«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2002 թվականի N 1619-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց 11.03.04 N 290-Ն)
Հիմք ընդունելով «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ ու 11-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ կետերն ու 11-րդ հոդվածի 1-ին կետը և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համակարգի բարեփոխումների և մի շարք պետական մարմինների վերակազմակերպման մասին» N 199 որոշման 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
ա) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի գործակալության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը լրաց 11.03.04 N 290-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
(վերնագիրը լրաց 11.03.04 N 290-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
(1-ին կետը խմբ. 11.03.04 N 290-Ն)
2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի ներկայացմամբ:
3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Գործակալության նպատակներն ու խնդիրներն են՝
ա) աջակցել հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի բնագավառում պետական քաղաքականության ձևավորմանն ու կառավարմանը,
բ) ապահովել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ընդհանուր ենթատեքստում վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթներից տնտեսության և բնակչության կյանքի ու սեփականության վտանգի կանխատեսմանն ու կանխարգելմանը և (կամ) նվազեցմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի աղտոտվածության մոնիտորինգի իրականացմանն ու հիդրոօդերևութաբանական արտակարգ իրավիճակների բացահայտմանը նպատակաուղղված պետական ծրագրերի կատարումը,
գ) ապահովել հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի բնագավառում տեղեկատվական պահանջարկի բավարարումը,
դ) համակարգել հիդրոօդերևութաբանական անվտանգության ապահովման նպատակով ազգային հիդրոօդերևութաբանական ծառայության կայուն և արդյունավետ գործունեությունը,
ե) ապահովել արտակարգ իրավիճակներում հիդրոօդերևութաբանական և շրջակա միջավայրի մոնիտորինգի համակարգի գործունեությունը:
III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ա) հիդրոօդերևութաբանական պայմաններից մեծապես կախվածության մեջ գտնվող տնտեսության ճյուղերի (էներգետիկա, տրանսպորտ և կապ, գյուղատնտեսություն, շինարարություն և այլն) տնտեսական գործունեությունը և կայուն զարգացումը ապահովելու նպատակով անհրաժեշտ հիդրոօդերևութաբանական տեղեկությունների ստացման ու կանխատեսումների վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների կազմումը.
բ) հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի գործունեության ընթացիկ ու հեռանկարային ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
գ) միջազգային, հանրապետական և տեղական նշանակության հիդրոօդերևութաբանական ու շրջակա միջավայրի մոնիտորինգի աշխատանքների ցանկի կազմումը, դրանց կատարման կազմակերպումը, հիդրոօդերևութաբանական երևույթների և շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ պաշտոնական կանխատեսումների, այդ թվում՝ հույժ շտապ տեղեկատվության, ամփոփման, կուտակման և մատուցման ապահովումը.
դ) ազգային հիդրոօդերևութաբանական անվտանգության հայեցակարգի մշակմանն ու իրականացման ապահովմանը մասնակցությունը.
ե) հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի վերաբերյալ տարեգրերի և տեղեկագրերի կազմման ապահովումը.
զ) մակերևութային ջրերի պետական կադաստրի վարման և դրանց պետական հաշվառման իրականացման ապահովումը.
է) հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի բնագավառի դիտարկումների մեթոդների հաշվարկների, կանխատեսումների, տվյալների միասնականության ու համադրելիության ապահովումը.
ը) հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի աշխատանքները կանոնակարգող նորմատիվ ակտերի ու դրանց պահանջների կատարման ապահովումը.
թ) բնակչության կյանքի ու առողջության, երկրի տնտեսության և շրջակա միջավայրի համար սպառնալիք հանդիսացող վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների ու շրջակա միջավայրի աղտոտվածության վերաբերյալ հավաստի տեղեկատվության ապահովումը.
ժ) հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի բնագավառի միջազգային համաձայնագրերով՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարմանն աջակցելը.
ժա) հիդրոօդերևութաբանական երևույթների և շրջակա միջավայրի վիճակի գնահատման ու դրանց կանխատեսման ուղղությամբ միջազգային, ազգային և տեղական նշանակության գիտական հետազոտությունների կատարման ապահովումը.
ժբ) Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային և երկրաֆիզիկական երևույթներից տնտեսությանն ու բնակչությանն սպասվող հնարավոր վնասները նվազագույնի հասցնելու նպատակով դրանց վրա ակտիվ ներգործության աշխատանքների կատարման ապահովումը.
ժգ) յուրաքանչյուր տարի ջրային ռեսուրսների մոնիտորինգի ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման մարմին համալիր տեղեկատվություն ներկայացնելը, որը ներառվում է ջրի ազգային ծրագրի կատարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա հաղորդման մեջ:
IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը (այսուհետ՝ նախարար): Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին, մինչև քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:
Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Գործակալության պետը պատասխանատու է հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին և գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
12. Գործակալության պետը՝
ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ.
գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ ու տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ իր իրավասության սահմաններում գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
ը) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.
ժ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
ժա) վերահսկողություն է իրականացնում գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմին ստեղծելու վերաբերյալ.
ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջների համաձայն:
V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
15. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
16. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
17. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
(հավելվածը փոփ., խմբ. 11.03.04 N 290-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
(Վերնագիրը լրաց 11.03.04 N 290-Ն)
Օդերևութաբանության բաժին
Հիդրոլոգիայի բաժին
Շրջակա միջավայրի մոնիտորինգի բաժին
(հավելվածը փոփ. 11.03.04 N 290-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |