Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.07.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.01.22/3(1183).1 Հոդ.28.22
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.07.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0526/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0526/02/13

2015 թ.

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

Դատավորներ`

Հ. Ենոքյան

Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. Հակոբյանի

Ե. Սողոմոնյանի

2015 թվականի հուլիսի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Արսեն Թավադյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.02.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության ընդդեմ Կարեն Մկրտչյանի և Նարինե Ավետիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Կարեն Մկրտչյանի և Նարինե Ավետիսյանի ընդդեմ Ընկերության` պայմանագրով նախատեսված տույժի գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կարեն Մկրտչյանից և Նարինե Ավետիսյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 2.896.850 ՀՀ դրամ` որպես պայմանագրով վճարման ենթակա գումար:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Կարեն Մկրտչյանը և Նարինե Ավետիսյանը պահանջել են Ընկերությունից բռնագանձել 8.788.000 ՀՀ դրամ` որպես պայմանագրով նախատեսված տույժի գումար, ինչպես նաև 300.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար:

Ընկերությունը, ավելացնելով հայցային պահանջների չափը, պահանջել է Կարեն Մկրտչյանից և Նարինե Ավետիսյանից բռնագանձել նաև 21.12.2009 թվականից մինչև 06.05.2013 թվականն ընկած ժամանակահատվածի համար 18.723.936 ՀՀ դրամ` որպես պայմանագրով նախատեսված տույժ` շարունակելով տույժի հաշվեգրումը և բռնագանձումը սկսած 07.05.2013 թվականից մինչև վճռի փաստացի կատարումը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.10.2013 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը` հակընդդեմ հայցը մերժելու մասով, մտել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2014 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը` վճռի հայցը մերժելու մասի դեմ, բավարարվել է` բեկանվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.10.2013 թվականի վճռի` հայցը մերժելու մասը, և գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի 16.04.2014 թվականի որոշմամբ Կարեն Մկրտչյանի և Նարինե Ավետիսյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 07.11.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. վճռվել է Կարեն Մկրտչյանից և Նարինե Ավետիսյանից համապարտության կարգով հօգուտ Ընկերության բռնագանձել 5.396.850 ՀՀ դրամ, հայցը` մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.02.2015 թվականի որոշմամբ Կարեն Մկրտչյանի և Նարինե Ավետիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 07.11.2014 թվականի վճիռը մասնակիորեն` հայցը բավարարելու մասով, բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է, իսկ վճիռը` մնացած մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կարեն Մկրտչյանի և Նարինե Ավետիսյանի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-337-րդ և 339-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` հայցային վաղեմության վերաբերյալ դրույթները, ինչով պայմանավորված վերաքննիչ բողոքի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի կասեցումը հնարավոր է միայն դատարանի կողմից վճարման կարգադրություն արձակելու և համապատասխանաբար պատասխանողի կողմից գրավոր առարկություն ներկայացնելու դեպքում: Մինչդեռ, հայցային վաղեմության ժամկետի կասեցման հիմք է հանդիսանում վճարման կարգադրության ներկայացումը, հետևաբար Վերաքննիչ դատարանը հայցային վաղեմության ժամկետի կասեցումը չպետք է պայմանավորեր առարկության ներկայացման հանգամանքով:

ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ վկայակոչված հոդվածների միատեսակ կիրառության համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.02.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` օրինական ուժ տալ Դատարանի 07.11.2014 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր է, քանի որ այդ որոշմամբ, մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետին տրվել է հստակ մեկնաբանություն, այն է` վճարման կարգադրություն արձակելու պահանջով դատարան դիմում ներկայացնելու փաստն ինքնին չի կարող բավարար համարվել այդ հոդվածի հիմքով հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցնելու համար, քանի որ քննարկվող դրույթը նախատեսում է նաև կոնկրետ իրավական հետևանք, մասնավորապես` պատասխանողի կողմից դատարանին գրավոր առարկություն ներկայացնելու հանգամանքը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 18.09.2007 թվականին Ընկերության և Կարեն Մկրտչյանի ու Նարինե Ավետիսյանի միջև կնքված պայմանագրով (այսուհետ` Պայմանագիր) Ընկերությունը վաճառել է Երևանի Աջափնյակ համայնքի Վահագնի թաղամասի երրորդ տեղամասի Հրազդան թիվ 12 հասցեի մենատունը (այսուհետ` Տուն) (հատոր 1-ին, գ.թ. 9-11):

2. Պայմանագրի 2.1 կետի համաձայն` Կարեն Մկրտչյանն ու Նարինե Ավետիսյանը պարտավորվել են Ընկերությանը վճարել 2.896.850 ՀՀ դրամ` Ընկերության կողմից Տան դիմացի ավտոճանապարհի, բետոնահարթակի, քիվերի և նկուղի պատուհանների պաշտպանիչ պատերի կառուցումից հետո` երեք բանկային օրվա ընթացքում (հատոր 1-ին, գ.թ. 9):

3. 18.12.2009 թվականին Ընկերության և «Շինֆորում» ՍՊԸ-ի միջև կազմված շինմոնտաժային աշխատանքների ընդունման ակտի համաձայն` կատարվել է Վահագնի թաղամասի ճանապարհների ասֆալտապատում, մասնավորապես, հետևյալ փողոցներում՝ Հրազդան, Արփա, Արարատյան, Դեբետ, Սևակ և Քուչակ, Նարեկացի և Զոր. Անդրանիկ (հատոր 1-ին, գ.թ. 7-8):

4. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.11.2012 թվականի որոշմամբ Ընկերության` Կարեն Մկրտչյանից և Նարինե Ավետիսյանից 2.896.850 ՀՀ դրամ բռնագանձելու մասին վճարման կարգադրություն արձակելու պահանջի վերաբերյալ 09.11.2012 թվականի դիմումը մերժվել է (հատոր 3-րդ, գ.թ. 12-13):

5. 05.03.2013 թվականին Ընկերությունը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Կարեն Մկրտչյանի և Նարինե Ավետիսյանի՝ 2.896.850 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ. 5-6):

6. 27.09.2013 թվականին Կարեն Մկրտչյանի և Նարինե Ավետիսյանի ներկայացուցիչը միջնորդել է կիրառել հայցային վաղեմություն (հատոր 2-րդ, գ.թ. 108):

7. Կարեն Մկրտչյանի և Նարինե Ավետիսյանի կողմից բերված վերաքննիչ բողոքում Դատարանի վճիռը բողոքարկվել է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում․

ա) Դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետը, այն է` հայցային վաղեմության ընթացքի կասեցման ժամանակահատվածի ավարտը չի պայմանավորել պատասխանողի կողմից գրավոր առարկություն ներկայացնելու հանգամանքով, ինչը չի բխում այդ իրավադրույթի բովանդակությունից.

բ) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 502-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-3-րդ կետերը, չի պարզել վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, պատշաճորեն չի իրականացրել ապացույցների հետազոտման և գնահատման իր գործառույթը, մասնավորապես, չի ուսումնասիրել, թե Ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերով հիմնավորվող աշխատանքների կատարումը որքանով է վերաբերում Պայմանագրի առարկային և արդյոք իրականացվել է ամբողջ ծավալով (հատոր 4-րդ, գ.թ. 52-60):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար.

2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-337-րդ և 339-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք դատարան վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումի ներկայացման փաստն ինքնին բավարար հիմք է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի հիմքով հայցային վաղեմության ժամկետը կասեցնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե′ս, օրինակ, Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը)։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե ներկայացվել է վճարման կարգադրությունը` այն դատարան հանձնելու պահից մինչև առարկություն ներկայացնելու պահը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով: Ընդհատումից հետո հայցային վաղեմության ժամկետի ընթացքը նորից է սկսվում: Մինչև ընդհատումն անցած ժամանակը չի հաշվվում նոր ժամկետի մեջ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթը» 36.1-րդ գլխի դրույթներով սահմանված են քաղաքացիական դատավարությունում վճարման կարգադրություններ արձակելու առանձնահատկությունները: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.5-րդ հոդվածի համաձայն` դատավորը պարտավոր է դիմումը ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, ձեռնարկել հետևյալ գործողություններից մեկը.

1) արձակել վճարման կարգադրություն.

2) ամբողջովին մերժել վճարման կարգադրություն արձակելու դիմումը.

3) մասամբ մերժել վճարման կարգադրություն արձակելու դիմումը` մյուս մասով արձակելով վճարման կարգադրություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.4-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` մերժման մասին որոշումը խոչընդոտ չէ, որ հայցվորը հայցի ձևով ներկայացնի իր պահանջի մերժված մասը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.7-րդ հոդվածի համաձայն` սահմանված ժամկետում վճարման կարգադրության վերաբերյալ դատարանում առարկություն ստացվելու դեպքում կարգադրությունը վերանում է: Այդ դեպքում պահանջը կարող է ներկայացվել ընդհանուր հայցային վարույթի կարգով:

Վկայակոչված հոդվածներից հետևում է, որ օրենսդիրը, խախտված իրավունքների պաշտպանության համար հայցային վաղեմության ժամկետներ նախատեսելով, միաժամանակ սահմանել է այդ ժամկետների ընդհատման ու կասեցման կարգը և հիմքերը: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ և 340-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման համար անհրաժեշտ է սահմանված կարգով (օրենքով սահմանված կարգով) հայցը հարուցած լինելու հանգամանքի առկայությունը, այսինքն` երբ հայցը հարուցվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջներին համապատասխան և ընդունվել է դատարանի կողմից: Ի տարբերություն հայցային վաղեմության ժամկետի ընդհատման վերը նշված հիմքի՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե առհասարակ ներկայացվել է վճարման կարգադրություն արձակելու մասին դիմում: Այսինքն` տվյալ իրավիճակում օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի կասեցումը պայմանավորել է վճարման կարգադրություն դատարան ներկայացնելու փաստով: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ օրենսդրի կողմից նմանօրինակ տարբերակված մոտեցումն արդարացիորեն պայմանավորված է հայցային վաղեմության ժամկետի ընթացքի կասեցման և ընդհատման գործընթացներին և դրանց իրավական հետևանքներին բնորոշ մի շարք առանձնահատկություններով: Այսպես, հայցային վաղեմության ժամկետի ընթացքի կասեցման էությունը կայանում է նրանում, որ վաղեմության ժամկետի մեջ չի հաշվարկվում այն ժամանակահատվածը, երբ անձը զրկված է եղել իր խախտված իրավունքների պաշտպանության համար դատարան հայց հարուցելու հնարավորությունից` օրենքում նշված պատճառների (հիմքերի) առկայության հետևանքով: Ընդ որում, կասեցման հիմք հանդիսացած հանգամանքի վերանալու դեպքում` դրանից անմիջապես հետո, վաղեմության ժամկետը շարունակում է հոսել: Ինչ վերաբերում է հայցային վաղեմության ընթացքի ընդհատմանը, ապա վերջինիս յուրահատկությունը կայանում է նրանում, որ օրենքով մատնանշված հիմքերի առկայության դեպքում հայցային վաղեմության արդեն իսկ անցած ժամանակահատվածն այլևս հաշվի չի առնվում և հայցային վաղեմության ժամկետը սկսում է հոսել վերստին:

Վերոգրյալից զատ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով նախատեսված կարգավորմանը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ վերջինիս բովանդակության վերլուծությունից միանշանակորեն ակնհայտ է դառնում, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե համապատասխան պահանջի վերաբերյալ ներկայացվել է վճարման կարգադրություն արձակելու մասին դիմում: Ըստ այդմ, կասեցման ժամանակահատվածն իր մեջ ընդգրկում է վճարման կարգադրությունը դատարան հանձնելու պահից (կասեցման ժամանակահատվածի մեկնարկի պահ) մինչև դրա կապակցությամբ առարկություն ներկայացնելու պահն ընկած ժամանակահատվածը (կասեցման ժամանակահատվածի հնարավոր առավելագույն վերջնաժամկետ): Այսինքն` հայցային վաղեմության ժամկետի կասեցման համար արդեն իսկ բավարար հիմք կարող է հանդիսանալ միայն վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումի ներկայացումը դատարան:

Այսպիսով, վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից արված` «դատարան հանձնելու պահից մինչև առարկություն ներկայացնելու պահը» ձևակերպումը վերաբերում է հայցային վաղեմության ժամկետի կասեցման ժամանակահատվածին` դրա հոսքը սկսված և ավարտված համարելու պահերին, այլ ոչ թե պայմանավորում է բուն կասեցման հիմքի առկայությունը: Ի տարբերություն հայցային վաղեմության ժամկետի ընդհատման դեպքի, երբ պարտադիր կերպով անհրաժեշտ է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված հայցի հարուցում, հայցային վաղեմության ժամկետի կասեցման պարագայում այն օրենքի ուժով ինքնաբերաբար կասեցվում է վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը դատարան ներկայացնելու պահից և ավարտվում է դրա առնչությամբ առարկության ներկայացման պահով: Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ դիմումի քննությունն այլ ընթացք է ստանում և առարկության ներկայացման պահն օբյեկտիվորեն վրա չի հասնում, ապա հայցային վաղեմության ժամկետի կասեցումն ուժի մեջ է լինում մինչև դատարանի կողմից որոշակի գործողությունների ձեռնարկումը, մասնավորապես` վճարման կարգադրության արձակումը, վճարման կարգադրություն արձակելու դիմումի` ամբողջությամբ կամ մասնակի մերժումը:

Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.6-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` վճարման կարգադրությունը պարունակում է կարգադրություն` երկու շաբաթվա ընթացքում կատարելու հետևյալ գործողություններից որևէ մեկը` դատարանին առձեռն կամ փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ), ներկայացնել գրավոր առարկություն, եթե պատասխանողը ներկայացված պահանջը դիտում է որպես չհիմնավորված: Պատասխանողն իրավունք ունի գրավոր առարկություն ներկայացնելու նաև պահանջի միայն մի մասի վերաբերյալ` մյուս մասով կատարելով վճարման պահանջը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերոնշյալ մեկնաբանությունների համատեքստում արձանագրում է, որ դատարան վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումի ներկայացումն ինքնին բավարար հիմք է հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցված համարելու համար` անկախ դատարանի կողմից դիմումը մերժելու կամ բավարարելու, պատասխանողի կողմից առարկություններ ներկայացնելու կամ չներկայացնելու հանգամանքներից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է միայն այն դեպքում, երբ նույն հոդվածում նշված հանգամանքները ծագել են կամ շարունակել են գոյություն ունենալ վաղեմության ժամկետի վերջին վեց ամսում, իսկ եթե այդ ժամկետը հավասար է վեց ամսվա կամ պակաս է վեց ամսից` վաղեմության ժամկետի ընթացքում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` վաղեմության ժամկետի կասեցման համար հիմք ծառայած հանգամանքը դադարելու օրվանից շարունակվում է ժամկետի ընթացքը: Ժամկետի մնացած մասը երկարաձգվում է մինչև վեց ամիս, իսկ եթե հայցային վաղեմության ժամկետը հավասար է վեց ամսվա կամ պակաս է վեց ամսից մինչև վաղեմության ժամկետը:

Վերը նշված հոդվածների բովանդակության վերլուծությունից ակնհայտորեն հետևում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով են սահմանվում հայցային վաղեմության ժամկետի կասեցման հիմքերի կիրառման կարգը և շրջանակը: Այսպես, այն կիրառվում է այն դեպքում, երբ վերոնշյալ հանգամանքները ծագել են կամ շարունակել են գոյություն ունենալ հայցային վաղեմության ժամկետի վերջին վեց ամսում, իսկ եթե այդ ժամկետը հավասար է վեց ամսվա կամ պակաս է վեց ամսից, ապա վաղեմության ժամկետի ամբողջ ընթացքում: Ընդ որում, ընդհանուր կանոնի համաձայն` հայցային վաղեմության ժամկետը երկարաձգվում է մինչև վեց ամիս ժամանակով, իսկ այն դեպքերում, երբ հայցային վաղեմության ժամկետը հավասար է վեց ամսվա կամ պակաս է վեց ամսից, ապա կասեցումից հետո հայցային վաղեմության մնացած ժամկետը երկարաձգվում է մինչև հայցային վաղեմության ավարտը:

Սույն գործով Դատարանը, հայցը մասնակիորեն բավարարելով, պատճառաբանել է, որ Ընկերության կողմից հայցային վաղեմության ժամկետը բաց չի թողնվել, քանի որ վերջինիս կողմից դատարան մուտքագրված վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը 23.11.2012 թվականին մերժվել է, ինչից հետո սահմանված ժամկետում` 05.03.2013 թվականին, Ընկերությունը հայցադիմումով դիմել է դատարան:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելով, հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ վճարման կարգադրություն արձակելու պահանջով դատարան դիմում ներկայացնելն ինքնին բավարար չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի հիմքով հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցնելու համար, քանի որ քննարկվող իրավադրույթը նախատեսում է նաև որոշակի իրավական հետևանք, մասնավորապես` պատասխանողի կողմից դատարանին գրավոր առարկություն ներկայացնելու հանգամանքը: Այսինքն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքի կասեցման ժամանակահատվածն ավարտվում է այն ժամանակ, երբ դատարան ներկայացված դիմումի վերաբերյալ արձակվում է վճարման կարգադրություն և պատասխանողի կողմից դատարանին ներկայացվում է գրավոր առարկություն:

Մինչդեռ վերոնշյալ իրավական վերլուծությունների համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարան վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումի ներկայացման փաստն ինքնին արդեն իսկ բավարար և անհրաժեշտ հիմք է հայցային վաղեմության ժամկետի կասեցման համար, իսկ պատասխանողի կողմից գրավոր առարկություն ներկայացնելու փաստը պայմանավորում է կասեցման ժամանակահատվածի ավարտը, ընդ որում` այն դեպքում, երբ վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը մերժվել է դատարանի կողմից, կասեցման ժամանակահատվածն ավարտվում է մերժման մասին համապատասխան որոշման կայացմամբ: Այլ կերպ ասած, առարկություն ներկայացնելը կամ վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումի մերժումը, ըստ էության, հանդիսանում են կասեցման ժամանակահատվածի տևողության վերջնաժամկետը որոշելու հիմքեր:

Սույն գործի փաստերի համաձայն` 18.09.2007 թվականին Ընկերության և Կարեն Մկրտչյանի ու Նարինե Ավետիսյանի միջև կնքված Պայմանագրի 2.1 կետի համաձայն` Կարեն Մկրտչյանն ու Նարինե Ավետիսյանը պարտավորվել են Ընկերությանը վճարել 2.896.850 ՀՀ դրամ Ընկերության կողմից Տան դիմացի ավտոճանապարհի, բետոնահարթակի, քիվերի և նկուղի պատուհանների պաշտպանիչ պատերի կառուցումից հետո` երեք բանկային օրվա ընթացքում: 18.12.2009 թվականին Ընկերության և «Շինֆորում» ՍՊԸ-ի միջև կազմված շինմոնտաժային աշխատանքների ընդունման ակտի համաձայն` կատարվել է Վահագնի թաղամասի ճանապարհների ասֆալտապատում, որը, ի թիվս այլ փողոցների, ներառել է Հրազդան փողոցը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.11.2012 թվականի որոշմամբ Ընկերության` Կարեն Մկրտչյանից և Նարինե Ավետիսյանից 2.896.850 ՀՀ դրամ բռնագանձելու մասին վճարման կարգադրություն արձակելու պահանջի վերաբերյալ 09.11.2012 թվականի դիմումը մերժվել է: 05.03.2013 թվականին Ընկերությունը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Կարեն Մկրտչյանի՝ 2.896.850 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասին:

Սույն գործով Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վիճելի պարտավորության կատարման համար սահմանված է որոշակի ժամկետ, գործում համապատասխան աշխատանքների կատարման վերաբերյալ ապացույցի առկայության պայմաններում գտնում է, որ Կարեն Մկրտչյանի ու Նարինե Ավետիսյանի կողմից դրանց դիմաց վճարում կատարելու պարտականությունը կարող էր ծագել առնվազն 23.12.2009 թվականին` 18.12.2009 թվականին Ընկերության և «Շինֆորում» ՍՊԸ-ի միջև կազմված շինմոնտաժային աշխատանքների ընդունման ակտով համապատասխան աշխատանքների կատարմանը հաջորդող երեք բանկային օրվա ավարտին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համապատասխան իրավունքի խախտման սկզբնապահ է համարվել հենց հիշյալ աշխատանքների կատարումից հետո երեք բանկային օրվա ավարտի պահը, ապա այդ օրվանից սկսած հաշվարկելու դեպքում հայցային վաղեմության երեք տարին լրանում է 24.12.2012 թվականին: Հետևաբար, ակնհայտ է դառնում, որ վճարման կարգադրություն արձակելու մասին Ընկերության` 09.11.2012 թվականի դիմումը ներկայացվել է հայցային վաղեմության ժամկետի ընթացքում: Ընդ որում, 23.11.2012 թվականին Դատարանի կողմից այդ դիմումը մերժելու մասին որոշման կայացումից հետո Ընկերության կողմից 05.03.2013 թվականին դատարան ներկայացված հայցը ևս բերվել է ժամկետների պահպանմամբ, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ կետի իմաստով` եթե հայցային վաղեմության մնացած մասը ժամկետի կասեցումից հետո պակաս է վեց ամսից, ապա տվյալ պարագայում հայցային վաղեմության ժամկետը երկարաձգվում է մինչև վեց ամիս:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ կետի սխալ մեկնաբանության արդյունքում սխալ եզրահանգման է եկել սույն գործով հայցային վաղեմության ժամկետը բաց թողնված լինելու հանգամանքի վերաբերյալ, ինչն ազդել է գործի ելքի վրա:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Միաժամանակ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը, հայցային վաղեմության ժամկետը բաց թողնված լինելու պատճառաբանությամբ գալով այն եզրահանգման, որ Դատարանի վճիռը ենթակա է բեկանման, այլևս չի անդրադարձել վերաքննիչ բողոքի մյուս հիմքին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված Վճռաբեկ դատարանի լիազորությունը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ վերաքննիչ բողոքի մյուս հիմքը քննության առնելու համար:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.02.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան