«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 ապրիլի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10211168
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 մարտի 2011 թ. |
N 38-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել իրավաբանական անձանց պետական միասնական և պետական գրանցամատյանների վարման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հ. Թովմասյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի մարտի 30-ի N 38-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ
1. Սույն կարգը կարգավորում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների) կողմից իրավաբանական անձանց միասնական և պետական գրանցամատյաններում գրանցումներ կատարելու կարգը և պայմանները:
2. Իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացվում է պետական գրանցման մատյաններում (այսուհետ՝ գրանցամատյան) համապատասխան գրառում կատարելու միջոցով: Իրավաբանական անձանց պետական գրանցման մատյանները իրենցից ներկայացնում են «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված այն պետական գրանցման քարտերի ամբողջությունը, որոնցում լրացված են սույն կարգով սահմանված տեղեկութունները: Իրավաբանական անձանց պետական գրանցման մատյանները լրացվում են միայն թղթային տարբերակով, իսկ պետական միասնական գրանցամատյանը՝ միայն էլեկտրոնային տարբերակով: Իրավաբանական անձանց պետական գրանցամատյանների մաս կազմող պետական գրանցման քարտում սույն կարգով սահմանված տեղեկությունները լրացնելուց և քարտը տարածքային բաժնի պետի կողմից ստորագրվելուց ու կնքվելուց հետո, նույն տեղեկությունները հավաքվում են համակարգչով և բաժնի պետի հաստատումից հետո այդ տեղեկությունները անմիջապես գեներացվում են պետական միասնական գրանցամատյանում:
3. Իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում գրառվում են հետևյալ տեղեկությունները՝
1) անվանումը, ներառյալ՝ ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական ձևը.
2) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.
3) պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը.
4) պետական գրանցման վկայականի սերիան և համարը.
5) հիմնադրման տարին.
6) հիմնադրման եղանակը.
7) իրավաբանական անձի կոդը.
8) հիմնադիրների (մասնակիցների, անդամների, գործընկերների, բաժնետերերի) կազմը և տեղեկություններ նրանց վերաբերյալ (ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության (հաշվառման) վայրը, իրավաբանական անձանց դեպքում՝ անվանումը, գրանցման վկայականի տվյալները, գտնվելու վայրը).
9) կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի, բաժնային ֆոնդի և այլն) չափը.
10) կանոնադրական կապիտալում (բաժնեհավաք կապիտալում, բաժնային ֆոնդում և այլն) հիմնադիրների (մասնակիցների, անդամների, գործընկերների, բաժնետերերի) ներդրումների չափը.
11) իրավաբանական անձի գտնվելու վայրը (փոստային հասցեն), այդ թվում՝ հեռախոսը և կապի այլ միջոցներ.
12) գործունեության ժամկետը, եթե ստեղծված է որոշակի ժամանակով.
13) տեղեկություններ լուծարման գործընթացում գտնվելու մասին (լուծարման գործընթացի սկիզբն ու ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը).
14) գործունեության (գոյության) դադարման դեպքում՝ նշում այդ մասին.
15) տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնակատարի մասին (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության (հաշվառման) վայրը, կապի միջոցները):
4. Իրավաբանական անձանց միությունների, հիմնադրամների և հասարակական միավորումների պետական գրանցման դեպքում գրառման ենթակա չեն սույն կարգի 3-րդ կետի 9-րդ և 10-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունները, իսկ սույն կարգի 3-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված տեղեկությունները կուսակցությունների համար գրառելու դեպքում նշվում է միայն մշտական գործող ղեկավար մարմնի անդամների վերաբերյալ տեղեկությունները, իսկ հասարակական կազմակերպությունների համար գրառելու դեպքում, եթե հիմնադիրների թիվը 5-ից ավելի է, նշվում է առնվազն 5 հիմնադիրների վերաբերյալ տեղեկությունները՝ առաջին հերթին նրանց, ովքեր ընդգրկված են մշտական գործող ղեկավար մարմնի կազմում:
5. Բաժնետիրական ընկերությունների պետական գրանցման դեպքում պարտադիր գրառման ենթակա չեն սույն կարգի 3-րդ կետի 8-րդ և 10-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունները:
6. Կոոպերատիվների պետական գրանցման դեպքում բաժնային ֆոնդի հետ գրառվում է անբաժանելի ֆոնդի չափը:
7. Սույն կարգի 1-ին կետի 15-րդ ենթակետով սահմանված տեղեկությունները պարտադիր գրառման ենթակա են փոփոխությունների գրանցման ժամանակ, ինչպես նաև այն դեպքում, երբ նոր գրանցվող իրավաբանական անձի հիմնադիր ժողովը (համագումարը կամ օրենքով սահմանված այլ մարմինը) կամ հիմնադիրը ընտրել (նշանակել) է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար:
8. Անհատ ձեռնարկատիրոջ մասին պետական գրանցամատյանում գրառվում են հետևյալ տվյալները՝
1) անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը.
2) պետական հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը.
3) պետական հաշվառման վկայականի սերիան և համարը.
4) անհատ ձեռնարկատիրոջ անունը.
5) անհատ ձեռնարկատիրոջ անձնագրային տվյալները (սերիան, համարը, ում կողմից է տրված և այլն).
6) բնակության վայրը.
7) հաշվառման վայրը (եթե չի համընկնում բնակության վայրի հետ).
8) գործունեության դադարման դեպքում՝ նշում այդ մասին:
9. Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների մասին պետական գրանցամատյանում գրառվում են հետևյալ տեղեկությունները՝
1) անվանումը.
2) իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի պետական հաշվառման համարը.
3) պետական հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը.
4) պետական հաշվառման վկայականի սերիան և համարը.
5) հիմնադրման տարին.
6) հիմնադիր կազմակերպության անվանումը, գրանցման վկայականի տվյալները, գտնվելու վայրը.
7) իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գտնվելու վայրը (փոստային հասցեն), այդ թվում՝ հեռախոսը և կապի այլ միջոցներ.
8) գործունեության ժամկետը, եթե ստեղծված է որոշակի ժամանակով.
9) գործունեության (գոյության) դադարման դեպքում՝ նշում այդ մասին.
10) տեղեկություններ իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գործադիր մարմնի ղեկավարի կամ գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնակատարի մասին (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության (հաշվառման) վայրը, կապի միջոցները):
10. Գրանցամատյանում գրառումները պետք է կատարվեն հայերենով, առանց կրճատումների, առանց ջնջումների և տողեր բաց թողնելու:
11. Գրանցամատյանը խիստ հաշվառման փաստաթուղթ է: Պետական գրանցամատյաններում և պետական միասնական գրանցամատյանում գրառված տեղեկությունները չեն կարող փոխվել, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված կարգով գրանցվում է համապատասխան փոփոխություն: Սույն կարգով սահմանված պետական գրանցամատյանում գրառվող տեղեկությունների ցանկը կարող է փոփոխության ենթարկվել միայն օրենքով սահմանված դեպքերում: