ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 25-ին
«ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 26.1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած լիցենզավորման կարգով սահմանված փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում, աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման նպատակով լիազորված մարմնի ստեղծած հանձնաժողովը (այսուհետ` լիցենզավորող հանձնաժողով) քննում է դրանք և կայացնում որոշում հայտատուին լիցենզիա տրամադրելու կամ լիցենզիայի հայտը մերժելու վերաբերյալ: Լրացուցիչ տեղեկատվություն կամ փաստաթղթեր պահանջվելու կամ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով լիցենզավորող հանձնաժողովի որոշմամբ վերոնշյալ ժամկետը կարող է կասեցվել: Կասեցման ժամկետը չի կարող 10 աշխատանքային օրից ավելի լինել: Անհրաժեշտ տեղեկությունների ստացումից հետո հայտի քննարկումը վերսկսելու որոշման պահից ժամկետը չպետք է գերազանցի մինչև կասեցումն ընկած աշխատանքային օրերի և 23 աշխատանքային օրվա ժամկետի տարբերությամբ առաջացող աշխատանքային օրերի քանակը:»:
Հոդված 2. Օրենքի 26.2-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Լիցենզիա ստանալու հայտը գրավոր մերժվում է լիազորված մարմնում հայտը մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 23 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն օրենքի 26.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով լիցենզավորող հանձնաժողովի կողմից 23 աշխատանքային օրվա ժամկետը կասեցվելու դեպքում այդ ժամկետը սույն մասով սահմանված ժամկետի մեջ չի հաշվարկվում:».
«4. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիազորված մարմինը դրանք հայտնաբերելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիազորված մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:»:
Հոդված 3. Սույն օրենքի 2-րդ հոդվածի դրույթները չեն տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը լիազորված մարմին ներկայացված լիցենզիա ստանալու հայտերի վրա:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2017 թ. նոյեմբերի 10 |