ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 2007 թվականի N 880-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» և «է» ենթակետերով.
«զ) սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու ենթակա անձանց խմբերի ցանկը` համաձայն N 6 հավելվածի,
է) սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու ենթակա անձանց ընտրության կարգը` համաձայն N 7 հավելվածի:».
2) որոշումը լրացնել NN 6 և 7 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված N 1 | |
|
Ց Ա Ն Կ
ՍՐՏԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՆՎՃԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԽՄԲԵՐԻ
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 36.00 և ավելի բարձր անապահովության միավորներ ունեցող ընտանիքի անդամներ»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 | |
|
Կ Ա Ր Գ
ՍՐՏԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՆՎՃԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու ենթակա անձանց ընտրության կարգը:
2. Սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու ենթակա անձանց ընտրությունն իրականացնում է սրտի վիրահատություն իրականացնող լիցենզավորված բժշկական հաստատությունում (այսուհետ` բժշկական հաստատություն) ստեղծված հանձնաժողովը: Հանձնաժողովի կազմը հաստատում է բժշկական հաստատության ղեկավարը: Հանձնաժողովի նախագահը բժշկական հաստատության ղեկավարն է:
3. Սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու ենթակա անձանց ընտրությունը հանձնաժողովի կողմից իրականացվում է սույն կարգով նախատեսված փաստաթղթերը բժշկական հաստատություն մուտքագրվելուց հետո մեկշաբաթյա ժամկետում:
4. Անձը սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու համար բժշկական հաստատություն է ներկայացնում`
1) դիմում` հանձնաժողովի նախագահի անվամբ.
2) սոցիալական անապահովությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 36.00 և ավելի բարձր անապահովության միավորների մասին տեղեկանքը` վերջին ամսվա դրությամբ).
3) բժշկական եզրակացություն սրտի վիրահատության անհրաժեշտության մասին.
4) անձնագրի պատճենը:
5. Անհետաձգելի դեպքերում, երբ դիմողը հոսպիտալացվել է և չի դիմել հանձնաժողովին, սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերը հանձնաժողովին է ներկայացվում հոսպիտալացվելուց հետո` բժշկական միջամտությունից (վիրահատությունից) առաջ կամ դրանից հետո:
6. Ներկայացված փաստաթղթերը բժշկական հաստատություն են հանձնվում առձեռն կամ փոստով:
7. Ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրվում են հանձնաժողովի կողմից, որի հիման վրա հանձնաժողովը տալիս է եզրակացություն տվյալ անձի սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու դիմումը բավարարելու կամ մերժելու մասին:
8. Հանձնաժողովի եզրակացության հիման վրա բժշկական հաստատության ղեկավարն ընդունում է որոշում անձի սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու կամ դիմումը մերժելու մասին:
9. Սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու դիմումը ենթակա է մերժման, եթե`
1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին.
2) սպառվել են պետական պատվերով նախատեսված միջոցները:
10. Հանձնաժողովը որոշումն ընդունում է քվեարկությամբ: Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումն ընդունված է համարվում, եթե դրա օգտին քվեարկել են հանձնաժողովի անդամների կեսը և ավելին:
11. Հանձնաժողովի նիստը գումարվում է յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև արտահերթ:
12. Հանձնաժողովի ընդունած որոշումն ստորագրվում է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:
13. Բժշկական հաստատությունը` մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ձևի հաշվետվություն նախորդ ամսվա ընթացքում ամբողջությամբ անվճար իրականացված սրտի վիրահատության դեպքերի մասին»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |