ օրինական իրավունք, այդ թվում` օգտագործման իրավունք, չի ունեցել, որը կսահմանափակեր տարածքի սեփականատեր Երևան համայնքի` գույքն օտարելու իրավունքը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Գարեգին Խաչատրյանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը, ըստ էության, չի եզրափակվել, քանի որ հետագայում նրա կողմից չի ներկայացվել համապատասխանեցված նախագիծը, որի պայմաններում վարչական մարմինը հնարավորություն չի ունեցել անդրադառնալու հայցվող խնդրանքի օրինաչափ լինելու կամ չլինելու հարցին:

Վերաքննիչ դատարանը լիարժեք չի ուսումնասիրել գործի նյութերը, չի պարզել` արդյոք Գարեգին Խաչատրյանի կողմից Երևանի քաղաքապետին ուղղված խնդրանքն իրավաչափ է եղել, թե ոչ: 

                  

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.11.2018 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

                    

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի Կենտրոնի թաղապետ Ա. Զուրաբյանը 24.11.1998 թվականին կայացրել է թիվ 23/312 որոշումը, որի 1-ին կետով որոշել է անհատ ձեռնարկատեր Գարեգին Խաչատրյանին հատկացնել Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 27-րդ բնակարանի տակ գտնվող սյուների միջև 20քմ մակերեսով տարածքը։ Նշված որոշման հիման վրա Երևանի Կենտրոնի թաղապետ Ա. Զուրաբյանը 10.12.1998 թվականին անհատ ձեռնարկատեր Գարեգին Խաչատրյանին տրամադրել է Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 27-րդ բնակարանի տակ գտնվող 20քմ մակերեսով տարածքում առևտրի և սպասարկման սրահ կառուցելու համար շինարարական աշխատանքների կատարման թիվ 5 թույլտվությունը (հատոր 2-րդ, գ.թ. 38, 39).

2) 20.09.2004 թվականին Երևանի Կենտրոն համայնքի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 1-ին հարկի 14քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի նկատմամբ գրանցվել է Կենտրոն թաղապետարանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 70, 71).

3) Գարեգին Խաչատրյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին (դիմումը Քաղաքապետարանում ստացվել է 14.05.2013 թվականին), որով խնդրել է Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 27-րդ բնակարանի տակ գտնվող օժանդակ կառույցը (շինության տարածքը) մասնավորեցնել իր անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 119, 120).

4) Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հ. Ասատրյանը 30.05.2013 թվականի թիվ 19/Խ-1295 գրությամբ Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Ա. Քասարյանին հայտնել է, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 27-րդ բնակարանի պատշգամբի տակ գտնվող միջսյունային տարածքում կառուցված շինության լուծումները չեն համապատասխանում Գարեգին Խաչատրյանի 14.05.2013 թվականի դիմումին կից ներկայացված նախագծին, և առաջարկվել է կառուցապատողի կողմից ՀՀ կառավարության 08.05.2003 թվականի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» թիվ 626-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի համաձայն` մինչև սահմանված կարգով նախատեսված ընդունող հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումն ապահովել շինության նախագծային լուծումների համապատասխանեցումը հաստատված նախագծի պահանջներին (հատոր 2-րդ, գ.թ. 84).

5) ի պատասխան Գարեգին Խաչատրյանի 14.05.2013 թվականի վերը նշված դիմումի՝ Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Ա. Քասարյանը 12.06.2013 թվականի թիվ 18-06/1-Խ-1295 գրությամբ հայտնել է, որ համաձայն Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության 30.05.2013 թվականի թիվ 19/Խ-1295 գրության՝  Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 27-րդ բնակարանի պատշգամբի տակ գտնվող միջսյունային տարածքում կառուցված շինությունն իրականացված է համաձայնեցված նախագծի շեղումներով. շինության նախագիծը փաստացի վիճակին համապատասխանեցնելու և ըստ սահմանված կարգի վերահամաձայնեցվելու պարագայում Քաղաքապետարանում հնարավոր կլինի կրկին անդրադառնալ հարցի քննարկմանը (հատոր 2-րդ, գ.թ. 83).

6) Գարեգին Խաչատրյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին (դիմումը Քաղաքապետարանում ստացվել է 18.06.2013 թվականին), որով խնդրել է վերահամաձայնեցնել Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 27-րդ բնակարանի տակ գտնվող միջսյունային տարածքի պարփակման փոփոխված նախագիծը, և երկարաձգել Կենտրոն թաղապետարանի կողմից 10.12.1998 թվականին տրամադրված թիվ 5 շինարարության թույլտվության ժամկետը (հատոր 2-րդ, գ.թ. 86).

7) վերը նշված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չի ընդունվել (անվիճելի փաստ).

8) Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը 17.06.2014 թվականին կայացրել է «Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը աճուրդով օտարելու մասին» թիվ  2314-Ա որոշումը, որի 1-ին կետով աճուրդով օտարելու նպատակով առանձնացվել է նաև նույն որոշման թիվ 1 հավելվածի 59-րդ կետում նշված Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 14քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը (հատոր 1-ին, գ.թ. 55-58).

9) Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը 11.07.2014 թվականին կայացրել է «Համայնքային սեփականություն հանդիսացող գույքերի 2014 թվականի հուլիսի 3-ին կայացած աճուրդային վաճառքի հաղթողին գույք տրամադրելու և գույքի օտարման պայմանագիր կնքելու մասին» թիվ 2716-Ա որոշումը, որի 1-ին կետով 2014 թվականի հուլիսի 3-ին կայացած գույքի աճուրդային վաճառքի հաղթողին տրամադրել է նույն որոշման թիվ 1 հավելվածում նշված Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 14քմ մակերեսով տարածքը (հատոր 1-ին, գ.թ. 53, 54).

10) 15.07.2014 թվականին Երևան համայնքը, ի դեմս Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի (այսուհետ` Վաճառող) և Դարյա Տուրիֆին (այսուհետ` Գնորդ) կնքել են թիվ 49/6-ԱԳ գույքի առուվաճառքի մասին պայմանագիրը, որի 1-ին կետի համաձայն՝ Վաճառողը պարտավորվել է Գնորդին որպես սեփականություն հանձնել սեփականության իրավունքով Վաճառողին պատկանող Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 14քմ մակերեսով գույքը, իսկ Գնորդը պարտավորվել է ընդունել այդ գույքը և դրա համար վճարել 1.500.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 64, 65).

11) Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը 02.08.2014 թվականին կայացրել է «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» թիվ 2995-Ա որոշումը, որի 1-ին կետով նույն որոշման հավելվածում նշված Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 14քմ մակերեսով ոչ բնակելի տարածքին տրամադրել է Երևան, Նալբանդյան փողոց, թիվ 50 շենք, 192-րդ շինություն հասցեն (հատոր 1-ին, գ.թ. 68, 69).

12) 06.08.2014 թվականին Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 192-րդ շինության նկատմամբ Երևանի քաղաքապետի 11.07.2014 թվականի թիվ 2716-Ա, 02.08.2014 թվականի թիվ 2995-Ա որոշումների ու 31.07.2014 թվականի առուվաճառքի պայմանագրի հիման վրա գրանցվել է Դարյա Տուրիֆիի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 63)։

               

4. Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները

Բանը նրանում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը նախատեսում է  վարչական վարույթի  ժամկետում  վարչական ակտ չընդունելու  հետևանքներ երկու խումբ դեպքերի համար։

Մինչև 02.12.2017 թվականը գործող խմբագրությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտը ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունելու դեպքում վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը։

ՀՀ Ազգային ժողովի կողմից 25.10.2017 թվականին ընդունված ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-193-Ն օրենքի 2-րդ հոդվածով փոփոխություն է կատարվել  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածում՝ մասնավորապես դրա 1-ին և 2-րդ մասերը շարադրելով հետևյալ խմբագրությամբ՝

«1. Եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում, վարչական ակտը համարվում է ընդունված և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դա սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասին «դ» կետի համաձայն առ ոչինչ է»:

Այսինքն՝ դիմողի կողմից  համապատասխան իրավունքի իրականացմանը ձեռնամուխ լինելու համար անհրաժեշտ է, որ վարչական ակտն ընդունելու լիազորություն ունեցող վարչական մարմին ներկայացվի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ վարչական վարույթ հարուցելու մասին դիմում և դրա արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից որոշում չկայացվի։ Դրա հետ մեկտեղ օրենսդիրը սահմանել է, որ հայցվող վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն առոչինչ է, այսինքն` ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվել է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն կամ նրան տրամադրվել է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք։

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն ֆիկցիայի մյուս խումբը վերաբերում է որոշակի փաստ հաստատելու կամ արձանագրելու վերաբերյալ վարչական ակտի չընդունման դեպքին, որով սահմանված իրավունքներն  անձինք կարող են հավաստել սահմանված ձևի փաստաթղթով, երբ փաստաթուղթը չստացած անձն  ազատվում է այն պատասխանատվությունից կամ պարտականություններից, որոնք օրենքով սահմանված են այդ փաստաթուղթը չունենալու համար։

Այս դեպքի համար օրենսդիրը վարչական մարմնի համար սահմանել է այդ փաստաթուղթն իր նախաձեռնությամբ կամ համապատասխան դիմումի հիման վրա դիմող անձին վարչական ակտն ընդունելու ժամկետը լրանալուց հետո ոչ ուշ, քան յոթնօրյա ժամկետում տրամադրելու պարտականություն։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել նաև օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը։

Գտնում ենք, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումներով  պայմանավորված վարչական ակտն ընդունված լինելու դեպքում, երբ դիմողը ձեռնամուխ է լինում  համապատասխան իրավունքի  իրականացմանը, այդ իրավունքը չպետք է առնչվի երրորդ անձանց օրենքով և այլ իրավական ակտերով պաշտպանվող իրավունքներին և ազատություններին։

Հետևաբար, մինչև երրորդ անձանց վերաբերյալ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելը՝ ֆիկցիայի ուժով համապատասխան իրավունք ունենալու հիմքով, ֆիկցիայի ուժով որոշակի իրավունքի առկայությանը հավակնող անձի մոտ այդպիսի իրավունքի առկայությունը կարող է հիմնավորված լինել բացառապես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցատեսակով ներկայացված և բավարարված հայցով։ Հակառակ կանխավարկածի դեպքում երրորդ անձինք զրկվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված նախապայմանների առկայությունը ստուգելու և պարզելու հնարավորությունից։

Այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ ֆիկցիայի ուժով անձին տրամադրված իրավունքն առնչվելու է այլ անձանց իրավունքներին  և օրինական շահերին, ինչպես նաև այն դեպքերում, երբ այդ իրավունքը ենթակա է պետական գրանցման, նման իրավունք վերապահող վարչական ակտը պետք է ակտի հասցեատիրոջը տրամադրված լինի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված: Այն է. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` «գործողության կատարման հայցը», որով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը, ինչպես նաև կարող է պահանջել օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը:

Նույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել` գործողության կատարման հայցի դեպքում`

ա. մեկամսյա ժամկետում` վարչական մարմնի կողմից գործողության կատարումը մերժելու մասին իրազեկվելու պահից,

բ. երկամսյա ժամկետում այն պահից, երբ լրացել է հայցվող գործողության կատարման համար սահմանված ժամկետը,

գ. եռամսյա ժամկետում այն պահից, երբ դիմում է ներկայացվել հայցվող գործողությունը կատարելու համար, եթե առկա չեն սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերը:

Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ անձը, դատական պաշտպանության սահմանադրական իրավունքն իրացնելիս պետք է առաջնորդվի տվյալ դատական պաշտպանության ձևի համար օրենսդրությամբ նախատեսված կանոններով, մասնավորապես՝ ղեկավարվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հայց հարուցելու կարգավորումներով։ Միաժամանակ, հարկ է նշել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սպառիչ ցանկով ամրագրված են այն բոլոր հայցատեսակները, որոնց հիման վրա կարող են հարուցվել վարչական գործեր, ավելին՝ ըստ տեսակների հայցերի տարբերակումը կանխորոշվում է հայցվորի հայցադիմումով ներկայացվող պահանջով։ Որպես օրինակ, վիճարկման հայցի առարկա կարող է հանդիսանալ բացառապես միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները), ընդ որում` վիճարկման հայցի դեպքում սահմանված է հայցը Դատարան ներկայացնելու համար երկամսյա ժամկետ, որը սկսում է հոսել վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

Այսպիսով, իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում անձը կարող է օգտվել դատական պաշտպանության իրավունքից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հայցատեսակի շրջանակներում՝ ներկայացնելով օրենքով սահմանված ժամկետում դրա էությունից և բովանդակությունից ծագող հայցապահանջ։

Սույն դեպքում հայցվորը ներկայացնելով վիճարկման հայց, խնդրել է վերացնել Երևանի քաղաքապետի 17.06.2014 թվականի թիվ 2314-Ա որոշումը մասնակիորեն՝ հավելվածի 59-րդ կետի մասով, և 11.07.2014 թվականի թիվ 2716-Ա որոշման թիվ 1 հավելվածը: Ստորադաս դատարանները հաշվի չառնելով այն հանգամանքը, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի հիմքով իրավաբանական ֆիկցիայի ինստիտուտը դատական կարգով իրացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել նախևառաջ գործողության կատարման հայց, սույն պարագայում վիճարկման հայցի բավարարման հիմքում դրել են  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը:

Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ հայցվորի պահանջը ենթակա էր մերժման, քանի որ վիճելի տարածքի վերաբերյալ համապատասխան վարչական ակտի և օտարման գործարքի պայմաններում հայցվոր կողմի հավակնությունը ֆիկցիայի ուժով բարենպաստ վարչական ակտի ընդունման վերաբերյալ, իրավաչափ չէ:

Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ բողոքը ենթակա էր բավարարման, դատական ակտը պետք է բեկանվեր և հայցը մերժվեր։ 

                                  

Դատավորներ`

Ս. Անտոնյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

                      

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2021 թվական: