ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2017 թվականի նոյեմբերի 17-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 29-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետը «կատարելու),» բառից հետո լրացնել «միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (պաշտոնեական պարտականությունները կատարելու),» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (պաշտոնեական պարտականությունները կատարելու) ժամանակահատվածները կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող 1-ին հավելվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող կենսաթոշակային վճարը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում, անձի համար կատարված լինելու դեպքում:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-ին հավելվածով.
«Հավելված 1
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԸ
1. Սույն հավելվածով սահմանվում են միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող (պաշտոնեական պարտականությունները կատարող)` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում վճարման ենթակա կենսաթոշակային վճարի հաշվարկմանը և վճարմանն առնչվող հարաբերությունները, վճարողների շրջանակը, դրույքաչափը, հաշվարկելու և վճարելու կարգը:
2. Սույն հավելվածում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) աշխատավարձ` ըստ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
2) լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին.
3) միջազգային կազմակերպություն` միջազգային կազմակերպություն, որը միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում այդ միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող (պաշտոնեական պարտականությունները կատարող) Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար կատարում է սույն հավելվածով սահմանված կենսաթոշակային վճար.
4) աշխատող` միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող (պաշտոնեական պարտականությունները կատարող) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որի համար միջազգային կազմակերպությունը միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում կատարում է սույն հավելվածով սահմանված կենսաթոշակային վճար:
3. Կենսաթոշակային վճարը հաշվետու ամսվա համար աշխատողի համար հաշվարկված (վճարման ենթակա) աշխատավարձի նկատմամբ սույն հավելվածով սահմանված կարգով, չափով և ժամկետներում հաշվարկվող և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճար է:
4. Աշխատողի համար կենսաթոշակային վճար է վճարում միջազգային կազմակերպությունը:
5. Կենսաթոշակային վճարի հաշվարկման օբյեկտ է համարվում հաշվետու ամսվա համար աշխատողի համար հաշվարկված (վճարման ենթակա) աշխատավարձը:
6. Կենսաթոշակային վճարը հաշվարկվում է կենսաթոշակային վճարի հաշվարկման օբյեկտի նկատմամբ 23 տոկոս դրույքաչափով:
7. Սույն հավելվածով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակային վճարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվում աշխատավարձի հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Կենսաթոշակային վճարը սահմանված ժամկետում չվճարելու համար տույժեր չեն հաշվարկվում: Կենսաթոշակային վճարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման պահ է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետական հաշվին մուտքագրման օրը:
8. Կենսաթոշակային վճարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվում այն արժույթով, որով վճարվում է միջազգային կազմակերպությունում աշխատողի աշխատավարձը:
9. Լիազոր մարմինը յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար այդ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ միջազգային կազմակերպությունից ստանում է հետևյալ տեղեկատվությունը.
1) միջազգային կազմակերպությունում աշխատողի անձնական տվյալները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը), աշխատանքային հարաբերությունները հաշվետու ամսվա ընթացքում սկսվելու (այդ թվում` պաշտոնի նշանակվելու կամ այլ պաշտոնի փոխադրվելու) օրը, ամիսը, տարեթիվը, զբաղեցրած պաշտոնը, այդ հարաբերությունները դադարելու դեպքում` դադարելու օրը, ամիսը, տարեթիվը.
2) ամսական ամփոփ հաշվարկում լրացման ենթակա՝ հաշվետու ամսվա համար միջազգային կազմակերպությունում աշխատողին վճարված (հաշվարկված) աշխատավարձի և հաշվարկված կենսաթոշակային վճարի վերաբերյալ անձնավորված տվյալներ:
10. Լիազոր մարմինը, ըստ անհրաժեշտության, միջազգային կազմակերպությունից տեղեկատվություն է ստանում նաև միջազգային կազմակերպությունից նախկինում ստացված տեղեկատվության փոփոխության վերաբերյալ: Նույն հաշվետու ժամանակաշրջանի վերաբերյալ ստացված նոր տեղեկատվության արդյունքում առաջացած կենսաթոշակային վճարի լրացուցիչ պարտավորության նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում, իսկ լրացուցիչ պարտավորությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է փոխանցվում նոր տեղեկատվության ստացման ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
11. Նույն հաշվետու ամսվա վերաբերյալ ստացված տեղեկատվության արդյունքում առաջացած ավել վճարված կենսաթոշակային վճարները հաշվի են առնվում հետագա կենսաթոշակային վճարները վճարելիս: Ավել վճարված կենսաթոշակային վճարների վերաբերյալ լիազոր մարմինը տեղեկացնում է միջազգային կազմակերպությանը:
12. Կենսաթոշակային վճարի պարտավորությունները հաշվառվում են եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվառումն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հոդված 4. Անցումային դրույթներ
Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կենսաթոշակային վճարը հաշվարկվում և վճարվում է կենսաթոշակային վճարի հաշվարկման օբյեկտի նկատմամբ 10 տոկոսի չափով:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2017 թ. դեկտեմբերի 7 Երևան ՀՕ-218-Ն |