«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 հունիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 32210232
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
1 հունիսի 2010 թ. |
N 186-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐՈՒՄ ԵՎ ՔԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 2) ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1930-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրության 3-րդ բաժնի 12-րդ կետի ա) ենթակետի պահանջներով`
Հրամայում եմ՝
1. Հաստատել՝ «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը» համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը:
Կոմիտեի նախագահ՝ |
Ե. Զախարյան |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի N 186-Ն հրամանի |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐՈՒՄ ԵՎ ՔԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության համայնքների անշարժ գույքի միավորների կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման առանձնահատկությունները:
2. Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի փետրվարի 26-ի «Կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման հրահանգը հաստատելու մասին» N 51-Ն հրամանի և սույն հրահանգի պահանջներին համապատասխան:
3. Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղումը կարող է կատարվել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ կադաստրի պետական կոմիտե) աշխատակազմի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` տարածքային ստորաբաժանման) ղեկավար-անշարժ գույքի պետական ռեգիստրի նախաձեռնությամբ` սեփական նախաձեռնությամբ.
2) շահագրգիռ անձանց նախաձեռնությամբ (իրավասու մարմիններ, անձինք), որոնց կողմից հաստատված կամ ներկայացված փաստաթղթերի հիման վրա կատարվել է իրավունքի պետական գրանցումը.
3) անշարժ գույքի պետական ռեգիստրի նախաձեռնությամբ` վերադասության կարգով:
4. Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղումը կատարվում է համայնքի հերթապահ (անշարժ գույքի կադաստրի վարման ընթացքում մշտապես թարմացվող) էլեկտրոնային կադաստրային հատակագծերի և քարտեզների վրա` տարածքային ստորաբաժանման կողմից:
5. Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալները տարածքային ստորաբաժանման կողմից ուղղելուց հետո, փոփոխված հատվածի վերաբերյալ տվյալները 24 ժամվա ընթացքում էլեկտրոնային կապով փոխանցվում են կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական կենտրոն» ստորաբաժանմանը (այսուհետ` տեղեկատվական կենտրոն): Տեղեկատվական կենտրոնում 3-օրյա ժամկետում ստուգվում է կատարված փոփոխությունների ճշտությունը և փոփոխված հատվածի վերջնական ճշգրտված էլեկտրոնային տարբերակը հետ է ուղարկվում տարածքային ստորաբաժանմանը:
Փոփոխված հատվածի քսերոպատճենը դրվում է համապատասխան կադաստրային գործի մեջ:
6. Հերթապահ կադաստրային հատակագծերի և քարտեզների վարման պատասխանատվությունը կրում է տարածքային ստորաբաժանումը:
II. ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐՈՒՄ ԵՎ ՔԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՈՒՂՂՈՒՄԸ
7. Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված անշարժ գույքի միավորների հետ կապված սխալները դասակարգվում են`
1) սխալներ, որոնք չեն փոփոխում գույքի պատկանելությունը, դրա նկատմամբ իրավունքների բնույթը, որակական և քանակական բնութագրերը (նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված թույլատրելի շեղումներ),
2) սխալներ, որոնք առաջացնում են գույքի պատկանելության, դրա նկատմամբ իրավունքների բնույթի, որակական և քանակական բնութագրերի փոփոխություն:
8. Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված այն սխալները, որոնք նշված են 7-րդ կետի 1-ին ենթակետում և գտնվում են N 1 և N 2 հավելվածներով սահմանված թույլատրելի շեղումների սահմաններում, ապա այդպիսի դեպքերում ուղղումներ չեն կատարվում:
9. 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղումները կատարվում են հետևյալ սկզբունքով.
1) Իրավունքների պետական գրանցման վկայականներում նշված և փաստացի օգտագործվող սեփականաշնորհված գյուղատնտեսական նշանակության հողամասերի սահմանների և մակերեսների տարբերությունների ուղղման նպատակով համայնքների ղեկավարները կից գրությամբ համապատասխան տարածքային ստորաբաժանում կարող են ներկայացնել իրենց կողմից հաստատված փոփոխվող հողամասերի ճշգրտված հատակագծերը, սեփականատերերին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականները և սեփականատերերի համաձայնությունները:
2) Համայնքներին հողերի փոխանցման ժամանակ առաջացած սեփականության սուբյեկտների անճշտությունների (քաղաքացիների սեփականության իրավունքով պատկանող հողամասերը որպես համայնքային սեփականության հողամասեր փոխանցման կամ համայնքային սեփականության իրավունքով պատկանող հողամասերը որպես քաղաքացիների սեփականության հողամասեր փոխանցման) դեպքում, համայնքների ղեկավարները կից գրությամբ տարածքային ստորաբաժանում կարող են ներկայացնել իրենց կողմից հաստատված փոփոխվող հողամասերի ճշգրտված հատակագծերը, սեփականատերերին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականները, սեփականատերերի համաձայնությունները, իրավունքների պետական գրանցում չստացած հողամասերի համար համապատասխան իրավական հիմքերը (հողի սեփականության իրավունքի պետական ակտ, կամ ժամանակավոր վկայականներ, կամ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի որոշումից քաղվածք):
3) Համայնքներին հողերի փոխանցման ժամանակ առաջացած հողատեսքերի անճշտությունների ուղղման համար համայնքների ղեկավարները կից գրությամբ տարածքային ստորաբաժանում կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» N 1066-Ն որոշման պահանջներին համապատասխան կատարված փոփոխությունները:
4) Համայնքներին հողերի փոխանցման ժամանակ առաջացած հողամասերի նպատակային նշանակությունների հետ կապված անճշտությունների դեպքում, եթե նախկինում հողամասերի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ առկա են համապատասխան որոշումներ, ապա ուղղումը կատարվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 599 որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի քննարկումից հետո ստացված դրական եզրակացության հիման վրա:
Եթե նախկինում հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխման վերաբերյալ չկան համապատասխան որոշումներ, ապա հողամասերի նպատակային նշանակությունը փոխվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5) Համայնքային սեփականություն հանդիսացող և որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերի հետ կապված անճշտությունների ուղղման համար, եթե դրանց նկատմամբ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր, ապա համայնքների ղեկավարները կից գրությամբ տարածքային ստորաբաժանում կարող են ներկայացնել նշված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու վերաբերյալ համայնքների ավագանիների որոշումները:
10. Սույն հրահանգի 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված և 9-րդ կետում չներառված կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղումները կատարվում են միայն համապատասխան իրավասու մարմինների կողմից հաստատված իրավահաստատող (այդ թվում` գրաֆիկական և տեքստային տվյալներ պարունակող) փաստաթղթերի և անշարժ գույքի օգտագործողների (սեփականատերերի) գրավոր համաձայնությունների առկայության դեպքում:
Հավելված N 1
Քարտեզագրման և չափագրման ժամանակ գծային չափերի նկատմամբ պահանջվող ճշտության բնութագրերը
Չափվող մեծության անվանումը |
Սահմանային սխալի մեծությունների բնութագրերը տեղանքում (սմ) | |||||
Միջին քառակու-սային սխալը mt (սմ) հատա-կագծի վրա |
Մ1:500 |
Մ1:1000 |
Մ1:2000 |
Մ1:5000 |
Մ1:10 000 | |
Կապիտալ շինությունների պարիսպների անկյունները, հորերի կենտրոնները, ուրիշ հստակ ճանաչվող առարկաները |
0.02 –0.03 |
10-15 |
20-30 |
40-60 |
100-150 |
200-300 |
Ասֆալտապատ ճանապարհի հատման կետերը, գյուղերի թաղամասերի հատման կետերը, առուների և ուրիշ հաստատուն օբյեկտների եզրագծերը |
0.04 – 0.05 |
20-25 |
40-50 |
80-100 |
200-250 |
400-500 |
Վարելահողի սահմանները, գրունտային ճանապարհների, անտառուղիների հատումները և ժամանակի ընթացքում քիչ փոփոխվող ճանաչման այլ օբյեկտները |
0.06 – 0.1 |
30-50 |
60-100 |
120-200 |
300-500 |
600-1000 |
Անտառի, արոտատեղերի, ինչպես նաև ուրիշ փոփոխվող և հստակ չճանաչվող օբյեկտների եզրագծերի կետերը |
0.11 – 0.15 |
55-75 |
110-150 |
220-300 |
550-750 |
1100-1500 |
Հավելված N 2
Գեոդեզիական աշխատանքների ընթացքում տարբեր հանգամանքներով պայմանավորված, ցանկացած չափագրում ուղեկցվում է որոշակի սխալներով: Հաշվի առնելով կադաստրային քարտեզագրման և թվայնացման ժամանակ տարբեր գործոնների ազդեցության հետևանքով առաջացած սխալները, տարբեր մակերեսներ և երկրաչափական պատկերներ ունեցող հողամասերի չափագրման դեպքում, կախված չափագրվող հողամասի սահմանակետերի քանակից (սահմանանիշերով չամրացված հողամասերի դեպքում) մակերեսի թույլատրելի սխալի մեծությունը հաշվարկվում է հետևյալ սկզբունքով`
1. Բնակավայրի տարածքում.
ա. մինչև 8 սահմանակետեր ունեցող հողամասերի չափագրման դեպքում`
մինչև 1000 քառ. մետր մակերես ունեցող հողամասերի չափագրման դեպքում թույլատրելի սխալի առավելագույն չափը ընդունել 1.25 % (12.5 քառ. մետր), իսկ 1000 քառ. մետր մակերեսը գերազանցող հողամասերի չափագրման դեպքում, 12.5 քառ. մետրին ավելացնելով 1000 քառ. մետր մակերեսը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետրի համար 0.3%:
Օրինակ` 2400 քառ. մետր հողամասի մակերեսի հաշվարկման դեպքում կստացվի հետևյալ թույլատրելի սխալի չափը.
1000 մ2 x 1.25% = 12.5 մ2,
2400 մ2 - 12.5 մ2 + 1400 մ2 x 0.3% = 12.5 մ2 + 4.2 մ2 = 16.7 մ2:
բ. 8 և ավելի սահմանակետեր ունեցող հողամասերի չափագրման դեպքում`
մինչև 1000 քառ. մետր մակերես ունեցող հողամասերի չափագրման դեպքում թույլատրելի սխալի առավելագույն չափը ընդունել 1.5 % (15.0 քառ. մետր), իսկ 1000 քառ. մետր մակերեսը գերազանցող հողամասերի չափագրման դեպքում, 15.0 քառ. մետրին ավելացնելով 1000 քառ. մետր մակերեսը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետրի համար 0.5%:
Օրինակ` 3200 քառ. մետր հողամասի մակերեսի հաշվարկման դեպքում կստացվի հետևյալ թույլատրելի սխալի չափը.
1000 մ2 x 1.5%=15.0 մ2,
3200 մ2 - 15.0 մ2 + 2200 մ2 x 0.5% = 15.0 մ2 + 11.0 մ2 = 26.0 մ2:
2. Բնակավայրից դուրս տարածքներում.
ա. մինչև 8 սահմանակետեր ունեցող հողամասերի չափագրման դեպքում`
մինչև 10 000 քառ. մետր մակերես ունեցող հողամասերի չափագրման դեպքում թույլատրելի սխալի առավելագույն չափը ընդունել 1.2 % (120 քառ. մետր), իսկ 10 000 քառ. մետր մակերեսը գերազանցող հողամասերի չափագրման դեպքում, 120 քառ. մետրին ավելացնելով 10 000 քառ. մետր մակերեսը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետրի համար 0.25%:
Օրինակ` 24000 քառ. մետր հողամասի մակերեսի հաշվարկման դեպքում կստացվի հետևյալ թույլատրելի սխալի չափը.
10 000 մ2 x 1.2% = 120.0 մ2,
24 000 մ2 - 120.0 մ2 + 14000 մ2 x 0.25 % = 120.0 մ2 + 35.0 մ2 = 155.0 մ2:
բ. 8 և ավելի սահմանակետեր ունեցող հողամասերի չափագրման դեպքում`
մինչև 10 000 քառ. մետր մակերես ունեցող հողամասերի չափագրման դեպքում թույլատրելի սխալի առավելագույն չափը ընդունել 1.5 % (150 քառ.մետր), իսկ 10 000 քառ. մետր մակերեսը գերազանցող հողամասերի չափագրման դեպքում, 150 քառ. մետրին ավելացնելով 10 000 քառ. մետր մակերեսը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետրի համար 0.4%:
Օրինակ` 36200 քառ. մետր հողամասի մակերեսի հաշվարկման դեպքում կստացվի հետևյալ թույլատրելի սխալի չափը.
10 000 մ2 x 1.5%=150.0 մ2,
36 200 մ2 - 150.0 մ2 + 26 200 մ2 x 0.4% = 150.0 մ2 + 104.8 մ2 = 254.8 մ2:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.06.2021, N 130-Ն | 05.06.2021, N 186-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|