«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
20 հունվարի 2003 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 05003019
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
17 դեկտեմբերի 2002 թ. |
N 442-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲԱՆԿԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՄՈՏ ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՌՈՐԻԶՄԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 5-Ը, «ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 12.09.06 N 540-Ն)
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները, նպատակ ունենալով կանխարգելել Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառությունը և տեռորիզմի ֆինանսավորումը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել`
1.1. «Բանկերում և վարկային կազմակերպություններում, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող այլ անձանց մոտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և տեռորիզմի ֆինանսավորման կանխարգելման մասին» կանոնակարգ 5-ը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է).
(1.1-ին կետը խմբ. 12.09.06 N 540-Ն)
1.2. «Կասկածելի գործառնության վերաբերյալ» տեղեկանքի ձևը` համաձայն հավելված 2-ի (կցվում է).
1.3. «Բանկային հաշվի բացման համար բանկի կողմից պահանջվող տեղեկությունների օրինակելի ցանկը»` համաձայն հավելված 3-ի (կցվում է).
1.4. «Հաճախորդների և պարտատերերի սպասարկման ընթացքում վարկային կազմակերպության կողմից պահանջվող տեղեկությունների օրինակելի ցանկը»` համաձայն հավելված 4-ի (կցվում է):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում կազմակերպել սույն որոշմամբ հաստատված հավելվածների անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանությունն ու հրատարակումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի հուլիսի 9-ի «Բանկերում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և տեռորիզմի ֆինանսավորման կանխարգելման մասին» կանոնակարգ 5-ը, «Կասկածելի գործառնության վերաբերյալ» տեղեկանքի ձևը, «Բանկային հաշվի բացման համար բանկի կողմից պահանջվող տեղեկությունների օրինակելի ցանկ» մեթոդական ցուցումը հաստատելու մասին» թիվ 226 որոշումը:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության վարչությանը` «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի և «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի համաձայն`
ա) բանկում կամ վարկային կազմակերպությունում վերստուգում իրականացնելիս ստուգել նաև բանկի կամ վարկային կազմակերպության կողմից իրականացվող ֆինանսական և այլ գործառնությունների, տեղեկությունների հավաքագրման և պահպանման համապատասխանությունը սույն որոշմամբ հաստատված կանոնակարգին և բանկի կամ վարկային կազմակերպության ներքին ակտերին,
բ) ուսումնասիրել սույն որոշմամբ հաստատված կանոնակարգի 19-րդ կետով նախատեսված գրավոր հաշվետվությունը:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ստեղծել բանկերում և վարկային կազմակերպություններում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և տեռորիզմի ֆինանսավորման կանխարգելման հարցերով մշտական գործող հանձնաժողով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված 1 |
«ԲԱՆԿԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՄՈՏ ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՌՈՐԻԶՄԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 5
(վերնագիրը խմբ. 12.09.06 N 540-Ն)
Գ Լ ՈՒ Խ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում (այսուհետև` բանկեր) և վարկային կազմակերպություններում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և տեռորիզմի ֆինանսավորման կանխարգելմանն ուղղված` բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից իրականացվող պարտադիր միջոցառումները և ընթացակարգերը կատարելու կարգն ու պայմանները:
2. Սույն կանոնակարգի իմաստով`
2.1. միջոցներ են համարվում` փողը (Հայաստանի Հանրապետության դրամը և արտարժույթը), թանկարժեք մետաղները, արժեթղթերը.
2.2. միջոցների շրջանառություն կամ ներդրում է համարվում` բանկի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերելը, բանկի կողմից թողարկված փոխառությունները ձեռք բերելը, բանկում բացված բանկային, «դեպո», թղթակցային, ենթաթղթակցային, ավանդային կամ այլ հաշիվներում միջոցները ներդնելը, միջոցներով փոխանցում կատարելը կամ այլ գործարքներ ու գործառնություններ իրականացնելը, վարկային կազմակերպության կողմից թողարկած փոխառությունները ձեռք բերելը կամ վարկային կազմակերպության հետ այնպիսի գործարքների կնքումը, որոնք դրամական (փողային) պարտավորություններ են առաջացնում վարկային կազմակերպության համար, սակայն կապված չեն վարկային կազմակերպության կողմից պարտատիրոջն ապրանքներ վաճառելու, ծառայություններ մատուցելու կամ աշխատանքներ կատարելու հետ.
2.3. բանկային հաշիվ է համարվում` բանկում բացված հաշիվը, որը բացվել է համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 50-րդ գլխի պահանջների.
2.4. գործառնությունը կասկածելի է`
2.4.1. երբ հաճախորդն իր բանկային հաշվին մուտքագրում և նույն բանկային օրվա ընթացքում փոխանցում կամ ելքագրում է մուտքագրված միջոցները.
2.4.2. երբ հաճախորդն իր բանկային հաշվին փոխանցում է այնպիսի գումար, որի չափն էապես չի համապատասխանում տվյալ հաշվին սովորաբար փոխանցվող գումարների չափին.
2.4.3. երբ հաճախորդն իր բանկային հաշվին կանխիկ մուտքագրում է այնպիսի գումար, որի չափն էապես չի համապատասխանում տվյալ հաշվին սովորաբար փոխանցվող գումարների չափին.
2.4.4. երբ հաճախորդն իր բանկային հաշվին արտասովոր հաճախականությամբ փոքրածավալ գումարներ է մուտքագրում, կամ այդ հաշվին արտասովոր հաճախականությամբ փոքրածավալ գումարներ են փոխանցվում.
2.4.5. երբ հաճախորդը բանկի տարբեր մասնաճյուղերից իր բանկային հաշվին ոչ ողջամիտ ժամանակահատվածի ընթացքում (օրինակ` 1 օրվա ընթացքում) մուտքագրում է որոշակի միջոցներ.
2.4.6. երբ հաճախորդը բանկի կամ վարկային կազմակերպության համար համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի, «Բանկային հաշվի բացման համար բանկի կողմից պահանջվող տեղեկությունների» օրինակելի ցանկի կամ «Հաճախորդների և պարտատերերի սպասարկման ընթացքում վարկային կազմակերպության կողմից պահանջվող տեղեկությունների» օրինակելի ցանկի չի բացահայտում քննարկման առարկա գումարների իսկական պատկանելիությունը, կամ չի հիմնավորում դրանց ծագման օրինականությունը.
2.4.7. բանկի կամ վարկային կազմակերպության ներքին իրավական ակտերով սահմանված կամ բանկի կամ վարկային կազմակերպության ղեկավարների և աշխատակիցների կասկածը հարուցող գործառնությունների իրականացման այլ դեպքերը կամ եղանակները:
Սույն ենթակետի 2.4.2 և 2.4.3 կետերի իմաստով` բանկային հաշվին փոխանցվող գումարների չափին էապես չհամապատասխանող փոխանցված գումարի չափ է համարվում այն գումարը, որը գերազանցում է տվյալ հաշվին բանկի ներքին իրավական ակտերով սահմանված ժամանակահատվածի ընթացքում փոխանցվող գումարների միջին չափի կրկնապատիկը:
Սույն ենթակետի 2.4.4 կետի իմաստով բանկային հաշվին մուտքագրվող կամ փոխանցվող գումարների արտասովոր հաճախականություն է համարվում մուտքագրումների կամ փոխանցումների այն հաճախականությունը, որի քանակը գերազանցում է տվյալ հաշվին բանկի ներքին իրավական ակտերով սահմանված ժամանակահատվածի ընթացքում կատարված մուտքագրումների կամ փոխանցումների քանակի կրկնապատիկը:
Սույն ենթակետի 2.4.4 կետի իմաստով փոքրածավալ գումար է համարվում այն գումարը, որը պակաս է մեկամսյա ժամանակահատվածի ընթացքում տվյալ հաշվի միջին մնացորդի հինգ տոկոսից:
Սույն ենթակետում նախատեսված գործառնությունները կասկածելի չեն համարվում, եթե հաճախորդը բանկին է ներկայացրել վերջինիս համար ընդունելի բացատրություններ և պարզաբանումներ, որոնք խելամտության սահմաններում փարատում են բանկի կասկածները, կամ բանկը, քաջատեղյակ լինելով հաճախորդի գործունեությանը, նկարագրին, գործարար համբավին, չի կասկածում հաճախորդի կատարած գործառնության օրինականությանը: Ընդ որում, բանկի համար ընդունելի բացատրություններ և պարզաբանումներ կարող են հանդիսանալ հաճախորդի կողմից ներկայացված այն բանավոր կամ գրավոր ապացույցները, որոնք բացահայտում են քննարկման առարկա գումարների ծագման օրինականությունը և իսկական պատկանելիությունը:
Գ Լ ՈՒ Խ II
ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՏԵՌՈՐԻԶՄԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ԲԱՆԿԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
3. Հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների և տեռորիզմի ֆինանսավորման աղբյուր հանդիսացող միջոցների շրջանառությունը բանկերում կամ վարկային կազմակերպություններում արգելվում է:
4. Բանկն ու վարկային կազմակերպությունը պարտավոր են վարել այնպիսի քաղաքականություն, որը հնարավորության սահմաններում կբացառի հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների և տեռորիզմի ֆինանսավորման աղբյուր հանդիսացող միջոցների ներդրումը կամ շրջանառությունը բանկում և վարկային կազմակերպությունում: Հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և տեռորիզմի ֆինանսավորման կանխարգելմանն ուղղված` բանկի կամ վարկային կազմակերպության կողմից վարվող քաղաքականությունը պետք է արտացոլված լինի սույն կանոնակարգի 5-րդ և 6-րդ կետերում նշված` բանկի կամ վարկային կազմակերպության ներքին ակտերում:
5. Բանկերը և վարկային կազմակերպությունները պետք է ունենան հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և տեռորիզմի ֆինանսավորման կանխարգելմանն ուղղված ներքին ակտ (կարգ, ընթացակարգ, հրահանգ, կանոնակարգ): Սույն կետով նախատեսված ներքին ակտը պետք է սահմանի`
5.1. այն պարտադիր ընթացակարգերը, որոնք բանկի կամ վարկային կազմակերպության ստորաբաժանումների և աշխատակիցների կողմից պետք է պահպանվեն բանկի կամ վարկային կազմակերպության հաճախորդների, պարտատերերի կամ կոնտրագենտների հետ ֆինանսական և այլ գործառնություններ կատարելիս.
5.2. այն տեղեկությունները, որոնք բանկը կամ վարկային կազմակերպությունը հաճախորդից, պարտատերերից կամ կոնտրագենտից պահանջելու է ֆինանսական կամ այլ գործառնությունների կատարման ընթացքում.
5.3. ներքին ակտով նախատեսված ընթացակարգերի և պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը և պայմանները.
5.4. ներքին ակտով նախատեսված ընթացակարգերի և պահանջների չպահպանման համար բանկի ղեկավարների, աշխատակիցների և սույն կանոնակարգի 8-րդ կետում նշված պատասխանատու ստորաբաժանման կամ աշխատակցի պատասխանատվությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և բանկի ներքին ակտերի սահմաններում:
6. Բանկերը և վարկային կազմակերպությունները պետք է ունենան հաճախորդների վերաբերյալ տեղեկությունների գրանցման և պահպանման, ինչպես նաև կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, հաշվառման և պահպանման ներքին ակտեր (կարգ, ընթացակարգ, հրահանգ, կանոնակարգ):
7. Սույն կանոնակարգի 5-րդ և 6-րդ կետերում նախատեսված ներքին ակտերից մեկական օրինակ բանկը կամ վարկային կազմակերպությունը դրանց հաստատման, ինչպես նաև դրանցում լրացումներ և փոփոխություններ կատարելու դեպքում, մեկշաբաթյա ժամկետում տրամադրում է Կենտրոնական բանկին:
8. Բանկերը և վարկային կազմակերպությունները պարտավոր են ունենալ հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության, տեռորիզմի ֆինանսավորման կանխարգելմամբ զբաղվող կառուցվածքային ստորաբաժանում կամ աշխատակից կամ այդ պարտականությունները դնել այլ կառուցվածքային ստորաբաժանման կամ աշխատակցի վրա (օրինակ` իրավաբանական կամ անվտանգության վարչություն (բաժին)):
9. Հաճախորդների, պարտատերերի կամ կոնտրագենտների վերաբերյալ բանկի կամ վարկային կազմակերպության հավաքագրած տեղեկությունները, այդ թվում` նրանց կողմից իրականացված կասկածելի գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, բանկը կամ վարկային կազմակերպությունը թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով պետք է պահպանի առնվազն 5 տարի:
10. Հաճախորդի, պարտատերի կամ կոնտրագենտի կողմից այլ անձի գործակալ, ներկայացուցիչ կամ լիազորված անձ հանդես գալու դեպքում բանկը կամ վարկային կազմակերպությունը պարտավոր է ճշտել այդ բանկային հաշվի կամ գործառնության իսկական բենեֆիցիարին և գործակալի, ներկայացուցչի կամ լիազորված անձի վերաբերյալ բանկի կամ վարկային կազմակերպության ներքին ակտերով նախատեսված տեղեկությունները: Նման հաշիվը կարող է բացվել, կամ նման գործառնությունը կարող է իրականացվել անհրաժեշտ տեղեկություններն ստանալուց և գրանցելուց հետո: Բանկային հաշվի կամ այլ գործարքի իսկական բենեֆիցիարին և գործակալի, ներկայացուցչի կամ լիազորված անձի վերաբերյալ բանկի կամ վարկային կազմակերպության տեղեկությունների ճշտումը պարտադիր չէ այն դեպքում, երբ որպես գործակալ, ներկայացուցիչ կամ լիազորված անձ է հանդես գալիս ֆինանսական շուկաներում որոշակի ֆինանսական գործառնություններ իրականացնելու համար լիցենզիա ունեցող անձը:
11. Այն դեպքում, երբ հաճախորդը, պարտատերերը կամ կոնտրագենտը օֆշորային երկրում կամ տարածքում գրանցված և (կամ) գործող իրավաբանական անձ է, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձ կամ ֆիզիկական անձ, բանկը կամ վարկային կազմակերպությունը պարտավոր է ճշտել այդ անձանց եկամտի աղբյուրները` իր ներքին ակտերով սահմանված կարգով:
12. Բանկերը և վարկային կազմակերպությունները պարտավոր են իրենց սահմանած հաճախականությամբ և կարգով ճշտել հաճախորդներից, պարտատերերից կամ կոնտրագենտներից ստացված այն տեղեկությունները, որոնք բանկի կամ վարկային կազմակերպության ներքին ակտերով սահմանված կարգով հաճախորդներից, պարտատերերից կամ կոնտրագենտներից պահանջվել են ֆինանսական կամ այլ գործառնություններ կնքելիս:
13. Բանկը կամ վարկային կազմակերպությունը սույն կանոնակարգի 5-րդ կետում նշված ներքին ակտով, իր հայեցողությամբ, կարող է կանոնակարգել սույն կանոնակարգով չկարգավորված և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և տեռորիզմի ֆինանսավորման կանխարգելման հետ կապված այլ հարցեր:
14. Բանկը Կենտրոնական բանկի խորհրդի որոշման հիման վրա պարտավոր է դադարեցնել այն հաշիվներով գործառնությունները, որոնց տերերը կասկածվում են հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության կամ տեռորիզմի ֆինանսավորման մեջ:
15. Վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկի խորհրդի որոշման հիման վրա պարտավոր է դադարեցնել այն գործառնությունները, որոնց կողմերից թեկուզև մեկը կասկածվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության կամ տեռորիզմի ֆինանսավորման մեջ:
ԳԼՈՒԽ II1
(գլուխը լրաց. 12.09.06 N 540-Ն)
ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ (ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
151. Եթե բանկը, վարկային կազմակերպությունը, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող այլ անձը կասկածում է, որ առաջարկվող կամ կատարվող գործարքը կապված է կամ նախատեսված է տեռորիստական (ահաբեկչական) գործունեության, տեռորիստական ակտի կամ տեռորիստական կազմակերպության համար, ապա այն անհապաղ կասեցնում է այդ գործարքը և այդ մասին Լիազորված մարմին ներկայացնում է կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկություն:
Բանկը, վարկային կազմակերպությունը, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող այլ անձը անհապաղ կասեցնում է նաև այն անձանց հետ կապված գործարքները, որոնք ներառված են Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի կողմից հրապարակվող կամ Լիազորված մարմնի կողմից ներկայացված ահաբեկչության հետ կապված անձանց (այդ թվում՝ կազմակերպությունների) ցանկերում:
Կասեցման մասին որոշումը կասկածելի գործարքի տեղեկության հետ միաժամանակ տրամադրվում է Լիազորված մարմնին: Լիազորված մարմինն իրավունք ունի որոշման օրինակը ստանալու պահից երկօրյա ժամկետում վերացնել այն:
152. Ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերը տեղադրվում են Լիազորված մարմնի ինտերնետային կայքում: Որոշ ցանկեր (անուններ, անվանումներ) կարող են հաշվետվություն տրամադրող անձանց տրամադրվել նաև գաղտնի կարգավիճակով:
Այդ ցանկերը կազմված են.
ա) Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի կամ միջազգային այլ կազմակերպությունների կողմից հրապարակվող կամ տրամադրվող ցանկերից,
բ) օտարերկրյա պետությունների կամ կազմակերպությունների կողմից հրապարակվող կամ տրամադրվող ցանկերից (անուններից, անվանումներից),
գ) ինտերնետում, մամուլում կամ այլ հրապարակային աղբյուրներում զետեղված ցանկերից (անուններից, անվանումներից),
դ) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ համագործակցությամբ Լիազորված մարմնի կազմած այլ ցանկերից (անուններից, անվանումներից):
153. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է ունենա և կիրառի ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերի հետ իր հաճախորդների, շահառուների, լիազորված անձանց անունների համադրման ու մոնիտորինգի արդյունավետ համակարգեր:
154. Ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերին համապատասխանող անունների, անվանումների հայտնաբերման դեպքում Լիազորված մարմինը նույնպես իրավասու է կասեցնել այդ անձանց գործարքները: Լիազորված մարմնի որոշումը պետք է անհապաղ կատարվի հաշվետվություն տրամադրող անձանց կողմից:
155. Ահաբեկչության հետ կապված անձանց գործարքների կասեցման մասին որոշումը գործում է յոթնօրյա ժամկետում, որը հաշվվում է հաշվետու անձի կողմից կայացվելու դեպքում՝ Լիազորված մարմին որոշման օրինակը տրամադրելու պահից սկսած, իսկ Լիազորված մարմնի կողմից կայացվելու դեպքում՝ որոշման կայացման պահից սկսած:
Կասեցման մասին որոշման օրինակը ստանալուց կամ այդպիսի որոշում կայացնելուց հետո եռօրյա ժամկետում Լիազորված մարմինը պարտավոր է հաղորդում ներկայացնել քրեական հետապնդման մարմիններին՝ կցելով որոշման պատճենը:
Գ Լ ՈՒ Խ III
ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԸ
16. Կասկածելի գործառնության առկայության դեպքում բանկը կամ վարկային կազմակերպությունը ոչ ուշ, քան գործառնության իրականացմանը հաջորդող բանկային օրը, պարտավոր է փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանմանը ներկայացնել կասկածելի գործառնության վերաբերյալ տեղեկանք (ձև ԿԳ/1բգ կամ ձև ԿԳ/2 ծօհ):
17. Սույն գլխով նախատեսված ձև ԿԳ/1բգ տեղեկանքի ներկայացումը չի կարող համարվել «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով սահմանված` հանցագործության մասին հայտնելու պարտականության կատարում, եթե բանկի ղեկավարին հաստատապես հայտնի է եղել նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված հանցագործությունը:
Գ Լ ՈՒ Խ IV
ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՆԿԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
18. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, որպես ներքին հսկողության նվազագույն պայմանի իրականացում, բանկի ներքին հսկողության ստորաբաժանումը (ներքին հսկող խումբը, վերահսկիչը կամ հսկիչը) պարտավոր է բանկի կառավարման իրավասու մարմնի կողմից սահմանված հաճախականությամբ և կարգով ուսումնասիրել բանկի կողմից իրականացված բանկային (ֆինանսական) գործառնությունների, բանկի ստորաբաժանումների ու աշխատակիցների գործողությունների համապատասխանությունը «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածին, հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները կանխարգելելու նպատակով ընդունված Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին, սույն կանոնակարգին և դրանց հիման վրա բանկի կառավարման իրավասու մարմինների կողմից հաստատված և իրավաբանական ուժ ստացած կարգերին (կանոնակարգերին, ընթացակարգերին, հրահանգներին, ուղեցույցներին):
19. Բանկի ներքին հսկողության ստորաբաժանումը 18-րդ կետով նախատեսված ուսումնասիրության ավարտից հետո բանկի կառավարման իրավասու մարմնի կողմից սահմանված ժամկետում ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ բանկի գործադիր մարմնին (բանկի իրավական ակտերով նախատեսված դեպքերում` նաև խորհրդին (տնօրենների կամ դիտորդ խորհրդին)) ներկայացնում է գրավոր հաշվետվություն:
Գ Լ ՈՒ Խ V
ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՉՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
20. Սույն կանոնակարգի պահանջները չպահպանելու համար բանկերը, վարկային կազմակերպությունները, նրանց ղեկավարներն ու այլ աշխատակիցները կրում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ գլխով և «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլխով նախատեսված պատասխանատվություն:
Գ Լ ՈՒ Խ VI
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
21. Սույն կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում բանկերի և վարկային կազմակերպությունների կառավարման իրավասու մարմինները պարտավոր են`
ա) ընդունել և կիրառության մեջ դնել սույն կանոնակարգի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված ներքին ակտերը,
բ) ստեղծել սույն կանոնակարգի 8-րդ կետով նախատեսված ստորաբաժանումը կամ այդ պարտականությունները դնել այլ կառուցվածքային ստորաբաժանման կամ աշխատակցի վրա,
գ) իրենց կողմից իրականացվող ֆինանսական և այլ գործառնությունները համապատասխանեցնել սույն կանոնակարգին և իրենց կողմից ընդունված ներքին իրավական ակտերին:
(հավելվածը խմբ., լրաց. 12.09.06 N 540-Ն)
Հավելված 2 |
(ձև ԿԳ/1բգ)
ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ
Սույն տեղեկանքում նշվում են հաճախորդի կողմից իրականացված գործառնության`
իրականացման ամսաթիվը |
տեսակը |
գումարն ու արժույթը |
հաճախորդի ռեկվիզիտները |
շահառուի ռեկվիզիտները (եթե առկա են) |
կասկածելի լինելու հիմքը |
կատարման վայրն ու եղանակը |
______________ բանկի
գործադիր մարմնի ղեկավար`
_________________________________________
_____________ ստորագրություն
_____________ ամսաթիվ
Հավելված 3 |
ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Ց Ա Ն Կ
Բանկը հաճախորդի համար բանկային հաշիվ բացելիս հաճախորդից կարող է ստանալ հետևյալ տեղեկությունները.
1. բանկային հաշիվ բացելու նպատակը.
2. բանկային հաշիվ բացելու պատճառը.
3. բանկային հաշվում ներդրվող միջոցների ծագման աղբյուրը.
4. հաճախորդի գործունեության բնույթը և ոլորտը.
5. հաճախորդի ռեզիդենտությունը` համաձայն «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սահմանման.
6. բանկերում նրա ունեցած բանկային հաշիվների մասին տեղեկություններ:
Հավելված 4 |
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Ց Ա Ն Կ
Հաճախորդի կամ պարտատերի հետ պասիվային գործառնություն կնքելիս վարկային կազմակերպությունը հաճախորդից կարող է ստանալ հետևյալ տեղեկությունները.
1. ներդրվող միջոցների ծագման աղբյուրը.
2. հաճախորդի գործունեության բնույթը և ոլորտը.
3. հաճախորդի ռեզիդենտությունը` համաձայն «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սահմանման.
4. բանկերում նրա ունեցած բանկային հաշիվների մասին տեղեկություններ: