ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 նոյեմբերի 2008 թվականի N 1316-Ն
ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ-ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԵՌԱԿՈՂՄ ԽԱՌԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստան-Իրան-Թուրքմենստան տնտեսական համագործակցության միջկառավարական եռակողմ խառը հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 18 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1316-Ն որոշման
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ-ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԵՌԱԿՈՂՄ ԽԱՌԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստան-Իրան-Թուրքմենստան տնտեսական համագործակցության միջկառավարական եռակողմ խառը հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքմենստանի իրավապայմանագրային բազայի, առևտրատնտեսական, վառելիքաէներգետիկ, տրանսպորտի, կապի և այլ բնագավառներում համագործակցության հարցերը համակարգելու, տարածաշրջանային համագործակցության զարգացումը խթանելու նպատակով:
2. Սույն կանոնադրությամբ սահմանվում են հանձնաժողովի հայկական կողմի նպատակները, գործառույթները, իրավունքները, ձևավորման կարգը և գործունեության կազմակերպումը:
3. Հանձնաժողովի հայկական կողմը հասարակական հիմունքներով գործող մարմին է, որն իր իրավասության սահմաններում իրականացնում է աշխատանքներ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության oրենքներին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովի հայկական կողմն իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքմենստանի միջև իրավապայմանագրային բազայի կատարելագործում և տարածաշրջանային համագործակցության խթանում.
2) Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքմենստանի միջև առևտրատնտեսական և ֆինանսական ոլորտներում համագործակցության հետագա զարգացում.
3) Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքմենստանի միջև վառելիքաէներգետիկ, տրանսպորտի և կապի բնագավառներում համագործակցության խթանում և ընդլայնում:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
5. Հանձնաժողովի հայկական կողմն իր գործառույթների իրականացման համար իրավունք ունի`
1) ընդունելու որոշումներ իր աշխատանքին առնչվող կազմակերպական և ընթացակարգային հարցերի մասին.
2) Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու մարմինների քննարկմանը ներկայացնելու իր գործառույթների իրականացման վերաբերյալ առաջարկություններ.
3) հանձնաժողովի հետ պայմանավորվածության համաձայն ստեղծելու համատեղ` մշտական և ժամանակավոր հիմունքներով գործող աշխատանքային մարմիններ.
4) կազմակերպելու խորհրդակցություններ` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով գործադիր իշխանության մարմինների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև կազմակերպությունների ղեկավարների և փորձագետների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների (կամավորության սկզբունքով) մասնակցությամբ:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ
6. Հանձնաժողովը կազմվում է Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքմենստանի ներկայացրած անդամներից, ովքեր նշանակվում են երեք կողմից` պահպանելով հավասար մակարդակներով ներկայացուցչությունն ապահովելու սկզբունքը:
7. Հանձնաժողովի հայկական կողմը բաղկացած է նախագահից, անդամներից և քարտուղարից:
8. Հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` նշանակելով հանձնաժողովի հայկական կողմի նախագահին և քարտուղարին:
9. Հայաստանի Հանրապետության վարչապետը հանձնաժողովի հայկական կողմի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ:
10. Հայաստանի Հանրապետության վարչապետը հանձնաժողովի հայկական կողմի քարտուղարին նշանակում է հանձնաժողովի հայկական կողմի նախագահի առաջարկությամբ:
11. Հանձնաժողովի հայկական կողմի նախագահը`
1) հանձնաժողովի համանախագահն է.
2) համակարգում է հանձնաժողովի հայկական կողմի գործողությունների պլանում ներառված միջոցառումների իրականացման աշխատանքները.
3) վարում է հանձնաժողովի հայկական կողմի նիստերը.
4) հանձնաժողովի հայկական կողմի անդամների միջև բաշխում է պարտականությունները և նշանակում պատասխանատուներ` հանձնաժողովի հայկական կողմի գործառույթներից ու խնդիրներից բխող հարցերի պատրաստման համար.
5) իրականացնում է հսկողություն հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման նկատմամբ.
6) Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է առաջարկություններ հանձնաժողովի հայկական կողմի կազմի փոփոխությունների, ինչպես նաև հանձնաժողովի հայկական կողմի գործունեության դադարեցման վերաբերյալ.
7) իրականացնում է այլ գործառույթներ Հայաստանի Հանրապետության կառավարության և հանձնաժողովի հայկական կողմի որոշումներին համապատասխան:
12. Հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն առանց հատուկ լիազորությունների բանակցություններ վարելու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կնքման և այդ պայմանագրի տեքստի փոխհամաձայնեցման շուրջ:
13. Հանձնաժողովի հայկական կողմի քարտուղարը պատասխանատու է հանձնաժողովի հայկական կողմի գործունեության կազմակերպման, հանձնաժողովի հանդիպումների համար փաստաթղթերի նախապատրաստման, հանձնաժողովի հայկական կողմի նախագահի` հանձնաժողովի գործունեության հետ կապված հանձնարարությունների և հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման ընթացքին հետևելու, ինչպես նաև հանձնաժողովի գործունեության հետ կապված այլ կազմակերպչական և վարչական հարցեր լուծելու համար:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հաջորդաբար` Հայաստանի Հանրապետությունում, Իրանի Իսլամական Հանրապետությունում և Թուրքմենստանում` հանձնաժողովի ընդունող կողմի նախագահի նախագահությամբ:
15. Հանձնաժողովի հայկական կողմը նիստեր է գումարում նախապես համաձայնեցված պարբերականությամբ և ժամկետներում` ըստ գործողությունների պլանի:
16. Գործողությունների պլանը մշակվում է յուրաքանչյուր տարվա համար հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկված անդամների առաջարկությունների հիման վրա: Գործողությունների պլանը ներառում է միջոցառումների իրականացման համար հստակ ժամանակացույց և սահմանում միջոցառումների կատարման համար պատասխանատուներին: Գործողությունների պլանը հաստատում է հանձնաժողովի հայկական կողմի նախագահը:
17. Գործողությունների պլանում ներառվում են այն հարցերը, որոնք պետք է քննարկվեն հանձնաժողովի հայկական կողմի և իր աշխատանքային մարմինների կողմից` նշելով դրանց նախապատրաստման կարգը, քննարկման ժամկետները, ծավալը և նյութերը Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ հանձնաժողովի հայկական կողմի քննարկմանը ներկայացնելու ժամկետները:
18. Հանձնաժողովի հայկական կողմի նիստը համարվում է իրավազոր` հանձնաժողովի անդամների երկու երրորդի մասնակցության դեպքում:
19. Նիստի oրակարգի յուրաքանչյուր հարցի մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի հայկական կողմի նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:
20. Ընդունված որոշումներն ստորագրում է հանձնաժողովի հայկական կողմի նախագահը:
21. Լրացուցիչ հաստատում պահանջող կամ իրագործման համար ներպետական իրավական ակտի ընդունում պահանջող որոշումներն ուժի մեջ են մտնում համապատասխանաբար` լրացուցիչ հաստատվելուց կամ համապատասխան իրավական ակտ ընդունելուց հետո:
22. Հանձնաժողովի հայկական կողմի նախագահը տարեկան մեկ անգամ Հայաստանի Հանրապետության նախագահին և Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում հաշվետվություն հանձնաժողովի գործունեության վերաբերյալ և յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն հանձնաժողովի ընթացիկ գործունեության մասին:
23. Ընդունված որոշումներն իրագործելու նպատակով հանձնաժողովն իրավունք ունի ստեղծելու ժամանակավոր և մշտական մարմիններ` ենթահանձնաժողովներ, հանձնախմբեր կամ աշխատանքային խմբեր:
24. Հանձնաժողովը որոշում է մշտական և ժամանակավոր մարմինների նպատակները, լիազորությունները և կազմը: Այդ մարմինները միայն հանձնաժողովի կազմից ձևավորելու դեպքում դրանց ստեղծման և անհատական կազմի հաստատման համար լրացուցիչ ներպետական իրավական ակտի ընդունում չի պահանջվում:
25. Հանձնաժողովի նիստերի և նրա մշտական ու ժամանակավոր մարմինների գործունեության հետ կապված ծախսերը հոգում է ընդունող երկիրը` յուրաքանչյուր կողմի oրենսդրությամբ սահմանված կարգով:
26. Ճանապարհածախսը և հանձնաժողովի հանդիպման ընթացքում մասնակիցների, ինչպես նաև մշտական և ժամանակավոր մարմինների անդամների` ընդունող երկրում գտնվելու հետ կապված ծախսերը հոգում է հանդիպմանը մասնակցելու համար իր ներկայացուցիչներին գործուղող պետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.05.2022, N 694-Ն | 20.05.2022, N 1316-Ն | |
04.03.2010, N 274-Ն | 01.04.2010, N 1316-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|