Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1538
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.03/57(1612) Հոդ.688
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
26.05.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2020

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

26 մայիսի 2020 թ.

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի՝ «ԿՈՒՅՐԵՐԻ, ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԸՆԹԵՐՑՈՂՈՒԹՅԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՅԻ ԱՅԼ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԴՅՈՒՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԱՐԱՔԵՇԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ն. Մարգարյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 23 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2013 թվականի հունիսի 27-ի՝ «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր՝ 2020 թվականի հունվարի 16-ի N 32-Ա որոշմամբ 2013 թվականի հունիսի 27-ի՝ «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի մարտի 6-ին:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2020 թվականի մարտի 6-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» պայմանագիրը (Պայմանագիր) ստորագրվել է 2013 թվականի հունիսի 27-ին Մարաքեշում:

 

2. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները՝

ա) հեղինակային իրավունքը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսել վերարտադրման իրավունքի, տարածման իրավունքի և հանրությանը մատչելի դարձնելու իրավունքի սահմանափակում կամ բացառություն, ինչպես նախատեսված է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Հեղինակային իրավունքի պայմանագրով (WCT), դյուրացնելու ստեղծագործությունների՝ մատչելի ձևաչափով օրինակների մատչելիությունը շահառուների համար: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումը կամ բացառությունը պետք է թույլ տա կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ ստեղծագործությունն այլընտրանքային ձևաչափով մատչելի դարձնելու համար,

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանել Պայմանագրի 4-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների կամ բացառությունների՝ վարձատրության վճարման ենթակա լինելու կամ չլինելու հարցը,

գ) այնքանով, որքանով Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը թույլ է տալիս շահառուին, նրա անունից գործող անձին կամ լիազոր մարմնին պատրաստել ստեղծագործության մատչելի ձևաչափով օրինակներ, երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նրանց թույլատրվի նաև, առանց իրավատիրոջ համաձայնության, ներմուծել մատչելի ձևաչափով օրինակներ` ի շահ շահառուների,

դ) համարժեք իրավական պաշտպանություն և արդյունավետ տեխնիկական միջոցների շրջանցման դեմ արդյունավետ իրավական միջոցներ նախատեսելիս անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել ապահովելու, որ այդ իրավական պաշտպանությունը չխոչընդոտի շահառուներին օգտվելու Պայմանագրով նախատեսված սահմանափակումներից և բացառություններից,

ե) Պայմանագրով նախատեսված սահմանափակումների և բացառությունների կիրառման ընթացքում ջանքեր գործադրել պաշտպանելու շահառուների անձնական տվյալների անձեռնմխելիությունը, ինչպես մյուսներինը՝ հավասար հիմունքներով,

զ) փորձել նպաստել մատչելի ձևաչափով օրինակների միջսահմանային փոխանակմանը` խրախուսելով տեղեկատվության կամավոր փոխանակումը լիազոր մարմինների միջև՝ մեկը մյուսին նույնականացնելու նպատակով,

է) ընդունել միջազգային համագործակցության և դրա խթանման կարևորությունը՝ որպես աջակցություն Պայմանագրի նպատակների և խնդիրների իրականացման համար տարվող ազգային ջանքերին,

ը) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Պայմանագրի կատարման համար։

 

3. Պայմանագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և, ի թիվս այլնի, նպատակաուղղված են դյուրացնելու տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ այլ տպագիր ստեղծագործություններին հասանելիության դժվարություններ ունեցող անձանց համար ստեղծագործությունների հասանելիությունն ու օգտագործումը:

 

4. Պայմանագրին միանալու ժամանակ Ադրբեջանի Հանրապետությունը կատարել է հայտարարություն: Ըստ սույն գործում առկա նյութերի՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է Պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացնել կամ հաստատել Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված հայտարարության դեմ Հայաստանի Հանրապետության հետևյալ հայտարարությամբ. «Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը պարունակում է առարկայազուրկ և անհիմն մեղադրանքներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետությանը, և խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, որը հրահրվել ու շարունակվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետության) ժողովրդի՝ մարդու իրավունքների և ինքնորոշման համար խաղաղ պահանջներին ի պատասխան ուժի կիրառման պատճառով»:

 

 Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2013 թվականի հունիսի 27-ի՝ «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

26 մայիսի 2020 թվականի

ՍԴՈ-1538