Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.07.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.01.23/5(1458) Հոդ.39
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.07.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԷԴ/0063/01/17

ԵԷԴ/0063/01/17

Նախագահող դատավոր՝ Կ. Ղազարյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

2018 թվականի հուլիսի 20-ին

ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 16-ի որոշման դեմ ամբաստանյալ Անդրիաս Մարատի Ղուկասյանի պաշտպան Կ.Մեժլումյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Անդրիաս Մարատի Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով այն բանի համար, որ նա 2016 թվականի հուլիսի 29-ին Երևան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաև փորձել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

2017 թվականի հուլիսի 12-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 25-ի` «Քրեական գործը դատական քննության նշանակելու մասին» որոշմամբ, ի թիվս այլոց, Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ:

3. Հիշյալ որոշման դեմ Ա.Ղուկասյանի պաշտպաններ Կ.Մեժլումյանը և Ի.Պետրոսյանը ներկայացրել են վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2017 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ մերժվել է:

4. Վերաքննիչ դատարանի նշված որոշման դեմ ամբաստանյալ Ա.Ղուկասյանի պաշտպան Կ.Մեժլումյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մարտի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

4.1. Վճռաբեկ դատարանը 2018 թվականի ապրիլի 18-ին որոշում է կայացրել ամբաստանյալ Ա.Ղուկասյանի պաշտպան Կ.Մեժլումյանի բողոքի վերաբերյալ վարույթը կասեցնելու և ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին։

5. ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածն այն մասով, որ չի նախատեսում գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

6. Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հունիսի 29-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Ղուկասյանի պաշտպան Կ.Մեժլումյանի բողոքի վերաբերյալ վարույթը վերսկսվել է։

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Առաջին ատյանի դատարանը 2017 թվականի հուլիսի 25-ի` «Քրեական գործը դատական քննության նշանակելու մասին» որոշման եզրափակիչ մասում նշել է. «Ամբաստանյալ Անդրիաս Մարատի Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը (...) թողնել անփոփոխ»1։

8. 2017 թվականի հուլիսի 25-ին Ա.Ղուկասյանը և նրա պաշտպան Կ.Մեժլումյանը միջնորդություն են ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով գործը դատական քննության նշանակման ենթակա լինելու դեպքում խափանման միջոցի հարցի լուծմանն անդրադառնալ դատական նիստով և իրենց մասնակից դարձնել այդ նիստին2:

9. Առաջին ատյանի դատարանը նույն օրվա` «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ վերոհիշյալ միջնորդությունը մերժել է` պատճառաբանելով. «(...) [Մ]իջնորդությունը քննության առնելու դրությամբ դատարանի կողմից արդեն իսկ կայացված է եղել քրեական գործը դատական քննության նշանակելու մասին որոշում, որով անդրադարձ է կատարվել ամբաստանյալ Ա.Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցին և այն թողնվել է անփոփոխ: Բացի այդ, գործող օրենսդրությամբ օրենսդրի կողմից նշված հարցի լուծման համար սահմանվել է միանձնյա քննության կարգ:

(...) Միաժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված չէ նշված որոշումները կայացնել դատական նիստով` դատավարության որևէ անդամի լիազորելով մասնակից դառնալ տվյալ դատական նիստին»3:

10. Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է. «(…) [Հ]աշվի առնելով ամբաստանյալի անձը, նրան մեղսագրվող հակաօրինական արարքների հասարակական վտանգավորության աստիճանը, այդ արարքների համար ՀՀ քրեական օրենքով հնարավոր սպառնացող պատժի խստությունը, ինչպես նաև քրեական գործի փաստական հանգամանքները, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դեռևս շարունակում են առկա լինել Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և նրան կալանքի տակ պահելու ժամկետն ըստ էության երկարացնելու հիմքերն ու պայմանները, ինչն էլ հիմք է հանդիսանում վերաքննիչ բողոքը մերժելու համար: Ինչ վերաբերում է պաշտպանների վերաքննիչ բողոքում նշված այն հանգամանքին, որ [Առաջին ատյանի դատարանը] բողոքարկվող որոշման մեջ կալանքի ժամկետը երկարացնելու որևէ հիմքի չի անդրադարձել, չի նշել և պատճառաբանել, թե ինչու է եզրահանգում, որ այդ հիմքն առկա է, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ [Առաջին ատյանի դատարանը], անփոփոխ թողնելով ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, ըստ էության հաստատել է, որ պահպանվում են վերջինիս կալանքի տակ պահելու նախորդ հիմքերը և պայմանները:

Այսպիսով, դատական ստուգման արդյունքում, Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ [Առաջին ատյանի դատարանի] կողմից թույլ չի տրվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ, Եվրոպական կոնվենցիայով, Վճռաբեկ և Եվրոպական դատարանների նախադեպային որոշումներով արտահայտած իրավական դրույթների խախտումներ, ուստի պաշտպանների վերաքննիչ բողոքը բավարարելու և [Առաջին ատյանի դատարանի] (...) որոշումը բեկանելու օբյեկտիվ հիմքեր չկան»4։

11. Վճռաբեկ դատարանը ամբաստանյա Ա.Ղուկասյանի պաշտպան Կ.Մեժլումյանի բողոքի վերաբերյալ վարույթը կասեցնելով և ՀՀ սահմանադրական դատարան դիմելով իր` թվականի ապրիլի 18-ի դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածը, այնքանով, որքանով գործը դատական քննության նախապատրաստելու փուլում չի նախատեսում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննարկումը մեղադրյալի կամ նրա պաշտպանի մասնակցությամբ դատական նիստով կատարելու կարգ, խախտում է անձի ազատության իրավունքը` անհապաղ դատարանի առջև կանգնելու և իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու իրավունքների տեսանկյունից։

Նման պայմաններում նկատի ունենալով, որ սույն գործով կիրառման է ենթակա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածը, որը Վճռաբեկ դատարանի համոզմամբ հակասում է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերին, իսկ սահմանադրական արդարադատությունն իրականացնում է ՀՀ սահմանադրական դատարանը, ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն բողոքի վերաբերյալ վարույթը կասեցնել և դիմել ՀՀ սահմանադրական դատարան` կիրառման ենթակա նորմի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով (...)»5:

12. 2018 թվականի մայիսի 7-ին ամբաստանյալ Ա.Ղուկասյանի պաշտպան Կ.Մեժլումյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խնդրելով փոխել ամբաստանյալ Ա.Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, 2018 թվականի մայիսի 7-ի դատական նիստում պաշտպանության և մեղադրանքի կողմերի մասնակցությամբ քննելով Ա.Ղուկասյանի պաշտպան Կ.Մեժլումյանի միջնորդությունը, նույն օրվա որոշմամբ այն բավարարել է, ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխել է և նրան դատական նիստերի դահլիճում արգելանքից ազատ է արձակել: Ա.Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

13. Բողոքի հեղինակի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ, 136-րդ հոդվածների, 2007 թվականի ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ Սահմանադրության 27-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Կոնվենցիա) 5-րդ հոդվածների խախտումներ: Վերաքննիչ դատարանի որոշման իրավական դիրքորոշումները հակասում են Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ԼԴ/0197/06/08, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` նաև Եվրոպական դատարան)` Խոդորկովսկին ընդդեմ Ռուսաստանի գործով որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին:

Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը կալանքի ժամկետը երկարացնելու որևէ հիմքի չի անդրադարձել, քննարկման չի ենթարկել Ա.Ղուկասյանի անձը բնութագրող տվյալները, նրան մասնակից չի դարձրել կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հարցի քննարկմանը, կայացված որոշումը պաշտպանական կողմին անմիջապես չի հանձնել, այլ ուղարկել է այն կայացնելուց մեկ ամիս հինգ օր անց` գրավոր դիմում ներկայացնելուց ինն օր հետո: Ավելին` Առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ հղում չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` խափանման միջոցներին վերաբերող 18-րդ գլխի որևէ հոդվածի: Նման որոշումը Կոնվենցիայի իմաստով անօրինական է, իսկ ՀՀ Սահմանադրության իմաստով` ոչ իրավաչափ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը գտել է, որ հիշյալ խախտումներն իրավաչափ են:

14. Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել և վերացնել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ և Ա.Ղուկասյանին անհապաղ ազատ արձակել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ դատական քննության նշանակելու մասին որոշման կայացումն առանց դատական նիստ հրավիրելու և կողմերի ներկայությունն ապահովելու չի խախտում ՀՀ Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված անձի իրավունքները:

16. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածն այն մասով, որ չի նախատեսում գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը. «(…) [Գ]ործը դատական քննության նախապատրաստելու շրջանակներում դատարանի կողմից առանց մեղադրյալի և/կամ նրա պաշտպանի մասնակցության մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը քննելու ժամանակ, մասնավորապես, անձնական ազատության, արդար դատաքննության իրավունքների, քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման օրենսդրական երաշխիքներ նախատեսված չեն:

(…)

Սահմանադրական դատարանը, կարևորելով անձի արդար դատաքննության իրավունքի երաշխավորումը, միաժամանակ գտնում է, որ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանի կողմից կալանքի որպես խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության ընթացքում պետք է ապահովել ինչպես պաշտպանության, այնպես էլ՝ մեղադրանքի կողմի մասնակցությունը` ելնելով քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման անհրաժեշտությունից:

(…)

Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանն իր նախաձեռնությամբ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը որոշելիս չի կարող ազատվել կողմերի կարծիքը լսելու պարտականությունից, և կողմերը չեն կարող զրկված լինել իրենց դիրքորոշումները ներկայացնելու հնարավորությունից: Հակառակ պարագայում՝ այն կարող է պարունակել վտանգ, որ դատարանն իր վրա է վերցնում մեղադրանքի կամ պաշտպանության գործառույթներ: Բացի դրանից, դատարանը զրկվում է հարցը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննելու փաստացի հնարավորությունից, որի երաշխավորման կարևոր նախապայման է նաև կողմերի կարծիքները, փաստարկները, դիրքորոշումները լսելը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ անձնական ազատության սահմանադրական իրավունքի սահմանափակումն իրավաչափ է միայն դատարանի որոշմամբ, որն ընդունվել է դատական նիստում՝ դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև ընտրված կալանքի հիմքերի և հիմնավորումների համակողմանի և անաչառ քննության, այդ թվում՝ մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի՝ իր դիրքորոշումը դատարանին ներկայացնելու հնարավորության առկայության դեպքում:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումն այն մասով, որ չի նախատեսում գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն, չի ապահովում անձի՝ դատարանի կողմից լսվելու սահմանադրական իրավունքի իրացումը՝ օրենքով սահմանված կարգով: Հետևաբար այն չի համապատասխանում նաև արդար դատաքննության չափանիշներին:

(…) Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումն այն մասով, որը չի նախատեսում գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն, համահունչ չէ ՀՀ վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկայի շրջանակներում ձևավորված անձնական ազատության իրավունքի սահմանափակման չափորոշիչներին (…):

(…) Ելնելով մարդու հիմնական իրավունքների անմիջական գործողության սահմանադրական պահանջից, ինչպես նաև դատարանի կողմից կալանքի՝ որպես խափանման միջոցի, ընտրության և հիմնավորվածության հարցի քննության քրեադատավարական ընթացակարգերի օրենսդրական կարգավորումների ընդհանուր տրամաբանությունից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ մինչև ՀՀ Ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումներ սահմանելը դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ քրեական գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը պետք է ապահովվի, մասնավորապես, մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորությունը (ինչպես նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, մասնավորապես, 285-րդ և 312-րդ հոդվածներով)՝ առաջնորդվելով անձնական ազատության իրավունքի, արդար դատաքննության բաղադրատարր հանդիսացող լսվելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման, քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման անհրաժեշտությամբ»6։

16.1. Ամփոփելով ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն պայմաններում, երբ գործը դատական քննության նախապատրաստելու շրջանակներում դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը քննարկվում է առանց մեղադրյալի կամ նրա պաշտպանի մասնակցության, չեն ապահովվում անձի անձնական ազատության, արդար դատաքննության իրավունքների, քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման օրենսդրական երաշխիքները:

Հետևաբար, ելնելով ազատության, արդար դատաքննության բաղադրատարր հանդիսացող լսվելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման, քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման անհրաժեշտությունից, քրեական գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի մասնակցության հնարավորությունը պետք է ապահովվի:  

17. Սույն գործի փաստերից հետևում է, որ 2017 թվականի հուլիսի 25-ին Առաջին ատյանի դատարանը «Քրեական գործը դատական քննության նշանակելու մասին» որոշմամբ ամբաստանյալ Ա.Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը թողել է անփոփոխ7 Նույն օրն Ա.Ղուկասյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով նրա խափանման միջոցի հարցի լուծմանն անդրադառնալ դատական նիստով և իրենց մասնակից դարձնել այդ նիստին8:Առաջին ատյանի դատարանը նշված միջնորդությունը մերժել է՝ փաստելով, որ արդեն իսկ կայացվել է քրեական գործը դատական քննության նշանակելու մասին որոշում, որով անդրադարձ է կատարվել ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցին: Միևնույն ժամանակ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված չէ նշված որոշումները դատական նիստով կայացնելու կարգ՝ դատավարության որևէ անդամի լիազորելով մասնակից դառնալու տվյալ դատական նիստին9։ Վերաքննիչ դատարանն իր հերթին մերժելով վերաքննիչ բողոքը գտել է որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ, Եվրոպական կոնվենցիայով Վճռաբեկ և Եվրոպական դատարանների նախադեպային որոշումներով արտահայտված իրավական դրույթների խախտումներ10:

18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 16-16.1-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է,որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածը, այնքանով որքանով գործը դատական քննության նախապատրաստելու փուլում չի նախատեսում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննարկումը մեղադրյալի կամ նրա պաշտպանի մասնակցությամբ դատական նիստով կատարելու կարգ խախտում է անձի ազատության իրավունքը անհապաղ դատարանի առջև կանգնելու և իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու իրավունքների տեսանկյունից։

Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշումն առ այն, որ անձնական ազատության սահմանադրական իրավունքի սահմանափակումն իրավաչափ է միայն դատարանի որոշմամբ, որն ընդունվել է դատական նիստում՝ դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև ընտրված կալանքի հիմքերի և հիմնավորումների համակողմանի և անաչառ քննության, այդ թվում՝ մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի՝ իր դիրքորոշումը դատարանին ներկայացնելու հնարավորության առկայության դեպքում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումը չի ապահովում նաև անձի՝ դատարանի կողմից լսվելու սահմանադրական իրավունքի իրացումը:

Հետևաբար ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ դատական քննության նշանակելու մասին որոշման կայացումն առանց դատական նիստ հրավիրելու և կողմերի ներկայությունն ապահովելու չի խախտում ՀՀ Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված անձի իրավունքները, հիմնավոր չեն:

19. Այսպիսով, հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի` թիվ ՍԴՈ-1421 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել սույն որոշման 18-րդ կետում արձանագրված դատավարական իրավունքի խախտումներ: Թեև թույլ տրված համապատասխան խախտումներին` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն որոշման 12-րդ կետում մատնանշված փաստական հանգամանքների պայմաններում ստորադաս դատարանների դատական ակտերի բեկանումը չի կարող առաջացնել իրավական հետևանքներ (դրանք, ունենալով ժամանակավոր բնույթ, կորցրել են իրենց իրավաբանական նշանակությունը), ուստիև վճռաբեկ բողոքը պետք է մերժել։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Անդրիաս Մարատի Ղուկասյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

_______________________________________
1 Տե
'ս քրեական գործի հավելված, թերթ 7:

2 Տե'ս քրեական գործի հավելված, թերթ 20։

3 Տե'ս քրեական գործի հավելված, թերթեր 21-22
։
4 Տե'ս քրեական գործի հավելված, թերթեր 38-43:

5 Տե'ս քրեական գործի հավելված, թերթեր 93-103
։
6 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշման 4.1-4.4-րդ կետերը:

7 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:

8 Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:

9 Տե'ս սույն որոշման 9-րդ կետը:

10 Տե'ս սույն որոշման 10-րդ կետը:

Նախագահող`

 

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

  Հ. Ասատրյան
    Ե. Դանիելյան
    Լ. Թադևոսյան
    Ա. Պողոսյան
    Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան