ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 օգոստոսի 2007 թվականի N 948-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Տիչինայի և Զորավար Անդրանիկի փողոցները միացնող` 1864,8 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով երկաթբետոնե կամրջով (այսուհետ` գույք) վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն:
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
5. Երևանի քաղաքապետին` ընկերության տնօրենի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
|