ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/1693/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ/1693/05/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Ղազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ե. Խունդկարյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
|
Մ. Դրմեյանի | |
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի մայիսի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 24.11.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ Ուլիսես Խեսուս Ֆրուլան Նիևես Վասկեսի հայցի ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության (այսուհետ՝ Գործակալություն)՝ Գործակալության 13.09.2007 թվականի թիվ Մ-8/07-ՓԿ որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ուլիսես Խեսուս Ֆրուլան Նիևես Վասկեսը պահանջել է անվավեր ճանաչել Գործակալության 13.09.2007 թվականի թիվ Մ-8/07-ՓԿ որոշումը և պարտավորեցնել Գործակալությանն իրեն տրամադրելու Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 24.11.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գործակալությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ուլիսես Խեսուս Ֆրուլան Նիևես Վասկեսի ներկայացուցիչ Արարատ Անտոնյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասը, սխալ է մեկնաբանել «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 19-րդ և 21-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հայցը բավարարելիս կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասը, մինչդեռ, պետք է կիրառեր նույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասը, քանի որ եթե անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ տվյալներին վարչական մարմինը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ անձի միջոցով, ապա ապացուցման պարտականությունը դրվում է այդ անձի վրա:
Ուլիսես Խեսուս Ֆրուլան Նիևես Վասկեսը, գտնվելով Ռուսաստանի Դաշնությունում, փախստականի կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմում չի ներկայացրել նույնիսկ Հայաստանի Հանրապետություն գալուց հետո: Վերջինիս կողմից դիմում ներկայացվել է միայն այն ժամանակ, երբ Ֆրանսիայում բացահայտվել է նրա կեղծ անձնագիրը, և նա վերադարձվել է Հայաստան: Այսինքն, Ուլիսես Խեսուս Ֆրուլան Նիևես Վասկեսն, ըստ էության, ցանկանում է փաստաթղթավորվել և խուսափել քրեական պատասխանատվությունից:
Բացի այդ, Դատարանը գտել է, որ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության 09.10.2007 թվականի թիվ 2/2/3-570 գրությունը չի բխում «Փախստականների մասին» ՀՀ օրենքի դրույթներից, մինչդեռ «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասը հստակ սահմանում է, որ «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի գործողությունը չի տարածվում այն փախստականի վրա, որը հիմնավոր պատճառներով վտանգավոր է համարվում Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 24.11.2008 թվականի վճիռը և այն փոփոխել. Ուլիսես Խեսուս Ֆրուլան Նիևես Վասկեսի հայցը մերժել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները
Ուլիսես Խեսուս Ֆրուլան Նիևես Վասկեսն իր հետ անցկացված հարցազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ Կուբայի Հանրապետությունում ինքը հանդիսացել է «Ֆելիս Վալերա» կամ «Վալերա Պրոջեկտ» կազմակերպության անդամ: «Վալերա Պրոջեկտ»-ի անդամները հետապնդվում էին Կուբայի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների կողմից, իսկ իրեն ձերբակալել են իր քաղաքական համոզմունքների համար։ Նշել է նաև, որ բանտում ենթարկվել է ծեծի, պահվել անմարդկային պայմաններում, իսկ ազատազրկումից հետո շարունակել է ենթարկվել իշխանության ներկայացուցիչների ճնշումներին իր քաղաքական համոզմունքների պատճառով, որն էլ առիթ է հանդիսացել իր կողմից Կուբայի Հանրապետությունից առանց թույտվության հեռանալու համար։ Բացի Ուլիսես Խեսուս Ֆրուլան Նիևես Վասկեսի կողմից ներկայացրած տեղեկություններից, նրա հիմնավորված երկյուղը փաստվում է ծագման երկրի մասին միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հաշվետվություններով: Ուլիսես Խեսուս Ֆրուլան Նիևես Վասկեսը հայտնել է նաև այն աղբյուրը, որից հնարավոր էր ճշտել Կուբայի Հանրապետության իշխանությունների կողմից քաղաքական հայացքների համար հետապնդվող կազմակերպության անդամ լինելու վերաբերյալ իր հայտարարության հավաստիությունը։ Սակայն Գործակալությունը, հակառակը չապացուցելով և առանց որևէ հիմնավորման, իր վճռաբեկ բողոքում պարզապես նշում է, որ Ուլիսես Խեսուս Ֆրուլան Նիևես Վասկեսի կողմից փախստականի կարգավիճակ հայցելու պատճառների վերաբերյալ տեղեկությունն արժանահավատ գնահատվել չի կարող։
Այսինքն՝ Ուլիսես Խեսուս Ֆրուլան Նիևես Վասկեսը նշել է իր համար բարենպաստ և իրեն հայտնի բոլոր փաստական հանգամանքները, անգամ հղում է կատարել այն աղբյուրին, որից Գործակալությունը կարող էր ճշտել իր կողմից ներկայացված տեղեկությունների իսկությունը։ Նշված տեղեկություններից բացի այլ տեղեկություններ և ապացույցներ ներկայացնելու պահանջն Ուլիսես Խեսուս Ֆրուլան Նիևես Վասկեսի համար անիրագործելի խնդիր է, քանի որ դրանց ձեռքբերման համար նա ստիպված պետք է լինի վերադառնալ իր նախկին բնակության երկիր, ինչն ինքնին անհնար է, քանի որ ունի հիմնավոր երկյուղ իր բնակության երկիր վերադառնալու համար։
Ռուսաստանի Դաշնությունում փախստականի կարգավիճակ հայցելու մասին դիմում չներկայացնելն Ուլիսես Խեսուս Ֆրուլան Նիևես Վասկեսին փախստականի կարգավիճակ տալու դիմումի մերժման համար հիմք հանդիսանալ չի կարող, քանի որ փախստականի կարգավիճակ տալու մերժման հիմքերը սահմանված են բացառապես օրենքով, իսկ Գործակալության կողմից ներկայացված հիմքը չի հիշատակվում «Փախստականների մասին» ՀՀ օրենքում։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Ուլիսես Խեսուս Ֆրուլան Նիևես Վասկեսը 06.04.2007 թվականին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Կոստա-Ռիկայի քաղաքացու կեղծ անձնագրով: Երևանից նա մեկնել է Ֆրանսիա:
2. Ուլիսես Խեսուս Ֆրուլան Նիևես Վասկեսին Ֆրանսիայից վերադարձրել են տարանցիկ փոխադրման վերջին վայր՝ Հայաստանի Հանրապետություն, քանի որ Կոստա-Ռիկա մեկնելու համար նրա փաստաթղթերը եղել են կեղծ:
3. Ուլիսես Խեսուս Ֆրուլան Նիևես Վասկեսը 01.06.2007 թվականին դիմում է ներկայացրել Գործակալություն փախստականի կարգավիճակ ստանալու համար:
4. Գործակալության 13.09.2007 թվականի թիվ Մ-8/07-ՓԿ որոշմամբ մերժվել է Ուլիսես Խեսուս Ֆրուլան Նիևես Վասկեսի դիմումը՝ փախստականի կարգավիճակ ստանալու մասին այն պատճառաբանությամբ, որ վերջինիս տվյալները չեն համապատասխանում «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով նախատեսված անձանց համար սահմանված պահանջներին:
5. ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության 09.10.2007 թվականի թիվ 2/2/3-570 գրությամբ հայտնվել է, որ Ուլիսես Խեսուս Ֆրուլան Նիևես Վասկեսին Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ տալը նպատակահարմար չէ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն իրավահարաբերության ծագման պահին գործող՝ «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ փախստական է Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձը, որն ըստ ռասայական, ազգային, կրոնական, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական համոզմունքների համար հետապնդումների զոհ դառնալու հիմնավոր երկյուղի պատճառով գտնվում է իր քաղաքացիական պատկանելության պետությունից դուրս և չի կարող կամ չի կամենում օգտվել այդ պետության պաշտպանությունից, կամ, չունենալով որևէ պետության քաղաքացիություն և գտնվելով իր նախկին հիմնական բնակության վայրի պետությունից դուրս, չի կարող կամ չի կամենում վերադառնալ այդ պետություն, կամ եթե անձը միաժամանակ մի քանի պետության քաղաքացի է, սակայն երկյուղ ունի, որ չի կարող օգտվել այդ պետություններից որևէ մեկի պաշտպանությունից:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ուլիսես Խեսուս Ֆրուլան Նիևես Վասկեսը Գործակալության աշխատակիցների հետ 27.08.2007 թվականին անցկացված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ ինքը Կուբայի «Ֆելիս Վալերա» քաղաքական կազմակերպության անդամ է, որի հետևանքով Կուբայի իշխանության ներկայացուցիչների կողմից ենթարկվել է հետապնդումների, ինչն էլ առանց թույլտվության Կուբայից հեռանալու առիթ է հանդիսացել:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Սույն գործով Դատարանը, բավարարելով Ուլիսես Խեսուս Ֆրուլան Նիևես Վասկեսին փախստականի կարգավիճակ տալու մասին պահանջը, պատշաճ գնահատման առարկա չի դարձրել վերջինիս կողմից վկայակոչված հանգամանքները, որով չի հիմնավորվել այն, որ Ուլիսես Խեսուս Ֆրուլան Նիևես Վասկեսը Կուբայի «Ֆելիս Վալերա» քաղաքական կազմակերպության անդամ է, որի հետևանքով ենթարկվել է քաղաքական հետապնդումների:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է վարչական մարմինը՝ անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե նույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դեպքում վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ տվյալներին (տեղեկություններին) վարչական մարմինը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ անձի միջոցով, ապա ապացուցման պարտականությունը դրվում է այդ անձի վրա:
Մինչդեռ, սույն գործով հայցվորը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով կրելով ապացուցման պարտականություն, չի ապացուցել իր համար բարենպաստ հանգամանքները:
Հիմք ընդունելով վերը նշվածը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ուլիսես Խեսուս Ֆրուլան Նիևես Վասկեսի հայտարարությունն այն մասին, որ լինելով Կուբայի «Ֆելիս Վալերա» քաղաքական կազմակերպության անդամ՝ ենթարկվել է քաղաքական հետապնդումների, հիմք չէ «Փախստականների մասին» ՀՀ օրենքի ուժով վերջինիս փախստականի կարգավիճակ տալու համար, քանի որ նշված փաստական հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց գործում առկա չէ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով ՀՀ վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 24.11.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Ե. Խունդկարյան |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
|
Մ. Դրմեյան | |
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
|
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|