«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11507129
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
22 փետրվարի 2007 թ. |
N 40-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի դրույթները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել սոցիալական պաշտպանության բնագավառի լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Ստեղծել սոցիալական պաշտպանության բնագավառի լիցենզավորման հանձնաժողով, հետևյալ կազմով`
Ֆ. Բերիկյան | Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Վ. Բաղդասարյան | նախարարության աշխատակազմի վերահսկողության և սոցիալական մոնիտորինգի վարչության պետ |
Է. Գևորգյան | նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ |
Հ. Գորոյան | նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ |
Լ. Ղազարյան | նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ |
Ջ. Բաղդասարյան | նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ |
Է. Իսրայելյան | նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար` մանկատների կազմակերպման, երեխաների ցերեկային խնամքի կազմակերպման, երեխաների ժամանակավոր խնամքի կազմակերպման լիցենզավորման հարցերով) |
Ա. Հակոբյան | նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության տարեցների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար` ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման լիցենզավորման հարցերով): |
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. Վարդանյան |
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության բնագավառի լիցենզավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվում և հանձնաժողովի գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Հանձնաժողովի խնդիրն է ապահովել Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության բնագավառի լիցենզավորման գործընթացը:
4. Հանձնաժողովն իր առջև դրված խնդրին համապատասխան` իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) տալիս է եզրակացություն սոցիալական պաշտպանության բնագավառի լիցենզիա տրամադրելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին,
բ) քննարկում է սոցիալական պաշտպանության բնագավառի լիցենզավորման հայտերը, ուսումնասիրում է լիցենզիա ստանալու համար հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը,
գ) սոցիալական պաշտպանության բնագավառի լիցենզիայի տրամադրումը մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ կայացնում է համապատասխան որոշում, որը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին,
դ) ներկայացնում է առաջարկություններ սոցիալական պաշտպանության բնագավառի լիցենզավորման օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հանձնաժողովը կազմված է 7 անդամից:
6. Հանձնաժողովի իրավասության հարցերը քննարկվում են նիստերում, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:
7. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
8. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի:
9. Հայտատուն քննարկման վայրի, ամսաթվի ու ժամի մասին պատշաճ ձևով տեղեկացվում է քննարկման օրվանից առնվազն յոթ օր առաջ: Հանձնաժողովն իր հերթական նիստի տեղի, ժամանակի և քննարկվող հայտի մասին տեղեկատվությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) միջոցով նիստի օրվանից առնվազն յոթ օր առաջ:
10. Հանձնաժողովի նիստը նախագահողը նիստի ժամանակ հայտարարում է, թե ինչ հարց է քննարկվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը: Հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթերի բովանդակությունը:
11. Հարցի քննարկմանը հայտատուի չմասնակցելը հիմք չէ հայտը չքննարկելու կամ հայտը մերժելու համար, եթե հայտատուն չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետում: Հայտատուի սույն կետով նախատեսված խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով կամ քննարկումը հետաձգելիս չեն խախտվի օրենքով նախատեսված քննարկման ժամկետները:
12. Հայտատուն կարող է քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հայտատուն կամ նրա շահերի պաշտպանները կարող են ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել:
13. Հանձնաժողովի նիստերում հարցերը քննարկվում են դռնբաց:
Դռնփակ են քննարկվում այն հարցերը, որոնց քննարկման ժամանակ բացահայտվելու են պետական, ծառայողական, բանկային կամ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ:
Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ և պաշտոնատար այլ անձինք:
14. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո, առանձին սենյակում` դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում գտնվում են հանձնաժողովի անդամները:
15. Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որում նշվում է`
ա) հանձնաժողովի նիստի անցկացման ամսաթիվը և տեղը,
բ) հանձնաժողովի կազմը,
գ) քննարկվող հարցի բովանդակությունը,
դ) քննարկմանը մասնակցող անձանց մասին տեղեկությունները,
ե) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները,
զ) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը և այլ ապացույցները,
է) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը,
ը) ընդունված որոշման կամ եզրակացության հրապարակման մասին տեղեկությունները:
Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը:
16. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են հայտատուին:
17. Հանձնաժողովի նախագահը`
ա) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք,
բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները,
գ) ստորագրում է հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերը,
դ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
18. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը,
բ) տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին հանձնաժողովի հերթական նիստի անցկացման վայրի, ժամանակի և քննարկվող հարցի մասին` նիստի օրվանից առնվազն յոթ օր առաջ,
գ) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները,
դ) նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային ծրագրերի կազմման և կատարման վերաբերյալ,
ե) հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ,
զ) կազմում է հանձնաժողովի որոշումների նախագծերը, եզրակացությունները և կազմակերպում հանձնաժողովի որոշումների սահմանված ձևով հանձնումը կամ ուղարկումը հայտատուին:
19. Հանձնաժողովի անդամները`
ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային ծրագրերի մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին,
բ) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:
20. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: