301.0045.09.08.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
9 օգոստոսի 2001 թ. |
N 45 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքն ընդունելու կապակցությամբ
հրամայում եմ`
1. Հաստատել «Ֆիրմային անվանման գրանցման հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման» կարգը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել 2000 թ. հունիսի 26-ի N 33 հրամանով հաստատված «Ֆիրմային անվանման գրանցման հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման» կարգը (գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից 18.09.2000 թ., N 30100086):
Վարչության պետ |
Ս. Ղանթարջյան |
Համաձայնեցված է |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ
Սույն կարգը սահմանված է «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքի 5 և 6 հոդվածների և ՀՀ վարչապետի 1998 թ. մարտի 12-ի N 148 որոշմամբ հաստատված Հայարտոնագրի կանոնադրության 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն ֆիրմային անվանումների գրանցման հայտերի ձևակերպման, ներկայացման, ինչպես նաև դրանց քննարկման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով:
Սույն կարգում օգտագործվել են հետևյալ հիմնական հասկացությունները.
օրենք` «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենք.
Գերատեսչություն` ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչություն.
հայտ` ֆիրմային անվանման գրանցման հայտ.
հայտատու` իրավաբանական անձ կամ նոր ստեղծվող իրավաբանական անձի հիմնադիր (ներ).
ապրանքային նշան` ապրանքային և (կամ) սպասարկման նշան.
փորձագետ` Գերատեսչության փորձագետ:
Մ Ա Ս I
ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
1. Օրենքի 5 հոդվածի համաձայն, հայտը (ձևը կցվում է) պարունակում է դիմում ֆիրմային անվանման գրանցման մասին և գրանցման ներկայացված ֆիրմային անվանման բացատրությունը, եթե այն հայերեն հասկանալի չէ:
2. Հայտը լրացվում է հետևյալ կերպ`
2.1. Դիմումի 1-ին կետում նշվում է գրանցման ներկայացված ֆիրմային անվանման նախընտրելի ոչ ավելի քան հինգ տարբերակ, դրանց հապավումը կամ կրճատ ձևը, եթե այդպիսիք կան:
2.1.1. Իրավաբանական անձի ֆիրմային անվանումն այն անվանումն է, որի ներքո իրավաբանական անձն իրականացնում է իր գործունեությունը և որը թույլ է տալիս նրան զանազանվել այլ իրավաբանական անձանցից:
2.1.2. ֆիրմային անվանումը պետք է բովանդակի տվյալ իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևը բնորոշող բառեր և տարբերակող նշանակության գոնե մեկ հատուկ (անձնանուն, տեղանքի կամ խորհրդանշական անվանում) կամ հասարակ անուն, օրինակ` «Արամազդ» բաց բաժնետիրական ընկերություն, «Բավար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, «Սատուրն» արտադրական կոոպերատիվ և այլն:
2.1.3. ֆիրմային անվանումը կարող է բովանդակել նաև տվյալ իրավաբանական անձի գտնվելու վայրի անվանումը, նրա գործունեությունը բնորոշող բառեր, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք նրա հիմնադիրները կամ մասնակիցները համարում են անհրաժեշտ, օրինակ` «Ապարանի Նիգ» փակ բաժնետիրական ընկերություն, Բերդավանի «Հմայք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, Օշականի «Մեսրոպ և ընկերներ» դեղագործական բաց բաժնետիրական ընկերություն և այլն:
2.1.4. Տնտեսական ընկերակցության ֆիրմային անվանումը պետք է պարունակի «լիակատար ընկերակցություն» կամ «վստահության վրա հիմնված ընկերակցություն» բառերը, ընկերակցության բոլոր մասնակիցների (լիակատար ընկերների) անունները (անվանումները) կամ ընկերակցության մասնակիցներից (լիակատար ընկերներից) առնվազն մեկի անունը (անվանումը)` ավելացրած «և ընկերներ» ու «լիակատար ընկերակցություն» կամ «վստահության վրա հիմնված ընկերակցություն» բառերը, օրինակ` «Վան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն և ընկերներ» Լիակատար ընկերակցություն (վստահության վրա հիմնված ընկերակցություն), «Անհատ ձեռնարկատեր Վարդան Արամյան և «Անուշ» բաց բաժնետիրական ընկերություն» լիակատար ընկերակցություն և այլն:
2.1.5. Առևտրային կոոպերատիվի ֆիրմային անվանումը պետք է ցուցում պարունակի նրա գործունեության հիմնական նպատակի մասին, օրինակ` «Բազում» արտադրական կոոպերատիվ:
2.2. Դիմումի 2-րդ կետում որպես հայտատու նշվում է իրավաբանական անձի անվանումը կամ նոր ստեղծվող իրավաբանական անձի հիմնադրի (երի) անվանումը (ները) և (կամ) անունը (ները): Այս դեպքում կարող է տրվել նաև հիմնադիրներից մեկի անունը (անվանումը)` ավելացնելով «և մյուսներ» բառերը: Գրանցված իրավաբանական անձի ֆիրմային անվանման գրանցման հայտ ներկայացնելու դեպքում, նշվում է նաև Պետական ռեգիստրի գրանցման համարը: Օրինակ` «Աշոտ» ՍՊԸ, 264.110.00456
2.3. Դիմումի 3-րդ կետում տրվում է այն իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն) և հեռախոսը, որի համար խնդրարկվում է ֆիրմային անվանման գրանցումը:
2.4. Դիմումի 4-րդ կետում կարող է նշվել իրավաբանական անձի գործունեության ոլորտը (տեսակը):
2.5. 5-րդ կետում դիմումն ստորագրում է հայտատուն կամ նրա կողմից լիազորված անձը` նշելով անունը, ազգանունը և ստորագրման թվականը: Եթե հայտատուն իրավաբանական անձ է ապա դիմումն ստորագրում է դրա ղեկավարը կամ այդպիսի իրավունք ունեցող այլ անձ (նշելով պաշտոնը), որի ստորագրությունը վավերացվում է կնիքով:
3. Այն դեպքում, երբ ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անունը հայերեն հասկանալի չէ, տրվում է դրա բացատրությունը (մեկնաբանությունը), օրինակ` օտարալեզու բառեր կամ արտահայտություններ, կամ ինչ-որ բառերի հապավումներ օգտագործելու դեպքերում և այլն:
4. Հայտը Պետական ռեգիստր է ներկայացվում հայերեն, տպագրված կամ տպատառերով լրացված, 1 օրինակից:
Հայտը ներկայացնում է հայտատուն կամ նրա կողմից լիազորված անձը:
Եթե հայտը ներկայացվում է հայտատուի կողմից լիազորված անձի միջոցով, ապա հայտին կցվում է նաև լիազորագիրը:
5. Եթե ֆիրմային անվանման մեջ տարբերակող նշանակության անուններում օգտագործված են «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը կամ դրանց թարգմանությունները, ապա ՀՀ կառավարության 2000 թ. հունիսի 7-ի N 289 որոշմամբ հաստատված «Ֆիրմային անվանումներում թույլտվություն պահանջող անունների ու անվանումների օգտագործման կարգի» (այսուհետ` կարգ) 2-րդ կետի համաձայն հայտին կցվում է Գերատեսչության թույլտվությունը:
Եթե ֆիրմային անվանման մեջ օգտագործված է ՀՀ վարչատարածքային միավորի (մարզի, քաղաքի, գյուղի) անվանում, ապա նշված կարգի 3-րդ կետի համաձայն հայտին կցվում է մարզի անվանման համար` համապատասխան մարզպետի, «Երևան» բառի համար` Երևանի քաղաքապետի, Երևանի թաղային համայնքների անվանումների համար` համապատասխան թաղապետի, ՀՀ քաղաքների և գյուղերի անվանումների համար` համապատասխան քաղաքապետի կամ գյուղապետի թույլտվությունը:
Եթե ֆիրմային անվանման մեջ օգտագործված է որևէ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անուն, ապա օրենքի 4 հոդվածի 1-ին կետի համաձայն հայտին կցվում է տվյալ անձի կամ նրա ժառանգների համաձայնությունը (թույլտվությունը) վկայող փաստաթուղթը:
6. Հայտին կցվում է նաև` ֆիրմային անվանման հայտ ներկայացնելու, փորձաքննություն անցկացնելու և վկայական տալու համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը (բնօրինակը):
7. Հայտին կցված յուրաքանչյուր փաստաթղթի համար համապատասխան վանդակում կատարվում է «X»-աձև նշում:
8. Ներկայացված հայտին համապատասխան, ոչ ուշ քան հայտն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում Պետական ռեգիստրը Գերատեսչություն է ներկայացնում հայտ, որը պետք է համապատասխանի սույն կարգի 2-րդ կետով սահմանված պահանջներին և բովանդակի սույն կարգի 1-ին կետով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրի համարը, վճարման թվականը և այն կազմակերպության (ֆինանսական) անվանումը, որի միջոցով կատարվել է վճարումը:
Այս դեպքում Պետական ռեգիստր ներկայացված հայտն իր բոլոր կից փաստաթղթերով, այդ թվում` սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը պետք է գերատեսչություն ներկայացվի ոչ ուշ, քան մինչև հաջորդ ամսվա 5-ը:
8.1. Պետական ռեգիստրի կողմից ներկայացվող հայտի (անկախ նրանից, դա հայտատուի կողմից ներկայացված հայտն է, թե` Պետական ռեգիստրի ձևակերպածը) 5-րդ կետում նշվում է Պետական ռեգիստրի համապատասխան պատասխանատու անձի անուն ազգանունը, որի ստորագրությունը վավերացվում է կնիքով:
Գերատեսչություն չներկայացված սկզբնական հայտերը Պետական ռեգիստրի ղեկավարը Գերատեսչություն է ներկայացնում առանձին ցանկով, ըստ գերատեսչության կողմից ֆիրմային անվանումների գրանցման մասին որոշումների համարների:
Մ Ա Ս II
ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
9. ֆիրմային անվանման փորձաքննությունը օրենքի 5 հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան հայտարկված ֆիրմային անվանումը գրանցելու նպատակով Գերատեսչության կողմից իրականացվող ստուգում է, որով որոշվում է ֆիրմային անվանման համապատասխանությունը օրենքով սահմանված պահանջներին:
10. Հայտի քննարկումն սկսվում է սահմանված պահանջներին դրա համապատասխանության ստուգմամբ:
10.1. Հայտը պետք է պարունակի`
ա) սույն կարգին համապատասխան լրացված դիմում` ֆիրմային անվանումը գրանցելու մասին.
բ) Ֆիրմային անվանման մեկնաբանությունը, եթե այն հայերեն հասկանալի չէ:
10.2. Հայտին պետք է կցված լինեն`
ա) օրենքի 4 հոդվածի համաձայն, պատմական կամ այլ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անվան օգտագործման դեպքում` այդ անձի կամ նրա ժառանգների համաձայնությունը, ինչպես նաև «հայ», «Հայաստան», «հայկական» բառերի օգտագործման թույլտվությունը` ՀՀ կառավարության 2000 թ. հունիսի 7-ի N 289 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի համաձայն.
բ) լիազորագիրը, եթե հայտը ներկայացվել է հայտատուի կողմից լիազորված անձի միջոցով.
գ) ֆիրմային անվանման հայտ ներկայացնելու, փորձաքննություն անցկացնելու և վկայական տալու համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:
10.3. Եթե փորձաքննության ընթացքում փորձագետը պարզում է, որ հայտը ներկայացված է սահմանված պահանջների խախտմամբ, ապա համապատասխան հիմնավորմամբ հայտը մերժում է, ինչի մասին մեկօրյա ժամկետում ծանուցում է Պետական ռեգիստրին, այսինքն փորձագետը պարտավոր է համապատասխան որոշման ընդունման օրվանից մեկօրյա ժամկետում այն առաքել Պետական ռեգիստրին` պատվիրված փոստով կամ հանձնել անձամբ, կամ հայտնել հեռախոսով և դրանից հետո առաքել այդ որոշումը կամ հանձնել այն Պետական ռեգիստրի ներկայացուցչին:
11. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ հայտը ներկայացված է սահմանված պահանջներին համապատասխան, օրենքի 6 հոդվածի համաձայն մեկօրյա ժամկետում անցկացվում է ֆիրմային անվանման փորձաքննություն, որի ընթացքում ստուգվում են տվյալ ֆիրմային անվանման համապատասխանությունը օրենքով սահմանված պահանջներին:
Ֆիրմային անվանման փորձաքննության ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել, որ որպես ֆիրմային անվանում գրանցման ենթակա չեն օրենքի 7 հոդվածով նախատեսված անվանումները:
Այս կապակցությամբ ստուգվում են օրենքի 7 հոդվածի «բ»-«դ» ենթակետերի պահանջները և տեղեկատվական համապատասխան հիմնապաշարներից ի հայտ են բերվում օրենքի 7 հոդվածի «ա» և «ե» ենթակետերում նախատեսված անվանումները, դրանց արդյունքում որոշում է կայացվում ներկայացված անվանումը որպես ֆիրմային անվանում գրանցելու վերաբերյալ: Որպես ստուգման տեղեկատվական պարտադիր հիմնապաշար, ներկայացված անվանմանը նույնական կամ շփոթելու աստիճան նման անվանումների (անունների, արտահայտությունների, բառերի, բառակապակցությունների) որոնումն անցկացվում է Գերատեսչության ֆիրմային անվանումների, ապրանքային նշանների եվ ապրանքի ծագման տեղանունների հիմնապաշարներում, ՀՀ պետական ռեգիստրի կողմից նախկինում գրանցված իրավաբանական անձանց մասին տվյալների հիմնապաշարում, Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի համակարգին համապատասխան գրանցված ապրանքային նշանների հիմնապաշարում (ROMARIN), պետությունների, միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների անվանումների հիմնապաշարում, որը ստեղծվում է Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի 6 ter հոդվածին համապատասխան:
12. Օրենքի 7 հոդվածի «ա» կետի համաձայն որպես ֆիրմային անվանում գրանցման ենթակա չեն այն անվանումները, որոնք համընկնում են Հայաստանի Հանրապետությունում ավելի վաղ գրանցված որևէ իրավաբանական անձի ֆիրմային անվանմանը, կամ ֆիրմային անվանման կամ ապրանքային և սպասարկման նշանի հրապարակային օգտագործման հետևանքով որևէ բնագավառում հասարակությանը հայտնի կամ համընդհանուր ճանաչում ստացած օտարերկրյա որևէ իրավաբանական անձի ֆիրմային անվանմանը, ինչպես նաև ավելի վաղ ՀՀ-ում գրանցման գործողություն ունեցող ապրանքային կամ սպասարկման նշանին, ապրանքի ծագման տեղանվանը կամ շփոթելու աստիճան նման են դրանց և վերաբերում են գործունեության նույն ոլորտին:
12.1. Ավելի վաղ գրանցված ֆիրմային անվանումների թվին են պատկանում մինչև օրենքի ուժի մեջ մտնելը իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից գրանցված և հայտի ներկայացման օրվա դրությամբ գոյություն ունեցող (չլուծարված) իրավաբանական անձանց անվանումները, ինչպես նաև օրենքին համապատասխան ավելի վաղ գրանցման ներկայացված այն ֆիրմային անվանումները, որոնք արդեն գրանցվել են կամ դեռևս կարող են գրանցվել:
12.1.1. Եթե ներկայացված ֆիրմային անվանումը համընկնում կամ շփոթելու աստիճան նման է ավելի վաղ գրանցման ներկայացված և դեռևս չգրանցված անվանմանը, որի գրանցման հնարավորություններն ամբողջովին սպառված չեն, այսինքն ավելի վաղ գրանցման ներկայացված անվանման գրանցումը մերժելու մասին փորձաքննության որոշումը հայտատուի կողմից դեռևս կարող է բողոքարկվել Գերատեսչության բողոքարկման խորհրդում կամ վիճարկվել դատարանում, ապա տվյալ ֆիրմային անվանման գրանցման մասին որոշման ընդունումը հետաձգվում է մինչև ավելի վաղ ներկայացված անվանման գրանցման մասին վերջնական որոշման ընդունումը, ինչի մասին ծանուցվում է հայտատուն: Այս դեպքում օրենքի 6 հոդվածի 2-րդ կետի համաձայն հայտատուն կարող է փոփոխություն կատարելու միջոցով գրանցման ներկայացնել այլ անվանում:
12.2. Ավելի վաղ գրանցման գործողություն ունեցող ապրանքային կամ սպասարկման նշանների թվին են պատկանում այն բառային ապրանքային նշանները կամ համակցված նշանի մեջ ներառված բառային արտահայտությունը կամ բառը, որոնք ՀՀ օրենսդրության համապատասխան ավելի վաղ են գրանցման ներկայացվել (այդ թվում ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան), քան տվյալ ֆիրմային անվանման հայտը և արդեն գրանցվել են կամ դեռևս կարող են գրանցվել:
12.2.1. Եթե ֆիրմային անվանումը համընկնում է ավելի վաղ գրանցման ներկայացված և դեռևս չգրանցված նշանին, որի գրանցման հնարավորությունները ամբողջովին սպառված չեն (այսինքն գրանցումը մերժելու մասին փորձաքննության որոշումը հայտատուի կողմից դեռևս կարող է բողոքարկվել Գերատեսչության բողոքարկման խորհրդում, կամ դարանում), ապա տվյալ ֆիրմային անվանման գրանցման մասին որոշման ընդունումը հետաձգվում է մինչև ավելի վաղ գրանցման ներկայացված ապրանքային նշանի գրանցման մասին վերջնական որոշում ընդունելը, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:
12.2.2. Եթե ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան ՀՀ-ում իրավական պահպանություն ստանալու համար միջազգային ընթացակարգով ավելի վաղ գրանցման ներկայացված նշանի հայտի մասին տեղեկություններն ստացվել են ավելի ուշ, քան օրենքին համապատասխան գրանցվել է դրան համընկնող կամ շփոթելու աստիճան նման ֆիրմային անվանում, ապա վերջինիս սեփականատերն այդ մասին իմանալուց հետո պարտավոր է փոխել իր ֆիրմային անվանումը կամ ՀՀ օրենսդրության համապատասխան ձեռնարկել որևէ այլ միջոցառում:
12.3. Ավելի վաղ գրանցման գործողություն ունեցող ապրանքների ծագման տեղանունների թվին են պատկանում գրանցման ներկայացված ապրանքների ծագման բոլոր այն տեղանունները, որոնք արդեն գրանցվել են կամ հետագայում կարող են գրանցվել:
12.3.1. Ֆիրմային անվանման գրանցումից հետո դրան շփոթելու աստիճան նման ապրանքի ծագման տեղանուն գրանցելու դեպքում, ֆիրմային անվանման սեփականատերը պարտավոր է փոխել իր ֆիրմային անվանումը, եթե դրանք վերաբերում են գործունեության նույն ոլորտին:
Օրինակ, եթե որոշակի հատկություններով գինու համար, որի առանձնահատկությունները պայմանավորված են Բագրատաշենում աճող խաղողով, գրանցվել է ապրանքի ծագման «Բագրատաշեն» տեղանունը, ապա «Բագրատաշեն» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը զբաղվում է ոգելից խմիչքների (այդ թվում` գինու) արտադրությամբ, պարտավոր է փոխել իր ֆիրմային անվանումը:
12.4. Ֆիրմային անվանման կամ ապրանքային և սպասարկման նշանի (այսուհետ` անվանում, նշան) հրապարակային օգտագործման հետևանքով որևէ բնագավառում հասարակությանը հայտնի կամ համընդհանուր ճանաչում ստացած օտարերկրյա իրավաբանական անձանց ֆիրմային անվանումները որոշելու համար հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.
12.4.1. հասարակության համապատասխան սեկտորում դրա հայտնի լինելու կամ ճանաչում ստանալու աստիճանը.
12.4.2. տվյալ անվանման, նշանի ցանկացած օգտագործման տևողությունը, ընդգրկման աստիճանը և աշխարհագրությունը.
12.4.3. տվյալ անվանման, նշանի մատուցմանն ուղղված ցանկացած գործունեության տևողությունը, ընդգրկման աստիճանը և աշխարհագրությունը, ներառյալ այն ապրանքների և (կամ) ծառայությունների գովազդը կամ տոնավաճառներում, ցուցահանդեսներում դրանց պրոպագանդումն ու շնորհանդեսը, որոնց նկատմամբ կիրառվում է այդ անվանումը, նշանը.
12.4.4. ցանկացած գրանցման և (կամ) գրանցման հայտի տևողությունը և ընդգրկման աշխարհագրությունը այնքանով, որքանով դրանք արտահայտում են տվյալ անվանման, նշանի օգտագործումը կամ ճանաչումը.
12.4.5. այլ իրավասու մարմինների կողմից տվյալ անվանումը, նշանը հանրահայտ ճանաչելու մասին գրավոր հիմքերը:
13. Եթե փորձաքննության ընթացքում հայտնաբերվում են ներկայացված անվանմանը նույնական կամ շփոթելու աստիճան նման եվ ավելի վաղ գրանցված կամ գրանցման գործողություն ունեցող այլ իրավաբանական անձանց ֆիրմային անվանումներ կամ ապրանքային նշաններ, ապա համեմատվում են դրանց գործունեության ոլորտները, որոնց համընկնելու դեպքում` ներկայացված անվանման գրանցումը մերժվում է:
13.1. Ապրանքային նշանների հետ համեմատության դեպքում գործունեության ոլորտի որոշման համար հիմք է ընդունվում այնպիսի գործունեությունը, որի արդյունքում կարող են ստեղծվել և (կամ) մատուցվել այն ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնց համար գրանցված է տվյալ ապրանքային նշանը:
Օրինակ, եթե կոշիկի և կաշվե իրերի արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձի ֆիրմային անվանման (օրինակ` «Գառնի» ՍՊԸ) փորձաքննության ընթացքում հայտնաբերվի ավելի վաղ գրանցված կամ գրանցման գործողություն ունեցող GARNI ապրանքային նշանը, որը գրանցված է սպորտային կոշիկների համար, ապա ներկայացված ֆիրմային անվանման գրանցումը ենթակա է մերժման:
13.2. եթե ֆիրմային անվանումը գրանցման է ներկայացվել առանց տվյալ իրավաբանական անձի գործունեության ոլորտը նշելու, ապա այն քննարկվում է որպես բոլոր ոլորտներում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի անվանում: Այս դեպքում, տվյալ անվանմանը նույնական կամ շփոթելու աստիճան նման ավելի վաղ գրանցված կամ գրանցման գործողություն ունեցող ֆիրմային անվանում կամ ապրանքային նշան հայտնաբերվելու դեպքում, անկախ հայտնաբերված ֆիրմային անվանմամբ իրավաբանական անձի գործունեության ոլորտից կամ այն ապրանքների ցանկից, որոնց համար գրանցված է հայտնաբերված ապրանքային նշանը, որոշում է կայացվում ներկայացված ֆիրմային անվանման գրանցումը մերժելու մասին:
14. Ֆիրմային անվանումների շփոթելու աստիճան նմանությունը առաջին հերթին որոշվում է տարբերակող նշանակության անվանումների նույնությամբ: Այսինքն, եթե հայտարկված ֆիրմային անվանման մեջ տարբերակող անունը (մասը) համընկնում է արդեն գրանցված ֆիրմային անվանման տարբերակող անվանը, ապա հայտարկված ֆիրմային անվանման գրանցումը ենթակա է մերժման:
14.1. Ֆիրմային անվանումները համարվում են շփոթելու աստիճան նման, եթե դրանց տարբերակող անունները ընդհանուր առմամբ զուգորդվում են միմյանց հետ (այսինքն մարդու մոտ առաջացնում են ընկալման նույն զգացողությունը), չնայած դրանց առանձին տարբերությունների:
Այդպիսի նմանությունը կարող է լինել ձայնային (հնչյունային) և իմաստային (միտք արտահայտող):
14.1.1. Տարբերակող անունների ձայնային նմանությունը որոշելու համար հիմնականում հաշվի են առնվում հետևյալ հատկանիշները`
1. համեմատվող անուններում համընկնող հնչյունների առկայությունը.
2. հնչյունների և հնչյունային կապակցությունների միմյանց նկատմամբ դասավորվածությունը.
3. համընկնող վանկերի առկայությունը և դրանց դասավորվածությունը.
4. անվան մեջ վանկերի քանակը.
5. անուններում համընկնող հնչյունային կապակցությունների տեղով.
6. ձայնավորների կազմի մոտիկությամբ.
7. բաղաձայնների կազմի մոտիկությամբ.
8. անունների համընկնող մասերի բնույթով.
9. անուններից մեկը մյուսի մեջ մտնելով.
10. շեշտադրությամբ:
14.1.2. Տարբերակող անունների իմաստային նմանությունը որոշվում է հետևյալ հատկանիշների հիման վրա`
1. անունների մեջ դրված նույն հասկացության, գաղափարի, մասնավորապես տարբեր լեզուներով անունների համընկնող իմաստի.
2. անունների (արտահայտությունների) տարրերից որևէ համընկնող տարրի, որն առանձին իմաստ ունի և որի վրա ընկնում է տրամաբանական շեշտադրումը.
3. անունների մեջ դրված հասկացությունների, գաղափարների հակադրության:
15. Սույն կանոնների 12.1.1-12.1.2 կետերում թվարկված հատկանիշները կարող են հաշվի առնվել, ինչպես առանձին, այնպես էլ տարբեր համակցություններով:
16. Ֆիրմային անվանումը համարվում է որևէ ապրանքային նշանին շփոթելու աստիճան նման, եթե ֆիրմային անվանման մեջ տարբերակող նշանակության անունը համընկնում է տվյալ ապրանքային նշանին: Այսինքն, եթե ՀՀ-ում գրանցված է ՄԵՉՏԱ ապրանքային նշանը, ապա չի կարող գրանցվել որևէ ֆիրմային անվանում, որի մեջ տարբերակող անունը «մեչտա» է, օրինակ` «Մեչտա» ՓԲԸ:
16.1. Ֆիրմային անվանումը համարվում է որևէ ապրանքային նշանին շփոթելու աստիճան նման նաև այն դեպքում, երբ ֆիրմային անվանման մեջ տարբերակող նշանակության անունը շփոթելու աստիճան նման է տվյալ ապրանքային նշանին: Այս դեպքում հաշվի են առնվում սույն կարգի 12.1.1-12.1.2 կետերում նշված հատկանիշները, նկատի ունենալով, որ ֆիրմային անվանումների և ապրանքային նշանների համեմատության դեպքում տարբերակող նշանակության անվան հետ համեմատվում է ոչ թե բառային ապրանքային նշանը կամ համակցված ապրանքային նշանի բառային մասը որպես այդպիսին (նշան, պատկեր), այլ դրա հայերեն գրադարձությունը (արտասանությունը), անկախ նրանից, թե տվյալ ապրանքային նշանը (բառային մասը) ինչ լեզվով է գրված:
17. Սույն կարգի 12.1.1-12.1.2, 14-14.1 կետերի համաձայն շփոթելու աստիճան նման մասնավորապես համարվում են այն անունները և (կամ) բառային ապրանքային նշանները, որոնք`
1. նմանահնչուն են, այսինքն` դրանցից մեկը կարդալու (լսելու) դեպքում մարդու մոտ տպավորություն է ստեղծվում նախկինում կարդացած (լսած) մեկ այլ անվանման կամ բառային ապրանքային նշանի մասին, երբ դրանցից առնվազն մեկը հայերեն հասկանալի չէ. օրինակ` «Ձագար» և «Ծագար», «Նակիլա» և «Մակիլա», «Կամինակա» և «կանիմակա», «Բելա» և «Bella», «Կանոն» և «Canon» և այլն.
2. բաղկացած են նմանահնչուն կամ նույնական բառերից և դրանցից մեկը կարդալու (լսելու) դեպքում մարդու մոտ տպավորություն է ստեղծվում նախկինում կարդացած (լսած) մեկ այլ անվանման կամ բառային ապրանքային նշանի մասին, օրինակ` «Արմեն և Դավիթ» և «Դավիթ և Արմեն», »Նանիլա-թուր» և «Տուր-մանիլա» և այլն.
3. պարունակում են նույնական անուններ, սակայն տարբերվում են միայն ինչ-որ պատահական թվերով, օրինակ` «Ոստան-2» անունը «Ոստան»-ից, «Արաքս-5» անունը «Արաքս»-ից և այլն: Այս դեպքում թվով տարբերվող անունը կարող է շփոթելու աստիճան նման չհամարվել մյուսին, եթե տվյալ թիվը որոշակի առումով խորհրդանշական իմաստ ունի, օրինակ` «Արփի-999»-ը «Արփի» անվանը, որտեղ 999-ը կարող է խորհրդանշել ազնվություն, մաքրություն և այլն:
18. Փորձաքննության ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել նաև օրենքի 4 հոդվածին համապատասխան ՀՀ կառավարության 2000 թ. հունիսի 7-ի N 289 որոշմամբ հաստատված ֆիրմային անվանումներում թույլտվություն պահանջող անունների ու անվանումների օգտագործման կարգի (այսուհետ` կարգ) պահանջները, ըստ որի «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանումների տարբերակող նշանակության անուններում կարող են օգտագործվել Գերատեսչության թույլտվությամբ, որի համար անհրաժեշտ է ներկայացնել դրա համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Օրինակ` «Հայկական ձեռագրերի պահպանության կենտրոն» ՍՊԸ, «Արմենիան մոթորզ» ՓԲԸ, «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ և այլն:
18.1. Նման դեպքերում, տվյալ ֆիրմային անվանումը գրանցվում է, եթե այն օրենքի 7 հոդվածով սահմանված հիմքերով մերժման ենթակա չէ և առկա է Գերատեսչության համապատասխան թույլտվությունը:
18.2. Եթե նշված բառերի օգտագործումը պայմանավորված է ֆիրմային անվանման մեջ տվյալ իրավաբանական անձի հիմնադրի անվանման օգտագործման անհրաժեշտությամբ, կամ այդ բառերը ներառված չեն ֆիրմային անվանման մեջ տարբերակող նշանակության անուններում, ապա հայտը քննարկվում է առանց նշված բառերի թույլտվության:
Օրինակ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Զրահատուն» ՊՓԲԸ, Հայաստանի «Դիսքավրի» ամերիկյան համալսարան ՍՊԸ և այլն:
18.3. Նշված բառերի օգտագործման թույլտվության (և համապատասխան պետական տուրքի վճարման) հարցի քննարկման ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել, որ «արմ» բառը ընկալվում և հավասարեցվում է որպես այդ բառերի թարգմանություն հատկապես այն դեպքերում, երբ դրանով կազմված բարդ բառի մեջ դրան հաջորդում է որևէ լեզվով իմաստ ունեցող բառ կամ այդպիսի բառի կրճատ ձև, օրինակ` «Արմբրիտ» (որպես Հայաստան-Բրիտանիա), «Արմսվյազ»(որպես հայկական կապ), «Արմսթար» (որպես հայկական աստղ) և այլն, որոնք տվյալ իրավաբանական անձը որոշակի առումով բնութագրում են որպես համահայկական, համահայաստանյան սուբյեկտ: Այդ իսկ պատճառով նմանատիպ բառերը ևս ֆիրմային անվանումների տարբերակող անուններում կարող են օգտագործվել միայն գերատեսչության թույլտվությամբ, համապատասխան պետական տուրքի վճարման դեպքում:
Մնացած դեպքերում, երբ «արմ»-ով կազմված բառը մտացածին, իմաստազուրկ և մարդու մոտ համահայաստանյանի, համահայկականի հետ անմիջականորեն կապված որոշակի պատկերացում չի առաջացնում, ապա այն կարող է օգտագործվել առանց Հայարտոնագրի թույլտվության: Օրինակ` «Արմէդ», «Արմեն Պետրոսյան», «Արմուլին» և այլն:
19. Կարգի 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումները առանց թույլտվության կարող են օգտագործվել ֆիրմային անվանումներում, եթե դրանք տվյալ ֆիրմային անվանմամբ իրավաբանական անձը չեն բնորոշում որպես տվյալ վարչատարածքային նշանակության սուբյեկտ:
Օրինակ` «Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ, «Արթիկի N 5 քարհանք» ԲԲԸ և այլն:
19.1. Կարգի 3-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն, եթե ՀՀ վարչատարածքային միավորի (մարզ, քաղաք, գյուղ) անվանման օգտագործմամբ ֆիրմային անվանումը իրավաբանական անձին բնորոշում է որպես տվյալ վարչատարածքային նշանակության սուբյեկտ, կամ, եթե վարչատարածքային միավորների անվանումն օգտագործվում է որպես ֆիրմային անվանման մեջ տարբերակող նշանակության անուն, ապա անհրաժեշտ է ստանալ մարզի համար` համապատասխան մարզպետի, Երևան քաղաքի համար` Երևանի քաղաքապետի, այլ քաղաքների ու գյուղերի համար` համապատասխան քաղաքապետի կամ գյուղապետի թույլտվությունը:
Օրինակ` «Սյունյաց մշակույթ» ՍՊԸ անվանման համար անհրաժեշտ է ստանալ Սյունիքի մարզպետի թույլտվությունը, «Երևաննախագիծ» ինստիտուտ ՓԲԸ անվանման համար` Երևանի քաղաքապետի թույլտվությունը «Գյումրի» ՓԲԸ անվանման համար` Գյումրիի քաղաքապետի թույլտվությունը և այլն: Ընդ որում պետք է նկատի ունենալ, որ, սովորաբար, ՀՀ մարզերի անվանումների ներառումը ֆիրմային անվանման մեջ տվյալ իրավաբանական անձին բնորոշում է որպես մարզային նշանակության սուբյեկտ, քանի որ դա չի բնորոշում իրավաբանական անձի գտնվելու կոնկրետ վայրը կամ վերջինիս որևէ այլ հատկանիշ, բացառությամբ այն դեպքերի, երբ մարզի անվանման օգտագործումը իրավաբանական անձի ֆիրմային անվանման մեջ պայմանավորված է նրա հիմնադրի անվանման օգտագործման անհրաժեշտությամբ:
Օրինակ` «Շիրակի մարզպետարանի «Գեղանի» մշակութային կենտրոն» ՓԲԸ և այլն:
20. Եթե ֆիրմային անվանման մեջ օգտագործված է որևէ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անուն, ապա օրենքի 4 հոդվածի 1-ին կետի համաձայն անհրաժեշտ է ստանալ տվյալ անձի, իսկ նրա մահվան դեպքում` նրա ժառանգների թույլտվությունը: Օրինակ` «Հովհաննես Շիրազ» ԲԲԸ ֆիրմային անվանման համար անհրաժեշտ է ստանալ Հովհաննես Շիրազի ժառանգների թույլտվությունը:
20.1. Եթե որևէ ֆիզիկական անձի անունը (ազգանունը որևէ հանրահայտ անձի անվանը համընկնելու դեպքում տվյալ ֆիզիկական անձը, որպես որևէ ձեռնարկության հիմնադիր, իր անունը կարող է օգտագործել ֆիրմային անվանման մեջ` ավելացնելով ծննդավայրի կամ բնակության վայրի անվանումը կամ մասնագիտությունը կամ այլ անձնական հատկանիշ բնորոշող բառեր, որոնցով էլ նա կտարբերվի հանրահայտ անձից:
Օրինակ` «կոշկագործ Շիրազ և որդիներ» ՍՊԸ, «Սևանցի Թումանյան Հովհաննես և ընկերներ» ԲԲԸ և այլն:
20.2. Կարգի 4-րդ կետի համաձայն, հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը` տվյալ անձի մահվան և ժառանգներ չունենալու դեպքում առանց թույլտվության կարող է օգտագործել ֆիրմային անվանման մեջ, միայն այն դեպքում,երբ այդ անձի հռչակը ձեռք է բերվել այնպիսի ոլորտում, որը համընկնում է տվյալ իրավաբանական անձի գործունեության հիմնական ոլորտին:
Օրինակ` Ուսումնական, հրատարակչական և նմանատիպ այլ հիմնական գործունեության համար կարող է գրանցվել «Շիրակացի» կամ «Անանիա Շիրակացի» տարբերակող անունով կամ դրանց օգտագործմամբ ֆիրմային անվանում, կամ շինարարության, ճարտարապետության, կիրառական արվեստի բնագավառների հիմնական գործունեության համար կարող է գրանցվել «Մոմիկ» կամ «Թորոս Ռոսլին» տարբերակող նշանակության անունով կամ դրանց օգտագործմամբ ֆիրմային անվանում:
21. Ֆիրմային անվանման փորձաքննության արդյունքում կայացվում է հետևյալ որոշումներից մեկը`
ա) ֆիրմային անվանման գրանցման մասին.
բ) ֆիրմային անվանման գրանցումը մերժելու մասին, նշելով մերժման հիմքերը, ինչի մասին մեկօրյա ժամկետում ծանուցվում է Պետական ռեգիստր: Ընդ որում, որոշման մասին Պետական ռեգիստրը կարող է ծանուցվել հեռախոսով, որից հետո որոշումը կարող է առաքվել փոստով, եթե հեռախոսով նրա հետ այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Ծանուցման մասին փորձագետը գրառում է կատարում հայտի դիմումի վրա, նշելով ծանուցման թվականը, այն անձի անունը, ում հայտնել է որոշման մասին և ձեռք բերված պայմանավորվածության համառոտ բովանդակությունը:
21.1. Ֆիրմային անվանման գրանցման մասին որոշման մեջ նշվում են հայտի համարը, ներկայացման թվականը, որը նաև ֆիրմային անվանման գրանցման թվականն է, ֆիրմային անվանման գրանցման համարը, իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն) և գործունեության ոլորտը (տեսակները), եթե դրանք նշված են հայտում:
22. Եթե գրանցված ֆիրմային անվանմամբ իրավաբանական անձը 6 ամսվա ընթացքում չի գրանցվում իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից, ապա որոշում է կայացվում ֆիրմային անվանման գրանցումը չեղյալ ճանաչելու մասին:
22.1. Եթե տվյալ ֆիրմային անվանմամբ իրավաբանական անձը 6 ամսվա ընթացքում գրանցվում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից, ապա որոշում է կայացվում ֆիրմային անվանման վկայական տալու մասին, որը տրվում է իրավաբանական անձի դիմումի հիման վրա, այն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում:
23. Եթե օրենքի 6 հոդվածի 2-րդ կետի համաձայն հայտատուն փոփոխում է գրանցման ներկայացված անվանումը կամ նշված գործունեությունը, ապա փորձագետը հայտում գրառում է կատարում այդ փոփոխության ու դրա առաջարկման թվականի մասին: Այս դեպքում փորձաքննության անցկացման համար օրենքի 6 հոդվածի 1-ին կետով սահմանված մեկօրյա ժամկետի հաշվարկն սկսվում է այդ փոփոխությունը կատարելու օրվանից, իսկ նոր անվանման փորձաքննությունն իրականացվում է սույն կարգի II մասի համաձայն, համարելով, որ տվյալ անվանումը գրանցման է ներկայացվել փոփոխություն կատարելու թվականին:
Հայտում կատարված մնացած փոփոխությունները ևս գրառվում են սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով:
24. Սույն հրահանգով նախատեսված աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության ֆիրմային անվանումների բաժինը:
25. Սույն կարգի ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության պետի 2000 թվականի հունիսի 26-ի N 33 հրամանով հաստատված «Ֆիրմային անվանման գրանցման հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման կարգը» (գրանցված է ՀՀ արդարադատության նախարարությունում 18.09.2000 թ, N 30100086):
26. Սույն կարգն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 18-ից:
Հ Ա Յ Տ Հայաստանի Հանրապետության 375010, Երևան, Գլխավոր պող.
Ֆիրմային անվանման գրանցման
արտոնագրային վարչություն
Կառավարական տուն, 3
Դ Ի Մ ՈՒ Մ
1. Խնդրում եմ (ենք) _________________________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
անվանումը գրանցել որպես ֆիրմային անվանում:
2. Հայտատու (հիմնադիր), Պետական ռեգիստրի գրանցման համարը, եթե հայտատուն իրավաբանական անձ է _______________________________________________________________
_______________________________________________________________
3. Իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն) ________________________ _______________________________________ հեռ. _____________________
4. Իրավաբանական անձի գործունեության ոլորտը
_______________________________________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
5. |
__________________ |
___________________ |
Ֆիրմային անվանման մեկնաբանությունը _________________________________
Կից ներկայացվող փաստաթղթեր
□ սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը
(համարը, վճարման թվականը և ֆինանսական մարմնի անվանումը) _______________________________________________________________
□ լիազորագիր
□ համաձայնությունը կամ թույլտվությունը վկայող փաստաթուղթը օրենքի 4 հոդվածով նախատեսված դեպքերում
Տուրքը պետք է վճարվի պետական բյուջե, ՀՀ կենտրոնական բանկի գործառնական վարչություն, հաշվի N 900005016200:
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
10 օգոստոսի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 30101129