Գլխավոր տեղեկություն
Համար
N 922-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.06.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 13.06.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի 2020 թվականի N 922-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-597-30.04.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 12

Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-597-30.04.2020-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆԸ

 

 Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝ համախառն եկամտից նվազեցման ենթակա խնդրո առարկա ծախսերի մասով ներկայումս սահմանված չափը գործատուներին զրկում է վերոնշյալ նպատակներով գործատուների կողմից կատարվող ծախսերը համախառն եկամտից նվազեցնելու հնարավորությունից, ինչը հատկապես դրսևորվում է տարբեր հիմքերով առաջացած ճգնաժամային իրավիճակներում, երբ գործատուն ցանկանում է աշխատողներին տրամադրել տարբեր տեսակի օգնություններ, սակայն չի կարողանում իրացնել իր այդ իրավունքը:

 1․ Այդ կապակցությամբ, նախ, հարկ ենք համարում նկատել, որ նախագիծը, ըստ էության, ուղղված է համավարակի հետևանքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում շահութահարկ վճարողների համար լրացուցիչ հարկային խթաններ ստեղծելուն, մինչդեռ նախագծով առաջարկվող կարգավորումը կրում է ոչ թե ժամանակավոր, այլ մշտական բնույթ:

 2․ Նախագծի ընդունման հիմնավորմամբ չեն ներկայացվել համապատասխան հաշվարկներ և վերլուծություններ, որոնց հիման վրա հնարավոր կլիներ գնահատել նախագծի ընդունման նպատակահարմարությունը։ Մասնավորապես, նախագծի ընդունման հիմնավորմամբ չի բացահայտվել, թե ներկայումս սահմանված խնդրո առարկա սահմանաչափն ինչ կարգի խնդիրներ է ստեղծում շահութահարկ վճարողների համար, վերջիններիս որ մասը կարող է լինել առաջարկվող օրենսդրական փոփոխության շահառու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկային վնասով աշխատող հարկ վճարողների համար խնդրո առարկա չափի փոփոխությունը որևէ ազդեցություն ունենալ չի կարող, արդյոք խնդրո առարկա փոփոխության կատարումը կազդի այդ կազմակերպությունների՝ աջակցության ծրագրեր իրականացնելու որոշումների կայացման գործընթացի կամ վարքագծի վրա, արդյոք բոլոր շահութահարկ վճարողները հավասարապես տուժել են ստեղծված իրավիճակում, թե այդուհանդերձ կան գործունեության ոլորտներ, որտեղ համավարակը ոչ միայն նկատելի բացասական ազդեցություն չի ունեցել, այլ հանգեցրել է իրացման շրջանառությունների ավելացման (օրինակ, խոսքը կարող է վերաբերել պաշտպանիչ և ախտահանիչ միջոցների արտադրությամբ կամ վաճառքով զբաղվող կազմակերպություններին կամ պարենային ապրանքների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող կազմակերպություններին): Այս պարագայում գտնում ենք, որ բոլոր շահութահարկ վճարողներին միատեսակ հարկային խթանների տրամադրումը հակադրվում է պետական աջակցությունը հնարավորին չափ հասցեական ձևով կազմակերպելու քաղաքականությանն ու նպատակադրմանը:

 3․ Մյուս կողմից, եթե օրենսդրական նախաձեռնության վերջնական շահառուն շահութահարկ վճարող համարվող տնտեսավարող սուբյեկտի վարձու աշխատողն է, ապա հարկ է նկատել, որ համավարակի տնտեսական հետևանքները մեղմելու և քաղաքացիներին ֆինանսապես աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը տարբեր սոցիալական խմբերի համար իրականացնում է աջակցության հասցեական ծրագրեր։ Ուստի, հարցն այս տեսանկյունից դիտարկելու պարագայում ստացվում է, որ նախագծի ընդունմամբ, ըստ էության, առաջարկվում է միևնույն նպատակին հասնելու համար կիրառել երկու տարբեր գործիքներ կամ պայմաններ ստեղծել, որպեսզի աջակցության կարիք ունեցող թիրախային խմբերի ընտրության գործառույթը Հայաստանի Հանրապետության կառավարությունից տեղափոխվի առանձին ընկերությունների մակարդակ։ Գտնում ենք, որ նշված երկու մոտեցումներն էլ բավարար չափով հիմնավորված չեն։

 4․ Գտնում ենք, որ նախագծի ընդունումը հարկումից խուսափելու հնարավորությունների ձևավորման ռիսկ է պարունակում, քանի որ տնտեսավարող սուբյեկտներն իրենց աշխատողներին վճարվող աշխատավարձը կամ դրան հավասարեցված վճարները կարող են ձևակերպել որպես ֆիզիկական անձանց տրվող օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսեր՝ այդ մասով ազատվելով եկամտային հարկ վճարելու պարտավորությունից:

 5․ Բացի դրանից՝ գտնում ենք, որ ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերը համախառն եկամտից նվազեցնելու թույլատրելի նորման բարձրացնելու պարագայում անգամ միշտ կլինեն տնտեսավարող սուբյեկտներ, ովքեր կցանկանան իրենց աշխատողներին օգնություն տրամադրել սահմանվածից ավելի չափով, հետևաբար անընդհատ կարող են ներկայացվել խնդրո առարկա չափը բարձրացնելու առաջարկություններ, ինչը, սակայն, չի նշանակում, որ այդ առաջարկությունները միայն նշված հանգամանքով պայմանավորված՝ հնարավոր է հիմնավոր համարել:

 Հարկ է նկատել նաև, որ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման ենթակա՝ ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի չափ սահմանված չէր, և նշված ծախսերը համախառն եկամտից ենթակա չէին նվազեցման, իսկ նշված ծախսերի հաշվին ֆիզիկական անձանց կողմից ստացվող դրամական և բնամթերային (ոչ դրամական) ձևով եկամուտներն ամբողջությամբ ենթակա էին եկամտային հարկով հարկման:

 Ամփոփելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան