Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-979
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.06.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.06.29/40(843) Հոդ.951
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
16.06.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
16.06.2011
Дата вступления в силу
16.06.2011

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

16 հունիսի 2011 թ. 

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 2 (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2 (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 7 հունիսի 2011թ. ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով վարկային համաձայնագիրը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության (այսուհետ` Վարկառու) և Ասիական զարգացման բանկի (այսուհետ` ԱԶԲ) միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2 (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2011 թվականի մայիսի 30-ին` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանի կողմից:

Քննության առարկա Համաձայնագրի նախաբանից բխում է, որ վերջինիս կնքման համար հիմք է հանդիսացել Կողմերի միջև դեռևս 2009 թ. սեպտեմբերի 15-ին ստորագրված Շրջանակային ֆինանսավորման համաձայնագիրը (Հայաստան ԲՖԳ Հյուսիս- հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր), որը ՀՀ կողմից վավերացված է ՀՀ Ազգային ժողովի 02.02.2010թ. թիվ ԱԺՈ-186-Ն որոշմամբ:

Վարկառուն 2010թ. դեկտեմբերի 6-ին ներկայացված ֆինանսավորման հայտով դիմել է ԱԶԲ-ին` սույն Համաձայնագրի 1-ին հավելվածում նկարագրված Ծրագիրը ֆինանսավորելու նպատակով վարկ տրամադրելու համար:

ԱԶԲ-ն համաձայնել է իր ընթացիկ կապիտալ միջոցներից Վարկառուին տրամադրել (170,000.000) հարյուր յոթանասուն միլիոն ԱՄՆ դոլարի վարկ:

Համաձայն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2.02 բաժնի` վարկն ունի մայր գումարի 20 տարվա մարման ժամկետ և վարկի արտոնյալ ժամանակահատված, այն է` մայր գումարի առաջին վճարման ամսաթվին (01.04.2015թ.) նախորդող ժամանակահատված:

Համաձայնագրի 1-ին հավելվածին համապատասխան` ներդրումային Ծրագրի (այսուհետ` Ծրագիր) հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքում զարգացնել միջտարածաշրջանային և պետական ճանապարհատրանսպորտային ցանցը, դրանով իսկ նպաստելով միջտարածաշրջանային ճանապարհային տրանսպորտի տարանցման դյուրացմանը, ճանապարհային անվտանգության ապահովմանը, առևտրային հոսքերի և մրցակցության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի նվազեցմանը, շուկաների, աշխատանքների և սոցիալական ծառայությունների դյուրաշարժությանն ու հասանելիությանը, ճանապարհային ենթակառուցվածքների և կառավարման կարողությունների բարելավմանը:

 Հանդիսանալով Ծրագրի հիմնական բաղադրիչը` նախատեսվում է Աշտարակ և Թալին քաղաքների միջև մոտավորապես 41.3 կմ ձգվող երկուղի ճանապարհի վերակառուցումը և լայնացումը քառուղի ճանապարհի, ինչպես նաև խորհրդատվական ծառայություններ և օժանդակություն Ծրագրի կառավարմանը:

Վարկի շրջանակներում մատնանշված ծրագրային աշխատանքների իրականացման վերջնաժամկետն է 2014թ. դեկտեմբերի 31-ը:

Համաձայնագրով վարկային միջոցների ստացման վերջնաժամկետ է հանդիսանում 2015թ. հունիսի 30-ը կամ Վարկառուի և ԱԶԲ-ի միջև փոխհամաձայնեցված այլ օր, իսկ վարկի մայր գումարի մարման վերջնաժամկետ` 2034թ. հոկտեմբերի 1-ը:

2. Խնդրո առարկա Համաձայնագիրը բաղկացած է նախաբանից, 6 հոդվածներից և Համաձայնագրի անբաժանելի մաս կազմող 5 հավելվածներից:

Համաձայնագրի 1-ին հոդվածը նվիրված է վարկի տրամադրման ընդհանուր կանոններին և սահմանումներին: Մասնավորապես, տրված են Համաձայնագրում օգտագործված մի շարք եզրույթների և հասկացությունների բովանդակային պարզաբանումները:

Համաձայնագրի 2-5-րդ հոդվածներում սահմանված են տրամադրվելիք վարկի ընդհանուր պայմանները, Վարկառուի ֆինանսական բնույթի կոնկրետ պարտավորությունները, վարկային միջոցների նպատակային օգտագործման մասին համապատասխան դրույթները, Կողմերի հատուկ պարտավորությունները և Համաձայնագրի գործողության ժամկետը: Ընդսմին, Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ժամկետ է նախատեսված Համաձայնագրի ամսաթվից 60 օր անց եկող ամսաթիվը:

 Ըստ Համաձայնագրի 6-րդ հոդվածի` Վարկառուի ֆինանսների նախարարը հանդես է գալու որպես Վարկառուի ներկայացուցիչ:

Համաձայնագրի հավելվածներում ամրագրված են Ծրագրի ընդհանուր նկարագրությունը, վարկի մարման ժամանակացույցը, վարկային միջոցների հանման և հատկացման պայմաններն ու կարգը` կից աղյուսակով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումներին, ինչպես նաև Կողմերի տարաբնույթ այլ պարտավորություններին առնչվող դրույթներ:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները (այդ թվում` նաև ֆինանսական բնույթի).

- Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2.02 բաժնի համաձայն` Վարկառուն ժամանակ առ ժամանակ ԱԶԲ-ին վճարելու է տոկոսադրույք վերցված և դեռևս չմարված վարկի մայր գումարի համար յուրաքանչյուր տոկոսագումարի ժամանակահատվածի համար LIBOR-ի գումարին հավասար դրույքով և 0.60%` համաձայն վարկավորման կարգի 3.02 բաժնի, հանած 0.30% փոխառությունը,

- Վարկառուն տարեկան կտրվածքով վճարելու է 0.15% -ի չափով պարտավճար,

- Վարկառուն վարկի տոկոսադրույքը և այլ վճարները վճարելու է կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ին և հոկտեմբերի 1-ին,

- Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2.05 բաժնի և 2-րդ հավելվածի համաձայն` վարկառուն պարտավոր է վերադարձնել վարկային հաշվից հանված վարկի մայր գումարը և տոկոսները` կիսամյակային մուծումներով` սկսած 2015թ. ապրիլի 1-ից մինչև 2034թ. հոկտեմբերի 1-ը, որի վճարվելիք տոկոսային մասնաբաժինը պետք է կազմի վարկի ամբողջական մայր գումարի վճարման օրվա դրությամբ 2.50%,

- Համաձայնագրի 3-րդ հավելվածի աղյուսակի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` նախատեսվում է, որ վարկի միջոցներից կարող են ֆինանսավորվել Ծրագրի համար աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների 100%-ը` առանց հարկերի և տուրքերի,

- Համաձայնագրի 5-րդ հավելվածի 4-րդ կետին համապատասխան` Վարկառուն պետք է միջոցներ տրամադրի հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի հետ առնչվող փոխհատուցումները և ծախսերը ֆինանսավորելու նպատակով,

-Վարկառուն պետք է վարկային միջոցները բացառապես օգտագործի Ծրագրի ծախսերը ֆինանսավորելու նպատակով,

-Վարկառուն գնելու կամ ապահովելու է, որ ծախսերով նախատեսված առարկաները գնվեն սույն Համաձայնագրի 4-րդ հավելվածում նախատեսված կարգով,

-Վարկառուն պարտավոր է ապահովել Ծրագրի իրականացումը` տեխնիկական, ֆինանսական, բիզնեսի և զարգացման հիմնավորված գործելակերպերին համապատասխան,

-Վարկառուն պետք է հնարավորություն ապահովի ԱԶԲ-ի համար Վարկառուի հրավիրած աուդիտորների հետ Ծրագրի ֆինանսական հաշվետվությունները, Ծրագրին առնչվող ֆինանսական գործերը քննարկելու համար,

-Վարկառուն պետք է ԱԶԲ-ի ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռի քննության առնելու Ծրագիրը, ապրանքներն ու աշխատանքները, համապատասխան գրառումներն ու փաստաթղթերը,

-Վարկառուն ապահովելու է ծրագրային ճանապարհի շահագործումը, պահպանությունը և վերանորոգումը` սահմանված տեխնիկական, ֆինանսական գործելակերպերին համապատասխան,

- Ծրագիրն իրականացնելիս և ծրագրային ճանապարհը շահագործելիս` Վարկառուն ապահովելու է, որ կատարվեն սույն Համաձայնագրի 5-րդ հավելվածում նախատեսված պարտավորությունները:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածում ամրագրված սկզբունքներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2 (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

16 հունիսի 2011 թ.
ՍԴՈ-979