Փ Ո Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,
հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքները բնութագրվում են բարձր սեյսմիկ ակտիվությամբ, և ուժեղ երկրաշարժերը երկու երկրներում առաջ են բերում զանգվածային ավերածություններ և մեծաքանակ մարդկային կորուստներ, որը մեծ վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի և զարգացման համար և պայմանավորված է երկրաշարժամետ տարածքների շարունակական քաղաքայնացմամբ, սեյսմոգեն աղբյուրներում ուժեղ երկրաշարժերի կրկնությամբ, ուժեղ սեյսմիկ իրադարձությունների բարձր հավանականությամբ, փաստացի սեյսմիկ վտանգի առնչությամբ գոյություն ունեցող շենքերի և կառույցների ցածր սեյսմիկ դիմադրողականությամբ, բնակչության, տեղական և պետական կառավարման մարմինների ոչ բավարար պատրաստվածությամբ և շատ այլ պատճառներով, որոնք հանգեցնում են երկու երկրների բարձր սեյսմիկ խոցելիությանը և ազդում նրանց կայուն զարգացման վրա,
ընդունելով երկու երկրների անվտանգության և կայուն զարգացման ապահովման նպատակով համակարգված աշխատանքների անցկացման անհրաժեշտությունը՝ Կողմերը պայմանավորվում են հետևյալի մասին.
Հոդված 1
Կողմերը պայմանավորվում են սույն Փոխըմբռնման հուշագրին, իրենց երկրների օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, իրականացնել համագործակցություն սեյսմիկ պաշտպանության բնագավառում:
Հոդված 2
Կողմերը սույն Փոխըմբռնման հուշագրով նախատեսվող համագործակցությունը կիրականացնեն մասնավորապես հետևյալ ոլորտներում՝
սեյսմիկ ռիսկի նվազեցման ընդհանուր ռազմավարություն,
սեյսմիկ ռիսկի նվազեցման գիտական, տեխնոլոգիական և սոցիալտնտեսական ուղղություններ,
սեյսմիկ պաշպանության վերաբերյալ օրենքների և կանոնակարգերի մշակում,
սեյսմիկ ռիսկի նվազեցման կառավարում՝ ընդգրկելով տեղական համայնքները, պետական կառավարման մարմինները և միջպետական համաձայնագրերը,
սեյսմիկ ռիսկի նվազեցման և պաշտպանության տարածաշրջանային մարմնի հիմանդրում:
Հոդված 3
Սույն Փոխըմբռնման հուշագրի կատարման իրականացումը հանձնարարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին: Հայաստանի և Իրանի համապատասխան մարմինների համակարգման ժողովը պետք է կայանա առնվազն տարին մեկ անգամ:
Յուրաքանչյուր Կողմ նշանակում է մեկ պատասխանատու անձ, որը վերահսկում է սույն Փոխըմբռնման հուշագրի կատարման ընթացքը: Նրանք պետք է ունենան տարեկան առնվազն մեկ հանդիպում Հայաստանում կամ Իրանում՝ սույն Փոխըմբռնման հուշագրի կատարման առաջընթացը և յուրաքանչյուր հաջորդ տարվա գործունեության հատուկ պլանը քննարկելու համար:
Հոդված 4
Կողմերը ձևավորում են մասնագետների համատեղ աշխատանքային խմբեր և մասնակցում Հայաստանի Հանրապետության մարզերի և Իրանի Իսլամական Հանրապետության երկրաշարժամետ նահանգների համար համատեղ հետազոտական նախագծերի և նորմատիվային փաստաթղթերի մշակմանը՝ հետևյալ ուղղություններով.
սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատում,
սեյսմիկ վտանգ և գեոտեխնիկական միկրոշրջանացում,
քաղաքային բնակավայրերում խոցելիության նվազեցում՝ ներառյալ գոյություն ունեցող շենքերի և շինությունների ուժեղացումն ու բարելավումը,
բնակչության իրազեկում, մարդկանց կրթություն և ուսուցում,
վաղ ահազանգում և տեղեկացում, ուժեղ երկրաշարժերի մասին տեղեկատվության արագ փոխանակում,
ռիսկի կառավարում՝ ներառյալ արագ արձագանքումը և փրկարարական գործողությունները,
աղետի հետևանքների վերացում և մարդկանց վերականգնողական աշխատանքներ,
ապահովագրություն,
գործընկերություն՝ պետական և մասնավոր կազմակերպությունների ներգրավմամբ,
ազգային ծրագրերի միջազգայնացում՝ միջազգային լայնածավալ համագործակցության հիման վրա:
Հոդված 5
Կողմերը սեյսմիկ վտանգի գնահատման և սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տեղեկատվություն են փոխանակում գիտական և տեխնիկական արդի նվաճումների վերաբերյալ (առանձին համաձայնագրերի համաձայն): Կողմերը կազմակերպում են համատեղ հետազոտությունների արդյունքների հրատարակում: Կողմերը մասնակցում են համատեղ միջազգային նախագծերին և ծրագրերին:
Հոդված 6
Կողմերը որոնում են համատեղ նախագծերի ֆինանսավորման աղբյուրներ միջազգային տարբեր հիմնադրամներից:
Սույն Փոխըմբռնման հուշագրով նախատեսված համատեղ գործողությունները կատարվում են համապատասխան անձնակազմի և ֆինանսավորման առկայությամբ: Կողմերը, յուրաքանչյուր նախագիծ սկսելուց առաջ պետք է գրավոր համաձայնեցնեն ֆինանսական պայմանավորվածությունները:
Հոդված 7
Համատեղ գործողություններից ստացված արդյունքները հանդիսանում են Կողմերի սեփականությունը և կարող են փոխանցվել երրորդ կողմի միայն երկու Կողմերի համաձայնության դեպքում:
Հոդված 8
Կողմերը համաձայնում են, որ իրենց մարմինների կողմից լիազորված ներկայացուցիչները կարող են առանձին համաձայնագրեր կնքել ինչպես միմյանց, այնպես էլ իրենց երկրների պետական կառավարման մարմինների հետ:
Սույն Փոխըմբռնման հուշագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին Արձանագրությամբ: Արձանագրությունն ուժի մեջ է մտնում սույն Փոխըմբռնման հուշագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով և հանդիսանում է նրա անբաժանելի մասը:
Հոդված 9
Սույն Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ՝ Կողմերի ներպետական օրենսդրությամբ նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին երկրորդ ծանուցումը դիվանագիտական ուղիով ստանալու օրվանից:
Սույն Փոխըմբռնման հուշագիրը գործում է 5 տարի ժամկետով: Սույն Փոխըմբռնման հուշագրի գործողությունը հետագայում ինքնաբերաբար կերկարաձգվի հնգամյա ժամկետներով, մինչև Կողմերից մեկը սույն Փոխըմբռնման հուշագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ մյուս Կողմին գրավոր ծանուցի դրա ործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Սույն Փոխըմբռնման հուշագրի գործողությունը կարող է կասեցվել և դադարեցվել ցանկացած ժամանակ՝ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ նրանց ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով՝ միմյանց պարտադիր ծանուցելով դադարեցման ժամկետի մասին:
Սույն Փոխըմբռնման հուշագրի գործողությունը կարող է դադարեցվել մի Կողմի դադարեցման մտադրության մասին ծանուցագիրը մյուս Կողմին հանձնելուց 12 ամիս հետո:
Սույն Փոխըմբռնման հուշագրի գործողության դադարեցումը չի ազդում նման դադարեցումից առաջ դրա համաձայն սկսված նախագծերի վավերականության կամ ընթացքի վրա:
Կատարված է Թեհրան քաղաքում 2001 թվականի դեկտեմբերի 27-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, պարսկերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Փոխըմբռնման հուշագրի դրույթների մեկնաբանման ժամանակ ծագած տարաձայնությունների դեպքում Կողմերը կդիմեն անգլերեն լեզվով տեքստին:
Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի մայիսի 22-ից:
