Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.12.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.03.04/13(679)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.12.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
26.12.2008
Дата вступления в силу
26.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/1822/05/08

Դատավոր՝ Գ. Ղարիբյան

Վարչական գործ թիվ ՎԴ/1822/05/08
2008թ
.

 

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Սարգսյանի

 

Վ. Աբելյանի

 

Ե. Խունդկարյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի դեկտեմբերի 26-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 28.07.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Օլեգ Գոլովյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կադաստր), երրորդ անձինք՝ Երևանի քաղաքապետարանի, «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի, « Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի՝ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Օլեգ Գոլովյանը պահանջել է պարտադրել Կադաստրին կատարելու ք. Երևան, Արամի փողոց թիվ 7 հասցեում գտնվող 615,2քմ շինության և 203,1քմ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 28.07.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Օլեգ Գոլովյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որի արդյունքում չի կիրառել ՀՀ հողային օրենսգրքի 54-րդ, 55-րդ հոդվածները, 60-րդ հոդվածի առաջին մասի առաջին ենթակետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասը, « Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք պետք է կիրառեր, և կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտման չի ենթարկել գործում առկա ապացույցները, անտեսելով այն հանգամանքը, որ 07.07.1997 թվականի թիվ 4270 սեփականության վկայականի համաձայն՝ Ս. Վարդանյանի, Ա. Սաֆարյանի և Օլեգ Գոլովյանի սեփականության իրավունքը գրանցվել է միայն 615,2քմ անավարտ բնակելի տան նկատմամբ, այնինչ դատարանի վճռով պատասխանող կողմը պարտավորեցվել է գրանցել Օլեգ Գոլովյանի, որպես շենքի համասեփականատիրոջ, սեփականության իրավունքը շինությամբ ծանրաբեռնված հողամասի նկատմամբ:

Ք. Երևան, Արամի փողոց թիվ 7 հասցեում գտնվող 203,1քմ հողամասը պետական սեփականություն է, հետևաբար չի կարող գրանցվել Օլեգ Գոլովյանի անվամբ:

Բացի այդ, Դատարանը, չկիրառելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի առաջին մասի առաջին ենթակետը, անտեսել է այն հանգամանքը, որ ք. Երևան, Արամի փողոց թիվ 7 հասցեում գտնվող շենքը պատմության և մշակույթի հուշարձան է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վարչական դատարանի 28.07.2008 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտադրելու պահանջի մասով Օլեգ Գոլովյանի հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.

 

04.07.1997 թ.-ին գրանցվել է Էդիկ Սիմոնյանի և Սիլվա Գրիգորյանի սեփականության իրավունքը ք. Երևան, Արամի 7 հասցեի 203,1 քմ հողամասի և 615,2 քմ անավարտ շինության նկատմամբ, նրանց տրվել է թիվ 4270 սեփականության վկայագիրը, որտեղ հողամասի բնութագիրը բաժնում նշված է 203,1 քմ հողամաս։ 1997 թ.-ի հուլիսի 5-ին Էդիկ Սիմոնյանը և Սիլվա Գրիգորյանը ք. Երևան, Արամի 7 հասցեի անավարտ բնակելի տունը և հողամասը վաճառել են Օլեգ Գոլովյանին, Սերգեյ Վարդանյանին և Աշոտ Սաֆարյանին։ Պայմանագրի 3-րդ կետում նշված է, որ անավարտ բնակելի տան տարածությունը կազմված է 203,1 քմ հողամասից և 615,2 քմ ընդհանուր մակերեսից։ 07.07.1997 թ.-ին տրված սեփականության թիվ 4270 վկայագրի համաձայն՝ Օլեգ Գոլովյանի, Սերգեյ Վարդանյանի և Աշոտ Սաֆարյանի սեփականության իրավունքը գրանցվել է ք. Երևան, Արամի 7 հասցեի անավարտ բնակելի տան 615,2 քմ շինության և 203,1 քմ հողամասի նկատմամբ։

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձը խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. ՀՀ ժողովրդական պատգամավորների Սպանդարյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 10.06.1993 թվականի թիվ 22/24 որոշմամբ թույլատրվել է Արամի փողոցի 7-րդ շենքի թիվ 3 բնակարանը վաճառել Կարինե Պետրոսյանին: Ի կատարումն նշված որոշման Սպանդարյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի և Կարինե Պետրոսյանի միջև կնքվել է 17.06.1993 թ.-ի պայմանագիրը, որով վաճառել է Արամի փողոցի 7-րդ շենքի թիվ 3 բնակարանը՝ 95,95քմ ընդհանուր մակերեսով:

2. 04.07.1996 թվականի թիվ 4270 անշարժ գույքի սեփականության վկայականի համաձայն՝ Արամի փողոցի 7-րդ շենքի թիվ 3 բնակարանը՝ 95,95քմ ընդհանուր մակերեսով, սեփականության իրավունքով հաշվառվել է Էդիկ Սիմոնյանի և Սիլվա Գրիգորյանի անվամբ՝ համապատասխանաբար 2/3 և 1/3 բաժիններով:

3. ՀՀ ժողովրդական պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի՝ Արամի փողոցի 7-րդ շենքի վերակառուցման մասին 25.03.1994 թվականի թիվ 12/9 որոշման համաձայն՝ շենքը պատմության և մշակույթի հուշարձան է:

4. 05.07.1997 թվականին Էդիկ Սիմոնյանի, Սիլվա Գրիգորյանի՝ որպես վաճառողների, և Սերգեյ Վարդանյանի, Աշոտ Սաֆարյանի, Օլեգ Գոլովյանի՝ որպես գնորդների, միջև կնքվել է անավարտ բնակելի տան առուծախի պայմանագիր, որով գնորդները վաճառողներից ձեռք են բերել Երևանի Արամի փողոց թիվ 7 հասցեում գտնվող անավարտ բնակելի տունը՝ 615,2քմ ընդհանուր մակերեսով: Պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով: Նշված պայմանագրից ծագող իրավունքերը ստացել են պետական գրանցում՝ համաձայն 07.07.1997 թվականի թիվ 4270 սեփականության վկայականի:

5. Կադաստրի ղեկավարի 08.05.2007թվականի թիվ ԵԼ-2839 գրության համաձայն՝ Արամի փողոց թիվ 7 հասցեում Սերգեյ Վարդանյանի, Աշոտ Սաֆարյանի և Օլեգ Գոլովյանի անվամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով հաշվառված է 615,2քմ ընդհանուր մակերեսով բնակելի տուն և 203,1քմ մակերեսով հողամաս՝ վարձակալության իրավունքով:

6. Կադաստրի ղեկավարի 18.05.2007 թ. թիվ ԵԼ-3179 գրությունով պետական գրանցումը մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ. «1. Արամի փող. թիվ 7 շենքը, որը պատմության և մշակույթի հուշարձան է, որպես բնակարան Սպանդարյանի շրջ.գործկոմի 10.06.1993 թվականի 22/24 որոշմամբ սեփականաշնորհվել է Կարինե Պետրոսյանին: 03.07.1996 թվականի 3873 առուծախի պայմանագրով բնակարանը գնել են Էդիկ Սիմոնյանը և Սիլվա Գրիգորյանը, և այն հաշվառվել է վերջիններիս անվամբ, սակայն «Մանանա» արտադրական կոոպերատիվին հատկացվել է 450 քմ հողամաս օֆիսի և հյուրանոցի վերակառուցման համար, մինչդեռ տեղում 450 քմ սահմանազատված հողամաս առկա չէ: Շենքով ծանրաբեռնված հողամասի մակերեսը 210քմ է»: Նշված գրությամբ միաժամանակ հայտնվել է, որ գույքը գտնվում է բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքում:

7. ՀՀ կառավարության 25.01.2007 թվականի թիվ 108-Ն որոշմամբ նույն որոշման թիվ 1 հավելվածում նշված տարածքներում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահը: Նշված որոշման թիվ 1 հավելվածի ցանկի 29-րդ սյունակում նշված է նաև Արամի թիվ 7 հասցեում գտնվող բնակելի տան մասին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ հողային օրենսգրքի 55-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիներին, իրավաբանական անձանց կամ համայնքներին չպատկանող հողերը պետության սեփականությունն են:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքացիներին, իրավաբանական անձանց կամ համայնքներին չպատկանող հողը և բնական այլ պաշարները պետական սեփականություն են:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ վեճի առարկա հողամասը ֆիզիկական կամ իրավաբանական անձին պատկանելու մասին որևէ ապացույցի բացակայության դեպքում գործում է դրա՝ պետական սեփականության լինելու կանխավարկածը (իրավական հիմնավորումները տես` Սիմոն Սարգսյան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, 12.12.2007 թ., քաղաքացիական գործ թիվ 3-1835 (Ա)):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը Օլեգ Գոլովյանի՝ Արամի փողոց թիվ 7 հասցեում գտնվող 203,1քմ մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունք ունենալու հանգամանքը հաստատել է առանց բավարար ապացույցների առկայության, քանի որ սույն գործում առկա ապացույցներով չի հիմնավորվում Երևան քաղաքի Արամի փողոց թիվ 7 հասցեում գտնվող շենքի թե նախկին սեփականատերերի և թե ներկայիս սեփականատերերի մոտ հողամասի նկատմամբ սեփականության իրավունք երբևիցե ձեռք բերելու հանգամանքը: Մասնավորապես, վերոնշյալ ապացույցներով չի հիմնավորվում Օլեգ Գոլովյանի՝ Արամի փողոց թիվ 7 հասցեում գտնվող 203,1քմ մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունք ունենալու հանգամանքը:

Փաստորեն, Դատարանը պարտավորեցրել է Կադաստրին գրանցելու հողամասի նկատմամբ Օլեգ Գոլովյանի սեփականության իրավունքը՝ առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ այդ հողամասը գտնվում է պետության սեփականության ներքո:

Բացի այդ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն՝ արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք պատմական և մշակութային արժեքների օբյեկտներ են:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Արամի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող շենքը պատմական և մշակութային օբյեկտ է, հետևաբար այդ շենքի տակ գտնվող հողամասը, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ուժով, չէր կարող սեփականության իրավունքով փոխանցվել Օլեգ Գոլովյանին:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով կիրառելի չեն Դատարանի կողմից վկայակոչած՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում ամրագրված ձևական պահանջները չարաշահելու արգելքին վերաբերող, ինչպես նաև սեփականության իրավունքի պաշտպանությանը վերաբերող ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածներում ամրագրված դրույթները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով Վարչական դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 28.07.2008 թվականի վճռի՝ հողամասի նկատմամբ Օլեգ Գոլովյանի սեփականության իրավունքի պետական գրանցման հայցի մասը և այն փոփոխել. Օլեգ Գոլովյանի հայցի նշված մասը մերժել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

 

Ե. Խունդկարյան

 

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան