ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N ԱԽ-6-Ո-16
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՏԻԳՐԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի |
մասնակցությամբ ԱԽ անդամներ |
Վ. Աբելյանի, Ս. Անտոնյանի, Մ. Մարտիրոսյանի, Լ. Մեհրաբյանի Հ. Մովսեսյանի, Տ. Պետրոսյանի, Ն. Տավարացյանի |
մասնակցությամբ դատավոր |
Տ. Սահակյանի |
քարտուղարությամբ |
Մ. Հարթենյանի |
2007 թվականի սեպտեմբերի 13-ին քաղաք Երևանում, քննելով Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի որոշումը` ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավոր Տ. Սահակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Արդարադատության խորհրդին (այսուհետ` Խորհուրդ) դիմելու վերաբերյալ,
Պ Ա Ր Զ Ե Ց
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի 24.07.2007 թվականի թիվ Կ-2-9/07 որոշմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավոր Տիգրան Սահակյանի նկատմամբ:
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի անդամ Ա. Թումանյանը, հրապարակելով կարգապահական խախտման վերաբերյալ եզրակացությունը, Խորհրդին հայտնեց.
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում դատավոր Տ. Սահակյանի նախագահությամբ 15.06.2007 թվականին քննության է առնվել թիվ 07-1827 քաղաքացիական գործն ըստ հայցի Ս. Ասատրյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Կենտրոն ՏՍ և երրորդ անձ Գևորգ Գևորգյանի` Բաղրամյան 15 հասցեում գտնվող Ս. Ասատրյանի կողմից փաստացի տիրապետվող 64.6 քմ հողամասի նկատմամբ նրա սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Նախագահող դատավոր Տ. Սահակյանը մի քանի անգամ ընդհատել է փաստաբան Վ. Սաֆարյանին դատարանին բացատրություն տալու ժամանակ` հարցեր ուղղելով կողմին, մասնավորապես նշել. «Պետք չէ բացատրություն տալ, պատասխանեք հարցին, կոնկրետ պատասխան տվեք...», այնուհետև, անցնելով փոխադարձ հարգանքի սահմանները, զայրացած, կոպիտ կերպով, բարձրաձայն դուրս է հրավիրել փաստաբանին` կանչելով ոստիկան` փաստաբանից թղթերը վերցնելու և դատական նիստերի դահլիճից նրան դուրս հանելու համար:
Նման վարքագիծ դրսևորելով` դատաքննությունը նախագահող դատավոր Տ. Սահակյանը խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 88-րդ հոդվածը, 89-րդ հոդվածի 3-րդ մասը, 90-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը, 90-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ դատավորի վարքագծի կանոնագրքի 1-ին և 10-րդ կանոնները:
Բացի այդ, դատական նիստը նախագահող դատավոր Տ. Սահակյանը, փաստաբան Վ. Սաֆարյանին հեռացնելով դատական նիստից, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 7-րդ մասի խախտում:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավոր Տ. Սահակյանի կողմից 15.06.2007 թվականի դատաքննության ժամանակ դատավորի վարքագծի կանոնների խախտում թույլ տալու հարցը քննության է առնվել նաև ՀՀ դատարանների նախագահների խորհրդի Էթիկայի հանձնաժողովում: ՀՀ դատարանների նախագահների խորհրդի Էթիկայի հանձնաժողովի որոշման համաձայն` թիվ 07-1827 քաղաքացիական գործի 15.06.2007 թվականի դատաքննության ժամանակ դատավոր Տ. Սահակյանը խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 88-րդ հոդվածը, 89-րդ հոդվածի 3-րդ մասը, 90-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը, 90-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ դատավորի վարքագծի կանոնագրքի 1-ին և 10-րդ կանոնները:
Վերոգրյալի հիման վրա Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը միջնորդում է Խորհրդին ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավոր Տ. Սահակյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավոր Տ. Սահակյանն ընդունեց, որ 15.06.2007 թվականին թիվ 07-1827 քաղաքացիական գործով դատաքննության ընթացքում դուրս է եկել դատավորին հարիր պահելաձևի սահմաններից և Խորհրդին հայտնեց, որ քաղաքացիական գործով երրորդ անձի լիազորված անձ Վ. Սաֆարյանի կողմից տրված բացատրությունները լսելուց հետո դատարանը վերջինիս առաջադրել է բացատրության հետ կապված հարցեր: Կոնկրետ առաջադրված հարցին չպատասխանելով՝ Վ. Սաֆարյանը փորձել է կրկնել արդեն իսկ տրված բացատրությունը, որն իր որպես նիստը նախագահող դատավորի կողմից դադարեցվել է և վերջինիս առաջարկվել հարցին պատասխանել ըստ էության: Կողմը շարունակել է իր խուսափողական պատասխանը: Փորձելով դատավարությունը պահել հայցի և առաջադրված հարցի շրջանակներում` դատավոր Տ. Սահակյանի կողմից շարունակվել են այդ առաջարկները կողմին, որի ընթացքում Վ. Սաֆարյանն առանց լսելու և հնարավորություն տալու նախագահողին խոսքն ավարտելու՝ շարունակել է իր ելույթը: Ստեղծված նման իրավիճակն ինքնըստինքյան հանգեցրել է նախագահողի և կողմի ձայնի տոնի բարձրացման, սակայն, որի ընթացքում Վ. Սաֆարյանը, ըստ դատարանի գնահատման, անցնելով իր իրավունքների և պարտականությունների պատշաճ սահմանը՝ ընդգծված վիրավորական տոնով և դատարանին դիմելով «դու»-ով սկսել է դիտողություններ անել և սպառնալ դատարանին՝ «Կտեսնենք ով ում», «Ձենդ կտրի» և այլ արտահայտություններով:
Դատարանը, գնահատելով կողմի վարքագիծը որպես դատարանին ուղղված բացահայտ վիրավորանք, կիրառելով օրենքով նախատեսված սանկցիան, մի քանի անգամ դիտողություն է արել, ինչը, սակայն, դրական արդյունքի չի բերել: Դատարանը փորձել է խորհրդակցելով որոշել հետագա անելիքը՝ փաստաբանների պալատին միջնորդությամբ դիմելու հարցը, սակայն կողմի վարքագծի հետևանքով այդ հնարավորությունը չի ստեղծվել: Բնականոն աշխատանքը շարունակելու հնարավորություն ունենալու նկատառումով, ոչ որպես դատական սանկցիայի կիրառում, ստիպված, դատական նիստերի դահլիճից դուրս է հրավիրել Վ. Սաֆարյանին, որից հետո միայն հնարավոր է դարձել որոշում կայացնել և հենց Վ. Սաֆարյանի վստահորդին հիշեցնել իր իրավունքներն ու կողմերին ծանուցել հաջորդ նիստի համար՝ հնարավորություն տալով նրանց դատարանում ներկայացնելու իրենց տեսակետներն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով:
Դատավոր Տ. Սահակյանն իր բացատրության մեջ նշում է նաև, որ բացի ձայնի տոնը բարձրացնելուց, ոչ մի դեպքում չի անցել կողմի հանդեպ անհրաժեշտ հարգալից վարքագծի սահմանը՝ չի վիրավորել, երբևէ չի դիմել «դու»-ով:
Կողմին դահլիճից հեռացնելը դատարանը չի կիրառել որպես օրենքով նախատեսված սանկցիա, այլ զուտ գործողություն, որը հնարավորություն կտար դատարանին այդ նիստը ամփոփելու և շարունակելու բնականոն աշխատանքը: Նման դեպքերն օրենսդիրը չի նախատեսել, հետևաբար, այդ իրավիճակում դատարանը փորձել է լուծումը գտնել իր նախաձեռնությամբ՝ ելնելով դատավարության ընթացքում ստեղծված կոնկրետ իրավիճակից: Այն, որ կողմին հեռացնելը դատական սանկցիայի կիրառում չի եղել, հաստատվում է դատարանի կողմից կայացված որոշմամբ, որտեղ կիրառված սանկցիաների շարքում նշված չէ դատարանի դահլիճից հեռացնելը:
Քննարկելով ներկայացված միջնորդությունը, ուսումնասիրելով միջնորդությանը կից ներկայացված նյութերը, լսելով դատավորի բացատրությունը` Խորհուրդը գտնում է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
Այսպես` թիվ 07-1827 քաղաքացիական գործի վերաքննության կարգով դատաքննության ժամանակ դատավոր Տ. Սահակյանը եղել է նախագահող դատավորը: 15.06.2007 թվականի դատական նիստում դատավոր Տ. Սահակյանը մի քանի անգամ ընդհատել է փաստաբան Վ. Սաֆարյանին դատարանին բացատրություն տալու ժամանակ` անընդհատ հարցեր ուղղելով և ասելով. «Հարցիս չպատասխանեցիք», «Դուք արդեն շատ երկար եք ասում, դա հարցի պատասխան չի», «Դադարեցրեք Ձեր պատասխանը, այլևս չի հետաքրքրում Ձեր պատասխանը», «Պետք չէ բացատրություն տալ, պատասխանեք հարցին, կոնկրետ պատասխան տվեք...», և այդ ամենը բարձրաձայն: Դրանից հետո նախագահողը զայրացած կողմին դատական նիստերի դահլիճից դուրս է հրավիրել, կանչել ոստիկան` փաստաբանից թղթերը վերցնելու և դատական նիստերի դահլիճից նրան դուրս հանելու համար:
Նման վարքագիծ դրսևորելով` դատաքննությունը նախագահող դատավոր Տ. Սահակյանը խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 88-րդ հոդվածը, 89-րդ հոդվածի 3-րդ մասը, 90-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը, 90-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ դատավորի վարքագծի կանոնագրքի 1-ին և 10-րդ կանոնները:
ՀՀ դատական օրենսգրքի 88-րդ հոդվածի համաձայն` «Դատավորը պետք է ձգտի իր գործունեությամբ և վարքագծով ապահովել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը, ինչպես նաև նպաստել դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը: Վարքագծի կանոնների մեկնաբանությունն ու կիրառումը պետք է նպաստեն այդ նպատակի իրականացմանը: Դատավորը պարտավոր է մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորմանը՝ ինչպես անձամբ պահպանելով վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինելով իր գործընկերների կողմից դրանց պահպանմանը»:
ՀՀ դատական օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավորն ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս պարտավոր է խուսափել դատական իշխանության հեղինակությունը վարկաբեկող կամ ոչ վայել վարքագիծ դրսևորելուց, ինչպես նաև նման տպավորություն ստեղծելուց:
ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի համաձայն` դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է համբերատար, արժանապատիվ և կիրթ վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ դատավորը շփվում է ի պաշտոնե:
ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատավորը պարտավոր է գործի ելքով շահագրգռված յուրաքանչյուր անձի կամ նրա փաստաբանին հնարավորություն տալ իրականացնելու դատարանի կողմից լսվելու` օրենքով նախատեսված իրավունքը:
Ի թիվս վերոնշյալ խախտումների` խախտվել է նաև ՀՀ դատավորի վարքագծի կանոնագրքի 10-րդ կանոնը, համաձայն որի` դատավորը պետք է լինի արժանապատիվ, համբերատար ու բարեկիրթ: Նա պարտավոր է հարգալից վերաբերմունք դրսևորել գործով կողմերի, վկաների, այլ մասնակիցների, գործընկեր դատավորների, դատարանի անձնակազմի և բոլոր այն անձանց հանդեպ, որոնց հետ առնչվում է դատարանում: Դատավորը նման վարքագիծ պետք է պահանջի նաև դատավարության մասնակից բոլոր անձանցից:
Այս ամենը հանգեցրել է նաև ՀՀ դատավորի վարքագծի կանոնագրքի 1-ին կանոնի խախտման: ՀՀ դատավորի վարքագծի կանոնագրքի 1-ին կանոնի համաձայն` դատավորը պարտավոր է դրսևորել վարքագծի բարձր չափանիշներ` ապահովելով արդարադատության համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը:
Ավելին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` դատական նիստը նախագահողն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում` դատական նիuտում պատշաճ կարգ ապահովելու համար:
Խորհուրդը գտնում է, որ դատական նիստը նախագահող դատավոր Տ. Սահակյանը, փաստաբան Վ. Սաֆարյանին հեռացնելով դատական նիստից, թույլ է տվել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 7-րդ մասի խախտում: Նշված հոդվածների համաձայն` գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ կիրառվում են բացառապես սույն հոդվածի 1-ին մասի 1-ին (նախազգուշացում) և 4-րդ (դատախազին կամ փաստաբանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով, համապատասխանաբար, գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմել) կետերով նախատեսված սանկցիաները: Պետք է նկատել, որ նիստերի դահլիճից հեռացնելը դատարանի կողմից կիրառվող օրենսդրությամբ նախատեսված սանկցիայի տեսակ է, և օրենսդիրն այն կիրառելու առանձնակի սահմանափակում է նախատեսել, մասնավորապես, այն կիրառելի չէ գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ:
Թեպետ դատավորն իր բացատրությունում նշում է, որ այն չի կիրառվել որպես սանկցիա, այլ կատարվել է գործողություն, որը հնարավորություն կտար դատարանին նիստն ամփոփելու և շարունակելու բնականոն աշխատանքը, Խորհուրդը հարկ է համարում մատնանշել, որ դատարանը բոլոր դեպքերում պետք է ձեռնպահ մնա օրենքով չնախատեսված գործողություն կատարելուց:
Խորհուրդը փաստում է, որ կողմերը կամ դատական գործընթացի մյուս մասնակիցները հաճախ չեն կողմնորոշվում, թե որ փաստերն ու իրադարձություններն են կարևոր գործի լուծման համար, և կարող են բացատրություն, ցուցմունք տալ կամ ճառով հանդես գալ երկար, խոսել գործի հետ չկապված կամ դրա լուծման համար էական նշանակություն չունեցող հանգամանքների մասին: Նման դեպքերում դատավորը, առաջարկելով ելույթ ունեցողին մնալ հայցի շրջանակներում և բացատրություն տալ գործի փաստական հանգամանքների վերաբերյալ, չպետք է դուրս գա փոխադարձ հարգանքի սահմաններից, ստեղծի տպավորություն, թե չի ցանկանում տիրապետել գործի մանրամասները, կողմնակալ է և գործի ելքով շահագրգռված` կողմի նկատմամբ դրսևորելով կոպիտ և անթույլատրելի վերաբերմունք, որը խարխլում է դատավորի նկատմամբ հարգանքը:
Իր վարքագծով դատավորը հասարակության մոտ պետք է համոզմունք ձևավորի, որ կողմերը դատարանում հասնելու են արդարադատության:
Դատավորը չպետք է գործի զայրացած, անհամբեր: Նա պետք է լինի քաղաքավարի, համբերատար և հարգալից այն բոլոր անձանց նկատմամբ, ում հետ նա կարող է առնչություն ունենալ իր պաշտոնական պարտականությունների կատարման ընթացքում:
Վերոգրյալի հիման վրա Խորհուրդը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավոր Տ. Սահակյանի կողմից թույլ տրված վարքագծի կանոնների կոպիտ խախտումները հիմք են հանդիսանում դատավորին կարգապահական տույժի ենթարկելու համար:
Խորհուրդը հարկ է համարում նաև արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը դատավորի պաշտոնը ստանձնել է 1996 թվականից, աչքի է ընկել օրինավոր և պատասխանատու վարքագծով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 161-րդ հոդվածով` Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
Միջնորդությունը բավարարել. ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավոր Տ. Սահակյանին հայտարարել նախազգուշացում:
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` |
Վ. Աբելյան Ս. Անտոնյան Մ. Մարտիրոսյան Լ. Մեհրաբյան Հ. Մովսեսյան Տ. Պետրոսյան Ն. Տավարացյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|