Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-14-Ո-Կ-05
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.03.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.03.27/21(1474) Հոդ.254
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.03.2019
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

   Ք. Երևան

14.03.2019 թ.

ԲԴԽ-14-Ո-Կ-05

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆՆԱ ԴԱՆԻԲԵԿՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ՝

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

Նախագահությամբ`
Բարձրագույն դատական
խորհրդի նախագահ

Գ. Հարությունյանի,

 

մասնակցությամբ` անդամներ`

Ա. Բեկթաշյանի,

Գ. Դանիելյանի,

Ա. Խաչատրյանի,

Լ. Մելիքջանյանի,

Ս. Մեղրյանի,

Ա. Մխիթարյանի,

Ս. Չիչոյանի,

 

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության դատարանի դատավոր

Ա. Դանիբեկյանի
 
Դատավորների ընդհանուր ժողովի
կարգապահական հարցերի հանձնաժողովի
նախագահ
Մ. Պապոյանի
 
քարտուղարությամբ՝

Շ. Վարդանյանի

 

դռնբաց նիստում, քննության առնելով Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետև նաև՝ Կարգապահական հարցերի հանձնաժողով) N-Կ-14/2018 որոշմամբ ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետև նաև՝ Դատարան) դատավոր Աննա Դանիբեկյանին (այսուհետև նաև՝ Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց.

 

1. Գործի նախապատմությունը.

 

Կարգապահական հարցերի հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 4-ի N-Կ-14/2018 որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի հաղորդումը։

Հաղորդման մեջ նշվել է, որ թիվ ԵԴ/0040/18/18 դատական գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն անհիմն բավարարել է անձի ձերբակալման դեմ ներկայացված բողոքը, ինչով թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմի խախտումներ: Կարգապահական հարցերի հանձնաժողովին ներկայացված հաղորդմամբ, մասնավորապես, նշվել է, որ Դատավոր Աննա Դանիբեկյանը 2018 թվականի մայիսի 26-ի որոշմամբ (այսուհետև նաև՝ Որոշում) անհիմն բավարարելով Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող Մարինա Սմիրնովայի փաստաբանների՝ նրա ձերբակալման դեմ ներկայացված բողոքը, հաստատել է ձերբակալման ոչ իրավաչափ լինելը և վերջինիս ազատ է արձակել արգելանքից:

Կարգապահական հարցերի հանձնաժողովի 2018թ. դեկտեմբերի 24-ի թիվ N-Կ-14/2018 որոշմամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանի հաղորդման հիման վրա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Հարուցված կարգապահական վարույթի ընթացքում Դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն Կարգապահական հարցերի հանձնաժողովին և Բարձրագույն դատական խորհրդին:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

 

Հարուցված կարգապահական վարույթի ընթացքում ձեռք բերված թիվ ԵԴ/0040/18/18 դատական գործի նյութերի, ինչպես նաև Դատավորի ներկայացրած գրավոր բացատրության ուսումնասիրության արդյունքում Կարգապահական հարցերի հանձնաժողովը հանգել է այն հետևությանը, որ Դատավորը 2018 թվականի մայիսի 26-ին, քննության առնելով Մ. Սմիրնովայի պաշտպանների բողոքը՝ ձերբակալման իրավաչափությունը վիճարկելու մասին, հանգել է այն հետևությանը, որ Դատարանին չի ներկայացվել Մ. Սմիրնովայի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին օտարերկրյա պետության իրավասու դատարանի որոշումը՝ հայերեն պատշաճ թարգմանությամբ, որի բացակայության պայմաններում Դատարանը չէր կարող եզրահանգել Մ. Սմիրնովայի ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափ հիմքի և նպատակի առկայության մասին: Մինչդեռ, քրեական հետապնդման մարմինը Դատարանին է ներկայացրել «Դաշնային հետախուզում» վերտառությամբ ռուսերեն քաղվածքի պատճենը՝ ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ կնիքի դրոշմի պատճենի առկայությամբ, ինչպես նաև դրա հայերեն թարգմանությունը, որոնց առկայությամբ հիմնավորվել է տվյալ անձի՝ այլ պետության, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության իրավասու իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հանգամանքը:

Անձին օտարերկրյա պետությանը հանձնելու հարցի լուծման համար տվյալ պետության իրավասու մարմնի կողմից կայացված՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման կամ դատավճռի առկայությունը անձի ձերբակալման իրավաչափությունը որոշելիս պարտադիր չէ. այդ փաստաթղթերը ներկայացնելու հարցերը դատարանում կարող են քննարկման առարկա դառնալ ձերբակալված անձի ժամանակավոր կալանավորման կամ հանձնման համար կալանավորման միջնորդությունները քննարկելիս:

Կարգապահական հարցերի հանձնաժողովն արձանագրել է նաև, որ Դատարանը, տիրապետելով ՀՀ տարածքից դուրս հանցագործություն կատարած անձի հետախուզման մեջ գտնվելու վերաբերյալ պատշաճ տեղեկատվությանը, այդուհանդերձ, անտեսել է Մ. Սմիրնովայի ձերբակալման բավարար հիմքերի առկայությունը, վերջինիս ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ, ինչի արդյունքում Դատավորի կողմից թույլ է տրվել նյութական իրավունքի նորմի ակնհայտ խախտում, որի առկայությունը տվյալ պարագայում չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով:

Կարգապահական հարցերի հանձնաժողովը նաև գտել է, որ Դատավորն իր որոշման հիմքում դրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131.1. հոդվածը, մինչդեռ Դատավորը պետք է առաջնորդվեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ գլխի նորմերով, որոնք սահմանում են օտարերկրյա պետություններում հանցագործություն կատարած անձանց ձերբակալման հետ կապված իրավահարաբերությունները:

Կարգապահական հարցերի հանձնաժողովը նշել է, որ Դատավորի այն դիրքորոշումը, ըստ որի՝ ձերբակալված անձին պետք է անհապաղ տրամադրվի ձերբակալման արձանագրության թարգմանությունը, անհիմն է, քանի որ ոչ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ գլուխը, որով պետք է Դատավորն առաջնորդվեր, ոչ էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131.1. հոդվածը, որով Դատավորն առաջնորդվել է, չեն նախատեսում թարգմանության տրամադրման որևէ կոնկրետ ժամկետ:

Որպես Դատավորի վարքագծի հետևանք՝ Կարգապահական հարցերի հանձնաժողովը նշել է, որ Որոշումը բեկանելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2018 թվականի հունիսի 15-ի որոշման կայացման պահին Մ. Սմիրնովան արդեն լքել էր Հայաստանի Հանրապետության տարածքը, որպիսի պայմաններում անհնար է դարձել նշված որոշման կատարումը: Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը զրկվել է Մ. Սմիրնովայի վերաբերյալ հանձնման միջնորդության առնչությամբ Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրով ստանձնված պարտավորությունը կատարելու հնարավորությունից:

Վերոգրյալի արդյունքում՝ Կարգապահական հարցերի հանձնաժողովը գտել է, որ Դատավորի գործողությունների և դրանցով պայմանավորված հետևանքների արդյունքում հեղինակազրկվել է դատական իշխանությունը, ուստի արձանագրվել է, որ դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից թույլ է տրվել նյութական իրավունքի նորմերի ակնհայտ խախտում, և այն կրում է կոպիտ բնույթ:

 Գործի քննության ժամանակ Կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահը նաև ընդգծեց, որ հիմնավորված չէր պաշտպանության կողմի միջնորդության բավարարումն այն դեպքում, երբ քրեական հետապնդում իրականացնող մարմինը թույլ է տալիս ոչ էական, ձերբակալման իրավաչափության հետ աղերսներ չունեցող ընթացակարգային խախտումներ:

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

 

Հարուցված կարգապահական վարույթի ընթացքում դատավոր Աննա Դանիբեկյանը ներկայացրել է գրավոր բացատրություն Կարգապահական հարցերի հանձնաժողով և Բարձրագույն դատական խորհուրդ:

Կարգապահական հարցերի հանձնաժողով ներկայացված գրավոր բացատրության մեջ Դատավորը հայտնել է, որ Դատարանում իր նախագահությամբ քննվել է Մ. Սմիրնովայի (Արտյոմենկոյի) պաշտպաններ Ա. Մելքոնյանի և Է. Արամյանի բողոքը՝ Մ. Սմիրնովային 2018 թվականի մայիսի 24-ին ձերբակալմամբ ազատությունից զրկելու ոչ իրավաչափության և նրան ազատ արձակելու պահանջի վերաբերյալ (գործ թիվ ԵԴ/0040/18/18):

Ըստ 2018 թվականի մայիսի 24-ի ձերբակալման արձանագրության՝ «Ձերբակալված Մարինա Սմիրնովան (նույն ինքը՝ Մարինա Արտյոմենկո) 19.09.2017 թ-ից հետախուզվում է ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ Հյուսիս-Արևմտյան վարչական շրջանի ՆԳԳՎ-ի կողմից՝ նշված երկրի քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի (խարդախություն) և 30-րդ հոդվածի 3-րդ մասի (հանցագործության նախապատրաստություն և հանցափորձ) հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար»:

Որպես ձերբակալման հիմք արձանագրությունում նշվել է՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը», իսկ որպես նպատակ՝ «կասկածյալի կողմից այլ հանցանքի կատարումը կամ փախուստը կանխելը» (այն է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նպատակը):

Ըստ արձանագրության՝ Մ. Սմիրնովային պարզաբանվել է, թե ինչում է կասկածվում. վերջինս տեղեկացվել է կասկածանքի բովանդակության, իրեն վերագրվող արարքի փաստական կողմի և իրավաբանական որակման մասին, ինչպես նաև նրան պարզաբանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածով նախատեսված կասկածյալի իրավունքները:

Ի հիմնավորումն արձանագրությունում նշված հիմքի՝ քրեական հետապնդման մարմինը դատարանին ներկայացրել է «Cartadaran/indexhtml» էլեկտրոնային էջից ռուսերեն քաղվածքի պատճենը՝ «Դաշնային հետախուզում» վերտառությամբ (որի վրա առկա է եղել ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ կնիքի դրոշմի պատճենը, որևէ պաշտոնատար անձի ստորագրություն չի եղել), և դրա հայերեն թարգմանությունը: Քաղվածքի հայերեն թարգմանությունում նշված է. «Հետախուզվող անձի կատեգորիան՝ դատախազության քննությունից թաքնվող մեղադրյալ, Սմիրնովա Մարինա Վասիլիի, խափանման միջոցը՝ կալանավորում, քրեական օրենսգրքի հոդվածը՝ հոդ. 159-րդ 4-րդ մաս, հոդ. 30-րդ 3-րդ մաս»:

Ի թիվս բողոքի փաստարկների՝ պաշտպանության կողմը պնդել է, որ Մ. Սմիրնովան քրեական հետապնդման մարմնի կողմից չի տեղեկացվել, թե ինչում է կասկածվում:

Մինչև դատական նիստը, դատարանը պահանջել է քրեական հետապնդման մարմնից ներկայացնել բողոքին առնչվող նյութերը, այդ թվում՝ ձերբակալման արձանագրությունում նշված ձերբակալման հիմքը հիմնավորող փաստական տվյալները: Մինչդեռ՝ ի հիմնավորումն ձերբակալման արձանագրությունում նշված ձերբակալման հիմքի, դատարանին ներկայացվել է միայն վերոնշյալ քաղվածքը, որում պարունակվող՝ «քր. օր.-ի հոդվածը՝ Հոդ. 159-րդ 4-րդ մաս, Հոդ. 30-րդ 3-րդ մաս» գրառումը բավարար չի եղել հաստատելու այն հանգամանքը, որ Մ. Սմիրնովան կասկածվում (մեղադրվում) է ձերբակալման արձանագրությունում նշված հանցանքը կատարելու մեջ (ըստ Դատավորի՝ նշված գրառումից ընդհանրապես պարզ չի եղել, թե ինչի մեջ է մեղադրվում, արդյոք տվյալ արարքը ՀՀ օրենսդրությամբ համարվում է քրեորեն պատժելի): Վերոնշյալ հանգամանքը հիմնավորող որևէ այլ փաստական տվյալ (կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում կամ որևէ այլ փաստաթուղթ) դատարանին չի ներկայացվել, որպիսի պայմաններում հնարավոր չի եղել գնահատել ձերբակալման հիմքի իրավաչափությունը:

Ինչ վերաբերում է վարույթը հարուցած մարմնի այն դիրքորոշմանը, ըստ որի՝ ձերբակալման արձանագրության ռուսերեն թարգմանությունը Մ. Սմիրնովային արգելանքի վերցնելուց 29 ժամ հետո տրամադրելն իրավաչափ է այն պատճառաբանությամբ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.4. հոդվածը համապատասխան ժամկետ չի սահմանում, և բացի դրանից՝ թարգմանչի կողմից այն բանավոր թարգմանաբար ընթերցվել է, ինչպես նաև ներկա են եղել ձերբակալվածի պաշտպանները, Դատավորը գնահատել է անհիմն՝ այն պատճառաբանությամբ, որ նույն տրամաբանությամբ կարելի է դատավարության լեզվին տիրապետող ձերբակալվածին ձերբակալման արձանագրությունը չտրամադրելը դիտել իրավաչափ՝ պայմանով, որ այն բանավոր ընթերցվի վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ պաշտպանի ներկայությամբ:

Իր կողմից նշված փաստարկների հաշվառմամբ, Դատավորը գտել է, որ ձերբակալված անձի իրավունքների միայն բանավոր ընթերցման՝ համապատասխան գրավոր ծանուցումը չտրամադրելու պայմաններում, անձի պաշտպանության իրավունքը չի կարող ապահովված համարվել, այլապես ձերբակալման արձանագրության պատճենը ձերբակալվածին տրամադրելու վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը կբովանդակազրկվեր: Ընդ որում, հայերենին չտիրապետող անձին առանց թարգմանության արձանագրություն տրամադրելը հավասարազոր է այն չտրամադրելուն: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ձերբակալման արձանագրության թարգմանությունը տրամադրելու ժամկետը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.4. հոդվածով սահմանված չէ, Դատավորը նշել է, որ դա չի նշանակում, որ այն կարող է տրամադրվել ցանկացած ժամանակ՝ օրեր կամ շաբաթներ անց՝ նկատի ունենալով ձերբակալվածի կարգավիճակում գտնվելու կարճաժամկետ բնույթը, ուստի այս դեպքում դատավորը գտել է, որ պետք է ղեկավարվեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131.1. հոդվածում ամրագրված կանոնով:

Ինչ վերաբերում է տվյալ դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ գլխում ամրագրված նորմերի, այդ թվում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131.1. հոդվածով նախատեսված կանոնների կիրառելիությանը, ապա Դատավորը գտել է, որ դրանք կարող էին լինել ոչ կիրառելի՝ նույն օրենսգրքի 54-րդ գլխի նորմերով սահմանված կանոններին հակասելու դեպքում, մինչդեռ՝ քննարկվող դեպքում այդպիսի հակասությունն առկա չէր: Միաժամանակ, դատավոր Ա. Դանիբեկյանը նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ գլխի դրույթներն անձի ձերբակալման ընթացակարգ, ինչպես նաև ձերբակալման արձանագրության բովանդակությանն առաջադրվող պարտադիր պահանջներ չեն սահմանում, որպիսի պարագայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ գլխի կանոնները պետք է կիրառվեն այնքանով, որքանով չեն հակասում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.1. և 478.4. հոդվածների պահանջներին: Այլապես պարզ չէ, թե ինչպես քրեական հետապնդման մարմինը ձերբակալման հիմքն ու նպատակը որոշելիս կարող է ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ գլխում ընդգրկված 128-րդ և 129-րդ հոդվածներով և միաժամանակ ոչ կիրառելի համարել նույն գլխում գտնվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131.1. հոդվածի դրույթները:

Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված գրավոր բացատրության մեջ Աննա Դանիբեկյանը վերահաստատել է վերոնշյալ բացատրության մեջ արտահայտած իր փաստարկները և, ի լրումն վերջիններիս՝ նշել, որ թեև ՀՀ տարածքից դուրս հանցագործություն կատարած անձին ՀՀ տարածքում ձերբակալելու համար վերջինիս կալանավորելու մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի որոշման առկայությունը պարտադիր պայման չէ, սակայն թիվ ԵԴ/0040/18/18թ. գործով 26.05.2018թ. որոշումը կայացնելիս գտել է, որ հանցանք կատարած լինելու կասկածը փաստելու համար անհրաժեշտ է պատշաճ տեղեկատվություն այն մասին, թե ինչում է կասկածվում (մեղադրվում) տվյալ անձը: Մինչդեռ, քրեական հետապնդման մարմնի կողմից ներկայացված քաղվածքը չէր պարունակում համապատասխան տեղեկություններ, ինչը հիմք ընդունելով՝ գտել է, որ քաղվածքում առկա տվյալները բավարար չեն ձերբակալման արձանագրությունում նշված հանցանքը կատարելու մեջ հիմնավոր կասկածի առկայությունը և, հետևաբար՝ արձանագրությունում նշված ձերբակալման հիմքի իրավաչափությունը գնահատելու համար:

Գործով հրավիրված Բարձրագույն դատական խորհրդի նիստի ժամանակ դատավոր Աննա Դանիբեկյանը պնդեց գրավոր բացատրություններում ներկայացված իր փաստարկները՝ մեկ վեր`ապահումով. մասնավորապես, անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ և 54-րդ գլուխների հարաբերակցությանը և 17-րդ գլխի կիրառելիությանը, Դատավորը նշեց, որ իր գրավոր բացատրության մեջ նշված «...դրանք կարող էին լինել ոչ կիրառելի՝ նույն օրենսգրքի 54-րդ գլխի նորմերով սահմանված կանոններին հակասելու դեպքում...» ձևակերպումը, ըստ հավանականության, սխալմունք է:

Նիստի ժամանակ Աննա Դանիբեկյանը նաև հայտարարեց, որ իր վարքագծի հիմքում դրել է մարդու իրավունքների պաշտպանությունը:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները.

 

1. 24.05.2018թ.՝ ժամը 16:00-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման է ենթարկվել Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից այդ երկրի քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի (հանցագործության նախապատրաստություն և հանցափորձ), 159-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (առանձնակի խոշոր չափերով խարդախության փորձ) հետախուզվող Մարինա Սմիրնովան (Մարինա Արտյոմենկոն), ով նույն օրը ժամը 18.30-ին ձերբակալվել է:

2. 25.05.2018թ. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից ստացվել է ՌԴ իրավապահ մարմինների կողմից Մ. Սմիրնովայի հետախուզման հաստատումը, վերջինիս կալանավորելու միջնորդությունը և որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին ՌԴ իրավասու դատարանի որոշման պատճենը. վերջին երկուսը Բարձրագույն դատական խորհուրդ Կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված գործի նյութերում բացակայում են:

3. Մ. Սմիրնովայի պաշտպանները ձերբակալման իրավաչափությունը վիճարկելու նպատակով բողոք են ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին:

Դատավորն իր 2018 թվականի մայիսի 26-ի որոշմամբ արձանագրել է, որ քրեական հետապնդման մարմնի կողմից չի ներկայացվել Մ. Սմիրնովայի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին օտարերկրյա պետության իրավասու դատարանի որոշումը` հայերեն պատշաճ թարգմանությամբ, որի բացակայությամբ դատարանը չէր կարող հետևության հանգել Մ. Սմիրնովայի ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափ հիմքի և նպատակի առկայության մասին:

4. Մ. Սմիրնովայի ձերբակալման արձանագրությունը կազմվել է 2018 թվականի մայիսի 24-ին` ժամը 18:30-ին, որից հետո անմիջապես այն բանավոր թարգմանվել է դատավարական գործողությանը մասնակցող թարգմանչի կողմից (ինչը հաստատել է Մ. Սմիրնովան): Մինչդեռ, արձանագրության ռուսերեն թարգմանությունը վերջինիս հանձնվել է դատական նիստի ժամանակ` 2018 թվականի մայիսի 25-ին` ժամը 23:08-ին, այսինքն` ձերբակալման արձանագրությունը կազմելուց շուրջ 29 ժամ հետո:

5. Դատարանի վերոնշյալ որոշման դեմ 2018 թվականի մայիսի 30-ին ՀՀ գլխավոր դատախազության միջազգային իրավական համագործակցության վարչության ավագ դատախազ Ա. Հովհաննիսյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որում մասնավորապես նշվել է, որ առաջին ատյանի դատարանի որոշումը կայացվել է նյութական իրավունքի խախտմամբ, որն ազդել է կայացված դատական ակտի օրինականության և հիմնավորվածության վրա:

6. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ իր 2018 թվականի հունիսի 15-ի որոշմամբ, բավարարելով ՀՀ գլխավոր դատախազության միջազգային իրավական համագործակցության վարչության ավագ դատախազ Ա. Հովհաննիսյանի բողոքը, ի թիվս այլնի, նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը որևէ իմպերատիվ պահանջ չի պարունակում առ այն, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած անձին Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալելու անհրաժեշտ նախապայման է նրան արգելանքի վերցնելու (կալանավորելու կամ դատապարտելու) վերաբերյալ օտարերկրյա պետության իրավասու մարմնի որոշումը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած անձին Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալելու համար բավարար է տվյալ անձի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած լինելու կամ հանցագործության կատարման մեջ կասկածվելու կամ մեղադրվելու վերաբերյալ պատշաճ տեղեկատվության առկայությունը, որպիսին, ի թիվս այլնի, կարող է լինել իրավապահ մարմինների տեղեկատվական բազաներում առկա տեղեկատվությունը, օտարերկրյա պետության իրավասու մարմինների հաղորդած տեղեկատվությունը և այլն:

7. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ ՀՀ ոստիկանությունը Մ. Սմիրնովային ձերբակալել է այն հիմքով, որ համապատասխան տեղեկատվական բազայում առկա է եղել տեղեկատվություն այն մասին, որ նա 2017 թվականի սեպտեմբերի 19-ից հետախուզվում է ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ Հյուսիս-արևմտյան վարչական շրջանի ՆԳԳՎ-ի կողմից` ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի և 30-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը: Ընդ որում, տեղեկատվական բազայում Մարինա Սմիրնովայի վերաբերյալ առկա նշված տեղեկատվությունը ներկայացվել է Առաջին ատյանի դատարանին:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննարկելով դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ Մ. Պապոյանի հաղորդումը, դատավոր Աննա Դանիբեկյանի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ (...):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` (...) ակնհայտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի այն խախտումը, որը հեղինակազրկում է դատական իշխանությունը: Կոպիտ է նաև դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի պարբերաբար կատարված այն խախտումը, որը, առանձին վերցրած, կարող է այդպիսին չհամարվել, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է դատական իշխանությանը:

Դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումները.

1) արդյո՞ք թիվ ԵԴ/0040/18/18 քրեական գործով պահպանվել են օտարերկրյա պետությունում հանցանք կատարած և ՀՀ-ում ձերբակալված անձին դատարանի կողմից ազատ արձակելու՝ օրենսդրությամբ սահմանված նորմերը, որպիսի խախտումը համարվում է ակնհայտ, թե՝ ոչ,

2) արդյո՞ք թիվ ԵԴ/0040/18/18 քրեական գործով Դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը կարող է կոպիտ որակվել:

Առաջին հարցադրման առնչությամբ Բարձրագույն դատական խորհուրդն սկզբունքային է համարում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ և 54-րդ գլուխների հարաբերակցության և կիրառելիության հարցի քննարկումը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ գլուխը վերաբերում է ձերբակալման ինստիտուտին: Այն կազմված է 7 հոդվածներից: Այս գլխում ամրագրված են ձերբակալման հասկացությունը, հիմքերը, ձերբակալվածի իրավունքները, ձերբակալման ժամկետը, իրականացման կարգը, ազատ արձակելը, ձերբակալված անձանց պահելու կարգը: Այլ կերպ՝ այս գլխով կարգավորվում են ձերբակալման առնչությամբ հիմնական ընդհանուր հարաբերությունները:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ԳՔրեական գործերով իրավական օգնությունը միջազգային պայմանագրերին համապատասխանգ վերտառությամբ 54-րդ գլուխը բաղկացած է 12 հոդվածից, որոնք կարգավորում են, ի թիվս այլնի, օտարերկրյա պետությունում հանցանք կատարած անձին ՀՀ-ում ձերբակալմանն առնչվող հարաբերությունների առանձնահատկությունները:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ այս երկու գլուխները հարաբերակցվում են՝ որպես ընդհանուր և մասնավոր կանոնակարգումներ: 54-րդ գլուխը նախատեսում է որոշ առանձնահատկություններ օտարերկրյա պետությունում հանցանք կատարած և ՀՀ-ում ձերբակալված անձանց առնչությամբ, սակայն առանձնահատկությունների առկայությունը չի բացառում այդ գլխով չկանոնակարգված հարաբերությունների նկատմամբ ընդհանուր նորմերի կիրառումը: 54-րդ գլխի ուսումնասիրությունից հետևում է, որ մի շարք հոդվածներ հղում են կատարում ՀՀ քրեական դատավարության ընդհանուր կանոններին. օրինակ, այս գլխի 474-րդ հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության դատարանների, դատախազների, քննիչների, հետաքննության մարմինների հանձնարարությամբ կամ խնդրանքով (այսուհետ՝ հարցումով) օտարերկրյա պետության տարածքում հարցաքննության, զննության, առգրավման, խուզարկության, փորձաքննության և սույն օրենսգրքով նախատեսված այլ դատավարական գործողությունների կատարումը, ինչպես նաև օտարերկրյա պետության իրավասու մարմինների և պաշտոնատար անձանց (այսուհետ՝ իրավասու մարմիններ) հարցումով Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենսգրքով նախատեսված դատավարական գործողությունների կատարումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան՝ այդ պայմանագրերով և սույն օրենսգրքով սահմանված կարգով (ընդգծումը մերն է)»։

Նույն հոդվածի երկրորդ մասը սահմանում է, որ օտարերկրյա պետության իրավասու մարմինների հարցումով Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենսգրքով նախատեսված դատավարական գործողություններ կատարելիս Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը կիրառում են սույն օրենսգրքի նորմերը՝ համապատասխան միջազգային պայմանագրերով նախատեսված բացառություններով։

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ վկայակոչված հոդվածը հստակ ամրագրում է «սույն օրենսգրքով սահմանված կարգով» արտահայտությունը, և ոչ թե «սույն գլխով սահմանված կարգով» արտահայտությունը: Իրավաբանական տեխնիկայի տեսանկյունից այն ունի հիմնարար նշանակություն, քանզի օրենսդիրը օտարերկրյա պետության տարածքում հանցանք կատարած անձի նկատմամբ դատավարական գործողությունների կիրառման վրա տարածել է ՀՀ քրեական դատավարության մեջ ամրագրված կոնկրետ հարաբերության առնչությամբ սահմանված կարգը և ոչ թե միայն 54-րդ գլխով սահմանված կարգը: Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ օտարերկրյա պետության տարածքում հանցանք կատարած և ՀՀ-ում ձերբակալված անձի նկատմամբ չեն կարող կիրառելի չլինել ՀՀ քրեական դատավարության՝ ձերբակալվածի համար նախատեսված ընդհանուր իրավունքները, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական սկզբունքները՝ միայն այն պատճառաբանությամբ, որ դրանք ամրագրված չեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ գլխում: Հակառակ մոտեցումը կխախտեր ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը, համաձայն որի.

«1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:

Միաժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն. «ընդհանուր նորմի և հատուկ նորմի միջև կոլիզիաների դեպքում գործում է հատուկ նորմը, սակայն եթե նորմատիվ իրավական ակտն ունի ընդհանուր և հատուկ մասեր, ապա այդ մասերի նորմերի միջև կոլիզիայի դեպքում գործում են ընդհանուր մասի նորմերը (ընդգծումը մերն է)»:

Այսպիսով, Բարձրագույն դատական խորհուրդն անհիմն է համարում Կարգապահական հարցերի հանձնաժողովի այն փաստարկը, որ քննության առարկա գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ գլխի նորմերը կիրառելի չեն՝ միաժամանակ հիմնավոր համարելով դատավոր Աննա Դանիբեկյանի այն փաստարկը, որ երկու գլուխների նորմերը պետք է կիրառվեն համադրված:

Դատավոր Աննա Դանիբեկյանը, կիրառելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ և 54-րդ գլուխների նորմերը, 2018 թվականի մայիսի 26-ին ընդունած իր որոշմամբ ոչ իրավաչափ է ճանաչել Մ. Սմիրնովայի ձերբակալման որոշումը: Դատավորն իր դիրքորոշման հիմքում դրել է հետևյալ փաստարկները. առաջին՝ ձերբակալվածին պետք է տրամադրվեր ձերբակալման արձանագրության հայերեն թարգմանությունը. 29 ժամ հետո տրամադրելը դատավորը դիտարկել է ոչ իրավաչափ և եզրակացրել, որ հայերենին չտիրապետող անձին հայերենով փաստաթուղթ հանձնելը հավասարազոր է այն չտրամադրելուն: Եվ երկրորդ՝ ձերբակալվածին միայն բանավոր ներկայացված արձանագրության թարգմանությունը Դատավորը դիտարկել է ոչ բավարար՝ մարդու անձնական ազատության իրավունքի տեսանկյունից: Դատավորը գտել է, որ այս իրավիճակում պետք էր առաջնորդվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131.1. հոդվածով, և թարգմանության նկատմամբ պետք է կիրառվեին արձանագրության հայերեն տարբերակը տրամադրելու ժամկետները:

Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում պարզել, թե արդյո՞ք ՀՀ օրենսդրությամբ կանոնակարգված է հայերենին չտիրապետող անձին իրեն հասկանալի լեզվով արձանագրության տրամադրման ժամկետները, և արդյո՞ք հայերենին չտիրապետող անձին միայն բանավոր կերպով արձանագրության թարգմանությունը ներկայացնելը բավարար է իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

Առաջին հարցի առնչությամբ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ այս նկատառումով որևէ ժամկետ: Սակայն նման ժամկետի բացակայությունը դիտարկել որպես քրեական հետապնդումն իրականացնող մարմնին տրված բացարձակ հայեցողություն, ցանկացած ժամկետում այն տրամադրելու առումով, կխաթարեր իրավունքի գերակայության սկզբունքը: Ուստիև, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ թարգմանությունը պետք է ներկայացվի ողջամիտ ժամկետում:

Բարձրագույն դատական խորհուրդը, անդրադառնալով ձերբակալված անձին հասկանալի լեզվով իրեն ձերբակալելու հիմքը բանավոր ներկայացնելու բավարար լինելու հարցին, արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի շրջանակներում արձանագրվել են իրավական դիրքորոշումներ խնդրո առարկա հարցի վերաբերյալ: Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Դելկքորտն ընդդեմ Բելգիայի (Delcourt v. Belgium, 17.01.1970) վճռով արտահայտվել է այն իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ եթե ձերբակալման արձանագրությունը կազմվել է այն լեզվով, որին ձերբակալվածը չի տիրապետում, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ պարագրաֆը կգնահատվի պահպանված, եթե ձերբակալվածը հետագայում հարցաքննվի և տեղեկացվի իր ձերբակալման պատճառների մասին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի շրջանակներում նույնիսկ հասկանալի լեզվով ձերբակալման պատճառների բանավոր ներկայացումը դիտարկվում է բավարար՝ X-ն ընդդեմ Գերմանիայի (X. v. Germany, 13.12.1978):

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Մ. Սմիրնովայի ձերբակալման արձանագրությունը կազմելուց հետո անմիջապես այն բանավոր թարգմանվել է դատավարական գործողությանը մասնակցող թարգմանչի կողմից (ինչը հաստատել է նաև Մ. Սմիրնովան): Արձանագրության ռուսերեն թարգմանությունը վերջինիս հանձնվել է ձերբակալման արձանագրությունը կազմելուց շուրջ 29 ժամ հետո: Հետևաբար, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ 29 ժամվա ընթացքում ձերբակալման արձանագրության ռուսերեն թարգմանությունը Մ. Սմիրնովային տրամադրելը հնարավորին չափ արագ է իրականացվել և վերջինիս իրավունքները չեն խախտվել:

Ինչ վերաբերում է ՌԴ իրավասու մարմնի՝ կալանավորման որոշումը չներկայացնելուն և ձերբակալման Գհիմնավոր կասկածիգ գնահատման առնչությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի փաստարկին, ապա Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ ձերբակալման իրավաչափությունը քննելիս Դատարանի կողմից «հիմնավոր կասկած» եզրույթը չի կարող գնահատվել այն բովանդակային ծավալով, ինչը պահանջվում է խափանման միջոց կալանքի միջնորդության քննության ժամանակ: Բարձրագույն դատական խորհրդի գնահատմամբ՝ անձի նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզումը Դատարանի համար բավարար է ձերբակալման իրավաչափության քննության ժամանակ «հիմնավոր կասկածը» հաստատված համարելու համար:

Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում նաև ընդգծել, որ անձին օտարերկրյա պետությանը հանձնելու հիմքը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ, մասնավորապես, 27-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն, անձին կարելի է ազատությունից զրկել. «անձի անօրինական մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու կամ անձին արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.1. հոդվածը սահմանում է.

«1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած անձանց Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալելու դեպքում ձերբակալումն իրականացրած մարմինն անհապաղ տեղեկացնում է հետախուզման նախաձեռնողին՝ պահանջելով տվյալ պետության իրավասու մարմնի կողմից կայացված՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը կամ դատավճիռը:

2. Անձի ձերբակալման մասին հաղորդումն անհրաժեշտ փաստաթղթերի հետ, անհապաղ ուղարկվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն:

3. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը ձերբակալման արձանագրությունն ստանալուց հետո ձերբակալման մասին անհապաղ տեղեկացնում է միջազգային հետախուզում հայտարարած պետության իրավասու մարմիններին և (կամ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը»:

Վերոհիշյալ իրավական հիմքերի և փաստական հանգամանքների հաշվառմամբ՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատարանը, տիրապետելով ՀՀ տարածքից դուրս հանցագործություն կատարած անձի հետախուզման մեջ գտնվելու վերաբերյալ պատշաճ տեղեկատվությանը, այդուհանդերձ, անտեսել է Մ. Սմիրնովայի ձերբակալման բավարար հիմքերի առկայությունը՝ վերջինիս ձերբակալումը ճանաչելով ոչ իրավաչափ: Արդյունքում՝ հետախուզման մեջ գտնվող անձը կարճ ժամանակ անց դիմել է փախուստի: Բարձրագույն դատական խորհրդի գնահատմամբ՝ դատավորի կողմից թույլ է տրվել նյութական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, այն է՝ խախտվել են ձերբակալման հիմքերի վերաբերյալ օրենսդրության պահանջները, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով, և հեղինակազրկվել է դատական իշխանությունը, որն արտահայտվել է նրանում, որ ՀՀ իրավասու մարմինը զրկվել է Մ. Սմիրնովայի վերաբերյալ հանձնման միջնորդությունը քննարկելու արդյունքում ՀՀ կողմից միջազգային պայմանագրով ստանձնված պարտավորությունը կատարելու հնարավորությունից: Տվյալ դեպքում Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրված խախտումը դիտարկում է որպես կոպիտ, նկատի ունենալով այն, որ հիշյալ խախտման արդյունքում խոցելի է դարձել դատական իշխանության հեղինակությունը:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Աննա Դանիբեկյանը չի ունեցել կարգապահական տույժ:

Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում նաև նկատի ունենալ Կարգապահական հանձնաժողովի նախագահի բացասական գնահատականը՝ պաշտպանության կողմի միջնորդությունները դատարանների կողմից բավարարելու միտումի առնչությամբ, մասնավորապես, անհանգստացնող է դիտարկվում այն, որ իրավաչափության անմիջական հիմքեր են ընկալվում քրեական հետապնդումն իրականացնող մարմինների սոսկ ընթացակարգային թերությունները: Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ դատարաններն իրենց գործունեության ընթացքում առաջին հերթին պետք է խիստ համարժեք ու համաչափ առաջնորդվեն մարդու իրավունքների պաշտպանությամբ՝ թե' իրավական նորմերի կիրառման, թե' մեկնաբանության համատեքստում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին հայտարարել նկատողություն:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

 

 Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ՝

Գ. Հարությունյան

 Բարձրագույն դատական

խորհրդի անդամներ՝

Ա. Բեկթաշյան

Գ. Դանիելյան

Ա. Խաչատրյան

Լ. Մելիքջանյան

Ս. Մեղրյան

Ա. Մխիթարյան

Ս. Չիչոյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան