ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
17 ապրիլի 2007 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև 1994 թվականի սեպտեմբերի 20-ին Բուխարեստում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագրի լրացուցիչ արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Լրացուցիչ արձանագրությունն ստորագրվել է 2006 թվականի հոկտեմբերի 4-ին` Երևանում: Լրացուցիչ արձանագրության նպատակն է փոփոխել 1994 թվականի սեպտեմբերի 20-ին Բուխարեստում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի (ՀՀ ԱԺ-ն վավերացրել է 11.10.1995 թ.) այն դրույթները, որոնք առնչվում են Եվրոպական միությանը Ռումինիայի անդամակցության հետ ծագող պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև կարգավորել Ռումինիայում հայաստանյան ներդրումների իրավական ռեժիմը:
2. Հիշյալ Համաձայնագրի մի շարք դրույթներ լրացուցիչ արձանագրությամբ վերաձևակերպվել են, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է նոր պարտավորություններ, մասնավորապես.
- չխախտելով Եվրոպական միության ընդունած միջոցառումները` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է պաշտպանի իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կատարած ներդրումները,
- բարենպաստության ռեժիմների վերաբերյալ դրույթները չեն կիրառվի բոլոր առկա կամ ապագա առավելությունների նկատմամբ` ելնելով Եվրոպական միությանը Ռումինիայի անդամակցությունից կամ մասնակցությունից,
- չխախտելով Եվրոպական միության ընդունած միջոցները` յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի ներդրողներին կտրամադրի ներդրումների և վճարումների փոխընդունելի փոխանցումներ:
3. Ռումինիայի անդամակցությունից բխող պարտավորությունների կատարումն ապահովելու համար լրացուցիչ արձանագրությունը հնարավորություն է տալիս Կողմերի համաձայնությամբ փոփոխել նշված Համաձայնագրի դրույթները, իսկ համաձայնության չգալու դեպքում Ռումինիան միակողմանիորեն կարող է սահմանված կարգով այն դադարեցնել:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2006 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև 1994 թվականի սեպտեմբերի 20-ին Բուխարեստում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
|