«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հունվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2006 թվականի N 1910-Ն
«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱՐԳԵՐԸ, ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության, 2-րդ մասի, 3-րդ մասի երկրորդ պարբերության, 9-րդ հոդվածի, 10-րդ հոդվածի 2-րդ մասի չորրորդ պարբերության, 4-րդ մասի, 6-րդ մասի, 12-րդ հոդվածի, 20-րդ հոդվածի 3-րդ մասի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, 24-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության և 25-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) թաղման և դիակիզման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) գերեզմանատներում գերեզմանատեղերի հաշվառման և թաղումների գրանցման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
գ) գերեզմանի վկայականի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.
դ) գերեզմանատների շահագործման ընդհանուր կանոնները՝ համաձայն N 4 հավելվածի.
ե) գերեզմանատներից և դիակիզարաններից օգտվելու կանոնները՝ համաձայն N 5 հավելվածի.
զ) հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպման կարգը՝ համաձայն N 6 հավելվածի.
է) ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար վճարովի հողատարածքի հատկացման կարգը և չափը` համաձայն N 7 հավելվածի.
ը) վերահուղարկավորման կարգը՝ համաձայն N 8 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` վեցամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել`
ա) սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինների դիակիզման, գերեզմանատների վնասազերծման և տեղափոխման կարգը,
բ) վրահուղարկավորման կարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԹԱՂՄԱՆ ԵՎ ԴԻԱԿԻԶՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են մարդու մահից հետո նրա մարմինը (աճյունը) գերեզմանատան սահմաններում տրամադրված գերեզմանատեղում հողին հանձնելու (թաղելու) կամ դիակիզելու հետ կապված գործողությունները:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝
գերեզմանատան տնօրինություն` համայնքի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի, կամ համայնքի ղեկավարի (Երևանում` Երևանի քաղաքապետի) կողմից ստեղծված հուղարկավորության կազմակերպման համար օրենքով նախատեսված ոչ առևտրային կազմակերպություն.
դիակիզարան` մահացածի մարմինը դիակիզելու համար հատուկ վառարաններով, հանգուցյալի հետ հրաժեշտի ծիսակատարման սրահով, դիակների ժամանակավոր պահման սառնարանային համալիրով կահավորված հատուկ կառույց.
աճյունասափոր` չքայքայվող նյութից (մետաղյա կամ պլաստիկ) պատրաստված կափարիչի հերմետիկությունն ապահովող սրվակ (տրամագիծը` 0,15 մ, երկարությունը` 0,20 մ), որտեղ տեղադրվում է մահացածի մարմնի դիակիզումից հետո ստացված մոխիրը.
հուշապատ` աճյունասափորների տեղադրման համար հատուկ կառուցված պատ:
3. Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորությունն իրականացվում է մահվան վկայականի հիման վրա:
4. Մահվան վկայականը տրվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների (գյուղական համայնքներում` համայնքի ղեկավարի) կողմից:
Մահացածի մարմնի հերձման դեպքում մահվան վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 6-ի N 715 որոշմամբ սահմանված կարգով` մահվան պատճառի մասին պաթոլոգաանատոմիական կենտրոնի կողմից անվճար տրված եզրակացության հիման վրա:
Առանց մահացածի մարմնի հերձման` մահվան վկայականը կարող է տրվել մահվան պատճառի մասին եզրակացություն տվող բժշկի տեղեկանքի հիման վրա:
5. Մահացածի հուղարկավորման տեղի և տեսակի ընտրության, գերեզմանատեղի տրամադրման հարցերը կարգավորվում են` հաշվի առնելով անձի կենդանության ժամանակ իր հուղարկավորության պայմանների վերաբերյալ նրա կամքի գրավոր արտահայտությունը կամ, դրա բացակայության դեպքում, հուղարկավորության կազմակերպումն ստանձնողների ցանկությունը` օրենքով սահմանված կարգով:
6. Մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար տրամադրվում է գերեզմանատեղ` 2,5 քառ. մետր մակերեսով (2,5 մ x 1,0 մ): Ընտանեկան գերեզմանի համար անվճար հիմունքներով տրամադրվում է առավելագույնը 12,0 քառ. մետր, որից ավելի լինելու դեպքում տարածքը տրամադրվում է վճարովի հիմունքներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:
7. Մահացածի հուղարկավորության կազմակերպումն ստանձնողը գերեզմանատան տնօրինությանը ներկայացնում է մահվան վկայականը և առաջարկություն հուղարկավորության տեղի ու տեսակի (հողին հանձնում կամ դիակիզում) վերաբերյալ:
8. Գերեզմանատան տնօրինությունը հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի հետ համատեղ որոշում է հուղարկավորության տեղը, ինչպես նաև օրը և ժամը: Հանգուցյալի թաղումը կատարվում է մահվան պահից ոչ շուտ, քան 24 ժամ հետո:
9. Գերեզմանատան տնօրինությունը մահվան վկայականի հիման վրա համապատասխան գրանցում է կատարում թաղումների և գերեզմանատեղերի գրանցման մատյանում և հուղարկավորության կազմակերպումն ստանձնողին տալիս է գերեզմանի վկայական:
10. Ընտանեկան գերեզմանի առկայության դեպքում գերեզմանատեղը հատկացվում է այդ գերեզմանի տարածքում նախկինում տրված գերեզմանի վկայականի հիման վրա, որում կատարվում են համապատասխան գրանցումներ: Նշված գերեզմանի վկայականի բացակայության դեպքում հուղարկավորության կազմակերպումն ստանձնողին տրվում է գերեզմանի նոր վկայական:
11. Նոր գերեզմանը հատկացվում է օրենքով սահմանված կարգով և չափերով` գերեզմանատան հողերի օգտագործման հաստատված հատակագծով (սխեմայով) նախատեսված հերթականությամբ: երեզմանատան տնօրինության ներկայացուցիչը հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի հետ համատեղ տեղում սահմանասյուներով նշում է գերեզմանի սահմանները:
12. Գերեզմանատան տնօրինությունը հուղարկավորության կազմակերպումն ստանձնողին ներկայացնում է իր կողմից կատարվող` մահացածին հողին հանձնելու, դիակիզման նախապատրաստական աշխատանքների (գերեզմանի փորում, թաղման կազմակերպում, գերեզմանի կարգավորում, դիատար և այլ ավտոմեքենաների տրամադրում, դիակիզում) և մատուցվող այլ վճարովի ծառայությունների ցանկը: Նշված ծառայություններից օգտվելը կամավոր է:
13. Սույն կարգի 12-րդ կետում նշված` մատուցվող վճարովի ծառայությունների ցանկը հաստատում է համայնքի ղեկավարը (Երևանում` Երևանի քաղաքապետը):
14. Աճյունասափորը տեղադրվում է հուշապատի մեջ կամ ընտանեկան գերեզմանում` դիակիզարանի կողմից տրված տեղեկանքի հիման վրա:
15. Մահացածի հետ հրաժեշտի և հուղարկավորության ծիսակատարությունը կարող է իրականացվել համայնքներում ձևավորված ազգային և կրոնական ավանդույթի համաձայն:
16. Հուղարկավորության ավարտից հետո գերեզմանատան տնօրինությունը գերեզմանի վրա տեղադրում է մետաղյա ցուցանակ, իսկ աճյունասափորը հուշապատի մեջ տեղադրելու դեպքում փակվում է սալաքարով, որոնց վրա նշվում են հանգուցյալի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ու մահվան տարեթվերը և գերեզմանատեղի (աճյունասափորի) հաշվառման համարը: Մետաղյա ցուցատախտակը և աճյունասափորի սալաքարը պատրաստվում և տեղադրվում են գերեզմանատան տնօրինության միջոցների հաշվին:
17. Հուղարկավորությունը դիակիզման միջոցով կամավոր է: Այն իրականացնելու համար հուղարկավորության կազմակերպումն ստանձնողը գրավոր դիմում է դիակիզարանի տնօրինությանը` ներկայացնելով մահվան վկայականը:
18. Դիակիզարանի պատասխանատու անձը դիակիզման մատյանում կատարում է դիակիզման օրվա ու ժամի վերաբերյալ գրանցում և հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի պատվերով կազմակերպում է մահացածի մարմնի ընդունումը, հրաժեշտի ծիսակատարությունն ու դիակիզումը: Աճյունասափորը հանձնվում է հուղարկավորության կազմակերպումն ստանձնողին կամ, նրա բացակայության դեպքում, հարազատներից որևէ մեկին` դիակիզումից հետո մեկ օրվա ընթացքում:
19. Մահացածի հարազատների, ազգականների և այլ անձանց կողմից հուղարկավորության կազմակերպումից հրաժարվելու կամ, նրանց բացակայության դեպքում, մահացածի հուղարկավորությունն ստանձնում է քաղաքացու վերջին մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարը:
20. Ազատազրկման վայրերում, բուժհաստատություններում, ծերանոցներում և մանկատներում մահացած անձանց հուղարկավորությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
21. Ինքնությունը չպարզված անձի հուղարկավորությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների համաձայնությամբ` քաղաքացիական գերեզմանատներում հատուկ հատկացված տեղերում: Ինքնությունը չպարզված անձի դիակիզումն արգելվում է` բացառությամբ սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքերի:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐՈՒՄ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԵՂԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԹԱՂՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են մահացած անձանց հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի անվամբ գերեզմանատներում գերեզմանատեղերի (գերեզմանների) հաշվառման և թաղումների գրանցման կարգն ու մատյանի ձևը` համաձայն ձևի:
2. Թաղումների և գերեզմանատեղերի գրանցման մատյանները (այսուհետ` մատյան) վարում են տեղական ինքնակառավարման մարմինները (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանը) կամ նրանց կողմից լիազորված պատասխանատու անձը (կազմակերպությունը)` յուրաքանչյուր գերեզմանատան համար:
3. Մատյանի թերթերը համարակալվում են, կարվում և կնքվում սույն կարգի 2-րդ կետում նշված մարմինների կողմից:
4. Մատյանում գրանցվում են`
ա) գրանցման հերթական համարը, տարեթիվը, ամսաթիվը, ամիսը,
բ) մահացածի անունը, հայրանունը, ազգանունը,
գ) մահացածի ծննդյան և մահվան տարեթվերը, ամսաթվերը և ամիսները,
դ) մահվան վկայականի համարը, մահը գրանցող մարմնի անվանումը, գրանցման տարեթիվը, ամսաթիվը, ամիսը,
ե) մահացածի վերջին բնակության վայրը,
զ) գերեզմանի վկայականի համարը, գերեզմանի տեղը (ծառուղի, հատված, շարք),
է) գերեզմանի մակերեսը (քառ. մետր)` ընդամենը, այդ թվում` վճարովի,
ը) հուղարկավորության կազմակերպումն ստանձնած անձի անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի համարը և մահացածի հետ ազգակցական կապը,
թ) տվյալ գերեզմանում թաղվածների թիվը,
ժ) այլ նշումներ:
5. Մատյանի համապատասխան սյունակներում ստորագրում են գերեզմանի վկայականն ստացողը և գրանցում կատարող պատասխանատու անձը:
6. Մատյանում ուղղումներ և ջնջումներ կատարելն արգելվում է: Անհրաժեշտության դեպքում` կատարված ուղղումները կամ ջնջումները վավերացվում են գրանցման մատյանը վարող պատասխանատու անձի ստորագրությամբ:
7. Մատյանները պահվում են անժամկետ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև
Մ Ա Տ Յ Ա Ն
ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐՈՒՄ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԵՂԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԹԱՂՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
Գրանցման հերթական համարը, տարեթիվը, ամսաթիվը, ամիսը |
Մահա- ցածի անունը, հայրա- նունը, ազգա- նունը |
Մահա- ցածի ծննդյան և մահվան տարե- թվերը, ամսա- թվերը, ամիսները |
Մահվան վկայականի համարը, գրանցող մարմնի անվանումը, գրանցման տարեթիվը, ամսաթիվը, ամիսը |
Մահացածի վերջին բնակության վայրը |
Գերեզմանի վկայականի համարը, ծառուղի, հատված, շարք |
Գերեզմանի մակերեսը (քառ. մ) |
Հուղարկավորության կազմակերպումն ստանձնող անձը, ազգակցական կապը |
Տվյալ գերեզ-մանում թաղված- ների թիվը |
Այլ նշում-ներ | Գրանցում կատարող պատաս-խանատու անձի ստորա-գրու- թյունը | ||
ընդա-մենը | այդ թվում` վճա-րովի |
անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի տվյալները, ազգակցական կապը |
ստո- րա- գրու- թյունը | |||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
|
Ձև
էջ 1
Գ Ե Ր Ե Զ Մ Ա Ն Ի Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N _ _ _ _ _ _
Գերեզմանատուն __________________________________ , |
ծառուղի __________, հատված ___________, շարք _______ , |
Հողատարածքի չափերը` _____________________________ մ, |
Հողատարածքի մակերեսը` ընդամենը` _________________ քառ. մ, |
այդ թվում` վճարովի ____________________________ քառ. մ, |
Հուշապատ ________________________________________ |
Հուղարկավորությունն ստանձնած անձ _______________________ (անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրային տվյալները) |
_________________________________________________ |
________________________________________________ , |
Ազգակցական կապը ____________________________________ |
_____ __________________ 200 թ. |
էջ 2
ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
NN ը/կ |
Թաղումների և գերեզմանա- տեղերի գրանցման մատյանում գրանցման համարը տարեթիվը, ամսաթիվը, ամիսը |
Հանգուցյալի անունը, հայրանունը, ազգանունը |
Ծննդյան տարե- թիվը, ամսա- թիվը, ամիսը |
Մահվան տարե- թիվը, ամսա- թիվը, ամիսը |
Մահվան վկայա- կանի համարը |
Հուղարկա- վորության տեսակը (հողին հանձնում, դիակիզում) |
Գրանցում կատարող պատասխա-նատու անձի ստորագրու-թյունը |
Գերեզմանատան տնօրեն ______________ (ստորագրությունը) |
_________________ (անունը, ազգանունը) |
Կ.Տ.
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Ը Ն Դ Հ Ա Ն ՈՒ Ր Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն ընդհանուր կանոններով սահմանվում են գերեզմանատների բարեկարգման, պահպանման ու շահագործման (այսուհետ` շահագործում) ընդհանուր կանոնները:
2. Գերեզմանատները շահագործվում են համայնքների (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) բյուջեի միջոցների հաշվին:
3. Գերեզմանատների շահագործումն ապահովում է համայնքի ղեկավարը, (Երևանում` Երևանի քաղաքապետը) կամ նրա կողմից ստեղծված ոչ առևտրային կազմակերպությունը:
4. Պետական լիազոր մարմինը գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման և հուղարկավորությունների կազմակերպման բնագավառում իրականացնում է օրենքով իրեն վերապահված լիազորությունները:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` հասարակական նշանակություն ունեցող գերեզմանատները (Եռաբլուր, Կոմիտասի անվան պանթեոն) և դիակիզարանները պահպանվում են բյուջետային հատկացումների հաշվին` հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:
6. Գերեզմանատները (դիակիզարանները) կազմավորվում են տեղական ինքնակառավարման մարմինների (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) որոշմամբ` ըստ գտնվելու բնակավայրի հաստատված գլխավոր հատակագծերի, հողերի գոտևորման և օգտագործման սխեմաների հիման վրա` քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարական նորմերին համապատասխան:
7. Գերեզմանատներն ու դիակիզարանները տեղադրվում են բնակելի տներից, դպրոցներից, նախադպրոցական, առողջապահական և հասարակական այլ շենքերից ու հանգստի գոտիներից առնվազն 300 մետր հեռավորության վրա:
8. Համայնքներում նոր գերեզմանատների կազմակերպման, գործող գերեզմանատների ընդլայնման համար հողատարածքները տրամադրվում և նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Գերեզմանատները և դիակիզարանները նախագծվում են դրանց համար հատկացված տարածքների ինժեներաերկրաբանական հետազոտությունների նյութերի փորձաքննության դրական եզրակացության հիման վրա:
10. Յուրաքանչյուր գործող գերեզմանատան համար համայնքի ղեկավարը (Երևանում՝ Երևանի քաղաքապետը) հաստատում է գերեզմանատների հողերի օգտագործման հատակագիծը (սխեման), որում նախատեսվում են`
ա) գերեզմանատան զբաղեցրած հողատարածքի սահմանները,
բ) գերեզմանատան սանիտարապաշտպանիչ գոտին` պարսպից (ցանկապատից) առնվազն 10 մետր հեռավորությամբ,
գ) օրենքով սահմանված չափերով գերեզմանների հատկացման համար տեղամասերը (ծառուղիները, հատվածները, շարքերը) և դրանց օգտագործման հերթականությունը` առանձնացնելով ընտանեկան գերեզմանների, անհատական գերեզմանատեղերի (մեկ անձի) և պատմամշակութային տեղամասերը,
դ) աճյունասափորների տեղադրման համար հուշապատերը,
ե) ճանապարհների ու շավիղների տեղադրությունը, որոնց ընդհանուր մակերեսը չպետք է գերազանցի գերեզմանատան ընդհանուր տարածքի 15 տոկոսը,
զ) կանաչապատման տեղամասերը չպետք է գերազանցեն գերեզմանատան ընդհանուր տարածքի առնվազն 20 տոկոսը,
է) գերեզմանատան շահագործման և գերեզմանատնից օգտվելու համար անհրաժեշտ շինությունները, ենթակառուցվածքները` ելնելով տեղական պայմաններից (ավտոկայանատեղ, սգո արարողությունների սրահ, գրասենյակ, սգո պարագաների ու ծաղիկների վաճառքի կետ, գործիքների վարձույթի կետ, ոռոգման համակարգ, խմելու ջրի ծորակ, հասարակական զուգարան, պարիսպ (ցանկապատ):
11. Ընտանեկան գերեզմանների սահմանների միջև տարածությունը պետք է լինի առնվազն 0,5 մետր: Ընտանեկան գերեզմաններում գերեզմանատեղերի և անհատական գերեզմանատեղերի միջև տարածությունը պետք է լինի մեկ մետր երկարությամբ ու առնվազն 0.5 մետր լայնությամբ:
12. Գերեզմանահորի խորությունը պետք է լինի առնվազն 1,5 մետր: երեզմանահորի հատակն ստորգետնյա ջրերի մակարդակից պետք է առնվազն 2,5 մետր բարձր լինի:
13. Մահացածի աճյունը գերեզմանահորում տեղադրելուց հետո գերեզմանը ծածկվում է 0.5 մետր բարձրությամբ հողաթմբով, որի եզրերը պետք է լինեն գերեզմանահորի չափերից ավելին` գերեզմանահորը մակերևութային ջրերի թափանցումից պաշտպանելու նպատակով:
14. Աճյունասափորների հուշապատի բարձրությունը պետք է լինի ոչ ավելի, քան 2.5 մետր, իսկ երկարությունը՝ գերեզմանատան հողերի օգտագործման հատակագծին (սխեմային) համապատասխան: Աճյունասափորները տեղադրվում են հուշապատի խորշերում (տրամագիծը` 0,2 մետր, խորությունը` 0,25 մետր) երեք հորիզոնական շարքով: Խորշերի միջև տարածությունն ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով պետք է լինի առնվազն 1,0 մետր: Յուրաքանչյուր աճյունասափորի համար տեղադրվում է սալաքար` 0,5 մ x 0,5 մ չափերով: Հուշապատի համար կարող է օգտագործվել գերեզմանատան պարիսպը:
15. Գերեզմանատան մուտքի մոտ տեղադրվում են գերեզմանատան հատակագիծը և գերեզմանատնից օգտվելու կանոնները:
16. Գերեզմանատան տնօրինությունն ապահովում է գերեզմանատան տարածքի մաքրությունը և կազմակերպում աղբահանությունը:
17. Գերեզմանատան տարածքը պետք է ապահովված լինի մակերևութային ջրերի հեռացման համակարգով:
18. Գերեզմանատան հողատարածքներում, այդ թվում` սանիտարապաշտպանիչ գոտում արգելվում են դրանց նպատակային և գործառնական նշանակությանը հակասող ցանկացած գործունեություն, ինչպես նաև պտղատու ծառերի ու թփերի տնկումը:
19. Գերեզմանատանը հարակից տարածքներում գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող հողատարածքները պետք է լինեն գերեզմաններից առնվազն 40 մետր հեռավորության վրա:
20. Գերեզմանատան տարածքում արգելվում է բնակավայրերի խմելու և տնտեսական ջրամատակարարման ու ջրահեռացման ցանցերի տեղադրումը` բացառությամբ գերեզմանատան կարիքների համար տեղադրվողների:
21. Գերեզմանատների տեղափոխման դեպքում չի թույլատրվում դրանց զբաղեցրած հողատարածքներն օգտագործել գյուղատնտեսական նպատակների համար:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻՑ ԵՎ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ
1. Սույն կանոններով սահմանվում են գերեզմանատներից և դիակիզարաններից օգտվելու կանոնները:
2. Հուղարկավորությունը գերեզմանատներում և դիակիզումը կատարվում են ամեն օր, ժամը 10.00-18.00-ն: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տոնական ոչ աշխատանքային օրերին, որպես կանոն, հուղարկավորություն և դիակիզում չեն իրականացվում:
3. Գերեզմանատներն այցելուների համար բաց են ամեն օր, ժամը 9.00-20.00-ն:
4. Գերեզմանատան տնօրինությանը հուղարկավորություն կատարելու մասին տեղեկացվում է մեկ օր առաջ:
5. Հուղարկավորության կազմակերպումն ստանձնողը (մահացածի հարազատները, մտերիմները) իրավունք ունեն իրենց պատկանող գերեզմանի սահմաններում կատարելու գերեզմանների, գերեզմանատեղերի բարեկարգման և տապանաքարերի, մահարձանների տեղադրման աշխատանքներ` համաձայնեցնելով գերեզմանատան տնօրինության հետ: Նշված աշխատանքների կատարումը չպետք է վնաս պատճառի այլ գերեզմանների, գերեզմանատան կառույցների: Պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:
6. Սույն կանոնների 5-րդ կետում նշված շինարարական աշխատանքները կատարելու համար գերեզմանատան տարածք մեքենաների (մեխանիզմների) մուտքը չի արգելվում:
7. Այցելուները գերեզմանների խնամքի և պահպանման համար անհրաժեշտ պարագաներից ու գործիքներից կարող են օգտվել գերեզմանատանը կից վարձույթի կետից:
8. Այցելուները պարտավոր են չաղտոտել գերեզմանատան տարածքը և պահպանել մաքրություն: Այցելուները պարտավոր են ծիսակատարությունների և գերեզմանների խնամքի արդյունքում առաջացած աղբը տեղադրել գերեզմանատան տնօրինության կողմից հատուկ հատկացված տեղերում: Շինարարական աշխատանքների հետևանքով առաջացած թափոնները հավաքվում և տեղափոխվում են շինարարություն իրականացնող պատասխանատու անձի կողմից:
9. Դիակիզարանից օգտվելու դեպքում մահացածին դիակիզում և աճյունասափորը պատրաստում են ըստ պատվերի ընդունման հերթականության:
10. Գերեզմանների ոչնչացման, պղծման, դրանցում ամրակայված կառույցներին վնաս պատճառելու դեպքում մեղավորները ենթակա են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Կ Ա Ր Գ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀՐԱԺԵՇՏԻ ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹԱՂՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպման կարգը:
2. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվում է հանձնաժողով, որում ընդգրկվում են`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը (հանձնաժողովի նախագահ),
բ) մարզերում` մարզպետը կամ նրա տեղակալը, Երևանում` Երևանի քաղաքապետը կամ նրա տեղակալներից մեկը,
գ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կապի և տրանսպորտի նախարարության ներկայացուցիչները և այն բնագավառի (մարմնի, կազմակերպության) ներկայացուցիչը, որտեղ աշխատել (գործել) է հանգուցյալը,
դ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչը,
ե) հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները (համաձայնությամբ),
զ) մահացածի հարազատներից որևէ մեկը:
3. Հանձնաժողովը, մահացածի հարազատների կամ նրանց կողմից լիազորված անձի մասնակցությամբ, որոշում է թաղման տեղը, քաղաքացիական հոգեհանգստի արարողության տեղը, օրը, ժամը, թաղման թափորի շարժման երթուղին, անհրաժեշտ ավտոբուսների և ավտոմեքենաների թիվը:
4. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամներից որևէ մեկին նշանակում է հուղարկավորության կազմակերպման պատասխանատու անձ (այսուհետ` պատասխանատու անձ) և համապատասխան հանձնարարականներ է տալիս հանձնաժողովի անդամներին:
5. Պատասխանատու անձը`
ա) կազմակերպում է թաղման և դիակիզման կարգով նախատեսված համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը,
բ) պատվիրում է դագաղը և սգո արարողության համար անհրաժեշտ պարագաները,
գ) ապահովում է դիատար ավտոմեքենան, ավտոբուսներ ու ավտոմեքենաներ,
դ) նախապատրաստում և ձևավորում է քաղաքացիական հոգեհանգստի արարողության դահլիճը (սրահը),
ե) կազմակերպում է մահացածի աճյունի տեղափոխումը քաղաքացիական հոգեհանգստի արարողության դահլիճ (սրահ), հոգեհանգստի մասնակիցների երթը, պատվո պահակությունը,
զ) թաղումից առնվազն երկու ժամ առաջ ապահովում է գերեզմանահորի պատրաստումը և ձևավորումը, գերեզմանի ու հարակից տարածքի բարեկարգումը,
է) որոշում է մահացածի աճյունը, թաղման թափորի առջևից հանգուցյալի նկարը, շքանշանների ու մեդալների բարձիկները, ծաղկեպսակները տեղափոխող և գերեզմանում մահացածի աճյունը հողին հանձնող անձանց:
Հանձնաժողովի պատասխանատու անձը սույն կետում նշված աշխատանքների իրականացումը կարող է պատվիրել հուղարկավորության ծառայություններ մատուցող ոչ առևտրային կազմակերպությանը:
6. Թաղման, մահարձանի պատրաստման, տեղադրման ու գերեզմանի բարեկարգման ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
7. Մահացածի հարազատների ցանկությամբ` սեփական միջոցներով կարող են կատարվել թաղման և դիակիզման կարգին չհակասող լրացուցիչ արարողություններ` համաձայնեցնելով հանձնաժողովի պատասխանատու անձի հետ:
8. Հոգեհանգստի դահլիճում (սրահում) պատվո պահակները կանգնում են մահացածի աճյունի չորս անկյունում` դեմքով դեպի դագաղը:
9. Քաղաքացիական հոգեհանգստի ավարտից հետո դուրս է բերվում մահացածի նկարը, շքանշանների ու մեդալների բարձիկները, դագաղի կափարիչը, դագաղը և դրվում դիատարի վրա, ու թաղման թափորը շարժվում է դեպի գերեզմանատուն` հետևյալ հերթականությամբ`
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան,
մահացածի նկարը, շքանշանների ու մեդալների բարձիկները և ծաղկեպսակները տանող ավտոմեքենան,
դիատար ավտոմեքենան,
մահացածի հարազատների ավտոմեքենաները,
նվագախմբի ավտոմեքենան,
շտապօգնության մեքենան,
թաղման մասնակիցներին տեղափոխող (այդ թվում` անձնական օգտագործման) ավտոմեքենաները:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչը կազմակերպում է թաղման թափորի երթը և ապահովում հրաժեշտի արարողության ու գերեզմանատեղի անվտանգությունը:
11. Հանձնաժողովի պատասխանատու անձը գերեզմանատանը կազմակերպում է թաղման միտինգը:
12. Մահացածի աճյունը հողին հանձնելու արարողությունը, հարազատների ցանկությամբ, կարող է կազմակերպվել ըստ ազգային և կրոնական ավանդույթների:
13. Պատասխանատու անձի կողմից որոշված անձինք ապահովում են գերեզմանահորում մահացածի աճյունի տեղադրումը, գերեզմանաթմբի ձևավորումը, մահացածի նկարի տեղադրումը և գերեզմանի հաշվառման ցուցանակի ամրացումը:
14. Թաղման արարողությունն ավարտվում է` ցավակցություն արտահայտելով մահացածի հարազատներին ու մտերիմներին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Կ Ա Ր Գ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար, բացի օրենքով նախատեսված` անվճար հիմունքներով տրամադրվող հողատարածքից, վճարովի հիմունքներով լրացուցիչ տարածք տրամադրելու հետ կապված գործընթացները:
2. Ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար վճարովի տարածք հատկացվում է չորսից ավելի անդամ ունեցող ընտանիքներին` միայն որպես գերեզմանատեղ օգտագործելու իրավունքով: Վճարովի հիմունքներով հատկացվող հողատարածքի առավելագույն չափը սահմանվում է 10,0 քառ. մետր:
3. Վճարովի հողատարածքը հատկացվում է բաց գերեզմանատներում հերթական թաղում իրականացնելու ժամանակ գոյություն ունեցող գերեզմանին կից ազատ տարածքի առկայության դեպքում և նոր ընտանեկան գերեզման հատկացնելու դեպքում` ըստ գերեզմանատան հողերի օգտագործման հաստատված հատակագծի (սխեմայի) և թաղումների հերթականության:
4. Արգելվում է վճարովի հողատարածքների հատկացումը մասնակի փակ գերեզմանատներում:
5. Գոյություն ունեցող գերեզմանին կից վճարովի հողատարածքի հատկացումը չպետք է խախտի գերեզմանատան հողերի օգտագործման հատակագիծը (սխեման) և խոչընդոտի հարևան գերեզմանների ու անցումների օգտագործումը:
6. Բաց կամ նոր կազմավորվող գերեզմանատների հողերի օգտագործման հատակագծում (սխեմայում), ելնելով տեղական պայմաններից, կարող են նախատեսվել առանձին հատվածներ (ծառուղիներ)` ընտանեկան գերեզմանների կազմավորման համար, ներառյալ վճարովի հողատարածքները:
7. Գերեզմանատան տնօրինությունը վճարովի տարածքը հատկացնում է հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի դիմումի և մահացածի ընտանիքի անդամների կազմի մասին համապատասխան լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքի հիման վրա:
8. Վճարովի հիմունքներով հատկացվող հողատարածքի արժեքը որոշում է համայնքի ղեկավարը (Երևանում` Երևանի քաղաքապետը)` օրենքով սահմանված կարգով, ըստ տվյալ գոտու համար սահմանված տարածագնահատման գոտիականության գործակիցների:
9. Հատկացված հողատարածքի արժեքը վճարվում է համայնքի բյուջե (Երևանում` Երևանի քաղաքապետարան), կատարված վճարման դիմաց տրվում է անդորրագիր: Ստացված միջոցներն օգտագործվում են գերեզմանատների պահպանման ու շահագործման համար:
10. Գերեզմանատան տնօրինությունը վճարման անդորրագրի հիման վրա համապատասխան նշում է կատարում գերեզմանատան հողերի օգտագործման հատակագծում (սխեմայում) և գրանցում գերեզմանատներում գերեզմանատեղերի հաշվառման ու թաղումների գրանցման մատյանում և գերեզմանի վկայականում:
11. Գերեզմանատան տնօրինության ներկայացուցիչը հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի հետ տեղում նախանշում է վճարովի հողատարածքի տեղը, չափերը և սահմանասյուներով նշում գերեզմանի սահմանները:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Կ Ա Ր Գ
ՎԵՐԱՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են վերահուղարկավորման հետ կապված գործընթացները:
2. Մահացածի հարազատների ցանկությամբ` մահացածի վերահուղարկավորումը (գերեզմանից այլ գերեզման տեղափոխելը) իրականացվում է թաղումից առնվազն երեք տարի հետո` մահացածի հարազատների միջոցների հաշվին:
3. Վերահուղարկավորումը թույլատրում է գերեզմանատան տնօրինությունը` մահացածի հարազատի դիմումի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմնի կողմից տրված վերահուղարկավորում իրականացնելու հնարավորության վերաբերյալ եզրակացության հիման վրա:
Մահացածի հարազատն այլ բնակավայրի գերեզմանատուն տեղափոխելու դեպքում ներկայացնում է նաև տվյալ բնակավայրի գերեզմանատան տնօրինության թույլտվությունը:
4. Մահացածի աճյունը (աճյունի մնացորդները) գերեզմանից հանվում է ցերեկային ժամերին, գերեզմանատան տնօրինության ու պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմնի ներկայացուցիչների պարտադիր ներկայությամբ, անհրաժեշտության դեպքում՝ ոստիկանության ներկայացուցչի մասնակցությամբ:
5. Մահացածի աճյունը (աճյունի մնացորդները) գերեզմանից հանելուց հետո գերեզմանատան տնօրինության կողմից գերեզմանահորն անմիջապես ախտահանվում է, լցվում հողով, և տեղը հարթեցվում է:
6. Հանված աճյունը (աճյունի մնացորդները) փաթաթվում է բամբակյա կտորով և տեղադրվում պոլիէթիլենային պարկի մեջ, որից հետո տեղադրվում է փայտյա արկղի կամ դագաղի մեջ և տեղափոխվում նոր գերեզման: Նոր գերեզմանում թաղելուց առաջ աճյունը (աճյունի մնացորդները) հանվում է պոլիէթիլենային պարկից:
7. Նախկին և նոր գերեզմանների գերեզմանատների տնօրինությունները վերահուղարկավորման մասին գրանցումներ են կատարում թաղումների և գերեզմանատեղերի գրանցման մատյաններում ու գերեզմանների վկայականներում:
8. Գերեզմանատների տեղափոխման դեպքում վերահուղարկավորումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով և այդ դեպքերի համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |